Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում (12)
(last modified Wed, 15 Dec 2021 10:54:22 GMT )
Դեկտեմբեր 15, 2021 14:24 Asia/Tehran

Այս շաբաթվա հաղորդման թեման Շանհայի համաձայնագիրն է և դրա դրական հետևանքները Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի համար։

Ներկայացնում ենք «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում» հաղորդաշարի  հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք Շանհայի համաձայնագրի և  Հարավարևմտյան Ասիայում  դրա դրական հետևանքների մասին: 

 

Համաշխարհային տնտեսության պատմությունը ցույց է տալիս, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տնտեսության ամենագլխավոր շարժիչ ուժը եղել է առևտուրը։ Համաշխարհային առևտուրը մի  խողովակ է, որը տնտեսական առավելություններն աշխարհի մի անկյունից փոխանցում է մյուսը և ստեղծում նոր ուժեր։ Արտաքին առևտուրը տեղաշարժում է արտադրության, հատկապես կապիտալի գործոնները, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև արտադրվող ապրանքները և ծառայությունները։ Որոշ տնտեսական-քաղաքական վերլուծաբաններ այս տնտեսական փոխանակումների արդյունքը համարում են աշխարհում նոր տնտեսական բևեռների առաջացումը և  կարծում են, որ եթե Չինաստանն այսօր ամենամեծ գլոբալ սպառնալիքն է Միացյալ Նահանգների համար, ապա դա կապիտալի ազատ հոսքի և տեխնոլոգիային տիրապետելու գործընթացի արդյունք է:

---

Այն երկրները, որոնք մինչ երեկ արտադրված ապրանքների ներկրողներ էին, այժմ դարձել են արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանող՝ էնդոգենացնելով արտադրությունն ու տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաների էվոլյուցիան, որը ժամանակին հատուկ էր Միացյալ Նահանգներին, այժմ հանդիպում է աշխարհի շատ մասերում՝ շատ բարձր շենքերից, օդանավակայաններից և խոշոր առևտրի կենտրոններից սկսած մինչև գործարաններ և արտադրական արդյունաբերություններ, որոնք գործում են առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ: Մինչ Արևմուտքը տառապում է խրոնիկ տնտեսական խնդիրներով, ինչպիսիք են բարձր գործազրկությունը և բյուջեի դեֆիցիտը, Հարավարևելյան Ասիայի երկրները տնտեսական առաջընթաց են արձանագրում: Ժամանակակից աշխարհում զարգացող շուկաները փոխում են տնտեսական ուժերի հավասարակշռությունը: 1991 թվականի սկզբին Չարլզ Կրաուտհամերը կանխատեսել էր, որ միաբևեռ համակարգն  իր վերջին շունչն է փչելու:

Տնտեսական առաջընթացի համար այսօր զարգացող երկրների առջև ծառացած հնարավորություններից մեկն այս ոլորտում տարածաշրջանային ուժերի ձևավորումն է։ Այս ուժերը գոյանում են տարածաշրջանային պայմանագրերի և համաձայնագրերի կնքման միջոցով երկրների միավորման արդյունքում։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանային միությունները  մշակութային, սոցիալական և տնտեսական կապերի շնորհիվ ավելի լավ  են կարող  բավարարել անդամ երկրների կարիքները: Տարածաշրջանային պայմանագրերը ձևավորվում են տնտեսական օգուտների շուրջ, ինչպիսիք են՝ աշխատուժը, կապիտալը, էներգիան, տարանցիկ հնարավորությունները և այլն: Հնարավորությունները կարող են օգտագործվել, եթե համապատասխան և խելացի քաղաքականություն և պլանավորում լինի: Արևմտյան աշխարհից (Եվրոպա և Ամերիկա) հետո այսօր Հարավարևելյան Ասիայում աճել են արտադրության գործոնների  գները, և այդ երկրները կորցրել են կապիտալ ներգրավելու գրավչությունը։ Փաստերը վկայում են, որ Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանը չնայած վերջին տասնամյակների ընթացքում եղել է քաղաքական լարվածության կենտրոն,սակայն կարող է լինել նոր տնտեսական հանգույց:

Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների տնտեսական հնարավորություններն ու  առավելությունները շահավետ են դարձնում ներդրումները  աշխարհագրության այս հատվածում։ Այդ պատճառով մենք ականատես ենք լինում Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի որոշ երկրների և այս տարածքից դուրս գտնվող պետությունների միջև տնտեսական համաձայնագրերի և պայմանագրերի կնքմանը։ Այս առումով կարելի է անդրադառնալ Շանհայի համաձայնագրին։ ՇՀԿ-ն ստեղծվել է Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական տարածաշրջանի շուրջ մեծ տերությունների մրցակցության պատճառով: «Շանհայ 5» անվամբ գործընկերությունը ձևավորվել է 1996 թվականի ապրիլին Չինաստանի Շանհայ քաղաքում: Գագաթնաժողովի օրակարգը սահմանափակվել էր սահմանամերձ շրջաններում վստահության ամրապնդմանը  և անվտանգության զարգացմանն ուղղված միջոցառումներով։ Սակայն հինգերորդ գագաթնաժողովում (2001) Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը ստորագրեցին Շանհայի համագործակցության կազմակերպության ստեղծման մասին հաղորդագրություն:

---

 

ՇՀԿ-ի շրջանակն աստիճանաբար ընդլայնվեց՝ ներառելով տնտեսական և մշակութային խնդիրներ։ Այսօր նրա անդամները լայն հարաբերություններ ունեն քաղաքականության, անվտանգության, տնտեսության, առևտրի, դրամավարկային-բանկային, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում։ Կազմակերպությանն անդամակցում են Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը և վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Կազմակերպության դիտորդ անդամներ են Աֆղանստանը, Մոնղոլիան և Բելառուսը։ Կազմակերպության որոշումներն ընդգրկում են երկրագնդի ավելի քան 35 միլիոն քառակուսի կիլոմետրը կամ  ընդհանուր ցամաքային տարածքի մոտ 24 տոկոսը և 3 միլիարդ 500 միլիոն բնակչությունը, որը կազմում է աշխարհի բնակչության մոտ 45 տոկոսը: Համաշխարհային ՀՆԱ-ի աճի 25 տոկոսը բաժին է ընկնում Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Շանհայի համագործակցության կազմակերպության ներխմբային արտահանման ընդհանուր արժեքը 2017 թվականին կազմել է մոտ 329 միլիարդ դոլար։ Այս առումով ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Չինաստանին՝ 52 տոկոս և ամենացածր ցուցանիշը՝ Տաջիկստանին 18 տոկոս։ ՇՀԿ-ին Իրանի անդանակցությամբ, կազմակերպությունն իր տրամադրության տակ ունի  նավթի համաշխարհային պաշարների 25 տոկոսը և գազի պաշարների 46 տոկոսը: Այս պոտենցիալը կազմակերպությանը վերածել է համաշխարհային էներգետիկ տերության:

ՇՀԿ-ի մեկ այլ առանձնահատկությունն անդամ երկրների աշխարհագրական մերձեցումն է: Այս հատկանիշը բնական առևտրային առավելություն է անդամ երկրների համար: Անդամների աշխարհագրական մերձավորությունը կարող է հեշտացնել առևտուրը և նվազեցնել տարբեր տեսակի տրանսպորտային համակարգերի (ցամաքային, ջրային և օդային) ծախսերը: Իր աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ Իրանը տարածաշրջանից ապրանքների տարանցման ամենակարեւոր տարածքն է։ Տարիների ընթացքում շատ երկրներ փորձել են փոխարինել Իրանին և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում նրա տարանցիկ դերը: Բայց Իրանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ շարունակում է մնալ ամենաէժան և անվտանգ միջանցքն այս տարածքով Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ Հարկ է նշել, որ Իրանով անցնող հիմնական միջանցքներից մեկը Հյուսիս-Հարավ միջանցքն է, որին, բացի Չինաստանից և Պակիստանից, անդամակցում են Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ մյուս երկրները: Իրանը հանդիսանում է այդ երկրների ընդհանուր կետերից մեկը։  Հյուսիս-Հարավ միջանցքը Արևելյան կիսագնդի ռազմավարական երթուղիներից մեկն է և համարվում է Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն առևտրային օղակը:

Այս միջանցքն Իրանի և Կասպից ծովի տարածքով Հյուսիսային Եվրոպայի և Ռուսաստանի երկրները միացնում է Հնդկական օվկիանոսի, Պարսից ծոցի և Հարավային Ասիայի երկրներին։ Երթուղի, որը մինչև 40 տոկոսով ավելի կարճ է հեռավորության և ժամանակի առումով և մինչև 30 տոկոսով ավելի էժան՝ ծախսերի առումով: Հյուսիս-Հարավ միջանցքը կարող է ճանապարհ հարթել եվրոպական երկրների, Արևմտյան Ասիայի և Կենտրոնական Ասիայի մերձեցման համար և համարվել Եվրասիայի հաղորդակցության կարևորագույն ուղիներից մեկը։

---


Իրանը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը

 

ՇՀԿ անդամ երկրների համար Իրանի մյուս առավելությունը էներգիայի ոլորտում նրա ունեցած կարևոր ներուժն է։ Իրանը գտնվում է աշխարհի էներգետիկ պաշարների 75 տոկոսի կենտրոնում։ Այսինքն՝ Պարսից ծոցի, Օմանի և Կասպից ծովի հսկայական էներգետիկ տարածքների միջև:  Անկասկած, աշխարհում  քիչ երկրներ կլինեն, որոնք այդքան  կարևոր և եզակի աշխարհաքաղաքական դիրք կունենան էներգիա աշխարհի  երկրներ փոխանցելու առումով։  Առկա տվյալների համաձայն, Իրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ։ Շանհայի պայմանագրի երկու կարևոր անդամներ Չինաստանը և Հնդկաստանը չունեն էներգետիկ ռեսուրսներ: Այս երկու երկրները, հատկապես Չինաստանը, իրենց աշխարհագրական սահմաններից դուրս ներմուծում են իրենց արագ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ էներգիայի մեծ մասը։ Իրանի հարուստ ածխաջրածնային պաշարները (նավթ և գազ) կարող են երաշխավորել անդամ երկրների էներգետիկ անվտանգությունը։

Իրանի մյուս առավելությունը Շանհայի համագործակցության կազմակերպության համար նրա մշակութային, պատմական և կրոնական մերձեցումն  է Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների հետ, ինչն Իրանը դարձրել է կամուրջ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների համար՝ այդ երկրների հետ շփվելու նպատակով: Սա կարող է հանգեցնել նրան, որ տարածաշրջանի ավելի շատ երկրներ ցանկանան միանալ Շանհայի համաձայնագրին: Անկասկած, անդամների թվի ավելացման հետ մեկտեղ, կմեծանա նաև  կազմակերպության հեղինակությունը։ Այս սիներգիայի արդյունքում կարող է բարձրանալ  անդամ երկրների կրթական և աշխատուժի մակարդակը, լուծվել կապիտալի պակասն ու  տեխնոլոգիաների փոխանցման խնդիրը, և նույնիսկ ավելանալ ոչ դոլարային փոխանակումների ծավալը։ Ֆինանսների ոլորտում կան բազմաթիվ երկրներ, ինչպիսիք են Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, որոնք պատրաստ և վճռական են  վերջ տալ միջազգային առևտրում ամերիկյան դոլարի գերակայությանը, սահմանելով ընդհանուր արժույթ: Դա կնվազեցնի դոլարի գերակայությունը տարածաշրջանում։ Եվ դա կլինի տարածաշրջանի, Ասիայի և աշխարհի տնտեսությունների կարևոր զարգացումների սկիզբը։