Մամուլի տեսություն 03-10-2016
Բառերը կարևոր են, երբ դու պայքարում ես նախագահի պաշտոնի համար. Հիլարի Քլինթոն
armlur.am
Բառերը կարևոր են, երբ դու պայքարում ես նախագահի պաշտոնի համար. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վերջին փուլի մեկնարկը տրվեց երկուշաբթի երեկոյան ԱՄՆ-ում կայացած նախագահական առաջին բանավեճով, որն ընթացավ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի եւ նախկին առաջին տիկին, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջեւ: Պատմական բանավեճը ապացուցեց, որ ամերիկացիներին դժվար ընտրություն է սպասվում` հաշվի առնելով երկու թեկնածուների անցյալը, ապագայի հանդեպ ունեցած պատկերացումները եւ, հատկապես, անհատականությունը: Բանավեճը, կարելի է ասել, չտարբերվեց նախորդ` ներկուսակցական բանավեճերից, ինչպես եւ նախապես էր ակնկալվում: Հայտնի էր, որ Թրամփը որեւէ գործնական պատրաստություն չէր տեսել` հույսը դնելով իր ագրեսիվ կեցվածքի վրա: Եթե թեկնածուներից մեկը պատրաստված է, իսկ մյուսը` բնավ ոչ, պարզ է, որ բանավեճ չի կարող լինել հիմնարար հարցերի խորքը թափանցելու իմաստով: Ի դեպ, այդպիսին էին Թրամփի բոլոր բանավեճերը, երբ թեկնածուն կայուն սերտած մի քանի խոսքերից զատ անկարող էր լինում ներկայացնել իր մարտավարությունը եւ հատկապես տեսլականը պետությանը պատուհասող մարտահրավերների հաղթահարման հարցում: Միաժամանակ իր խառնվածքից ելնելով, ունենալով ներհանրապետական հարթակում բանիմաց քաղաքական գործիչների ջախջախելու փորձը` Թրամփը չէր էլ կարող պատրաստվել: Նախորդ բոլոր բանավեճերից հետո, երբ Թրամփը համառորեն հրաժարվում էր հարցերին ակադեմիական մոտեցում ցուցաբերելուց եւ նախընտրում մրցակցին անձնական վիրավորանքներ հասցնել, նրա վարկանիշը բարձրանում էր: Ակնհայտորեն, նախագահի թեկնածուն հույսը դրել էր նույնօրինակ զարգացման վրա` համոզված, որ Քլինթոնին կարողանալու էր ընկճել: Հենց այդ նպատակին էին միտված Թրամփի ագրեսիվ խոսքը, բղավոցներն ու բազմակի ընդհատումները, երբ իր տեսակետն էր հրամցնում Հիլարի Քլինթոնը: Հետաքրքիր էր Քլինթոնի պահվածքը, որը շարունակ ժպտում էր, հանդարտ զննում մրցակցին: Հետաքրքիր էին կողմերի միջեւ տեղի ունեցած մանր ընդհարումները: Երբ Թրամփը Քլինթոնին հանդիմանում էր դասական քաղաքական գործիչ լինելու համար, որ կարեւորում է միայն խոսքերը եւ արհամարհում գործը, Քլինթոնն արձագանքել էր. «Բառերը կարեւոր են, երբ դու պայքարում ես նախագահի պաշտոնի համար, եւ դրանք էլ ավելի էական են, երբ դու նախագահ ես»: Անհնար է ժխտել Քլինթոնի տեսակետի իրավացիությունը, քանզի ճգնաժամային իրավիճակներում նախագահի խոսքը գերկարեւոր նշանակություն կարող է ունենալ թե՛ քաղաքացիների շրջանում անհանգստության փարատման, թե՛ վստահության պահպանման առումներով:
Քլինթոնի վերոնշյալ պնդումը, կարծում ենք, արդարացի է ու հիմնավոր: Այդ հարթության մեջ Դոնալդ Թրամփն իսկապես կաղում է, որի շքեղությունը ԱՄՆ-ի պես առաջատար պետությունը կարծես թե իրեն թույլ տալ չի կարող: Բանավեճի առանցքային հարցերին մենք դեռ կհասցնենք առաջիկայում անդրադառնալ, իսկ մինչ այդ հարկ է արձանագրել, որ իր հայտարարություններում Թրամփը քանիցս հակասում էր ինքն իրեն ոչ միայն առանձին մտքերում, այլեւ նույնիսկ միեւնույն նախադասության շրջանակներում: Ինչպես կարծում են ամերիկյան վերլուծաբանները` Քլինթոնին հաջողվեց լրջորեն նյարդայնացնել միլիարդատեր գործարարին, որ հաճախ էր ափերից դուրս գալիս: Եթե դիտարկենք բանավեճի արդյունքը երկու կողմերից, կստացվի, որ թե՛ Թրամփը ցույց տվեց իր կայուն ագրեսիվ խաղը, թե՛ Քլինթոնը` իր պատրաստվածությունը: Կարծես թե ակնհայտ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել, ինչը պիտի փաստվի առաջիկայում հրապարակվելիք հարցումներով: Ինչպես բրիտանական «The Guardian» պարբերականն է նկատում, միայն հարցումներով պարզ կդառնա, թե արդյո՞ք ընտրողները դադարում են վստահել Թրամփին: Դատելով ավելի քան մեկ տարվա փորձից` կարող ենք ենթադրել, որ Թրամփի վարկանիշը չի տուժելու: Այլ հարց է, թե ի՞նչ որոշում կկայացնեն շարքային ամերիկացիները` արդյո՞ք իրենց պետք է նման նախագահ: Ի դեպ, եթե Դեմոկրատական կուսակցությունը առաջադրեր մեկ այլ երիտասարդ, բանիմաց, փորձառու եւ հեղինակավոր գործչի թեկնածություն, վստահաբար կարելի էր պնդել, որ Թրամփը շանս չէր ունենա, սակայն Քլինթոնի հանդեպ համընդհանուր կասկածամտությունը մեծագույն նշանակություն ունի Թրամփի հաջողությունների համար:
Ն. Հովսեփյան
«Համշահրի»
Ջոն Քերին անարգեց Մահմուդ Աբբասին
Վերջերս մի տեսանյութ հրապարակվել, որտեղ ԱՄՆ Պետքարտուղարի հետ հանդիպման ավարտին, պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարը ձեռքը մեկնում է Ջոն Քերիի կողմը, սակայն վերջինս անարգելով Մահմուդ Աբբասին, նրա ձեռքը թողնում է օդում:
Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական կայքերում, սակայն որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ տեսանյութը նորություն չէ: Քերին այն դեպքում է հրաժարվում սեղմել Աբբասի ձեռքը, երբ սեղմում է Պաղեստինի ինքնավար վարչակազմի ավագ բանագնաց՝ Սայեբ Արիղաթի ձեռքը:
Հարցը լայն արձագանք է գտել վիրտուալ աշխարհում: Ոմանք նույնիսկ քննադատում են Շիմոն Պերեզի հուղարկավությանը Աբբասի մասնակցությունը: Արաբական թերթերը գրում են, որ տեսանյութը նկարահանվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին առընթեր ՝ Մահմուդ Աբբասի կենավայրում: Արաբական օրաթերթերը գրել են, որ Պերեզի հուղարկավորությանը Մահմուդ Աբբասի ուղևորությունը կրել է ոչ-պաշտոնական բնույթ , ուստի նա չէր կարող հանդիպում ունենալ Քերիի հետ, որի ընթացքում լրագրողների ներկայությամբ լուսանկարվեր:
Դիտորդների համոզմամբ, Քերին չի սեղմել Աբբասի ձեռքը, քանի որ նա անժամանակ է պարզել ձեռքը , իսկ դա դիվանագիտական առումով սխալ քայլ է եղել : Այդ քայլի համար դիտորդներն այլ պատճառ չեն նշում:
Պաղեստինի լրատու գործակալությունը հաղորդել է, որ Քերիի և Աբբասի հանդիպմանը քննարկվել են վերջին իրադարձությունները, նաև ԱՄՆ-Պաղեստին հարաբերությունները: Հանդիպմանը ներկա են եղել Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար ՝ Սայեբ Արիղաթը, Պաղեստինի փոխվարչապետ՝ Զիադ Աբու Օմարը, ԱԳ նախարար ՝ Ռիազ Ալ-Մալեքին, Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավարի աշխատակազմի ղեկավար ՝ Նաբիլ Աբուրդինեն, վարչակազմի ղեկավարի դիվանագիտական հարցերի խորհրդական ՝ Մաջդի Ալ-Խալեդին, ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ ՝ Ռիազ Մանսուրը և Վաշինգտոնում Պաղեստինի ներկայացուցիչ ՝ Մաան Արիղաթը:
news.am
Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտները օգոստոսին 7 տոկոսով նվազել են
Հարկային եկամուտների դինամիկան հունվար-օգոստոս ժամանակահատվածում նշանավորվել է զուտ սիմվոլիկ աճով՝ 0.7 տոկոս տարեկան հաշվարկով: Սակայն անգամ այդ համեստ ցուցանիշն իր գոյությամբ պարտական է օգոստոսին նախորդած ամիսներին: Բանն այն է, որ օգոստոսին հարկահանության ոլորտում լուրջ անկում էր գրանցվել ավելի քան 7 մլրդ դրամով կամ 7 տոկոսով:
Հետընթացը հիմնականում պայմանավորված է ԱԱՀ (Ավելացված արժեքի) հարկով, որի գանձումը գրեթե 15.8 մլրդ դրամով կամ 33.1 տոկոսով պակասել է: Բայց, չնայած լուրջ անկմանը, ԱԱՀ-ն պետբյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում նախկինի պես առաջատար տեղ է զբաղեցնում: Դրա մասնաբաժինը օգոստոսին գերազանցել է 34.3 տոկոսը:
Հարկային եկամուտների ընդհանուր գումարում անկումը շատ մեծ կլիներ, եթե չլիներ շահութահարկի գանձման կտրուկ աճը՝ 11.8 մլրդ դրամով կամ 3.5 անգամ ավելի շատ: Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին անկում էր գրանցվել տարեկան կտրվածքով գրեթե 1.7 անգամ: Արդյունքում ստացվում է, որ 2 տարում օգոստոսի ցուցանիշը ավելի քան 2 անգամ աճել է:
Ավելի վաղ նշվել էր, որ ընթացիկ տարում հարկային բազան կրճատվում է: Մասնավորապես, մեծածախ ապրանքաշրջանառության ծավալի եւ բջջային կապի ծառայությունների պահանջարկի անկման պատճառով:
Այդ առումով օգոստոսը բացառություն չէր: Տարեկան կտրվածքով մանրածախ շրջանառության ծավալը ընթացիկ գներով կրճատվել է գրեթե 11 տոկոսով, իսկ հեռահաղորդակցման ծառայություններինը՝ 13 տոկոսով: Նշված բացասական տեղաշարժերն անմիջականորեն կապված են արտասահմանից դրամական փոխանցումների հետ: Առաջին հերթին՝ Ռուսաստանից:
Ռուս փորձագետների կանխատեսումների համաձայն՝ մոտ ապագայում դժվար է արմատական փոփոխություններ ակնկալել Ռուսաստանի տնտեսության մեջ: Ասենք, զբաղվածության ոլորտում: Իրատեսական չէ նաեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի նախաճգնաժամային տարիների ցուցանիշին վերադառնալը: Այդ պայմաններում Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն են ստանում հարկային ոլորտում բարեփոխումները եւ տնտեսության մեջ «ստվերի» կրճատումը:
Սմբատ Գրիգորյան