2018 թվականին ՆԱՏՕ–ն կստեղծի հրամանատարության երկու նոր կենտրոն
2018 թվականին ՆԱՏՕ–ն մտադիր է հրամանատարության երկու նոր կենտրոն ստեղծել։
Դրանցից մեկը պետք է տեղակայվի Կենտրոնական Եվրոպայի տարածքում,– հաղորդում է Լեհական ռադիոն։ Նշվում է, որ նոր կենտրոններից առաջինը պետք է ստեղծվի ԱՄՆ–ում և նրա խնդիրն է լինելու աջակցել զորքերի և սարքավորոմների կարգավորված տեղափոխմանը օվկիանոսի վրայով դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ երկրորդ հրամանատարային կենտրոնը նախատեսվում է Եվրոպայի կենտրոնական մասում և կոչված է լինելու համակարգել զորքերի տեղափոխությունը մայրցամաքում։ «Տարբեր երկրներում բանակի համար մենք պետք է հեշտացնենք սահմանն անցնելը։ Մենք նաև բավական շատ տրանսպորտային միջոցների կարիք ունենք, հիմնականում մասնավոր սեկտորից»,– 2017 թվականին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը։ Լեհաստանը հայտարարել է, որ կմիջնորդի հրամանատարություններից մեկն իր տարածքում տեղակայելու համար։ Որպես հրամանատարության տեղաբաշխման հնարավոր վայր նշվում է նաև Գերմանիան, իսկ վերջնական որոշումը պետք է կայացվի փետրվարին։ Ինչպես հաղորդվում է, ՆԱՏՕ–ն նախատեսում է նաև բարելավել ենթակառուցվածքը, մասնավորապես ճանապարհները, կամուրջները, նավահանգիստներն ու օդանավակայանները, որոնք անհրաժեշտ են ռազմական ուժերի տեղափոխման ժամանակ։ Ակնկալվում է, որ դա լինելու է Ալյանսի գագաթնաժողովի թեմաներից մեկը, որը նախատեսվում է հուլիսին, Բրյուսելում։ Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվել էր, որ բալթյան երկրների վարչապետերը արտահայտվել էին ի օգուտ Հյուսիս–ատլանտյան միության զորքերի ներկայության՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի տարածքներում։
1in.am