Աշխարհի ղեկավարները դատապարտում են Անկարայում կատարված ահաբեկչությունը
https://parstoday.ir/hy/news/world-i4552-Աշխարհի_ղեկավարները_դատապարտում_են_Անկարայում_կատարված_ահաբեկչությունը
Աշխարհի ղեկավարները դատապարտել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կատարված ահաբեկչությունը, ինչպես նաեւ աջակցություն են հայտնել Թուրքիայի իշխանություններին եւ թուրք ժողովրդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է առնվազն 28, վիրավորվել՝ 61 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2016 06:17 Asia/Tehran
  • Աշխարհի ղեկավարները դատապարտում են Անկարայում կատարված ահաբեկչությունը

Աշխարհի ղեկավարները դատապարտել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կատարված ահաբեկչությունը, ինչպես նաեւ աջակցություն են հայտնել Թուրքիայի իշխանություններին եւ թուրք ժողովրդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է առնվազն 28, վիրավորվել՝ 61 մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ընդգծել է այդ գրոհի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: «Գլխավոր քարտուղարը հուսով է, որ այդ ահաբեկչական գրոհի համար պատասխանատուները շուտով կհանձնվեն արդարադատության ձեռքը: Նա խորը ցավակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին: ՄԱԿ-ը համերաշխ է Թուրքիայի ժողովրդի եւ կառավարության հետ այս ողբերգական պահին»,- ասված է Պան Գի Մունի դիվանատան հաղորդագրության մեջ:

Գերմանիայի կառավարությունը «ամենայն վճռականությամբ դատապարտում է Անկարայում կատարված ահաբեկչական գործողությունը»: Այդ մասին ասված է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարության մեջ:

«Ես ցավացություն եմ հայտնում զոհվածների մերձավորներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում՝ վիրավորներին: Թուրք ժողովրդին ես կուզենայի ասել, որ մենք գերմանացիներս, կիսում ենք ձեր վիշտը: Նրանց դեմ պայքարում, ովքեր պատախանատվություն են կրում նման անմարդկային արարքների համար, մենք Թուրքիայի կողմում են»,- նշել է Մերկելը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «դատապարտել է Անկարայում կատարված նողկալի ահաբեկչական գործողությունը»: Այդ մասին ասված է նախագահի վարչակազմի կայքում: «Նա իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի իշխանություններին ու թուրք ժողովրդին այդ փորձությանը դեմ հանդիման»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Ես խորը ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին եւ թուրք ժողովրդին: Նման սարսափազդու գործողություններն արդարացում չունեն: ՆԱՏՕ-ի երկրները ուս-ուսի կանգնած են ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- իր հերթին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, հաղորդվում է կազմակերպության կայքում:

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նույնպես համերաշխություն են հայտնել թուրք ժողովրդի հետ:

Անկարայում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաեւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Ահաբեկչությունը ոչ թե լուծում է, այլ չարիք, որը ենթակա է դատապարտման: Ուկրաինան Թուրքիայի հետ է»,- գրել է Պորոշենկոն Twitter-ի իր էջում:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները դատապարտել է Անկարայում կատարված ահաբեկչությունը: «ԱՄՆ-ը կտրականապես դատապարտում է ահաբեկչական հարձակումը թուրք զինվորների ու քաղաքացիական անձանց վրա: Մենք խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին ու շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Մենք հաստատում ենք ընդհանուր սպառնալիքի՝ ահաբեկչության դեմ մղվող պայքարում ամուր գործընկերությունը ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակցի՝ Թուրքիայի հետ»,- հայտարարել է Թոները: