Մամուլի տեսություն 26-06-2016
Եվրամիության կազմից դուրս գալու մասին բրիտանացիների որոշումը ցնցում է առաջացրել այդ կազմակերպությունում ու Եվրոպայում:
Համշահրի
Եվրոպայի ղեկավարները արտահերթ նիստը
Համշահրի թերթը գրում է.«Եվրամիության կազմից դուրս գալու մասին բրիտանացիների որոշումը այնպիսի ցնցում է առաջացրել այդ կազմակերպությունում ու Եվրոպայում ,որ եվրոպացի ղեկավարները հանրաքվեի արդյունքները հայտարարվելուց մեկ օր անց ուղևորվեցին Գերմանիայի մայրաքաղաք՝ արտահերթ նիստ անցկացնելու նպատակով: Եվրամիության գլխավոր հիմնադիրներ՝ Գերմանիայի , Ֆրանսիայի, Իտալիայի , Բելգիայի , Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների ԱԳ նախարարները երեկ գումարած նիստում քննարկել են Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալու հետևանքները:«Եվրոպան չպետք է խուճապի մատնվի ու տենդագին գործողությունների դիմի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ», նման տեսակետ է հայտնել Գերմանիայի արտգործնախարար՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ:«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որը թույլ չի տալիս ոչ խուճապի մատնվել, ոչ էլ ցնցվել: Մենք չպետք է տենդագին գործողությունների դիմենք, կամ ել ձևացնենք, որ բոլոր պատասխաններն արդեն հայտնի են»,- ասել է նա: Նա նաև ասել է,որ թույլ չենք տա մեկը մեզանից խլի Եվրոպան»:
Նշենք,որ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքների համաձայն ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն: Իսկ երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, հայտարարել է իր հրաժարականի մասին:
Նման պայմաններում Եվրամիության ղեկավարները ,որ թվում է զայրացած են Բրիտանիայի ժողովրդի ընդունած որոշումից պահանջում են Բրիտանիան արագացնի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Իսկ Բրիտանիայի վարչապետը չի պատրաստվում սկսել այդ գործընթացը:
Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգի մեկնարկի ժամկետները կորոշի Բրիտանիայի նոր վարչապետը՝ հայտարարել է Քեմերոնը։
«ԵՄ-ի հետ բանակցությունները պետք է սկսել նոր վարչապետի հետ։ Ես ճիշտ եմ համարում, որ այդ վարչապետը որոշի՝ երբ սկսել գործընթաց 50-րդ հոդվածով, և սկսել ԵՄ-ից դուրս գալու պաշտոնական և օրինական գործընթաց»,- ասել է Բրիտանիայի վարչապետը , գրում Համշահրի թերթը:
---
News.am
Հռոմի Պապ Ֆրանցիկոսի Հայաստան այցի վերջին օրը.
Այսօր՝ հունիսի 26-ին ավարտվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը առավոտյան ուղեւորվել է Սուրբ Էջմիածին, որտեղ հազարավոր հավատացյալներ են հավաքվել Պատարագի սպասումով։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ պատարագ է մատուցել Սբ. Տրդատի տաճարի խորանի մոտ:
Գարեգին Բ. ասել է.« Աշխարհը չի դադարում լինել կենտրոնը աստվածային սիրո եւ խնամատարության»:
Հռոմի Պապն ասել է.« Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա եւ մեր միջեւ խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում»:
Էջմիածնում պատարագից հետո փոքրիկ տղան Հայաստանի դրոշ նվիրեց Հռոմի Պապին:
---
Թուրքերն անակնկալի են եկել Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» բառի հիշատակումից
Թուրքական մամուլն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարած այցելությանը, որտեղ իր զարմանքն է հայտնում, որ Սրբազան քահանայապետը եւս մեկ անգամ իր խոսքում արտասանել է «ցեղասպանություն» եզրը:
Մասնավորապես, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է. «Հռոմի Պապը տեսաուղերձով համերաշխության կոչ է արել և հայտնել, որ Հայաստան է գնում «խաղաղության տանող ճանապարհի բոլոր ջանքերին օժանդակելու համար»: Նա իր խոսքում օգտագործել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը եւ ավելացրել, որ ծրագրավորում է այցելել Ադրբեջան սեպտեմբեր ամսին»:
«Սոնդաքիքա» թերթը «Նախօրոք պատրաստված տեքստին ավելացրեց ցեղասպանություն եզրը» վերնագրով լուրում անդրադառնում է Հռոմի Պապի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությանը եւ հիշատակում է, որ անցյալ տարի եւս Ֆրանդիսկոս Պապն օգտագործել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը:
«Օդա TV»-ն եւս անդրադառնում է Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործմանը՝ նշելով. «Հռոմի Պապի այցելությանը հետեւող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները վկայեցին, որ նախապես բաժանված տեքստում «ցեղասպանություն» եզրը բացակայում էր: Թուրքիայի հետ նորից դիվանագիտական ճգնաժամ չստեղծելու համար ակնկալվում էր, որ Հռոմի Պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրը»:
Թուրքական «Աքշամ» թերթը «Նորից «ցեղասպանություն» ասաց» վերնագրով իր նյութում հայտնում է, որ Հռոմի Պապը շեղվել է տեքստից, որը պատրաստված էր մամուլի ասուլիսի համար: Թերթը հիշեցնում է, որ նախորդ տարի Հռոմի Պապի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպան Մեհմեդ Փաչաջըին եւ Վատիկայի բարի կամքի արդյունքում հազիվ 10 ամիս հետո էր նա վերադարձել Վատիկան:
Նույն թերթը մեկ այլ լուրում, որը վերնագրված է «Աստված պահի Թուրքիային», նշում է, որ Հռոմի Պապը Երեւան թռչելիս, Թուրքիայի օդային տարածքով անցնելու ժամանակ հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իր բարեմաղթանքներն է հղում եւ աղոթում է Թուրքիայի համար:
«Ջումհուրիեթ» թերթը եւս իր լուրը վերնագրել է «Հայաստանում պատրաստի տեքստից շեղվելով ասաց Ցեղասպանություն»: Թերթը ուշադրություն հրավիրում այն բանին, որ Հռոմի Պապը մի քանի օր առաջ հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձում «ցեղասպանություն» բառը չէր օգտագործել:
Hayeli.am
Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցությունների վերաբերյալ տարածած ինֆորմացիային որոշել է հակադարձել:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն որակել է «անբարեխիղճ»:
Երեկ հերթական բրիֆինգի ժամանակ լրագրողները Զախարովային խնդրել են պարզաբանել իրավիճակը, երբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությունից տարբերվող մեկնաբանություն:
Խոսելով Մամեդովի հայտարարության մասին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Դա Ադրբեջանի կողմից ձեռքբերված համաձայնությունը սեփական տեսանկյունից մեկնաբանելու փորձ է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն ընդունել են եռակողմ հայտարարություն: Նրանք վերահաստատել են, և այդ համաձայնագրում հստակ նշված է, Վիեննայում հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռքբերված պայմանավորվածությունները»:
Այնուհետև ընթերցելով Սանկտ Պետերբուրգում ընդունված փաստաթուղթը՝ Զախարովան նշել է, որ այն հրապարակային է, հասանելի է համացանցում և ավելացրել. «Ես կխնդրեի, կարծում եմ՝ դա նաև կոլեկտիվ խնդրանք է՝ առաջնորդվել միայն հայտարարության բնօրինակով, այլ ոչ թե հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ հանդիսացող բավականին անբարեխիղճ հայտարարություններով: Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ: Հենց դա էլ պետք է հիմք ընդունել, այլ ոչ թե որևէ մեկի կամայական ընթերցանությունը կամ այլասերված մեկնաբանությունը»:
Հիշեցնենք, որ Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցություններից մեկ-երկու օր անց պաշտոնական Բաքուն «ազդարարեց», թե ինչի շուրջ են պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ կոնֆլիկտը պետք է լուծվի փուլերով. նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա` հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Մարիա Զախարովայի անդրադարձն, իրականում, կարելի է սենսացիոն անվանել, որովհետև, սա ոչ այլ ինչ է, քան ապտակ Ալիևի իշխանություններին, որոնք ցանկացած փաստ աղավաղելու և կեղծիքներով ներկայացնելու մեծ «վարպետություն» ունեն:
Ի՞նչ կարելի է եզրակացնել Մարիա Զախարովայից: Սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքից, այսպիսով, որոշակի պատկերացումներ կարելի է պարզել:
Ադրբեջանի իշխանությունները, կարելի է պատկերացնել, որ այսօր, մեղմ ասած, այնքան լավ վիճակում չեն: Ալիևը, վստահաբար Բաքվում այլ ակնկալիքներ է ունեցել, ավելի ճիշտ, հույս է ունեցել, որ Մոսկվան ճնշումներ բանեցնելով Հայաստանի նկատմամբ, կստանա Սերժ Սարգսյանից այն, ինչ նա երազում է. ոչ թե կարգավորում հիմնված սկզբունքների վրա, այլ նրա պահանջների բավարարում` «շրջանների ազատում», ապա` բանակցություններ:
Բաքվի այս բանաձևը, որը Ալիևի պատկերացրած «կարգավորումն» է, իրականում, աբսուրդային է, ոչ միայն այն առումով, որ բացառապես Ադրբեջանի պահանջն է, այլ սա կարգավորման` հրապարակված սկզբունքների փիլիսոփայության դեմ է: Եթե Ալիևը համարում է, որ պետք է «գրավյալ շրջանների ազատումից հետո» բանակցեն, էլ ինչու՞ է տարիներ շարունակ ինքը բանակցությունների սեղանի շուրջ նստում պաշտոնական Երևանի հետ: Այս առումով, Ադրբեջանի իշխանություններն, իսկապես, հայտնվել են ծանր իրավիճակում:
Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ փաստորեն, նույնիսկ պաշտոնական Մոսկվան ստիպված եղավ արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները խեղաթյուրում են տեղի ունեցած հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքները` տարածելով սեփական մեկնաբանությունները, որպես` բանակցություններում ձեռքբերված համաձայնություն:
---