Թուրքական ինքնաթիռներն օրվա ընթացքում 22 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը
Թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մեկ օրվա ընթացքում 22 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Խախտումներն արձանագրվել են Հիոս, Սամոս, Լեմնոս եւ Լեսբոս կղզիների մոտակայքում: Տագնապով օդ են բարձրացել հունական կործանիչները:
«Թուրքական օդուժն ավելի քան 20 անգամ խախտել է հունական օդային սահմանը, 2 դեպքում տեղի են ունեցել «օդային վիրտուալ մարտեր»»,-նշվում է Հունաստանի զինուժի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ:
Բացի այդ, նոր կոնֆլիկտ է հասունանում Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ՝ կապված վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Իրան կատարած այցելության հետ: Թուրքական կողմի գործողությունների հետեւանքով Ցիպրասի օդանավը ստիպված է եղել փոխել երթուղին:
Թուրքերը հայտարարել են, որ վարչապետն օգտագործել է ռազմական օդանավ, հետեւաբար այն չի կարող թռչել Ռոդոս, որը Թուրքիան համարում է ապառազմականացված գոտի:
galatv.am
17/2/2016