Մամուլի տեսություն 12-06-2016
Փախստականների ճգնաժամը համաշխարհային գերխնդիրներից մեկն է համարվում, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ գտնվում են չափազանց անբարենպաստ պայմաններում:
«Սիասաթե ռուզ»
Եվրոպական երկրներն անտարբեր են փախստականների հարցի նկատմամբ
Փախստականների ճգնաժամը համաշխարհային գերխնդիրներից մեկն է համարվում, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ գտնվում են չափազանց անբարենպաստ պայմաններում:
«Սիասաթե ռուզ» թերթի վերլուծականում ասված է.«Եվրոպական երկրների կողմից ներկայացված նոր նախագծերը ,այդ թվում Անկարային 20 միլիարդ դոլար վճարելու դիմաց փախստականներին Թուրքիայում տեղավորելու նախագիծը, միայն պայմանները բարդացրել են այդ մարդկանց համար»:
«Քաղաքական ու սոցիալական հարցերի վերլուծաբանների մեծ մասի կարծիքով Եվրոպական երկրներն այդ քայլով իրենց ուսերից թոթափել են փախստականների նկատմամբ իրենց համաշխարհային պատասխանատվությունը»,ասված է վերլուծականում:
«Փախստականների նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հակամարդկային վերաբերմունքը վկայում է մարդու իրավունքների վերաբերյալ արևմտյան երկրների ամպագոռգոռ հայտարարությունների անհիմն լինելու մասին»,գրում է թերթը: Փախստականների նկատմամբ արևմուտքի «ոչ-անկեղծ» վերաբերմունքն այն դեպքում է բացահայտվում ,երբ ՄԱԿ-ն իր վերջին զեկույցում հայտարարեց,որ 2014 թ.-ից ի վեր ավելի քան 10 հազար փախստական զոհվել են Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ճանապարհին:
ԻՍՆԱ
Ինչու ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի անունը հանեց երեխաների իրավունքները ոտնահարող երկրների սև ցուցակից
Միջազգային իրավաբանն ասում է.«Երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակից Սաուդյան Արաբիայի անվան հանելը վկայում է ՄԱԿ-ի խոցելիության մասին»:
ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, միջազգային իրավաբան՝ Ամիր Սայեդ Վաքիլը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցում Երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակից Սաուդյան Արաբիայի անվան հանվելու մասին նշել է.«Սա առաջին անգամ չէ ,որ ՄԱԿ-ի գործունեության գործընթացում երկրների ներազդեցությունը նկատվում է»:
Իրանցի փաստաբանի խոսքերով՝ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում մեծ ուշադրություն է դարձվել Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիայի դաշնակից երկրների կոալիցիային: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցը վկայում է այն մասին,որ 2015 թ.-ի մարտից մինչև դեկտեմբեր ամիսը մոտ 16 հազար հոգի վիրավորվել և մոտ 9 հազար 400-ը սպանվել են, ընդ որում այդ թվից մոտ 600 երեխաներ զոհվել և 700-ը վիրավորվել են», -հստակեցրել է իրավաբանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունն անցած հինգշաբթի օրը դատապարտել է Սաուդյան Արաբիայի կողմից այդ կառույցի նկատմամբ գործադրած ճնշումը՝ սև ցուցակից կոալիցիայի անունը հանելու համար:
Պան Գի Մունն ասել է «Սաուդյան Արաբիան անթույլատրելի ճնշում է գործադրել ՄԱԿ-ի վրա: Ռիադն սպառնացել է, որ գումար չի փոխանցի, եթե ցուցակներից չհանեն պատերազմների, մասնավորապես Եմենի պատերազմի ժամանակ երեխաների զոհերի մեղավորների անունները»:«Կազմակերպությունը զիջումների է գնացել Սաուդյան Արաբիային՝ վախենալով զրկվել այդ երկրի հատկացրած ֆինանսական միջոցներից»-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
----
Le Figaro
Քուրդ-արաբական դաշինքն ու սիրիական բանակը սեղմում են «Իսլամական պետության» շուրջ օղակը
Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի ուղղությամբ քուրդ-արաբական դաշինքի՝ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» տեղաշարժի մասին Le Figaro հանդեսում գրում է Ժորժ Մալբրյունոն:
«Մանբիջը եւ քաղաքի շրջակա տարածքները կենսական նշանակություն ունեն «Իսլամական պետության» համար: Հենց այդ շրջանով են ահաբեկիչներն իրենց մարդկանց, զենքը եւ գումարը տեղափոխում թուրքական սահմանից և Ջերաբլուս քաղաքից: Մանբիջի, ապա Ջերաբլուսի գրավումով դաշինքը կարող է կտրել այդ լոգիստիկ առանցքը»,-գրում է հեղինակը:
«Քուրդ եւ արաբ զինյալներին աջակցում է ամերիկյան օդուժը, իսկ ցամաքում մանեւրում են ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատները: Գրոհին մասնակցում են նաեւ բրիտանական ռազմաօդային ուժերը: Սիրիացի քրդերի համար թիրախ է հանդիսանում ոչ միայն Մանբիջը, այլեւ սահմանային Ջերաբլուս քաղաքը: Այստեղ հաջողության հասնելու դեպքում կբացվիդեպի Ռաքքա տանող ճանապարհը: Ռաքքան հանդիսանում է ԻՊ-ի սիրիական մայրաքաղաքը, որի ուղղությամբ են շարժվում սիրիական կառավարական ուժերը, նրանց իրանցի եւ ռուսաստանցի դաշնակիցները»,-նշվում է հոդվածում:
«Վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ սիրիական բանակը կրկին վերադարձավ Ռաքքայի շրջան: Ռուսաստանյան օդուժի աջակցությամբ կառավարական ուժերը մոտեցել են Թաբքա օդանավակայանին, որը ԻԼԻՊ-ի ռազմավարական կարեւորագույն դիրքերից է»: «Լավ է, որ «Իսլամական պետությունը» ստիպված կլինի կենտրոնացնել իր ուժերը տարբեր ճակատներում»,-նշում է քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչ Հայթամ Մաննան:
«Սակայն, սիրիական բանակը կարող է մոտենալ Ռաքքային միայն այն դեպքում, եթե ջիհադիստները չկարողանան հարվածհասցնել թիկունքից՝ Համա նահանգից: Այնպես որ Ռաքքայի ճակատամարտը մոտ ապագայում տեղի չի ունենա»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Le Figaro
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան
Քաղված՝ Galatv.am կայքից
---
Hayeli.am
Հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել.այս է Պուտինի խնդիրը
Երեկ, կարելի է ասել, տարօրինակ հաղորդագրություն հայտնվեց, այնուհետև խմբագրվեց Ռուսաստանի արտգործնախարարության կայքում…
Սանկտ Պետերբուրգում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով, հաղորդեց ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման հարցն երեկ քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիու հետ։ «Հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակող գագաթնաժողովի կազմակերպման հարցերը», – տեղեկացնում էր Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով գագաթնաժողովի օրն ու ժամը։
Հնարավոր հանդիպման մասին «Ազատության» հարցին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել էր. «Բարձրաստիճան հանդիպումների և այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»։
Սակայն, այնուհետև, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել էր Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման մասին հաղորդագրությունը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում այժմ պարզապես նշված է՝ «զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի ճգնաժամին վերաբերող միջազգային ջանքերի հետ կապված հարցերը և ղարաբաղյան հակամարտության խնդիրները»:
Այսինքն, «Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակող գագաթնաժողովի կազմակերպման հարցերը» նախադասություն հանվել էր հաղորդագրությունից:
Իրականում, հնարավոր է, որ Պուտինն առայժմ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին իր մոտ կանչելու մտադրություն չունի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առանց այն էլ ջանքեր են գործադրում հունիսին ևս մեկ հանդիպում կազմակերպել Սարգսյան-Ալիև ձևաչափով:
Պուտինն այս փուլում, երբ միջնորդները զբաղված են ամեն գնով բանակցությունների շարունակականություն ապահովելով, թերևս, կսպասի փոքր-ինչ, որպեսզի հարմար պահի ավելի ընդգծի Ռուսաստանի դերը… Այնպես, ինչպես հիմա է ավելի հաճախ ասվում, որ ապրիլյան քառօրյա պատերազմը դադարեցրել է Մոսկվան:
Ճիշտ է, ի սկզբանե էլ Հայաստանում տարածվեցին տեղեկություններ, որ Ալիևն է խնդրել զինադադար ու Մոսկվան կողմերին հրավիրել է զինադադար կնքելու, սակայն հիմա Ալիևը կրկին սրբագրություններով է զբաղված ու կեղծում է, թե` Ադրբեջանը զինադադար չի խնդրել…
Ասել կուզի` Մոսկվայի առաջարկով է դադարեցրել, մոռանալով, որ ապրիլի 2-ին արդեն իսկ միակողմանի զինադադարի մասին էր հայտարարում պաշտոնական Բաքուն:
Ինչևէ, Պուտինը, թերևս, կարող է ընտրել ավելի պատասխանատու պահ Սարգսյանին ու Ալիևին իր մոտ հրավիրելու համար: Մնում է սպասել, թե երբ է գալու այդ վճռորոշ պահը:
Թամար Բագրատունի