ԱՄՆ նախագահը ձգտում է գրավել Գազայի հատվածը
Հաղորդագրությունները վկայում են Գազայի հատվածը գրավելու ԱՄՆ նախագահի փորձի, ինչպես նաև Հորդանան գետի Արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի ռեժիմի ինքնիշխանությունը ճանաչելու հնարավորության մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման ժամանակ, անդրադարձել է 15-ամսյա պատերազմում իսրայելցիների կողմից այդ երկրամասի սարսափելի ու ցնցող ավերածություններին՝ իր նոր ծրագիրը արդարացնելու համար՝ ասելով. «Գազայի հատվածը հարմար վայր չէ պաղեստինցիների համար, և նրանց պետք է լավ և նոր հողատարածք տրամադրել»։ Ինչպես նշում է Pars Today-ը, ԱՄՆ կառավարության այս նոր դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Թրամփը ցանկանում է, Բենիամին Նեթանյահուի հետ համագործակցությամբ, պաղեստինյան մնացած հողերը բաժանել իրենց միջև։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Գազայում ապրող պաղեստինցիները պետք է տեղափոխվեն Եգիպտոս և Հորդանան, որպեսզի հնարավոր լինի վերականգնել Գազայի ավերակները։ Այժմ ԱՄՆ նախագահը մեկ քայլ առաջ է գնացել և խոսում է Գազայի նկատմամբ ինքնիշխանության և Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող այս փոքր, բայց խիտ բնակեցված երկրամասի նկատմամբ սեփականության իրավունքի մասին։
Մարդը, ով երիտասարդության տարիներին աշխատել է շինարարության ոլորտում, իսկ այժմ ԱՄՆ նախագահն է, մարդասիրական պատրվակներով փորձում է պատերազմից ավերված Գազան մաքրել բնակչությունից և վերակառուցել այնտեղ ավերված շենքերը։ Եվ դա չնայած այն բանին, որ նա մտադիր չէ հարցնել այդ պատերազմից տուժած մարդկանց կարծիքը։ Այդ իսկ պատճառով նա խոսում է Գազայում բնակվող երկուսուկես միլիոն մարդկանց տեղահանման անհրաժեշտության մասին։ Հորդանան գետի Արևմտյան ափում ապրող ավելի քան երեք միլիոն պաղեստինցիների համար էլ նա բարձրացրել է այդ հատվածը Իսրայելի կողմից վերահսկվող տարածքին (1948թ. պաղեստինյան տարածքներ) կցելու հնարավորության հարցը:
Այսպիսով, իսրայելցիների և պաղեստինցիների միջև հիմնահարցի՝ երկու պետությունների լուծման տարբերակի գաղափարից փաստացիորեն կհրաժարվի ԱՄՆ ներկայիս վարչակազմը, և այս երկիրը Իսրայելի կողքին կգրավի պաղեստինյան մնացած տարածքները:
Իհարկե, մինչ այժմ բոլոր արաբական երկրները միաձայն դեմ են արտահայտվել Թրամփի՝ Գազայից պաղեստինցիներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու գաղափարին։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Թրամփը հույսը դրել է արաբական երկրների, հատկապես Եգիպտոսի և Հորդանանի դեմ ԱՄՆ քաղաքական-տնտեսական ազդեցության, ինչպես նաև իր բանակի սարսափազդու հզորութնան վրա: Այլ կերպ ասած, եթե ԱՄՆ զինված ուժերը ուղարկվեն այդ տարածաշրջան Գազայի վրա ինքնիշխանություն հաստատելու համար և ուժով բացեն Եգիպտոսի սահմանները և այդ քայլով հարյուր հազարավոր պաղեստինցիների ստիպեն տեղափոխվել եգիպտական տարածք, ապա Կահիրեն դիմադրելու քաջություն չի ունենա:
Այնուամենայնիվ, քիչ հավանական է թվում, որ պաղեստինցիները, մի ժողովուրդ, որը 80 տարի շարունակ օկուպացիայի, պատերազմի և կոտորածի պայմաններում չի հրաժարվել իր հողի ազատագրման գաղափարից, լռի և հանձնվի ամերիկյան օկուպացիայի դեմ: Ուստի, ի հեճուկս Թրամփի պնդումներին՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և միլիոնավոր պաղեստինցիների համար խաղաղ կյանք ապահովելու մասին, ԱՄՆ նոր նախագահը փաստացի վառում է նոր պատերազմի կրակը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, որի կրակը ոչ միայն այրելու է տարածաշրջանի երկրները, այլև այդ կրակը կկլանի նաև ամերիկացիներին՝ որպես պաղեստինյան տարածքը գրավող ուժերի մաս։
Պաղեստինի երկրում Խաղաղություն և անդորր կհաստատվի այն ժամանակ, երբ վերանա միլիոնավոր պաղեստինցիների նկատմամբ անարդարությունը, և նրանք հասնեն իրենց երազանքների երկրին: Հակառակ դեպքում ամերիկացիների կողմից Գազայի օկուպացիան կամ Հորդանան գետի արեւմտյան ափի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը միայն խնդիրը ջնջելու փորձ կլիներ՝ առանց խրոնիկ խնդրին վերջնական լուծում տալու։