Մամուլի տեսություն 02-07-2016
Օլանդ .« Հնարավոր չէ Brexit-ը չեղարկել կամ հետաձգել»:
«Ղոդս»
Օլանդ .« Հնարավոր չէ Brexit-ը չեղարկել կամ հետաձգել»
Ֆրանսիայի նախագահի խոսքերով , Բրիտանիան պետք է պատասխանատու լինի Եվրամիությունից դուրս գալու իր որոշման համար : Նրա խոսքերով , միությունից այդ երկրի անհապաղ հեռացմամբ , հնարավոր կլինի վերացնել տնտեսական անկայունությունը :
«Ղոդս» օրաթերթում լույս տեսած հոդվածում ասված է .-« Ֆրանսուա Օլանդը կրկին անգամ ընդգծել է ժամանակացույցի համաձայն Եվրամիությունից դուրս գալու գործընթացը սկսելու անհրաժեշտությունը : Նրա խոսքերով , Brexit-ի իրագործումը անխուսափելի է» :
Օլանդն այդ խոսքերն արտահայտել է Ֆրանսիայում Բրիտանիայի հրաժարված վարչապետ ՝ Քամերոնի հետ հանդիպումից հետո : Օլանդն ասել է , որ այժմ բրիտանացիները պետք է պատասխան տան այդ որոշման հետևանքների համար : ԵՄ-ի կազմում լինելն ունի առավելություններ , իսկ միության կազմից դուրս գալու հետևանքների մասին բրիտանացիներն իմացան հանրաքվեից հետո :
Օլանդի խոսքերով , ինչքան շուտ սկսի գործընթացն , տնտեսական իրավիճակն արագ է վերականգնվելու :
«Ղոդս»
Սլովակիայի վարչապետ .«Փախստականների ճգնաժամը Եվրամիության հերթական նախագահի գերակայությունն է համարվում»
Սլովակիայի վարչապետը , որի երկիրն անցյալ օրը ստանձնել է Եվրամիության հերթական նախագահությունը , նշել է .-« Փախստականների ճգնաժամը Եվրամիության հերթական նախագահի գերակայությունն է համարվում» :
«Ղոդս» օրաթերթում լույս տեսած հոդվածում ասված է.-«Սլովակիան վեց ամսվա համար նախագահելու է Եվրամիությունը : Այդ երկրի վարչապետի խոսքերով , Սլովակիան մշակված ծրագիր ունի առաջիկա կիսամյակի համար : Նշելով , որ փախստականների ճգնաժամը դարձել է գերխնդիր Եվրամիության համար , Ռոբերտո Ֆիկոն ավելացրել է .-«Սա մեզ համար առաջնահերթային խնդիր է» : Ֆիկոն Եվրամիության անդամ երկրներին հորդորել է քայլել Եվրամիության նպատակներին համընթաց :
Հատկանշական է , որ 2004 թ.-ին Սլովակիան դարձել է ԵՄ-ի լիիրավ անդամ և սա միությունում այդ երկրի նախագահության առաջին շրջանն է :
Սլովակիայից հետո , նախագահությունը ստանձնելու է Մալթան :
news.am
Քերիի շտապօգնություն զանգը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, նրանց խնդրելով պահպանել հրադադարը, որ առկա է Վիեննայի հանդիպումից հետո: Քերիի հեռախոսազանգերը հետաքրքրական են երկու իրադարձությունների ֆոնին՝ ԵԱՀԿ գործող նախագահող, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ տարածաշրջան կատարած այցի, նաև Սերգեյ Լավրովի սպասվելիք տարածաշրջանային այցի, որի ընթացքում նա լինելու է Երևանում ու Բաքվում: Ընդ որում, ի սկզբանե Լավրովը պետք է լիներ միայն Երևանում և մասնակցեր ՀԱՊԿ արտգործնախարարների հավաքին, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ նա մեկնելու է նաև Բաքու: Եվ ահա այդ ամենից հետո հայտնի է դառնում, որ Քերին զանգահարել է Ալիևին ու Սարգսյանին և խնդրել է հարգել պայմանավորվածությունները հրադադարի վերաբերյալ, նաև քայլեր կատարել հրադադարի պահպանման համար Վիեննայում ձեռք բերած երկու պայմանավորվածությունները իրականացնելու ուղղությամբ:
Երկու պայմանավորվածության շեշտադրումը այստեղ հետաքրքրական է, քանի որ Սանկտ Պետերբուրգում Պուտինի նախաձեռնությամբ հանդիպումից հետո երեք կողմերը փաստորեն հայտարարել էին միայն մեկ պայմանավորվածության շուրջ համաձայնության մասին՝ ԵԱՀԿ մշտադիտարկման գրասենյակի հնարավորությունների ընդլայնման: Մինչդեռ բանն այն է, որ ամենից կարևորն այստեղ հրադադարի պահպանման միջազգային հետաքննական մեխանիզմի ներդրումն է: Եվ այստեղ, իհարկե, առկա է տպավորություն, որ Ռուսաստանի եռակողմ նախաձեռնությամբ կողմերը կարծեք թե փորձում են ստեղծել ինչ-որ համաձայնության իմիտացիա, փոխզիջման վերածել ԵԱՀԿ գրասենյակի հնարավորությունների հարցը, այսպես ասած կիսել ամբողջը:
Քերին հիշեցնում է, որ ամբողջը կիսել չի կարելի: Հետաքրքրական է, որ նա դա անում է Շտայնմայերի այցից հետո և Լավրովի այցից առաջ: Չի բացառվում, որ Քերիին օգնության է կանչել հենց Շտայնմայերը, որը հավանաբար հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրականում որոշակի շեղվում են Վիեննայից, ինչին դրդողը Ռուսաստանն է, կամ գուցե շեղվում է Ադրբեջանը՝ ՌԴ հովանավորությամբ: Եվ չի բացառվում, որ Շտայնմայերը կասկած է հայտնել Լավրովի այցի կապակցությամբ, ինչից հետո էլ ԱՄՆ պետքարտուղարը որոշել է այսպես ասած նախնական աշխատանք կատարել Լավրովի այցից առաջ, խորհուրդ տալով կամ պարզապես նախազգուշացնելով Սարգսյանին ու Ալիևին, որ հանկարծ չընկնեն Լավրովի խելքին կամ պլանների տակ և չմտածեն, թե հնարավոր է շեղվել Վիեննայից կամ կիսել Վիեննան:
galatv.am
Ինչպես կարող է Brexit-ը կանխել նոր սառը պատերազմը
«Brexit-ի հանրաքվեի արդյունքները պետք է ստիպեն ԵՄ-ին ու ԱՄՆ-ին հիմնովին վերանայել կոշտ տնտեսման միջոցառումները` տեխնոկրատների իշխանության սկզբունքը, ինչպես նաեւ միգրացիոն, տնտեսական եւ արտաքին քաղաքականությունը»,- The Washington Post-ում գրում է Կատրինա Վանդեն Հուվելը:
«ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին պետք է միանար այս վերանայմանը՝ մասնավորապես կենտրոնանալով Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի վտանգի վրա: Ռուս-ամերիկյան հարաբերությունները վտանգավոր աստիճանի վատացել են: Արեւմտյան ԶԼՄ-ներում եւ իշխող շրջանակներում գերիշխում է այն տեսակետը, որ միակ ագրեսորը Ռուսաստանն է, եւ հաշվի չի առնվում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամների դերն Ուկրաինայում ճգնաժամի եւ հարաբերությունների վատթարացման մեջ»,- գրում է հեղինակը:
«ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին, հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայեցին Լեհաստանում եւ Ռումինիայում, ավելացվեցին ցամաքային, օդային եւ ծովային ուժերն, ընդլայնվեցին ռազմական զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ: Զարմանալի չէ, որ Ռուսաստանն ի պատասխան ամրապնդեց իր ուժերն արեւմտյան սահմաններում, այդ թվում, ավելացրեց հրթիռների քանակը, որոնք ի վիճակի են կրել միջուկային զենք»,- նշվում է հոդվածում:
«Հիլարի Քլինթոնի եւ մյուսների կոչերը՝ սրել Սիրիայում իրավիճակը կամ ստեղծել «ոչ թռիչքային գոտի», կարող են հանգեցնել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման: Քվեարկությունը Brexit-ի օգտին հավանաբար կնպաստի այս ընթացքի հիմնարար վերանայմանը»,- կարծում է հեղինակը: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն ունեն ծանրակշիռ պատճառներ Ռուսաստանի հետ համագործակցելու համար․ «Իսլամական պետության» դեմ պայքարը, Սիրիայում խաղաղության բանակցությունների աջակցումը, միջուկային զենքի տարածման դեմ պայքարը եւ միջուկային զինաթափման խթանումը:
Ընթացքի լուրջ վերանայման դեպքում հնարավոր է կրկին քննարկվի Ռուսաստանի սահմանի մոտ «խաղաղության գոտու» գաղափարը: «Սկզբի համար ԵՄ-ն կարող էր ճնշում գործադրել՝ պահանջելով Մինսկի համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաեւ ուսումնասիրել չմիավորված Ուկրաինայի ավելի լայն համաձայնության հնարավորությունը, որը կհայտնվեր Եվրամիության ներսում, սակայն չէր կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին: Կարելի է նաեւ ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով՝ Սիրիայում պատերազմի դադարեցման նպատակով: Ընթացքի վերանայման հիմք կարող էր դառնալ այն փաստի անխուսափելի ճանաչումը, որ այլ հզոր երկրներ ունեն անվտանգության գոտիներ, իսկ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն չունեն ոչ արտոնություններ, ոչ էլ համաշխարհային ոստիկանի դերի ռեսուրսներ»,- գրում է հոդվածի հեղինակը:
Աղբյուր` The Washington Post
Թարգմ.` Տիգրան Գասաբյան