Մամուլի տեսություն 21-10-2016
https://parstoday.ir/hy/news/world-i39298-Մամուլի_տեսություն_21_10_2016
Ինձ համար առաջնահերթ է այն, թե Սիրիայի ժողովուրդն իմ մասին ինչ կարծիք ունի: Իսկ երկրորդ հերթին , ինձ համար կարևոր է իմ բարեկամ երկրների ՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և աշխարհի մնացած երկրների և ոչ արևմտյան երկրների կարծիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2016 06:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն    21-10-2016

Ինձ համար առաջնահերթ է այն, թե Սիրիայի ժողովուրդն իմ մասին ինչ կարծիք ունի: Իսկ երկրորդ հերթին , ինձ համար կարևոր է իմ բարեկամ երկրների ՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և աշխարհի մնացած երկրների և ոչ արևմտյան երկրների կարծիքը:

«Ղոդս»

Բաշշար Ասադ.«Արևմտյան երկրների պետայրերը պետք է պատերազմական ոճրագործներ ճանաչվեն»

 

Սիրիայի նախագահը լուսաբանել է իր երկրի գործերին արևմուտքի միջամտությունները:

Շվեյցարիայի SRF 1 հեռուստաընկերությանը տված զրույցում, Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադն ասել է.-«Հալեպի իրավիճակին արևմուտքի ցուցաբերած խոլահեղ հակազդեցությունը հետևանքն է այդ քաղաքում Սիրիայի բանակային ուժերի առաջխաղացմանը հաջորդող ահաբեկիչների ստեղծած իրավիճակի  և արևմտյան երկրները՝  հատկապես ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներ ՝ Բրիտանիան և Ֆրանսիան զգում են, որ կորցնում են Սիրիայում իրենց վերջին հաղթաթուղթը , իսկ այսօր Հալեպը համարվում է ահաբեկիչների գլխավոր կենտրոնատեղին»:

«Հալեպն արդեն չորս տարի է ,ինչ գտնվում է ահաբեկիչների շրջապատման մեջ , սակայն այս ընթացքում արևմտյան ոչ մի երկիր չի խոսել այդ քաղաքի բնակչության ծանր իրավիճակի մասին: Նրանք միայն այն ժամանակ սկսեցին այդ մասին արտահայտվել, երբ ահաբեկիչները հայտնվեցին անելանելի վիճակում: Հալեպում կարճատև հրադադարն առիթ է հումանիտար օգնություններ քաղաքի բնակիչներին հասցնելու համար, միևնույն ժամանակ խաղաղ բնակիչները , որոնք ցանկանում են կարող են հեռանալ քաղաքից».-ասել է Ասադը:

Այն հարցին, թե միջազգային հանրությունն Ասադին պատերազմական ոճրագործ է համարում, Սիրիայի նախագահը պատասխանել է.-«Սա պայմանավորված է նրանով, թե դուք ինչպե՞ս եք բնութագրում այդ երևույթը: Միջազգային օրենքների համաձայն, Սիրիայի նախագահը, կառավարությունն ու բանակը երկիրը պաշտպանում են արտաքին թշնամիներից: Եթե խոսենք այն մասին, թե ո՞վ է պատերազմական ոճրագործը, ես կասեմ ԱՄՆ նախկին նախագահ՝ Ջորջ Բուշը, ով առանց ԱԽ-ի արտոնության հարձակվեց Իրաքի վրա, Դեյվիդ Քամերոնը և Նիկոլա Սարկոզին, ովքեր Լիբիայի վրա հարձակվեցին: Պետք է դատվեն արևմտյան երկենրի պետայրերը, ովքեր վերջին հինգ տարիներին սատարել են ահաբեկիչներին»:

«ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ջոն Քերին Ձեզ համեմատել է Ադոլֆ Հիտլերի և Սադդամ Հոսեյնի հետ, ի՞նչ կասեք այդ մասին.: Այս հարցին Սիրիայի նախագահը պատասխանել է .-«Նրա խոսքերն ինձ համար ոչ մի նշանակություն չունեն : Ինձ համար առաջնահերթ է այն, թե Սիրիայի ժողովուրդն իմ մասին ինչ կարծիք ունի: Իսկ երկրորդ հերթին , ինձ համար կարևոր է իմ բարեկամ երկրների ՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և աշխարհի մնացած երկրների և ոչ արևմտյան երկրների կարծիքը»:

 

 

 

armedia.am

ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի արդյունքներն ու կարևոր հարցերը

 

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Մի կողմից ամփոփվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության տարին (2015-2016), մյուս կողմից  կառույցում 2016-17թթ. նախագահությունը փոխանցվեց Բելառուսին:

Գագաթաժողովի շրջանակներում ամենաքննարկվող հարցերից դարձավ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացակայությունը, ով, ըստ պաշտոնական մեկնաբանության, հիվանդ էր: Նազարբաևն իրո՞ք հիվանդ էր, թե՞ սա նրա հերթական դեմարշն էր, բարդ է ասել: Այն, որ 76-ամյա առաջնորդը կարող է առողջական խնդիրներ ունենալ, չենք կարող բացառել, միևնույն ժամանակ չենք կարող նաև բացառել դեմարշի հավանականությունը՝ հաշվի առնելով նրա նման սովորությունը (օրինակ` 2014-ի մայիսին Նազարբաևը չմասնակցեց նաև Մոսկվայում կայացած ՀԱՊԿ առաջնորդների ոչ ֆորմալ հանդիպմանը):

Երևանյան գագաթաժողովի շրջանակներում ընդունված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերի շարքում թերևս կարելի է առանձնացնել մինչև 2025թ ՀԱՊԿ ռազմավարության ընդունումը, որը նաև Հայաստանի նախագահության շրջանի առաջնահերթություններից մեկն է: Ընդունված ռազմավարությունը ներառում է կառույցի զարգացման տեսանկյունից այնպիսի կարևոր կետեր, ինչպիսիք են՝

- ՀԱՊԿ հավաքական անվտանգության արդի մարտահրավերները և սպառնալիքները,

- ՀԱՊԿ ռազմավարական նպատակները և խնդիրները,

- ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման միջոցները:

Հայաստանի համար Երևանյան գագաթաժողովը կարևորվեց նաև «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության» ընդունմամբ: Հայտարարության մեջ կարևորվում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը` որպես քաղաքական բանակցությունների պայման: Բացի այդ՝ որպես հակամարտության կարգավորման հիմք են դիտարկվում Հելսինկյան եզրափակիչ ակտում ներառված սկզբունքները, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը, իրավահավասարությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Նման շեշտադրումներով հայտարարության ընդունումը Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով ինքնին կարևոր իրադարձություն էր՝ հաշվի առնելով այն հայտնի հանգամանքը, որ նույն ՀԱՊԿ-ում որոշ երկրներ բավական սերտ համագործակցում են Ադրբեջանի հետ՝ հնարավորության դեպքում առաջ տանելով նրա շահերը:

Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթերից կարելի է առանձնացնել նաև ևս երկու փաստաթուղթ՝ «ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» և ՀԱՊԿ անդամ երկրների հայտարարությունը՝ միջազգային անվտանգության և կայունության վրա ՀՀՊ գլոբալ համակարգի տեղակայման միակողմանի քայլերի ազդեցության մասին: Հաշվի առնելով վերջին շրջանում Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում նկատվող լարվածությունը՝ նման փաստաթղթերի ընդունմամբ ՀԱՊԿ-ը փաստացիորեն ներքաշվում է այդ հակադրությունների ոլորտ: Անկախ հնարավոր մարտահրավերներից՝ Հայաստանը, որը միշտ բարձրաձայնում է ՀԱՊԿ-ում անդամ երկրների կողմից արտաքին քաղաքականության ներդաշնակեցման կարևորության մասին, բնականաբար, չէր կարող խոչընդոտել այդ փաստաթղթերի ընդունմանը:

Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ արտաքին քաղաքական տարբեր հիմնախնդիրների շուրջ համանման մոտեցումների որդեգրման խնդիրը շարունակում է մնալ կառույցի առանցքային խնդիրներից մեկը, ինչն «իր մաշկի վրա զգացել է» ոչ միայն Հայաստանը (օրինակ՝ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ՌԴ-ն չկարողացավ միասնական դիրքորոշում ապահովել ՀԱՊԿ բոլոր անդամների կողմից): Անդամ երկրների մոտեցումներում նման տարբերությունների առկայությունը թերևս խոսում է այն մասին, որ ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմաքաղաքական կառույց, դեռևս կայացման փուլում է, այլ հարց է, թե ինչ արագությամբ և արդյունավետությամբ է ընթանում այդ գործընթացը:

Բացի ընդունված փաստաթղթերից՝ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովն աչքի ընկավ մեկ այլ իրադարձությամբ ևս, որը թերևս դարձավ գլխավոր ինտրիգներից: Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ անդամ պետությունների ղեկավարներն օրակարգից հանեցին Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը (ըստ նախնական տեղեկության՝ ՀԱՊԿ նոր քարտուղար պետք է նշանակվեր ՀՀ ներկայացուցիչ)՝ դրա քննարկումը տեղափոխելով դեկտեմբերին կայանալիք պետերբուրգյան գագաթաժողով: Այս հետաձգման պատճառների վերաբերյալ անորոշությունը, ինչպես և կարելի էր սպասել, դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների միջև առկա հակասություններից մինչև Հայաստանի կողմից հարմար թեկնածուի բացակայություն, և այլն: Նման «գուշակություններին» վերջ տվեց ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցն օրակարգից դուրս չի եկել, իսկ նշանակումը պարզապես հետաձգվել է Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի բացակայության պատճառով: Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կառույցի գլխավոր ներկայացուցչական պաշտոնն է՝ Բորդյուժայի բացատրությունը բավական իրատեսական է հնչում:

Ամփոփելով կարելի է նշել, որ ՀԱՊԿ-ը՝ որպես իր անդամների հավաքական անվտանգությունն ապահովող ռազմաքաղաքական կառույց, դեռևս իր կայացման փուլում է, և բոլոր անդամները պետք է դա նկատի ունենան թե՛ կառույցից իրենց ակնկալիքները սահմանելիս, թե՛ իրենց պաշտպանական քաղաքականությունը մշակելիս: