Հունիս 16, 2024 14:54 Asia/Tehran
  • ՀՀ–ում երկաթուղու հատվածների վերականգնման ժամանակ կիրառվել են եզակի լուծումներ. Մելնիկով

Sputnik. Հայաստանում երկաթուղու ավերված հատվածների վերականգնման ժամանակ առաջին անգամ կիրառվել են եզակի տեխնիկական լուծումներ, որոնք թույլ են տվել հնարավորինս սեղմ ժամկետներում վերսկսել գնացքների երթևեկությունը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Առաջին կոնտեյներային գնացքն այսօր Վրաստանից Հայաստան է անցել հեղեղումներից հետո վերականգնված երկաթգծով: Իսկ երեկ փորձնական երթ է իրականացվել Սանահին-Այրում հատվածում։

Մելնիկովի խոսքով՝ երկաթուղային հաղորդակցությունն արդեն վերականգնվել է ամբողջ ծավալով։ Սակայն աշխատանքները կշարունակվեն, քանի որ պետք է երկաթգիծը լրացուցիչ ամրացնել նման միջադեպերի կրկնությունից խուսափելու համար։

«Սա շատ հազվադեպ երևույթ է։ Հայկական երկաթուղու պատմության ընթացքում, 1896 թվականից ի վեր, երբ այն բացվել է, նման դեպքեր չեն եղել։ Մեր նախագծողների տեղեկություններով` նման իրադարձություններ տեղի են ունենում 300 տարին մեկ անգամ: Այնպես ստացվեց, որ այդ իրադարձությունը բաժին ընկավ մեզ մեր աշխատանքի ընթացքում։ Ուստի սա իհարկե մեզ համար շատ կարևոր պահ է, որը պետք է մեզ համար լուրջ օրինակ և գործողության ուղեցույց ծառայի, որպեսզի պաշտպանենք և թույլ չտանք նմանօրինակ դեպքերի կրկնություն», - նշեց Մելնիկովը։

ՀԿԵ-ի ղեկավարը հավաստիացրեց, որ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվելու են նախագծային աշխատանքներ՝ երկաթուղու առավելագույն պաշտպանությունն ապահովելու համար, առաջարկվելու են ինժեներական լուծումներ՝ կապված երկաթգծի պաշտպանության հետ:

«Իհարկե, դա մեծ, բարդ աշխատանք է։ Քանի որ ափամերձ տարածքների ամրապնդումը պահանջում է զգալի ռեսուրսներ, զգալի ծախսեր, բայց մենք անպայման կկատարենք այդ աշխատանքը», - ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է հեղեղումների պատճառած նյութական վնասի ծավալին, Մելնիկովը նշեց, որ վնասները վերջնականապես կհաշվարկվեն միայն այն ժամանակ, երբ ավարտվեն վերականգնողական աշխատանքները:

 

Պիտակ