Ադրբեջանի գլխավոր նպատակներից է դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումը. իրանագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i250712-Ադրբեջանի_գլխավոր_նպատակներից_է_դեպի_Նախիջևան_իր_հաղորդակցության_ապահովումը._իրանագետ
Ըստ Վարդան Ոսկանյանի` Թուրքիան և Հարավային Կովկասում նրա դաշնակից Ադրբեջանը չէին ցանկանա, որ Իրանը և Հայաստանը լրացուցիչ հաղորդակցության հնարավորություն ունենային։
(last modified 2026-09-29T15:59:26+00:00 )
Սեպտեմբեր 29, 2026 18:56 Asia/Tehran
  • Ադրբեջանի գլխավոր նպատակներից է դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումը. իրանագետ

Ըստ Վարդան Ոսկանյանի` Թուրքիան և Հարավային Կովկասում նրա դաշնակից Ադրբեջանը չէին ցանկանա, որ Իրանը և Հայաստանը լրացուցիչ հաղորդակցության հնարավորություն ունենային։

Երասխից մինչև Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի սահմանների հատման կետ Նախիջևանի տարածքով կա մեկ այլ ուղի, որը կարող է ապահովել Հայաստան – Իրան ցամաքային կապը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Այս ճանապարհը, ըստ նրա, կարող է Իրանի համար ելք դառնալ Սև ծովի տարածաշրջան, իսկ հետո` Վրաստանի միջոցով կապ ապահովել Ռուսատանի հետ։

Միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը փորձում է արտաքին առևտրի մի մասը վերաուղղել դեպի հյուսիս, քանի որ հարավային նավահանգիստների շրջափակումը սահմանափակում է երկրի՝ նավթ արտահանելու և անհրաժեշտ ապրանքներ ներմուծելու հնարավորությունները։

 Այլընտրանքային ուղղություններից մեկը դառնում է Կասպից ծովը, և դրա հետ մեկտեղ աճում է Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղիների նշանակությունը՝ ներառյալ Հայաստանի հետ սահմանը և Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցությունը:

«Կարծում եմ՝ եթե խոսքը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին է, հնարավոր է Երևանից ամենակարճ ճանապարհով փաստացիորեն մինչև Երասխ և դրանից հետո ընդամենը տասը կիլոմետր այն կողմ, ցամաքային կապ հաստատել Իրանի հետ։ Մեր հարավային հարևանը լուրջ շահագրգռվածություն ունի այս առումով, և առնվազն այդ խնդիրը քննարկել են փորձագիտական մակարդակով», - ասում է Ոսկանյանը։

Ըստ նրա` Իրանն իր հարավային հատվածներում հաճախակի հայտնվում է ամերիկյան ուժերի շրջափակման մեջ։  Իրանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը շրջափակումներից դուրս գալն է։ Ընդ որում դրան հասնելու համար իրանցիները կիրառում են թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական գործիքակազմ։

Հարավային Կովկասով անցնող ճանապարհների վրա շեշտադրմամբ աճում է ծանրաբեռնվածությունը ցամաքային երթուղիների վրա։  Իրանի և Հայաստանի միջև Նորդուզ սահմանային անցակետում հերթերում կարող է լինել մինչև 1800 բեռնատար, իսկ որոշ այլ տերմինալներում մեքենաները կարող են սպասել մինչև 10–15 օր։

Փորձագետները խցանումները կապում են ոչ միայն բեռների վերաուղղման, այլև տերմինալների սահմանափակ հնարավորությունների, մաքսային ընթացակարգերի, ճանապարհների վիճակի և շինարարական աշխատանքների հետ։

«ԱՄՆ-ի` Իրանի վրա ճնշումների ավելացման ֆոնին Թեհրանն ընդլայնում է հյուսիսային հարևան Հայաստանի հետ կապերը։  Դրան միանշանակ դեմ են Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը։   Բնականաբար այդ երկրները չէին ցանկանա, որ Իրանը և Հայաստանը լրացուցիչ հաղորդակցության հնարավորություն ստանան, այն էլ՝ Նախիջևանի տարածքով», - նշում է իրանագետը։

Ադրբեջանի դեպքում, ըստ Ոսկանյանի, ակնհայտ է,  որ այդ  երկիրն Իրանին օժանդակելն չէ։ Ոսկանյանի խոսքով` գործնական տիրույթում Ադրբեջանն   Իսրայելի հետ սերտ գործակցությունն  ունի։ Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկն էլ մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևան իր հաղորդակցության ապահովումն է։  Եվ այդ ուղղությամբ է, որ նրանք լրացուցիչ ջանքեր են գործադրում, նաև` ճնշումներ գործադրում Հայաստանի նկատմամբ։