Մեկնարկել է ԱՄՆ-ի առևտրային պատերազմը․ Պատճառներն ու հետևանքները
Pars Today- ԱՄՆ-ը սկսել է առևտրային պատերազմի նոր փուլը իր դաշնակիցների դեմ՝ 25% մաքսատուրք սահմանելով Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծումների և 10% մաքսատուրք՝ Չինաստանից ներմուծումների նկատմամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել նաև Եվրամիությունից որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ և 100% մաքսատուրքեր սահմանել BRICS առևտրային խմբի անդամների համար, եթե նրանք դոլարը փոխարինեն այլ արժույթով։
Ինչպես նշում է Pars Today-ը, Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «Առաջին հերթին Ամերիկան» (America First) կարգախոսով բացում է ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունների նոր դարաշրջանը դաշնակիցների և առևտրային գործընկերների հետ։ Ամերիկայում իշխող քաղաքական թևը՝ Թրամփի գլխավորությամբ, գտնում է, որ երկրների միջև բաց դռների քաղաքականությունը և առևտրային մաքսատուրքերի իջեցումը, ի վերջո, վնաս կհասցնեն Միացյալ Նահանգներին, և որ այդ երկիրը պետք է հետադարձի անցած մի քանի տասնամյակների ճանապարհի ուղին՝ պահպանելու համար նրա տնտեսական գերակայությունը։ «Մեր երկիրը հարուստ էր, երբ մաքսատուրքեր էր սահմանում», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ։ Նա նկատի ունի Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած դարաշրջանը, երբ ԱՄՆ-ը ծանր մաքսատուրքեր սահմանեց դրսից ներկրվող ապրանքների վրա։
Այժմ, առևտրային մաքսատուրքերի վերացումով կամ զգալի նվազեցմամբ, Միացյալ Նահանգները խոշոր արտահանող երկրից վերածվել է խոշոր ներմուծող երկրի, այնպես որ արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը գրեթե 500 միլիարդ դոլար է: Այլ խոսքով՝ ամերիկացիները տարեկան 500 միլիարդ դոլարով ավելի շատ են ներմուծում, քան արտահանում։ Այս իրավիճակը, որը պահպանվել է տարիներ շարունակ, անտանելի է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների կարծիքով և պետք է ամեն կերպ փոխվի։ Դրա գործիքը ներմուծման մաքսատուրքերի բարձրացումն է՝ հույս ունենալով, որ ներկրվող ապրանքների գնի աճի հետևանքով դրանց ծավալը կնվազի, և արդյունքում ԱՄՆ արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը նույնպես կնվազի։ Նրանք հույս ունեն այս կերպ աջակցել ամերիկյան արտադրությանը և ամերիկացի աշխատավորներին:
Այնուամենայնիվ, Կանադայից, Մեքսիկայից, Չինաստանից կամ ԵՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների վրա ծանր մաքսատուրքեր սահմանելը կարժանանա նրանց փոխադարձ պատասխանին՝ ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների վրա նմանատիպ մաքսատուրքեր սահմանելու տեսքով: Սա նույնպես կվնասի Ամերիկայի արտահանմանը։ Այսինքն՝ մաքսատուրքերի պատերազմը, որը սկսել է Թրամփը, ոչ միայն բերելու է ներկրվող ապրանքների գների բարձրացման, այլև կվնասի Ամերիկայի արտահանման շուկաներին և երկու կողմից ճնշում կգործադրվի ամերիկացի քաղաքացիների վրա, այն աստիճանի, որ ինքը՝ Թրամփը ևս խոստովանել է ամերիկյան ժողովրդի վրա ճնշումը։
Բայց այս բաներից ոչ մեկը կարծես թե չի ազդել Թրամփի և նրա վարչակազմի որոշման վրա՝ առևտրային պատերազմի մեջ մտնելու և այն սրելու համար: Նրանց կարծիքով, ԱՄՆ-ի տնտեսությունը չափազանց ուժեղ և մեծ է առևտրային պատերազմում պարտվելու համար, հատկապես այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Կանադան, Մեքսիկան կամ Եվրամիության անդամները, և, ի վերջո, նրանք կընդունեն Ամերիկայի պայմանները: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ԱՄՆ-ն նույնպես փորձում է ստիպել այդ երկրին գնալ փոխզիջումների՝ ուժեղացնելով քաղաքական և անվտանգության ճնշումը Պեկինի վրա։
Սակայն օտարերկրացիների դեմ իր առևտրային պատերազմում Ամերիկայի աքիլլեսյան գարշապարը գտնվում է հենց այդ երկրի ներսում․ ամերիկյան ժողովուրդը միգուցե չկարողանալ հանդուրժել ներմուծվող ապրանքների գների բարձրացման, և արտահանման շուկաների կորստի հետևանքով առաջացած գների աճը և կարող է ճնշում գործադրել իր կառավարության վրա՝ վերանայելու այս մոտեցումը։ Հատկապես, որ առևտրային պատերազմի պատճառով առաջացած ներքին դժգոհությունը կարող է հանգեցնել հանրապետականների պարտությանը հաջորդ տարվա միջանկյալ ընտրություններում, իսկ հետո ճնշում գործադրել Թրամփի վարչակազմի վրա՝ նվազեցնելու Ամերիկայի դաշնակիցների դեմ առևտրային պատերազմի կրակը: