Մամուլի տեսություն 29-10-2016
https://parstoday.ir/hy/news/world-i40390-Մամուլի_տեսություն_29_10_2016
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն առջևում են: Դեռևս պարզ չէ, թե ո՞վ է լինելու Սպիտակ Տան հաջորդ ղեկավարը, սակայն Հիլարի Քլինթոնի ճամբարը շտապում է առաջիկա կառավարության նախարարների ցուցակ ներկայացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2016 12:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   29-10-2016

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն առջևում են: Դեռևս պարզ չէ, թե ո՞վ է լինելու Սպիտակ Տան հաջորդ ղեկավարը, սակայն Հիլարի Քլինթոնի ճամբարը շտապում է առաջիկա կառավարության նախարարների ցուցակ ներկայացնել:

«Շարղ»

Բայդենը ՝ Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնի համար Քլինթոնի առաջին ընտրությունն է

 

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն առջևում են: Դեռևս պարզ չէ, թե ո՞վ է լինելու Սպիտակ Տան հաջորդ ղեկավարը, սակայն Հիլարի Քլինթոնի ճամբարը շտապում էառաջիկա կառավարության նախարարների ցուցակ ներկայացնել: Սա վկայում է այն մասին, թե Քլինթոնն իրեն համարում է երկրի գործող նախագահ՝ Բարաք Օբամայի անվիճելի հաջորդողը : Ի հարկ սոցհարցումների արդյունքները ևս նույնն են ասում: Տեղյակ աղբյուրների հավաստմամբ, Հիլարի Քլինթոնի հաղթելու դեպքում, Պետքարտուղար է նշանակվելու ամերիկացի փորձառու դիվանագետ ՝ Ջո Բայդենը, իսկ նրա տեղակալը լինելու է գործող Պետքարտուղար ՝ Ջոն Քերին: Թեև ամերիկյան լրատվամիջոցները նման կանխատեսում են կատարել, սակայն դեռևս հնարավոր չէ ասել, թե Բայդենն ընդունելո՞ւ է այդ նոր պաշտոնը, թե՞ ոչ: Քանզի ներկայիս ոչ Քլինթոնն է խոսել այդ մասին, ոչ նրա տեղակալները: Քլինթոնին մոտ կանգնած աղբյուրներն ասել են, որ նրա օգնականները փորձելու են համոզել Բայդենին: Դեմոկրատների ներկուսակցության ընտրապայքարի ժամանակ, բայդենը հավանություն չէր տալիս Քլինթոնի քայլերին, սակայն վերջին ամիսներին Քլինթոնի թեկնածությունը հաստատվելուց հետո,  նա ակտիվէ  եղել այդ դաշտում և բազմաթիվ ուղևորություններ է ունեցել ՝ Քլինթոնին սատարելու համար ելույթներով հանդես գալու նպատակով: Քլինթոնի էլեկտրոնային նամակների մասին «Վիքիլիքսի» բացահայտումները ցույց են տալիս, որ Քլինթոնի ընտրական ճամբարին մտահոգել է վերջին պահերին ՝ որպես դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի ներկայության հավանականությունը:

 

 

 

 

galatv.am

Ճապոնացիները հույս ունեն վերադարձնել 1945թ.-ին գրավված կղզիները

 

«Դեկտեմբերին նախատեսված է հանդիպում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ՝ չորս կղզիները մաս-մաս վերադարձնելու հարցը քննարկելու համար: Դրանք Ճապոնիայում անվանում են Հյուսիսային տարածքներ, իսկ Ռուսաստանում՝ Հարավային Կուրիլներ,- USA Today-ում գրում է Քիրկ Սպիցերը: – Փոխարենը Ճապոնիան միլիարդավոր դոլարներ է ներդնելու ռեսուրսներով հարուստ ռուսաստանյան Հեռավոր Արեւելքի զարգացման համար:»

«Գործարքը կարող է Ճապոնիային օգնել կարգավորել էներգակիրների մատակարարման խնդիրը եւ բարելավել հարաբերություններն իր հյուսիսային հարեւանի հետ,- ասվում է հոդվածում:- Սակայն դա կարող է  հանգեցնել ԱՄՆ-ի հետ հակամարտության, քանի որ վերջինս ձգտում է պատժել Ռուսաստանին Ղրիմի անեքսիայի եւ Ուկրաինայի արեւելքում ապստամբներին աջակցելու համար»:

 

«Տվյալ քայլն Աբեի համար որոշակի էական ռիսկերի հետ է կապված, քանի որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լարվածությունն այժմ բավականին մեծ է: Երկարաժամկետ հեռանկարում, սակայն, Ճապոնիայի  եւ Ռուսաստանի  բարիդրացիական հարաբերությունները կարող են արժեքավոր լինել ԱՄՆ-ի համար, քանի որ կարող են շեղել Ռուսաստանին Չինաստանի հետ առավել սերտ ռազմավարական համագործակցությունից»:

«Պուտինի հետ մայիսյան հանդիպման ժամանակ Աբեն երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության 8 կետից բաղկացած նախագիծ է ներկայացրել, որը ներառում է նաեւ միլիարդավոր դոլարների ներդրում ոչ զարգացած Հեռավոր Արեւելքում էներգետիկ եւ ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում: Աբեի վարչակազմը հասկացրել է, որ խաղաղության համաձայնագրի դիմաց պատրաստ է ընդունել երկու փոքր կղզիների վերադարձը եւ ստանալ Ռուսաստանի համաձայնությունը հետագայում երկու մեծ կղզիների պատկանելիության հարցի շուրջ բանակցություններ վարել: Ճապոնացիներն ուսումնասիրում են նաեւ բոլոր կամ որոշ կղզիների համատեղ կառավարման հնարավորությունը: Պուտինը ակնարկել է, որ պատրաստ է հանձնել երկու փոքր կղզիները 1965թ.-ի հռչակագրի պայմանների համաձայն:»

 

Աղբյուր՝ USA Today

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

 

 

 

 

armedia.am

Բանակցությունների հաջողությունը կախված է, այդ թվում, միջնորդներից

 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան նպատակ էր հետապնդում քննարկել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և առավել հստակեցնել կողմերի դիրքորոշումները բանակցային գործընթացում: Այս մասին է վկայում համանախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ նաև ընդգծվում է, որ հրադադարի ռեժիմի նկատմամբ հարգանքն անհրաժեշտ հիմք է շարունակվող բանակցությունների համար:

Բանակցային գործընթացի դինամիկան և համանախագահների մոտեցումների փոփոխությունները վերջին ապրիլյան պատերազմից հետո պատկերացնելու համար կարևոր է կատարել տարածաշրջանային վերջին առնվազն 3 այցերից հետո համանախագահների համատեղ հայտարարությունների համեմատական վերլուծություն:

Նախ պետք է նշել, որ եթե 2015թ-ի փետրվար և հոկտեմբեր ամիսների հայտարարությունների մեջ առավել ընդհանրական նշվում է, որ կողմերը քննարկել են առաջարկներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը և ստեղծելու կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար, ապա վերջին հայտարարության մեջ նշվում է. «Համանախագահները քննարկել են նաև ներկա աշխատանքային առաջարկները՝ հասնելու առարկայական բանակցությունների՝ հանուն տևական խաղաղության»: Ավելին, այս հայտարարության մեջ հղում է կատարվում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներին՝ կարևորելով դրանց ընթացքում ընդունված որոշումների լիարժեք կատարումը: Հիշեցնենք, որ այս երկու հանդիպումների ժամանակ կողմերի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն վստահության մթնոլորտի ստեղծման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Վերջինիս հոկտեմբերի 26-ին ընդունված հայտարարության մեջ կա նաև առանձին անդրադարձ: Նշվում է, որ նախագահները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ:

Կարևոր է նաև արձանագրել, որ վերջին 3 համատեղ հայտարարություններում (փետրվարի 20, 2015թ., հոկտեմբերի 29, 2015թ., հոկտեմբերի 26, 2016թ.) հստակ նշվում է, որ համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի ժամանակ հանդիպում են ունեցել «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»: Այն, որ համանախագահները տարածաշրջան կատարած իրենց  այցերի ժամանակ պարբերաբար այցելում են նաև ԼՂ և քննարկումներ իրականացնում այնտեղի իշխանությունների հետ, ցույց է տալիս, որ համանախագահների համար էլ է ընդունելի ու ընկալելի, որ առանց ԼՂ տեսակետը հաշվի առնելու բանակցությունները չեն կարող առաջ ընթանալ:

Նշենք նաև, որ 2015թ-ին համանախագահների այցերը կատարվել են այն ժամանակահատվածում, երբ ԼՂ-Ադրբեջան և  ՀՀ-Ադրբեջանի սահմաններին իրավիճակը բավականին լարված էր: Սրա մասին են վկայում հայտարարություններում համանախագահների կոչերը կողմերին՝ խստորեն պահպանել հրադադրի ռեժիմը և խուսափել բռնություններից: Այլ հարց է համանախագահների կողմից հրադադարի ռեժիմի խախտողին չմատնանշելը, ինչն Ադրբեջանի մոտ ստեղծում է անպատժելիության զգացողություն: Այս մասին են վկայում ապրիլյան իրադարձությունները և պարբերաբար սահմաններին լարվածության աճը

Համանախագահների վերջին այցը, սակայն, տեղի ունեցավ սահմաններին հարաբերականորեն հանգիստ պայմաններում, ինչը թույլ տվեց իրականացնել առավել առարկայական քննարկումներ և առնվազն ֆիքսել, որ բանակցությունների համար այժմ հիմք է հանդիսանում հրադադրի ռեժիմի պահպանումը և Կասպրչիկի գրասենյակի ընդլայնումը: Իսկ հետագա քայլերն, ամենայն հավանականությամբ, ուղղված են լինելու դրանց իրականացմանը հետամուտ լինելուն և հակամարտության խաղաղ կարգավորման համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն:

Ամփոփելով՝ պետք է փաստել, որ ապրիլյան պատերազմից հետո բանակցային գործընթացը թևակոխել է բավականին ակտիվ փուլ՝ կողմերի միջև ստեղծելու վստահության մթնոլորտ, ինչն առաջին քայլը կլինի դեպի հակամարտության կարգավորում: Գործընթացը վերահսկելու, ԼՂ-ում տիրող իրավիճակին և տրամադրություններին տիրապետելու համար տրամաբանական կլիներ, եթե հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցը՝ ԵԱՀԿ-ն, իր գրասենյակն ունենար Ստեփանակերտում: