Մամուլի տեսություն 06-08-2016
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Թուրքիայում մահապատժի մասին օրենքի վերականգնման հետևանքների կապակցությամբ
«Ղոդս»
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Թուրքիայում մահապատժի մասին օրենքի վերականգնման հետևանքների կապակցությամբ
Գերմանիայի ԱԳ նախարարը հակադրվելով Ավստրիայի կողմնորոշմանը, մերժել է Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին որոշումը՝ նախազգուշացնելով Թուրքիայում մահապատժի վերականգնման հետևանքների կապակցությամբ:
«Ղոդս» օրաթերթը գրել է .-«Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերը և նրա ավստրիացի պաշտոնակիցը հակառակ Ավստրիայի կանցլերին չեն ցանկանում դադարեցնել Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Շտայն Մայերը նաև զգուշացրել է, որ Թուրքիայի կառավարությունը կարող է վերականգնել երկրում մահապատժի օրենքը»:
Նրա խոսքերով, չնայած բոլոր քննադատություններին, պետք է շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները : «Թուրքիան մնալու է հարևան երկիր».-ասել է նա:
Ավստրիայի կանցլերը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ սեպտեմբերի 16-ի նիստում, պահանջելու է փոխարինող ներկայացնել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցությունների համար : Վիեննայի նման կողմնորոշման պատճառն է Թուրքիայում անհաջող հեղաշրջումից հետո այդ երկրի կառավարության ձեռնարկած քայլերը:
Ավստրիայի ԱԳ նախարարը նաև հանդես է եկել ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու և այդ երկրի հետ փախստականների մասին համաձայնությունը չեղարկելու կոչով: Նրա խոսքերով, ԵՄ-ը պետք է պաշտպանի իր արտաքին սահմանները: Նա լարված է գնահատել Թուրքիայի հետ հարաբերությունները : Ավստրիայի ԱԳ նախարարը վերջերս նախարարություն էր կանչել Վիեննայում Թուրքիայի դեսպանին:
«Իրան»
Պենտագոնը հայտարարել է, որ դադարեցնելու է Պակիստանին տրամադրվող ռազմական օգնությունը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Պակիստանին վճարել 300 միլիոն դոլարի ռազմական օգնությունն , այն պատճառով , որ Իսլամաբադը գործնական քայլեր չի ձեռնարկում այդ երկրում ահաբեկչական խմբերի դեմ: Վերջին տարիներին ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները լարված են: Ամերիկացիներն այլևս հույս չունեն , որ Պակիստանը կարող է պայքարել Հաղղանի խմբի և Թալիբների դեմ:
Պենտագոնի խոսնակն այդ մասին հայտնելով, նշել է, որ այս որոշումը չի արժեզրկում վերջին երկու տարիներին աշխարհազորայինների դեմ Պակիստանի մղած պայքարը: Պակիստանին 300 միլիոն դոլարի օժանդակությունը կատարվում է կոալիցիայի աջակցման հիմնադրամի համաձայնությամբ, որը համարվում է աշխարհազորայինների դեմ օպերացիայի և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նպատակով դաշնակից երկրներին Պենտագոնի օժանդակության շրջանակում: ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, 2002 թվականից ի վեր, Պակիստանին տրամադրվել է 14 միլիարդ դոլարի օժանդակություն: Իսլամաբադի կառավարությունը հերքել է, որ աշխարհազորայիններին ապաստան է տրամադրում: ԱՄՆ-ը սակայն Պակիստանի աշխարհազորայինների անունը պահում է ահաբեկչական խմբերի ցուցակում ՝ խմբի դեմ պատժամիջոցներ կիրառելով:
galatv.am
Բարաք Օբաման նոր ճակատ է բացել. Le Figaro
«Բարաք Օբաման ԱՄՆ-ի համար պաշտոնապես նոր ճակատ է բացել «Իսլամական պետության» դեմ՝ հրաման արձակելով Լիբիայում օդային ռազմարշավ ձեռնարկել»,- հաղորդում է ֆրանսիական Le Figaro-ի լրագրող Ֆիլիպ Ժելին: «Բարաք Օբաման անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար կենսական շահերին: Պենտագոնի խոսնակ Փիթեր Կուկը խոստովանել է, որ ամերիկյան հատուկ ուժերը ժամանակ առ ժամանակ իրականացրել են հետախուզական առաքելություններ Լիբիայում: Դա թույլ է տվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին իրականացնել մի քանի օդային հարվածներ ԻՊ-ի ուսումնական կենտրոնի դեմ»,- գրում է Ժելին:
«Այս անգամ նորություն կլինի այն, որ ԱՄՆ-ն կհրաժարվի գործողություններ իրականացնել «ընդհատակից»։ Օբաման անդրադարձել է ռազմական ուժի կիրառման թույլտվության մասին օրենքին, որն ընդունվել է սեպտեմբերի 11-ից հետո: Այդ տեքստն ազատում է նախագահին Կոնգրեսի թույլտվությունը ստանալու անհրաժեշտությունից»: «Օդային ներխուժումը Լիբիա համահունչ է մեր մոտեցմանն ԻՊ-ի դեմ պայքարում՝ հենվելով տեղական մոտիվացված գործընկերների վրա»,- ընդգծել է Կուկը: «Այս ռազմավարությունն արդեն երկու տարի կիրառվում է Իրաքում եւ Սիրիայում, իսկ վերջին ամիսների ընթացքում՝ էպիզոդիկ կերպով նաեւ Աֆղանստանում»,- գրում է թերթը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ ամերիկյան հարվածների տեւողությունը կսահմանափակվի մի քանի շաբաթով, սակայն, Սպիտակ տունը չի հաստատել գործողությունների ավարտի որեւէ ստույգ ամսաթիվ: «Նույն կերպ, թեեւ Սիրտը հիմնական թիրախն է, գլխավոր շտաբը չի արգելում հարվածներ հասցնել Լիբիայի այլ վայրերին»,- ասվում է հոդվածում:
«Նախագահի որոշումը՝ կրկին ակտիվ մասնակցություն ունենալ Լիբիայի գործերին, արժանացել է Դոնալդ Թրամփի հավանությանը: Վերջինիս կարծիքով, ԱՄՆ-ն չունի այլ ընտրություն, բացի ԻՊ-ին ռմբահարելուց»:
Աղբյուր՝ Le Figaro
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան
armlur.am
ՆԱՏՕ-ի «խորացումն» ու Ռուսաստանի պարտությունը Արևելյան Եվրոպայում
Օգոստոս 6 2016 Հուլիսի 8-ին Վարշավայում կայացավ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը, որտեղ կայացվեց շատ կարեւոր աշխարհաքաղաքական նշանակության որոշում. Դաշինքի 4000-անոց ռազմական ստորաբաժանումը կտեղակայվի Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում ու Էստոնիայում: Նման որոշումն ունի մի քանի ուղերձ: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին. Ուղերձ համար 1. Լեհաստանը, որն ունի հստակ ընդգծված հակառուսական քաղաքականություն, իր ազգային կամքով, պոտենցիալով՝ տարածք, բնակչություն եւ աշխարհագրական դիրք, հանդես է գալիս իբրեւ աշխարհաքաղաքական կենտրոն: Իր այդ կարգավիճակով Լեհաստանը ռուսական ազդեցության կրճատման բնական պատնեշ է, հենց այդ երկրով է անցնում ուժերի բալանսի սահմանը, ու նրա միջոցով է Արեւմուտքը հիմնականում կարողանում բեկել այդ բալանսը: Ուղերձ համար 2. Որոշվել է ամրապնդել այնպիսի երկրների անվտանգությունը (Մերձբալթյան երկրներ), որոնք այսօր նույնպես ունեն հստակ ընդգծված հակառուսական դիրքորոշում եւ, որպես իրենց անվտանգության սպառնալիք, դիտարկում են Ռուսաստանին: Այս երկրների մոտ հատկապես խորացավ անվտանգության սպառնալիքի ազգային զգացողությունը, երբ Ռուսաստանն անեքսիայի ենթարկեց Ղրիմը՝ միջամտելով ուկրաինական քաղաքացիական պատերազմին: Ուկրաինան գտնվում է այդ երկրներին շատ մոտ, եւ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող նրանց կողմից չգնահատվել իբրեւ սպառնալիքի ռիսկ, որն էլ պատճառ է դառնում էլ ավելի ամրապնդելու սեփական անվտանգությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Ուղերձ համար 3 Սա թերեւս ամենաստրատեգիական նշանակությամբ ուղերձն է, որը շատ կարեւոր նշանակություն ունի աշխարհաքաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ դեռեւս 2002 թվականին Պրահայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի հայտնի գագաթնաժողովը, որտեղ որոշվեց կիրառել, այսպես կոչված, «անվտանգության ընդլայնման» ռազմավարությունը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմ հրավիրվեցին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան, որոնք երկու տարի անց դարձան Դաշինքի անդամ: «Անվտանգության ընդլայնման» հայեցակարգը, սակայն, չէր ապահովում ամուր պաշտպանական շերտ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների, ուժերի բալանսի պահպանության կամ դրա փոփոխման առումներով: Ուստի անհրաժեշտ էր, նախ, արեւելաեվրոպական երկրներին, որոնք Ռուսաստանը դիտարկում են իբրեւ սպառնալիք, ապահովել ամուր եւ հուսալի պաշտպանական մեխանիզմներով ու միջոցներով, որոնք հնարավորություն կտային նրանց ապահով զգալու, այնուհետ արդեն մշակելու Ռուսաստանի՝ զսպման եւ «քաղաքական դուրսմղման» ռազմավարություն: Ավելորդ չէ նշել, որ Ռուսաստանը ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության գլոբալ ռազմավարության մեջ պաշտոնապես համարվում է ստրատեգիական սպառնալիք: Իսկ սպառնալիքները, որպես կանոն, պետք է վերացվեն: Երկար ժամանակ Վաշինգտոնից Մոսկվային հասկացնում էին, որ ՆԱՏՕ-ն անցնելու է իր ծրագրի իրականացմանը՝ ՀՕՊ համակարգեր, ստորաբաժանումներ եւ այլն: Նույնն անում էին Լեհաստանի հետ մերձբալթյան հանրապետությունները: Եւ, ահա, հուլիսյան գագաթնաժողովով Դաշինքն «անվտանգության ընդլայնումից» անցում կատարեց «անվտանգության խորացման» ռազմավարությանը՝ ռազմական ներկայություն ապահովելով թիրախային կետերում: Ինչպես երեւում է՝ ՆԱՏՕ-ն որոշել է Եվրոպայում ամրացնել անվտանգության ոլորտը եւ կրճատել Ռուսաստանի ազդեցության ոլորտներն այնքան, որպեսզի վերջինը չկարողանա ամբողջապես տիրել Ուկրաինային: Ուկրաինան ռուսական վերջին պատվարն է կայսրության «գահը» պահելու ազգային իղձերի ճանապարհին, դրա կորուստը կնշանակի փակել Եվրոպայում իր վերջին ու ծանր դուռը: Չնայած Վաշինգտոնն ու Բրյուսելը հավաստիացնում են, որ սա ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն ակնհայտ է, որ սույնով հավատարիմ են մնում աշխարհաքաղաքագետ Մակինդերի տեսությանը, համաձայն որի՝ ով վերահսկում է Արեւելյան Եվրոպան, վերահսկում է «Հարթլենդը» (հիմնականում համընկնում է Ռուսաստանի տարածքի հետ), ով վերահսկում է «Հարթլենդը», տիրապետում է «Համաշխարհային կղզուն» (Եվրասիա, Աֆրիկա): Ինչ մնում է ՌԴ-ին, ապա, իհարկե, սա չի կարող չանհանգստացնել նրա ղեկավարությանը, որն այս ծրագիրը դիտարկում է իբրեւ իր դեմ կատարվող քայլ: Դա բնական է, քանի որ Ռուսաստանն էլ իր «ՆԱՏՕ»-ն է ստեղծել ՀԱՊԿ տեսքով, իբրեւ հակակշիռ եւ ազդեցության ոլորտների բաժանման աշխարհաքաղաքական գործոն, ինչն էլ ենթադրում է «մարտահրավեր-պատասխան» հարաբերություն:
Արման Սահակյան