Մամուլի տեսություն 28-06-2016
Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ հայց են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և Դավութօղուի դեմ:
Համշահրի
Գերմանիայում Էրդողանի և Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել ռազմական հանցագործության մեղադրանքով
Թեհրանում լույս տեսնող Համշարհի թերթը գրում է.-Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ հայց են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:
Այդ մասին հայտնել են իրավաբաններ Բրիտա Էդերը և Պետրա Դերվիշայը: Հայցվորները Գերմանիայի դաշնային դատախազության են ներկայացրել 200 էջանոց դիմում, որով Էրդողանին մեղադրում են «ռազմական հանցագործություն կատարելու» և «մարդու իրավունքները խախտելու մեջ»: Այս մասին հաղորդում է Դոյչե Վելլեն:
Բացի նախագահից նույն մեղադրանքը ներկայացվել է շուրջ 2 տասնյակ թուրք պաշտոնյայի, որոնց թվում են նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ներկայացված դիմումի առանցքում Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, հիմնականում Շըրնաքում և Ջիզրեում տեղի ունեցած դեպքերն են: Նշվում է, որ սեպտեմբերի 4-11-ին բախումների ժամանակ սպանվել է 21 խաղաղ բնակիչ, Ջիզրեի նկուղներում սպանվել են 178 քաղաքացիներ: Այդ գործողության ընթացքում խոչընդոտվել են տարածքում բժշկական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների, պատգամավորների, ընտանիքների հարազատների, հասարակական կազմակերպությունների գործողությունները, անջատվել է բջջային կապը, դիտավորյալ այդ տարածք արգելվել է շտապօգնության մեքենաների մուտքը:
Գերմանիայի «Կանաչների կուսակցության» նախկին պատգամավոր, իրավաբան Մեմեթ Քըլըչը, մեկնաբանելով հարցի իրավական կողմը, նշել է, որ քաղաքական անձեռնամխելիությունը չի վերացնում հանցանքը:
Դիտորդները համոզված են,որ այդ հայցը կարող է դատական հետևանք չունենալ,բայց հաշվի առնելով Գերմանիայի ու Թուրքիայի միջև տիրող լարված հարաբերությունները, թվում է,որ Թուրքիայի նախագահի և մի խումբ այլ պաշտոնյաների դեմ հայցը ավելի կսրի երկու երկրի միջև առկա դիվանագիտական լարվածությունը:
---
«Շարղ» օրաթերթ
Ջանքեր են գործադրվում «Բրեքսիթ»-ի իրագործումը կանխելու ուղղությամբ
Թեհրանում լույս տեսնող «Շարղ» օրաթերթը գրում է.-Բրիտանիայում ԵՄ անդամակցության հարցով նորից հանրաքվե անցկացնելու հարցով հանձնագիրը ստորագրել է ավելի քան 3 մլն մարդ:
Այսպիսով, Բրիտանիայի խորհրդարանը պարտավոր է քննարկել հանձնագիրը, քանի որ այդ դիմումի համար բավարար էր ընդամենը 100 հազար ստորագրությունը, սակայն այդ անհրաժեշտ նվազագույն քանակը գերազանցվել է: Սպասվում է Բրիտանիայի խորհրդարանի հանձնագրերի հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի կրկնակի հանրաքվեի հարցը: Հիշեցնենք, որ հինգշաբթի Բրիտանիայում ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում քվեարկողների մեծամասնությունը կողմ էր ԵՄ-ի կազմից դուրս գալուն։
ԶԼՄ-ները տեղեկացրել են նորից հանրաքվե անցկացնելու հարցով կեղծ ստորագրությունների մասին։ Բրիտանիայի ՆԳ նախարարությունը քննարկելու է ստորագրությունները։ Բրիտանիայի համայնքների պալատի՝ ստորագրահավաքների հարցով կոմիտեն հաստատել է, որ հայտնաբերվել է արդեն 77 հազար կեղծ ստորագրություն, դրանք բոլորը կհեռացվեն, հայտարարել է նա:
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վրա:
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես համաձայնի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալուն, և որ նա խորհրդարանականներին կոչ կանի քվեարկել դրա դեմ:
ԵՄ-ից դուրս գալուց խուսափելու համար կա ևս մեկ այլ տարբերակ: Եվրամիության լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն՝ Բրիտանիայի կառավարությունը պետք է պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ի կազմից դուրս գալու մասին: Մինչև կառավարությունը չհայտնի այդ մասին, չեն լինի ոչ պաշտոնական բանակցություններ: Բանակցությունների ընթացքում Բրիտանիան կշարունակի մնալ ԵՄ-ի անդամ և բանակցությունների ավարտին ստորագրվելիք համաձայնագիրը կարող է դառնալ հանրաքվեի թեմա Բրիտանիայում և այդպիսով կուլիսներում կարելի է կանխել Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ի կազմից:
---
Armedia.am
Հռոմի պապի կողմից հնչած մի շարք ուղերձներ Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծեն
Ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս I պապի այցը Հայաստան կամ, ինչպես ինքն էր իր ուղերձում նշել, ուխտագնացությունն առաջին քրիստոնյա երկիր: Հռոմի պապի այցի ընտրված կարգախոսից, տարբեր միջոցառումների ժամանակ նրա կողմից հնչած խոսքերից մինչև նրա լուռ աղոթքը Ծիծեռնակաբերդում և նրա կեցվածքն այս ողջ երեք օրերի ընթացքում, ցույց տվեցին ու խոսեցին շատ բաների մասին:
Նախ, Հռոմի պապի այցը Հայաստան ևս մեկ անգամ հիշեցրեց ողջ աշխարհին քրիստոնյա աշխարհում հայերի և Հայ Առաքելական Եկեղեցու յուրահատուկ դերի մասին: Պատահական չէր, որ նա իր պատգամների ժամանակ հիշեց սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսին, սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ անվանելով նրան «Խաղաղության Վարդապետ», այցելեց Խոր Վիրապ՝ մոմ վառելով Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում:
Երկրորդ, ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Հայաստանը հանդիսանում է քրիստոնեության հիմքի վրա կառուցված եվրոպական արժեհամակարգի կրողը, ինչով շատ հաճախ պայմանավորված հայ ժողովուրդն առերեսվել է բազմաթիվ դժվարությունների, ինչը, միևնույն ժամանակ, նաև հայ ժողովրդի վերածնունդն է ապահովել:
Երրորդ, Հռոմի պապն իր բոլոր ուղերձներում խաղաղության կոչ արեց՝ մաղթելով, որ Արցախում տիրի խաղաղություն, իսկ հայ և թուրք հասարակությունների միջև ձեռք բերվի հաշտություն:Ակնհայտ է, որ նման ուղերձ Հռոմի պապի շուրթերից չէր հնչի մի երկրից, որտեղ թե´ իշխանությունների, թե´ հասարակության շրջանում տիրեր թշնամական մթնոլորտ՝ ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ, աղավնիներ բաց չէին թողնվի դեպի հայ-թուրքական փակ սահման մի երկրից, որը չի գիտակցում խաղաղության արժեքն ու գինը:
Հռոմ մեկնելու ճանապարհին ինքնաթիռի մեջ տված իր մամուլի ասուլիսի ժամանակ հենց այս մասին փաստեց Հռոմի պապը: Նա հատուկ շեշտադրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում Հայոց ցեղասպանության համատեքստում հնչած այն միտքը, որ «ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով պետք է շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա»: Հռոմի պապի խոսքով մի ժողովուրդ, որն այդքան շատ է տառապել, պետք է մեծ քաջություն ունենա նման բան ասելու համար:
Չորրորդ, պետք է հիշել, որ Հռոմի պապը, բացի հոգևոր առաջնորդ լինելուց, նաև Վատիկան պետության ղեկավարն է: Այս առումով նրա այցը, որը բավականին դրական ու ջերմ մթնոլորտում ընթացավ, բնականաբար զարկ կտա ոչ միայն կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հարաբերությունների խորացմանը, այլ նաև նոր, առավել բարձր մակարդակի վրա կբարձրացնի Վատիկան պետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը:
Հաշվի առնելով Հռոմի պապի սիմվոլիկ նշանակությունը և նրա խոսքի արժևորումը կաթոլիկ երկրների կողմից, ինչպես նաև հենց Ֆրանցիսկոս պապի՝ որպես անհատի նկատմամբ մարդկության տածած յուրահատուկ վերաբերմունքն ու սերը՝ այս ուղերձները, միանշանակ, ընկալելի կդառնան շատ ու շատ երկրներում: Ինչ վերաբերում է Հռոմի պապի այցի ընթացքում ստեղծված և նրա ուղերձներից բխող հնարավորություններին, ապա դրանք շատ են և կարող են կրկնապատկվել մեր ճիշտ, թիրախավորված և հետևողական աշխատանքի շնորհիվ, որը պետք է սկսել օր առաջ՝ ստեղծված պահը բաց չթողնելու համար:
---