Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում (13)
(last modified Sun, 19 Dec 2021 10:52:57 GMT )
Դեկտեմբեր 19, 2021 14:22 Asia/Tehran

Համաշխարհային նոր տնտեսության հիմնական առանձնահատկությունը տարածաշրջանային կոնվերգենցիան է, իսկ զարգացումն ու առաջընթացը պայմանավորված են տնտեսական փոխադարձ կապվածությամբ ու փոխգործակցությամբ: 

Ողջունելով Ձեզ՝ հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում» հաղորդաշարի վերջին համարը: 

Այսօր մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ համաշխարհային տնտեսությունը զարմանալիորեն  փոխվում է։ Կապիտալի և տեխնոլոգիաների հոսքը արևմուտքից արևելք հանգեցրել է զարգացող տնտեսությունների առաջացմանը, որոնք մարտահրավեր են նետել Արևմուտքի տնտեսական հզորությանը: Անցյալ տարի (2020) հրապարակված Bloomberg-ի տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ավարտվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված տնտեսական կայունությունը, որը վայելում էին Արևմուտքի զարգացած երկրները: Համապատասխանաբար, աշխարհում ի հայտ են եկել և  դեռ ի հայտ են  գալու նոր գերտերություններ, որոնք իրենց օգտին կփոխեն տնտեսական մթնոլորտը։

---

Համաշխարհային նոր տնտեսության հիմնական առանձնահատկությունը տարածաշրջանային կոնվերգենցիան է, իսկ զարգացումն ու առաջընթացը պայմանավորված են տնտեսական փոխադարձ կապվածությամբ ու փոխգործակցությամբ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ համաշխարհային առևտրի ընդհանուր ծավալի մոտ 70 տոկոսը վերաբերում է  տարածաշրջանային փոխանակումներին և հարևան երկրներին։ Այլ կերպ ասած, չնայած միջմայրցամաքային փոխադրումների հնարավորությունների զգալի աճին, անդրազգային կորպորացիաների ստեղծումը և մի քանի երկրների միջև համատեղ արդյունաբերական ապրանքների արտադրությունը դեռևս  տնտեսական վաղեմի  ավանդույթ են, որոնք վերաբերում են հարևանների միջև տարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության պահպանմանը:

Տարածաշրջանային կոնվերգենցիա նշանակում է տարածաշրջանում գտնվող երկրների ներգրավվածությունն ու  համագործակցությունը տնտեսական, քաղաքական, գիտական, ռազմական  և այլ ոլոտներում: Տնտեսագիտության ոլորտում տարածաշրջանային համաձայնագրերը կարող են ճանապարհ հարթել անդամ երկրներում տեխնոլոգիաների փոխանցման, ներդրումների և արտադրական ցանցերի ստեղծման համար, ինչը կնպաստի  երկրների աճին ու զարգացմանը և կբարելավի մարդկանց կյանքի որակը, բարեկեցությունը և եկամուտը։ Այն նաև արդյունավետ միջոց է տնտեսական ճգնաժամերին դիմակայելու համար, ինչպիսիք են գործազրկությունը, գնաճը, սովը և աղքատությունը: Բոլոր համագործակցությունների և համատեղ ջանքերի նպատակը բիզնեսի ոլորտում տաղանդների աճն ու ծաղկումն է, հարստության արդար բաշխումը, ժողովրդի առաջխաղացումը և նրա մասնակցությունն իր ճակատագրին: Եվրոպական միության, ASEAN-ի, NAFTA-ի և այլ տնտեսական բլոկների ձևավորման հիմքում ընկած փիլիսոփայությունը միմյանց ռեսուրսներից և ուժից օգտվելն է: Տարածաշրջանային հաջողած միություններից է Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Ներկայումս տնտեսական և առևտրային համագործակցության առումով Շանհայի համագործակցության կազմակերպության ընդհանուր տնտեսական ծավալը կազմում է մոտ 20 տրիլիոն դոլար, որը կազմակերպության հիմնադրման տարվա (1996 թ.) համեմատ աճել է ավելի քան 13 անգամ։ Այս կառույցի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը հասել է 6 տրիլիոն 600 միլիարդ դոլարի, ինչը 100 անգամ ավելի է, քան 20 տարի առաջ։ Բացի խոշոր միություններից, տարբեր երկրների միջև ստեղծվել են տասնյակ փոքր և նորաստեղծ միություններ, որոնք ունեն ընդհանուր շահեր։ Առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհի տարբեր երկրների միջև կնքվել են ավելի քան 300 երկկողմ կամ բազմակողմ առևտրային համաձայնագրեր։

---  

Հարավարևմտյան Ասիան ներկայումս միակ տարածաշրջանն է աշխարհում, որտեղ բացակայում է համապարփակ տարածաշրջանային միությունը: Չնայած այս  աշխարհագրական տարածքում ապրող մարդիկ ունեն հարուստ բնական պաշարներ, ռազմավարական դիրք և համաշխարհային առևտրի համար կենսական ջրային ուղիներ, սակայն ցավոք, գտնվում են  տնտեսական անմխիթար վիճակում: Դա այն դեպքում, երբ Հարավարևմտյան Ասիան ունի աճի և զարգանալու ներքին պոտենիցալ: Հարավարևմտյան Ասիայի բնակչության ավելի քան 90 տոկոսը մուսուլման է: Այս տարածաշրջանը եղել է աշխարհի քաղաքակրթության առաջին կենտրոններից մեկը և իսլամական քաղաքակրթության սիրտը։

Բացի այս կարևոր հոգևոր կապիտալից, տարածաշրջանի երկրների մեծ մասը հարուստ է բնական պաշարներով: Չնայած վերականգնվող էներգիայի աճող օգտագործմանը և նավթի ու գազի նոր արտադրողների ի հայտ գալուն, Հարավարևմտյան Ասիայում առկա էներգետիկ ռեսուրսները կենսական նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության համար: Նավթի համաշխարհային պաշարների երկու երրորդը և գազի համաշխարհային պաշարների մեկ երրորդը գտնվում են Հարավարևմտյան Ասիայում: Իսլամական երկրներում զգալի քանակությամբ  գոյություն ունեն հանքային պաշարներ, այդ թվում  ֆոսֆատ, ուրան, քրոմ, երկաթի հանքաքար, ածուխ պղինձ, կապար, ցինկ, պոտաշ, բրոմիտ, կոբալտ, շինարարական քարեր և լատերիտ:

Մարդկության քաղաքակրթության պատմության ընթացքում Հարավարևմտյան Ասիան կարևոր և կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է եղել ծովային տրանսպորտի միջոցով առևտուր իրականացնելու համար: Այն գտնվում է Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հանգույցում։ Այս տարածաշրջանում են գտնվում  կարևոր ջրային ուղիներ, ինչպիսիք են Հորմուզի նեղուցը, Դարդանելը, Բոսֆորը և Բաբ Էլ-Մանդեբը, որոնք առանցքային նշանակություն ունեն համաշխարհային առևտրում: Նաև տարածաշրջանի որոշ երկրներում հարմար կլիմայի և գյուղատնտեսական բերրի հողերի առկայության շնորհիվ  Հարավարևմտյան Ասիան դարձել է աշխարհում գյուղատնտեսական մթերքների խոշոր արտադրողներից մեկը: 

Հաշվի առնելով առկա կարողությունները՝ տարածաշրջանի երկրները կարող են օգտվել տարածաշրջանային առևտրի նկատմամբ համեմատական ​​առավելության սկզբունքից՝ իրենց համախառն ազգային արդյունքը և տնտեսական հզորությունը բարձրացնելու համար։ Այս ներուժը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանի զարգացման համար։ Տարածաշրջանի կարիքների վրա հիմնված միության ձևավորումն անհրաժեշտություն է, և նման քայլի իրականացման համար պահանջվում է  տարածաշրջանի կառավարությունների  քաղաքական հարաբերությունների սերտացումը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների հետ բարիդրացիության ամրապնդումն է և երկրների տարածքային ամբողջականության հարգումը, որպեսզի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության նախադրյալներ ստեղծելով, հնարավոր լինի կերտել վերտարածաշրջանային տերությունների խնամակալությունից զերծ, շեն ու բարգավաճ  տարածաշրջան:

Տարածաշրջանային առևտրին ուշադրություն դարձնելը և հարևանների հետ տնտեսական փոխանակումների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին առևտրի առաջնահերթություններից են։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդհանուր առմամբ 15 երկրների հետ ցամաքային և ջրային սահմաններ ունի։ Իրանը ցամաքային սահմաններ ունի յոթ երկրներ՝ Պակիստանի, Աֆղանստանի, Թուրքիայի, Իրաքի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ։ Այն նաև Պարսից ծոցի, Օմանի և Կասպից ծովի միջոցով կապված է ութ երկրներ՝ Քուվեյթի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և Ղազախստանի հետ:

---

Տնտեսական հարցերի փորձագետները համոզված են, որ Իրանի Իսլամական Հանրապետության ապրանքների և ծառայությունների արտադրությունը կարող է ապահովել տարածաշրջանի 1200 միլիարդ դոլարանոց շուկայի ավելի քան մեկ ութերորդը (150 միլիարդ դոլար): Իրանի արտահանման զամբյուղը դեպի հարեւան երկրներ շատ բազմազան է։ Իրանի և նրա հարևանների միջև առևտրային փոխանակումներն իրականանում են տարբեր բնագավառներում, այդ թվում գյուղատնտեսության, սննդամթերքի, արդյունաբերության, նավթաքիմիական, դեղագործության, տեքստիլի, զբոսաշրջության, բժշկական զբոսաշրջության, ձեռարվեստի, կենցաղային իրերի և չարազեղենի և փոխակերպման արդյունաբերության ոլորտներում: Իրանի տեխնիկական և ինժեներական ծառայություններն ընդգրկում են լայն շրջանակ, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, հեռահաղորդակցությունը, հողը, ջուրը, փոխակերպման արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ջերմոցները, անասնաբուծությունը և թռչնաբուծությունը, վերականգնվող էներգիան, ձկնաբուծությունը և ջրային կուլտուրաները, բժշկական պարագաներն ու սարքավորումները և այլն: Մինչ այժմ տարածաշրջանում տարբեր երկրներ , այդ թվում Ուզբեկստանը, Հայաստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Վրաստանը, Ադրբեջանի Հանրապետությունը, Ղազախստանը և Թուրքմենստանը, օգտվել են Իրանի տեխնիկական-ինժեներական ծառայություններից։

Իրանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը գտնվում է բազմաթիվ շրջակա տարածաշրջաններում, և դա մեծացրել է նրա ռազմավարական նշանակությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միաժամանակ տեղակայված է տարածաշրջանի հինգ ենթահամակարգերում՝ ներառյալ Պարսից ծոցում, Արևմտյան Ասիայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Հնդկական թերակղզում: Բացի այդ, Իրանի տարանցիկ դիրքը որպես կամուրջ Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի միջև և նրա հասանելիությունը Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի տաք և ազատ ջրերին, առանցքային դիրք են շնորհել նրան տարածաշրջանի երկրներին կապակցելու առումով:

Հարավարևմտյան Ասիայի երկրները, որոնց բնակչությունը գերազանցում է 500 միլիոնը, կարող են կոնվերգենցիա ստեղծելով բարձրացնել իրենց անվտանգությունը տնտեսական կապվածության միջոցով և օգտվել կոնվերգենցիայի առավելություններից:  Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Իրաքը,ԱՄԷ-ի, Կատարի և Օմանի նման փոքր երկրների հետ միասին կարող են ճիշտ ուղի որդեգրել տարաձայնությունները կարգավորելու և միջազգային քաղաքականության մեջ իրենց արժանի տեղն զբաղեցնելու համար: Մի աշխարհում, որտեղ գլոբալացումն արագ տեմպերով առաջ է ընթանում,  տարածաշրջանները որպես նոր դերակատարներ  ազդեցիկ կլինեն միջազգային համակարգում և համաշխարհային տնտեսությունում:

--- 

Ներկայացրեցինք «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում» հաղորդաշարի վերջին համարը, որի ընթացքում անդրադարձանք  համաշխարհային տնտեսության մեջ տարածաշրջանային կոնվերգենցիայի  կարևորությանը,  խոսեցինք  քաղաքական  և տնտեսական աշխարհի համար Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի կարևորության մասին: Թվարկեցինք Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների տնտեսական կարողությունները և նշեցինք մի քանի ընդհանուր խնդիրներ հիշեցնելով, որ տնտեսական զարգացումները և չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն  թափ են ստացել։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ թերզարգացած երկրները կարող են վերականգնել կորցրած տնտեսական հնարավորությունները տարածաշրջանային երկրների մերձեցման և պայմանագրերի կնքման միջոցով: 

Այն ժամանակաշրջանում, երբ աշխարհի երկրներն առաջընթացը գտնում են միմյանց մերձենալու մեջ, ցանկացած երկիր,որի քաղաքականությունը հիմնված է տրամաբանության ու գործակցության վրա, չի հանդուրժելու աշխարհագրական սահմանները փոխելու և տարածաշրջանում անապահովություն ստեղծելու միջոցով գերակայության ձգտող մանկական ամբիցիաները։ Միայն սերտ համագործակցության ներքո կարող են իրականանալ  տարածաշրջանի երկրների ընդհանուր գաղափարները, և երկրների տնտեսական առաջընթացը։