Հուլիս 01, 2024 17:09 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին ասել էր, որ հիմա սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցնում են իրենց համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը պետք է ստորագրվի, ապա անցնի ներպետական ընթացակարգերով, ու դրա հիման վրա պետք է շարունակվի սահմանազատումը։

«2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»,– ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: