Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում (10)
Այս շաբաթ կխոսենք Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների պաշտպանական արդյունաբերության մասին։
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների պաշտպանական արդյունաբերության մասին։
Ինչպես գիտեք Հարավարևմտյան Ասիան քաղաքականության և տնտեսության առումով աշխարհի ամենազգայուն տարածաշրջաններից է։ Տարածաշրջան, որը նախկինում եղել է տարբեր քաղաքակրթությունների ձևավորման կենտրոն, իսկ այսօր դարձել է քաղաքական ճգնաժամերի և արյունալի բախումների վայր։ Տարածաշրջանի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ Հարավարևմտյան Ասիայի շատ երկրներ մինչև մեկ դար առաջ գոյություն չեն ունեցել: Այս երկրները հիմնականում ստեղծվել են գաղութատիրական տերությունների, այդ թվում՝ Բրիտանիայի և Ֆրանսիայի օգտապաշտության (ուտիլիտարիզմ) հիման վրա: Այդ պատճառով, բացի ներքին անապահովությունից, Հարավարևմտյան Ասիայի խոշոր երկրները նաև ականատես են լինում սահմանային հակամարտությունների, որոնք հաճախ հրահրվում են արտատարածաշրջանային երկրների կողմից։
Հանքային և էներգետիկ հարուստ պաշարների, երեք մայրցամաքների միջև նավահանգիստների, կարևոր ու ռազմավարական տնտեսական-քաղաքական հաղորդակցության ուղիների և վերջապես Հարավարևմտյան Ասիայի պոտենցիալ շուկաների առկայությունը մոտիվացնում է գաղութատիրական պատմություն ունեցող արտատարածաշրջանային երկրներին, որոնք միլիտարիզմի ստվերի ներքո ապահովում են իրենց շահերը:

Հարավարևմտյան Ասիայի երկրների ռազմական արդյունաբերությունը ցույց է տալիս, որ այդ երկրների եկամուտների մեծ մասը ծախսվում է զենք արտադրող արևմտյան երկրներից զենք գնելու վրա։ Հարավարևմտյան Ասիայում և հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի բարձր տոկոսը: Տարածաշրջանի երկրների մեծ մասը չունեն զենքի սեփական արտադրության արդյունաբերություն: Նրանց ռազմական կարողությունը կախված է արևմտյան երկրներից գնած զենքից։ Միացյալ Նահանգները Հարավարևմտյան Ասիա զենքի ամենախոշոր արտահանողն է։ ԱՄՆ-ն ապահովում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Եգիպտոսի, Իրաքի, Սիոնիստական ռեժիմի, Քուվեյթի, Օմանի և Թուրքիայի զենքի մեծ մասը։ 2015-ից 2019 թվականներին Սաուդյան Արաբիան, Կատարը և ԱՄԷ-ն աշխարհի այն երկրների ցանկում են, որոնք ամենամեծ մասնաբաժինն են ունեցել զենքի ներկրման ոլորտում։
Զենքի առևտուրը զենք արտադրող երկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի տնտեսական աճի բաղադրիչներից է։ Անվերահսկելի բիզնես, որն ամեն օր հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում ամբողջ աշխարհում: Թեև այս առևտրի շահույթը պատկանում է հարուստ երկրներին, դրա կործանարար հետևանքները հիմնականում ուղղված են զարգացող երկրների դեմ։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ տարբեր ժամանակահատվածներում արևմտյան քաղաքական գործիչները լարվածություն են առաջացնում աշխարհի տարբեր հատվածներում, որպեսզի այդ տարածաշրջանի երկրների հետ պայմանագրեր կնքելով, շուկա գտնեն իրենց զենքը վաճառելու համար, ինչի մասին է վկայում Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի սրումը։ Որպես օրինակ՝ Սադդամ Հոսեյնի ներխուժումը Քուվեյթ և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ներխուժումը Իրաք, Պարսից ծոցի երկրներին դրդեցին ռազմաբազաներ ստեղծելու և զինտեխնիկա գնելու մասին ռազմական պայմանագրեր կնքել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի հետ: Սեպտեմբերի 11-ի հարձակումները, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Աֆղանստան և Իրաք ներխուժումն ու օկուպացիան, սիրիական ճգնաժամը և ԻԼԻՊ-ի հայտնվելը, տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու Արևմուտքի սցենարի մի մասն են: Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում անապահովություն ստեղծելու նվազագույն արդյունքը արևմտյան երկրների համար իրենց ռազմական արտադրանքն այս տարածաշրջանի կառավարություններին վաճառելն է:

Պարսից ծոցի երկրներն ամեն տարի միլիարդավոր դոլարների արժողությամբ առաջադեմ ռազմական տեխնիկա են գնում ԱՄՆ-ից: Մինչ այսօր այդ երկրները գնել են մի քանի հարյուր միլիարդ դոլար արժողությամբ բալիստիկ ՀՕՊ հրթիռներ, հարվածային ուղղաթիռներ, առաջադեմ ֆրեգատներ, հակատանկային հրթիռներ և տարբեր տեսակի կառավարվող զենքեր։ Այս ահռելի գումարները կարող էին ծախսվել մարդկանց կենսամակարդակի բարելավման և նույնիսկ տարածաշրջանի բարգավաճման ու տնտեսական արտադրության ցուցանիշների բարձրացման վրա։ Բայց ցավոք այդ գումարները ավերածություններ են առաջացրել տարածաշրջանի երկրներում։
Իրաքում, Սիրիայում և Եմենում պատերազմները ֆինանսավորող երկրների ձեռքբերումը եղել է ենթակառուցվածքների ոչնչացումը, մարդկանց սպանությունը և անապահովության ստեղծումը և, ի վերջո, այդ երկրների աճի և զարգացման դանդաղումը։ Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCWA) զեկույցի համաձայն՝ ութամյա պատերազմի ընթացքում (2011-2019) սիրիական տնտեսությունը կորցրել է ավելի քան 440 միլիարդ դոլարի կապիտալ և ՀՆԱ: Ի դեպ ամենաշատը տուժել են բնակարանաշինության, հանքարդյունաբերության, տրանսպորտի, անվտանգության, արտադրության, էլեկտրաէներգիայի և առողջապահության ոլորտները։ Նաև 12 միլիոն մարդ տեղահանվել է Սիրիայի ներսում և նրա սահմաններից դուրս։
Տարածաշրջանի այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ Պարսից ծոցի երկրների սպառազինությանը հատկացված հսկայական ծախսերը նրանց հաջողություն չեն բերել։ Չնայած ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան, Եմեն ներխուժման ժամանակ ունեին ժամանակակից պաշտպանական սարքավորումներ և գրեթե կարծում էին, որ կհաղթեն մի քանի օրում, բայց Եմենի պատերազմի մեկնարկից մի քանի տարի անց նրանք ոչ միայն չկարողացան գրավել երկիրը, այլև ծանր կորուստներ են կրել: Բացի այդ, Եմենի ժողովրդին հաջողվել է պատերազմը ներքաշել Սաուդյան Արաբիայի և նույնիսկ նրա մայրաքաղաքի տարածք։ Ցավոք, տարածաշրջանի որոշ երկրների ռազմական օբյեկտներն ու տեխնիկան, Արևմուտքի ագրեսոր ու տիրակալատենչ թշնամու դեմ օգտագործվելու փոխարեն, ուղղված են բարեկամի դեմ։

Քանի դեռ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանը շատ ազդեցիկ դեր է խաղում համաշխարհային տնտեսական փոխանակումների և քաղաքական հավասարումների մեջ, տարածաշրջանում արևմտյան գաղութատիրական երկրների միջամտողական և ագրեսիվ քաղաքականությունը չի թուլանա։ Ուստի, աճող և հավասարակշռված տնտեսության հասնելու համար, տարածաշրջանի երկրներն առաջին հերթին պետք է պահպանեն իրենց անվտանգությունը գաղութատիրական տերություններից։ Պաշտպանական արդյունաբերության վրա ուշադրություն դարձնելն անհրաժեշտություն է:
Իրանի աճող արդյունաբերության մեջ երկրի պաշտպանական արդյունաբերության արտադրանքն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո որակական ու քանակական առումով զգալի աճ է արձանագրել։ Ի սկզբանե Իրանի Իսլամական Հանրապետությունը բախվել է թշնամական կառավարությունների ամեն տեսակի դավադրություններին, որոնցից ամենատարածվածը ռազմական հարձակման սպառնալիքն է։ Այս թշնամանքի վառ օրինակն էր Իրաքի Բաասական ռեժիմի Իրանին պարտադրված ութամյա պատերազմը։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հզոր զինված ուժեր, որոնք կդիմակայեն թշնամուն։ Սա այն է, ինչ քաղաքական գրականության մեջ մեկնաբանվում է որպես զսպող ուժ և հանդիսանում է իսլամական համակարգի կարևորագույն «Ղուրանական նպատակներից» մեկը: Աստված Անֆալ սուրահի 60-րդ այայում մուսուլմաններին հրահանգում է.«Ձեր ջանքերը միացրեք, ուժեղ ջոկատներ կազմեք, ձեր ձիերը հավաքեք, որպեսզի կարողանաք սոսկում առաջացնել Աստծո թշնամու ու ձեր թշնամու և ձեր չճանաչած թշնամիների սրտերում: Աստված ճանաչում է նրանց: Աստծո ծառայության համար ինչ որ ծախսեք, փոխարենը պիտի ստանաք: Ձեր նկատմամբ անիրավություն չպիտի լինի»:
Վերջին տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելով և ապավինելով իր ներքին ուժերին, մեծացնել իր ռազմական հզորությունը՝ սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Այն, ինչ առանձնացնում է Իրանի պաշտպանական արդյունաբերությունը տարածաշրջանի մյուս երկրներից, այս ոլորտում Թեհրանի տարբերվող ռազմավարությունն է։
Երկրների ռազմական հզորության չափման կարևորագույն բաղադրիչներից է պաշտպանական տեխնիկայի արտադրության ծավալն ու ռազմական գիտելիքները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում ռազմական գիտելիքների և ռազմական արտադրանքի նախագծման ու արտադրության առումով դասվում է առաջատար երկրների շարքում: Այսօր, պաշտպանական ոլորտի շատ զգայուն և կարևոր արտադրանքներ, ներառյալ՝ բալիստիկ հրթիռներ, ծովային թեւավոր հրթիռներ, ցամաքային թեւավոր հրթիռներ, հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր, տարբեր ռադարներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր, անհատական սարքավորումներ, ռազմական նավեր և այլն, նախագծվում և արտադրվում են Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից: Միջազգային կենտրոնների տվյալներով՝ 2019 թվականին Իրանի ռազմական բյուջեն կազմել է Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեի մեկ քառորդը։

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնը 2020 թվականին հրապարակած իր զեկույցում ներկայացրել էր աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը: Զեկույցը կազմվել է ավելի քան 55 ցուցանիշի վերլուծության հիման վրա: Ռազմական հզորության գլոբալ ինդեքսը կազմելիս հաշվի են առնվում զինվորական ծառայության պիտանի անձանց թիվը, բանակի համար արվող պետական ծախսերը, ավիատիեզերական, ծովային ուժերի հզորությունը, առաջադեմ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև տնտեսական հնարավորությունները, ֆինանսական կայունությունը և բնական ռեսուրսները: Ըստ այդ գնահատականի՝ Իրանը զբաղեցրել է 14-րդ տեղը համաշխարհային ռազմական տերությունների շարքում, հինգերորդը՝ Ասիայում, գերազանցելով Սաուդյան Արաբիային, Սիոնիստական ռեժիմին, Ավստրալիային, ԱՄԷ-ին, Քուվեյթին, Իրաքին, Կատարին, Պակիստանին, Ադրբեջանին, Ղազախստանին, Օմանին և ...
Երբեմն տնտեսական կոնվերգենցիաները ձևավորվում են հնարավորությունների շուրջ, իսկ երբեմն ընդհանուր սպառնալիքները կարող են հանգեցնել երկրների մերձեցմանը։ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում արևմտյան ռազմական ուժերի առկայությունը ընդհանուր սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Անշուշտ, տարածաշրջանի ժողովուրդների շահերը երբեք չեն համընկնի այդ երկրների շահերի հետ։ Այս առումով, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրներին՝ ընդդեմ արտատարածաշրջանային թշնամիներին։
Անցած տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ մշտապես կանգնած է եղել տարածաշրջանի տարբեր երկրների, այդ թվում՝ Իրաքի և Սիրիայի ժողովուրդների կողքին՝ ընդդեմ արտաքին թշնամիների սադրանքների, ագրեսիայի և անապահովության և չի վարանել բռնահարված ժողովրդին ռազմական հնարավորություններ ընձեռելու և նրանց պաշտպանելու հարցում: