Մամուլի տեսություն 29-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i24028-Մամուլի_տեսություն_29_06_2016
Թուրքիան Եվրամիությանը միանալու համար 1987 թվականի ապրիլի 14-ին պաշտոնական դիմում ներկայացրեց այդ կառույցին: Տասնամյակներ անց Թուրքիայի անդամակցությունն այդ եվրոպական կառույցին շարունակում է մնալ մշուշի մեջ:Թվում է,որ Էրդողանը փորձում է Իսրայելով փոխարինել  այդ ձախողումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 14:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-06-2016

Թուրքիան Եվրամիությանը միանալու համար 1987 թվականի ապրիլի 14-ին պաշտոնական դիմում ներկայացրեց այդ կառույցին: Տասնամյակներ անց Թուրքիայի անդամակցությունն այդ եվրոպական կառույցին շարունակում է մնալ մշուշի մեջ:Թվում է,որ Էրդողանը փորձում է Իսրայելով փոխարինել  այդ ձախողումը:

 

«Ղոդս»

Ինչո՞ւ Էրդողանը ստիպված եղավ  մուրալ  Իսրայելից

Իրանի տարածաշրջանային հաղթանակներին զուգահեռ՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության իրարահաջորդ ձախողումները Էրդողանին մղեցին մերձենալ Իսրայելի ռեժիմին և շեղել  հանրային կարծիքի ուշադրությունն ու թաքցնել իր տարածաշրջանային ձախողումները:   

Անդրկուլիսյան գործարքներից ու տարբեր կարծիքներից հետո, վերջապես Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը տեղեկացրեց Իսրայելի ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման մասին:

Քաղաքական դաշտից Դավութօղլուի հեռանալը վկայում է այն մասին ,որ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը լի է զարմանալի իրադարձություններով: 2010 թ.-ից ի վեր  Թուրքիայի կրած պարտությունները այդ երկրին նետեցին Իսրայելի գիրկը:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի առաջին օրերին Դավութօղլուի կանխատեսումների համաձայն՝ Բաշար Ասադը մի քանի ամսից լքելու էր պաշտոնը: Բայց ներկայումս ոչ թե Ասադն այլ Դավութօղլուն է լքել իր պաշտոնը:

Թուրքիայի ձախողումներն անցած վեց տարիների ընթացքում հետևյալներն են եղել:

Առաջին՝ 2010 թվականին «Մավի Մարմարա» նավի վրա Իսրայելի հարձակումն էր,որի հետևանքով Իսրայելը սպանեց Թուրքիայի 9 քաղաքացիներին:

Երկրորդ՝ Արաբական Գարունն էր,որ մեկնարկեց Թունիսից:

Երրորդը Սիրիան է: Դավութօղլուն և Էրդողանը ,որ կարծում  էին Ասադը լքելու է   իշխանության ղեկը, այն ժամանակ հասկացան Սիրիայի հարցում չարաչար սխալվել են , երբ արդեն շատ ուշ էր:  Թուրքիայում սիրիացի փախստականների ճգնաժամը դարձել է լուրջ խնդիր  Անկարայի համար, խնդիր ,որ հենց այդ երկիրն է հարուցել:

Չորրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամն է: 2015 թվականի նոյեմբերի 24-ին  թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում  Թուրքիայի կողմից խոցվեց ռուսական Սու-24 կործանիչը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա հարձակումը «թիկունքից հարված» որակեց:

Հինգերորդը ահաբեկիչների տուն վերադարձը և Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հզորացումն է: Ռուսաստանի հետ հարաբերությունները մթագնելուց հետո Թուրքիայի տնտեսությունը ծանր վնասներ կրեց: Այդ երկրում տեղի ունեցող ահաբեկչական պայթյունները դարձել են մղձավանջ Էրդողանի համար:

Վեցերորդը՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ձախողումն է: Թուրքիան Եվրամիության միանալու համար 1987 թվականի ապրիլի 14-ին պաշտոնական դիմում ներկայացրեց այդ կառույցին: Տասնամյակներ անց Թուրքիայի անդամակցությունն այդ եվրոպական կառույցին շարունակում է մնալ մշուշի մեջ:Թվում է, Էրդողանը փորձում է Իսրայելով փոխարինել  այդ ձախողումը:Նա  մերձենալով Իսրայելին ուղեկցում է Սաուդյան Արաբիայի հակաշիական քայլերին: Կարելի է ասել ,որ Լիբանանի Հեզբոլլահի և Իրաքում ու Սիրիայում ժողովրդի ու կառավարության արձանագրած հաջողություններին զուգահեռ խորանում է Իրանի ռազմավարությունը և արդյունքում ավելի է դրսևորվում  Թուրքական-սաուդական-սիոնիստական զուգամերձությունը:

 

 

Galatv.am

The Washington Post

Brexit-ը Պուտինի հաղթանակն է.

 

«Մոտավորապես 30 տարվա ընթացքում Արեւմուտքը համախմբվում էր, իսկ Արեւելքը՝ քայքայվում»,- The Washington Post-ում գրում է Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը` հիշեցնելով Գերմանիայի վերամիավորման, Վարշավյան պայմանագրի եւ ԽՍՀՄ-ի փլուզման մասին: Բայց այժմ ակնհայտ է հակառակ միտումը, որն առավել դրամատիկ կերպով դրսեւորվեց ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների մեծամասնության որոշման մեջ:

«Այժմ Եվրոպան թուլանում է, իսկ Ռուսաստանը, նրա դաշնակիցներն ու բազմաբեւեռ կազմակերպությունները համախմբվում են եւ ընդունում են իրենց շարքերը նոր անդամների: Brexit-ին կողմ քվեարկումը, իհարկե, չի եղել Պուտինի ջանքերի արդյունքը, բայց դա Պուտինին եւ նրա արտաքին քաղաքական նպատակներին կբերի հսկայական շահեր»:

Մաքֆոլը թվարկում է չորս «քննություն», որոնք, նրա կարծիքով, սպասում են եվրոպական դիվանագիտությանը: Դրանք վերաբերում են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետագա ճակատագրին, եվրոպացի պուտինամետ քաղաքական գործիչների եւ շարժումների դիրքերի ամրապնդմանը, Ուկրաինայում Պուտինի հակառակորդների դիրքերի թուլացմանը:

«Մինչ ամբողջ Եվրոպայում ճաքեր են առաջանում, Պուտինը զուգահեռաբար համախմբում է իր ուժերը: Նա Ռուսաստանում վերականգնել է ինքնակալական վարչակարգը: Պուտինը ընդհատեց ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ 2008-ին ներխուժելով Վրաստան, եւ դանդաղեցրեց ԵՄ ընդլայնման գործընթացը` 2014-ին ներխուժելով Ուկրաինա: Պուտինն ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական հեգեմոնիան`ստեղծելով Եվրասիական տնտեսական միությունը: Մերձավոր Արեւելքում Պուտինն ընդլայնում է ՌԴ ներկայությունը, իսկ Եվրոպան եւ ԱՄՆ-ը նահանջում են: Պուտինի վարչակազմի մոդելը եւ առաջնորդի հատկանիշներն այժմ ոգեշնչում են եվրոպացի երկրպագուներին»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանը տառապում է ներքին խնդիրներից: Բայց միասնական ժողովրդավարական Եվրոպայի եւ ապաազատական Ռուսաստանի միջեւ ուժերի հավասարակշության կարճաժամկետ փոփոխություններն ակնհայտ եւ անհանգստացնող են»,- զգուշացնում է Մաքֆոլը:

 

Armedia.am

Brexit: Հայացք Արևելքից

Եվրամիությունից դուրս գալու մասին Բրիտանիայի հանրաքվեի արդյունքները մեծ արձագանք են առաջացրել ողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Արևելքում:

Չինաստանի Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը հայտարարել է, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալը կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա: Հանրաքվեի արդյունքներն արդեն իրենց բացասական ազդեցությունն են թողել շուկաների կայունության վրա, հայտարարել է ՉԺՀ վարչապետը Թյանցին քաղաքում կայացած ամենամյա «Նոր չեմպիոններ-2016» տնտեսական համաժողովի ժամանակ (որը հայտնի է նաև որպես «ամառային Դավոս»):

Չինաստանի իշխանությունները համարյա բացեիբաց ցույց տվեցին իրենց վերաբերմունքը հանրաքվեի արդյունքների նկատմամբ: Չինաստանը շահագրգռված է, որպեսզի լինի կայուն և միասնական Եվրամիություն, ինչպես նաև կայուն ու բարգավաճող Անգլիա, ասել է Լի Կեցյանը և ավելացրել, որ բոլոր երկրների ընդհանուր և համակարգված աշխատանքը թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել համաշխարհային տնտեսության աճի վրա ընդհանրապես, և առանձին երկրների տնտեսության վրա մասնավորապես:

Նրա խոսքերով, աշխարհի երկրները պետք է աշխատեն առավել արդար և բաց գլոբալ տնտեսական համակարգի ստեղծման վրա: Չինացիներն ունեն բոլոր հնարավորությունները՝ իրենց առջև այս տարի դրված զարգացման սոցիալ-տնտեսական նպատակներին հասնելու համար:

 «Չինաստանը կշարունակի ԵՄ-ի և Բրիտանիայի՝ որպես կարևոր գործընկերների հետ հարաբերությունները», - եզրափակել է ՉԺՀ վարչապետը:

Brexit-ը շոկ էր գլոբալ շուկաների համար: Հանրաքվեի արդյունքների պատճառով համաշխարհային շուկաներում աճել է արտարժույթի անկայունությունը, ինչը կստիպի Չինաստանին չափավորել սեփական դրամավարկային քաղաքականությունը և բոլոր միջոցները կիրառել՝ երկրի ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Օրինակ, ՉԺՀ Կենտրոնական բանկն արժեզրկել է յուանը 1%-ով:

Բրիտանիայում հանրաքվեի արդյունքները ցնցում են առաջացրել նաև Տոկիոյի բորսայում: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շտապ խորհրդակցություն է հրավիրել և համապատասխան ցուցումներ տվել՝ աշխատանք տանել G7-ի մյուս անդամների հետ հետագա տնտեսական քայլերի մասին: Վարչապետ Աբեն նաև խնդրել է Ճապոնիայի բանկին՝ ֆինանսական միջոցներ հատկացնել Բրիտանիայում գործող ճապոնական ընկերություններին: Վարչապետի կարծիքով, հատուկ կարևորություն ունի մանր և միջին բիզնեսին պաշտպանություն ցուցաբերելը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Տոկիոյի ֆոնդային բորսայում Նիկկեյի ինդեքսն ընկել էր համարյա 8%-ով, վերջին 16 տարում առաջին անգամ:

Ճապոնական կառավարությունը հանդես է եկել Բրիտանիայի հետ գործընկերային հարաբերությունները պահպանելու օգտին:

Իսկ Կորեայի ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում, աշխարհի ամենափակ երկրում, հանդես են եկել բրիտանական հանրաքվեն չեղյալ համարելու կողմ: Հյուսիսային Կորեայի ավելի քան 24 հազար քաղաքացիներ հանրաքվեի արդյունքները վերանայելու մասին խնդրագիր են ստորագրել: Ի դեպ, նման պահանջով են հանդես եկել նաև Չինաստանի, Հոնկոնգի, ճապոնիայի և Վենեսուելայի քաղաքացիները, նույնիսկ Վատիկանի 39 հազար բնակիչ:

Հունիսի 24-ին անկումով են բացվել նաև Բոմբեյի և Հնդկաստանի ազգային ֆոնդային բորսաները: Երկրի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Հնդկաստանի կառավարությունը հաշվարկել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բոլոր հավանական հետևանքները և որ իրենք բավարար արժութային պաշարներ ունեն:

Մասնագետների կարծիքով, ԵՄ-ից դուրս գալուց հետո, բրիտանական բիզնեսը, արտադրողները ստիպված կլինեն աշխատել ավելի քիչ նպաստավոր առևտրային միջավայրում: Բացի այդ, երկիրը ստիպված կլինի աշխարհի տասնյակ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի հետ վերակնքել առևտրային պայմանագրերը, քանի որ դրանք ստորագրվել էին ԵՄ շրջանակներում: Իսկ նման անորոշությունը լրջորեն կանդրադառնա բրիտանական տնտեսության վրա: