Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i229296-Փաշինյանը_հանդիպել_է_ԵԱՀԿ_գլխավոր_քարտուղարի_թուրք_դիվանագետ_Ֆերիդուն_Սինիրլիօղլուի_հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2025 04:52 Asia/Tehran
  • Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի` թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է արվել տարածաշրջանային նշանակության հարցերի:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, որի հաջողությունն էական դեր կունենա տարածաշրջանային կայունության ապահովման գործում։

«ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ԵԱՀկ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2024թ․ դեկտեմբերի 6-ին։ Նա երկարամյա փորձառությամբ թուրք դիվանագետ է, 1996-200թթ․ եղել է Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի գլխավոր խորհրդականը, 5 տարի՝ 2002-2007թ․, ղեկավարել թուրքական դիվանագիտական ծառայությունը Իսրայելում։ 2009-2015թթ․ Սինիրլիօղլուն եղել է Թուրքիայի ԱԳ փոխնախարարը, իսկ 2015թ․ մի քանի ամիս զբաղեցրել ԱԳ նախարարի պաշտոնը, 2016-2023թթ․ եղել է ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին սոցցանցերում հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, իր կարծիքով, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր Մինսկի խմբի լուծարմանը։

Մի քանի օր անց նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում կատարեց՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:

Նա հիշեցրել էր, որ Փաշինյանն հարցազրույցներից մեկում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` ասել էր՝ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Նա նաև նշել էր` Հայաստանը պետք է համոզվի, որ այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը:

 

Sputnik․