Իրան–ԱՄՆ համաձայնության կայունության բանալին Իսրայելի զսպումն է
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չկարողանա զսպել Իսրայելին և կանխել Լիբանանի դեմ ռեժիմի գործողությունների շարունակությունը, ապա պատերազմը դադարեցնելուն միտված կայուն համաձայնության հասնելը դժվար թե հնարավոր լինի։
Պատերազմի վերջնական դադարեցման միակ ճանապարհը Բենիամին Նեթանյահուի կառավարության վերահսկումն ու տարածաշրջանային երկրների դեմ Իսրայելի հարձակումների կանխումն է։
IRNA-ի փոխանցմամբ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև «պատերազմի ավարտի մասին փոխըմբռնման հուշագրի» ստորագրումից առաջ, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարությամբ տեղեկացրել էին Լիբանանի հարավում հարձակումների ակտիվացման և Բեյրութի Դահիե թաղամասի թիրախավորման մասին։
Ըստ այս հաղորդման՝ գործողությունը խոչընդոտել է պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության ստորագրմանը և, ինչպես հայտարարել էր Թրամփը, մի քանի ժամով հետաձգել գործընթացը։ Հարձակման պահից մինչև այն օրը, երբ Իրանը վերջնականապես ընդունեց համաձայնության պայմանները, ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է Նեթանյահուին՝ նրան բնութագրելով որպես «համառ» և «անխոհեմ» քաղաքական գործիչ։
Նշվում է, որ Իսրայելի դերի գնահատումը՝ որպես ցանկացած հնարավոր համաձայնության խափանող գործոնի, ինչպես նաև այն մեթոդների կանխատեսումը, որոնց միջոցով Թել Ավիվը կարող է փորձել վերսկսել պատերազմը, պետք է դառնան Թեհրանի առաջնահերթություններից։
Դահիեի վրա իսրայելական հարձակումից հետո Թրամփի հայտարարություններն ու վերջին պահին ստանձնած պարտավորությունները ցույց էին տալիս, որ Վաշինգտոնը տվյալ փուլում, թեկուզև տակտիկական պատճառներով, չի աջակցում խաղաղ գործընթացի դեմ ուղղված իսրայելական քայլերին։
Հրադադարի հայտարարումից հետո Իսրայելը ստացել էր Թեհրանի նախազգուշացումները, որոնց համաձայն Լիբանանի մայրաքաղաքի թիրախավորումը համարվում էր «կարմիր գիծ»։ Անցած շաբաթ Բեյրութի հարավային արվարձանի վրա հարձակումից հետո, ըստ հոդվածի, Իրանը պատասխանել էր հրթիռային հարվածներով։
Իրանի և Իսրայելի միջև վերջին բախումների ընթացքում ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ հակամարտության կողմ չէ և ռազմական գործողություններով չի ներգրավվելու Իսրայելի պաշտպանության գործում։
Թեհրանի համար սահմանված «կարմիր գծերի» պարբերական խախտումները վնասում են նաև Թրամփի հեղինակությանը։ Վերջինս վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել էր, որ Իսրայելի ղեկավարությունը կատարում է իր պահանջները։ Մասնավորապես, նա նշել էր, որ «բոլոր որոշումները ինքն է ընդունում, ոչ թե Նեթանյահուն»։
Իսրայելի գործողությունները, որոնք հակասում են Թրամփի հայտարարություններին, հարցականի տակ են դնում ԱՄՆ նախագահի ազդեցությունն ու Իսրայելի քաղաքականության վրա վերահսկողության հնարավորությունը։
Սակայն նույնիսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի ավարտի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո, Իսրայելը, հավանաբար, կշարունակի ջանքեր գործադրել նման համաձայնությունները տապալելու ուղղությամբ։
Հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ միջազգային հարաբերությունների փորձագետներ և վերլուծաբաններ ընդգծել են, որ Նեթանյահուի կառավարությունը չի աջակցում Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ համաձայնության և շահագրգռված է տարածաշրջանում լարվածության ու ռազմական բախումների խորացմամբ։ Նրանք նշում են, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո էլ այդ մոտեցումը, ամենայն հավանականությամբ, չի փոխվել։