« Մոսկվան պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ–ից և Թուրքիայից
Թուրքիայի զինանոցներից ամերիկյան սպառազինության խոշոր խմբաքանակի հնարավոր փոխանցումը Ուկրաինային լուրջ վնաս կհասցնի թե՛ Անկարա–Մոսկվա, թե՛ Վաշինգտոն–Մոսկվա հարաբերություններին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մատակարարումների ծրագրերի մասին ի հայտ եկած տեղեկությունը։
Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից, քանի որ հնարավոր գործարքի հանգամանքները դեռևս պարզ չեն։
«Նման մատակարարումների բազմատեսակ վնասներն անխուսափելի են։ Խոսքը միայն զոհերի և ավերածությունների մասին չէ, որոնք ձգտում են ընդլայնել Կիևի իշխանությունները, այլ նաև Վաշինգտոնի և Անկարայի հետ մեր երկկողմ հարաբերություններին հասցվող լուրջ վնասի մասին»,-հայտարարել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ հնարավոր մատակարարումների մասին տեղեկությունն առկա է ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած փաստաթղթերում։ Խոսքը ամերիկյան արտադրության սպառազինության մասին է, որը Թուրքիայի տրամադրության տակ է և կարող է վերարտահանվել Ուկրաինա։
Ենթադրյալ փաթեթի մեջ մտնում են 12 ՀԿՌՀ կայանք, դրանց համար նախատեսված ավելի քան 2.5 հազար կասետային ռազմամթերք, 203 մմ տրամաչափի 47 հազար կասետային հրետանային արկ և 70 ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ։
Մոսկվայում ուշադրություն են հրավիրում նաև հնարավոր գործարքի շուրջ տեղեկատվության հակասականության վրա։ Զախարովայի խոսքով՝ առայժմ հստակ չէ, թե ով է հանդես եկել վերարտահանման նախաձեռնությամբ, ինչ պայմաններով այն կարող է իրականանալ, և երբ է նախատեսվում սպառազինությունը փոխանցել Ուկրաինային։
Ռուսական կողմը հատուկ բողոքներ է ներկայացրել Անկարային։ ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը աջակցելու ձգտման մասին և, Զախարովայի խոսքով, հավաստիացրել է Մոսկվային, որ խուսափում է Կիևին մահաբեր սպառազինություն մատակարարելուց։
«Խաղաղարար հռետորաբանություն օգտագործելու և զուգահեռաբար ուկրաինացի նացիստներին զենք մատակարարելու փորձերը անխուսափելիորեն խաթարում են փոխադարձ վստահությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մոսկվայում նաև մատնանշել են հնարավոր մատակարարումների և ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում ԱՄՆ-ի ու Թուրքիայի հայտարարած դերի միջև հակասությունը։ Զախարովան հարց է բարձրացրել, թե ինչով են առաջնորդվել Վաշինգտոնն ու Անկարան՝ որոշելով բացել հերթական Պանդորայի արկղը։
ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Ուկրաինային լրացուցիչ սպառազինության փոխանցումը չի կարող էապես փոխել մարտական գործողությունների ընթացքը, սակայն կարող է հանգեցնել նոր զոհերի և բարդացնել Ռուսաստանի հարաբերությունները այդ երկու երկրների հետ։
Զախարովան Վաշինգտոնին և Անկարային կոչ է արել վերանայել հնարավոր ծրագրերը՝ ընդգծելով, որ դեռ ուշ չէ իրավիճակը սթափ գնահատելու համար։
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական պարզաբանումներ է սպասում ամերիկյան և թուրքական կողմերից՝ սպառազինությունների հնարավոր վերաարտահանման մասին տեղեկատվության վերաբերյալ։