Դանիան պահանջել է հետաձգել Թուրքիայի վարչապետի այցը
Դանիայի վարչապետ Լարս Լուքե Ռասմուսենը կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմից պահանջել է հետաձգել այդ երկիր այցելության իր ծրագիրը:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` Դանիայի վարչապետն ընդգծել է, որ նկատի առնելով Նիդերլանդների կառավարության դեմ ուղվված թուրք պաշտոնատարների կատարած հայտարարությունները, Թուրքիայի վարչապետի ուղևորությունը Դանիա, ներկա պայմաններում հնարավոր չի լինելու :
«Դանիան ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընդդիմության դեմ գործադրվող բռնություններին և ժողովրդավարության սկզբունքների ոտնահարմանը»,-հայտարարել է Ռասմուսենը:
Թուրքիայի վարչապետը մարտի 20-ին պետք է այցելեր Դանիա:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ, Նիդերլանդների վարչապետ Մարք Ռութեն կիրակի օրը հայտարարել է. «Նիդերլանդները չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայի ԱԳ նախարարի մուտքի արգելման և այդ երկրի ընտանիքի հարցերով նախարարի արտաքսման կապակցությամբ: Հակառակը` Թուրքիան պետք է իր կատարածի համար ներողություն խնդրի»:
Նիդերլանդների վարչապետն անընդունելի է բնութագրել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունը, որտեղ այդ երկրի ընտանիքի հարցերով նախարարի արտաքսման կապակցությամբ օգտվել է «նացիզմի ժառանգորդներ» արտահայտությունից: