Պայծառ ապագա (34)
Այս հաղորդման ընթացքում անդրադարձել ենք իսլամական հեղափոխությունից հետո իմամ Խոմեյնիի և Այաթոլլահ Խամենեիի նման հոգևոր առաջնորդների ղեկավարության ներքո Իրանում և աշխարհում կրոնական կարգախոսների տարածմանը:
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։ Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում ղուրանական մշակույթի տարածմանը և իմամ Խոմեյնիի որոշումների ղուրանական հիմքին։ ԱՄՆ նախկին պետքարտուղար, հայտնի ստրատեգ Հենրի Քիսինջերի նման վետերան քաղաքական գործիչներն իրենց անկարող էին համարում լուսահոգի իմամ Խոմեյնիի որոշումները հասկանալու և կանխատեսելու հարցում։ Հենրի Քիսինջերն իմամ Խոմեյնիի մասին ասել է.«Նրա որոշումներն այնպես կտրուկ էին, որ նույնիսկ քաղաքական գործիչներին ու տեսաբաններին խորհելու և պլանավորելու հնարավորություն չէին տալիս: Նա խոսում և գործում էր աշխարհում ճանաչված չափանիշներից տարբերվող չափանիշներով, կարծես ոգեշնչվում էր մեկ այլ տեղից: Այաթոլլահ Խոմեյնիի թշնամությունն Արևմուտքի հետ բխում էր նրա աստվածային ուսմունքից»:
Ամերիկացի լրագրող Ռուբին Վուդսվերթն իմամ Խոմեյնիին հանդիպելուց հետո նրա մասին գրել է.«Երբ իմամ Խոմեյնին դռնից ներս էր մտնում, ես զգում էի, որ հոգևոր ուժի պտտահողմ է նբարձրանում: Կարծես թե շագանակագույն աբայի, սև չալմայի և սպիտակ մորուքի հետևում կյանքն է հոսում, հմայելով յուրաքանչյուր դիտողի։ Այո, նա լույսի ճառագայթ էր, որ ներթափանցել էր բոլորի սրտերն ու հոգիները…նվազագույն խոսքը , որ կարող եմ ասել, այն է, որ նա կարծես թե անցյալի մարգարեներից է, կամ նա իսլամի Մովսեսն է, որ եկել է անհավատ փարավոնին իր երկրից վտարելու»:
Իսլամ ընդունած շվեյցարացի լրագրող Ահմադ Հուբերն իմամ Խոմեյնիի մասին ասում է. «Իմամ Խոմեյնին մեր ժամանակների բոլոր հավատացյալների զարթոնքի աղբյուրն է: Նա վերականգնեց կրոնն ու բարոյական արժեքներն այնպիսի պայմաններում, երբ նյութապաշտությունն ու հակաբարոյական գաղափարները մարդկային հասարակությանն առել էին իրենց ճիրանների մեջ: Մենք փառք են տալիս Աստծուն և շնորհավորում ենք ինքներս մեզ, որ նման գոհար ու բարիք պարգևեց մեզ՝ մուսուլմաններիս և Ձեզ իրանցիներիդ, որ մյուս մուսուլմանների համեմատ կրկնակի պատիվ եք վայելում: Հեղափոխության մեծարգո առաջնորդն աստվածային օրհնություն է և մեծ հպարտություն մեզ և իսլամական աշխարհի համար»:
---
Իհարկե, իմամ Խոմեյնիի իրավահաջորդ Այաթոլլահ Խամենեիի պահվածքը մեծ հիացմունք է պատճառել աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներին։ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Այաթոլլահ Խամենեիի հետ հանդիպումից հետո ասել է. «Իրանցիներն ու մուսուլմանները պետք է հպարտանան նման առաջնորդով: Ես հանդիպել եմ տարբեր ղեկավարների, այդ թվում՝ Ժակ Շիրակին և Հելմուտ Քոհլին, և շատ տպավորված եմ: Բայց երբ հանդիպեցի նրան, զգացի, որ երբեք չեմ տեսել նրա նմանին։ Նրա հոգևոր անհատականությունն այնքան տպավորեց ինձ, որ ես ինքս ինձ մտածեցի, թե ինչու պետք է ինձ նման անձնավորությունը լինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այս հանդիպումից հետո ես մոռացա բոլոր այն անձնավորություններին, ովքեր գրավել էին ինձ»:
Առանձնահատուկ կարևորություն ունի ղեկավարության և ժողովրդի միջև հարաբերությունը: Որքան մեծ ժողովրդականություն է վայելում առաջնորդությունը ժողովրդի մոտ, այնքան այն համարվում է իշխանության կարևոր աղբյուրը։ Ժողովրդի հանդեպ իմամի սերը մեծ գանահատանքի է արժանացել Արևմուտքում: Ֆրանսիացի մտավորական Միշել Ֆուկոն ասում է.«Այաթոլլահ Խոմեյնիի անհատականությունը նման է առասպելի, որովհետև ոչ մի պետության ղեկավար կամ քաղաքական առաջնորդ, նույնիսկ աշխարհի բոլոր լրատվամիջոցների աջակցությամբ, չի կարող պնդել, որ այդքան խորը զգացմունքային կապ կա իր և ժողովրդի միջև: Այս հուզական խորը կապը բացահայտվեց իմամ Խոմեյնիի մահվանից հետո, նրա փառահեղ հուղարկավորության ժամանակ»:
Այն օրերին, երբ Իրանի ժողովրուրդը սգում էր իր առաջնորդի մահը, լիբանանյան «Ալ Սաֆիր» օրաթերթը գրել է. «Նրա հուղարկավորությանը մարդկանց փառահեղ մասնակցությունը ցույց է տալիս Իրանի ժողովրդի և իր խիզախ ու պատմական առաջնորդի միջև եղած խորը կապը: Իսլամական հեղափոխությունը նման իմաստուն առաջնորդներով մեծ ազդեցություն ունեցավ Իրանի և աշխարհի ժողովուրդների վրա»:
Իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ, իսլամ կրոնը հայտնվեց աշխարհի մտավորականների և քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Իսլամ կրոնը, որ Վերածննդի դարաշրջանում մոռացության էր տրվել, Իսլամական հեղափոխության միջոցով վերադարձավ քաղաքական, գիտական և սոցիալական ասպարեզ: Իսլամական հեղափոխությունը մուսուլմաններին դարձրեց էլ ավելի մուսուլման, քրիստոնյաներին՝ էլ ավելի քրիստոնյա, և բոլոր աստվածային կրոնների հետևորդներին էլ ավելի լուրջ դարձրեց իրենց համոզմունքների նկատմամբ:
---
Իսլամական հեղափոխությունը անհատական բարեպաշտությունը վերածեց հավաքական բարեպաշտության և կրոնական մեծ հանրահավաքների: Իսլամական հեղափոխության շնորհիվ վերականգնվեցին տասնյակ հազարավոր լքված մզկիթներ ու եկեղեցիներ։ Իսլամական հեղափոխությունը նույնիսկ կոմունիստական երկրներում վերականգնեց ազանի կանչն ու եկեղեցու զանգերի ղողանջը։ Ժամանակին Իրանում կրոնական համալսարանականներն ամաչում էին պաշտամունք կատարել, աղոթել և հիջաբ կրել հանրության շրջանում, սակայն այսօր համալսարանական մզկիթները ամենամարդաշատ վայրերից են:
Այն իրավիճակում, երբ շատ արևմտյան երկրների երիտասարդների շրջանում անկում են ապրում բարոյական ու մշակութային արժեքները, իսլամական հեղափոխությունը աշխարհում դարձել է բարոյական և հոգևոր արժեքների տարածման և առաջմղման կենտրոնը: Իսլամական հեղափոխությունը հասարակության մեջ դարձել է արդարության, ապագայի նկատմամբ ակնկալիքի և հույսի մարմնացում: Իրանցի մարզուհիների մաքրամաքուր մասնակցությունը համաշխարհային մրցումներին ընդմիշտ վերջ տվեց կանանց արժեզրկման և սոցիալական ներկայության համատեղման տեսությանը: Պաշտոնապես ճանաչելով հիջաբով կանանց ներկայությունը խաղադաշտերում, իսլամական հեղափոխությունն իր մշակույթը պարտադրեց աշխարհին: Աշխարհի ամենաբարձր քաղաքական և գիտական շրջանակներում հիջաբ կրող կրթված կանանց ներկայությունը փշրել է մուսուլման կնոջ մասին արևմտյան լրատվամիջոցների սխալ պատկերացումները:
Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից է անձնազոհության և նահատակության մշակույթի տարածումը։ Այս մշակույթը պատճառ դարձավ, որ Իրանի ժողովուրդը ապրի արժանապատիվ, և իսլամական հեղափոխությունը դրսևորվի ծաղկուն ու նպատակասլաց, իսկ նահատակության կարմիր գիծը շարունակվի: Լուսահոգի Իմամ Խոմեյնին ասել է.«Նահատակության կարմիր գիծը Մոհամմադի և Ալիի գիծն է: Եվ այս պատիվը մարգարեության և վիլայաթի ընտանիքից ժառանգել են նրանց հետևորդները»: Նահատակը վառվող ջահ է, որ ինքն այրվում է, որպեսզի մյուսները ողջ մնան, ինչպես ասել է վարպետ Մոթահարին.«Նահատակը մոմի նման է: Նա վառվում է, որպեսզի լույս սփռի շրջապատին, որպեսզի շրջապատը լուսավորվի ու ապրի խաղաղության մեջ: Այո, նահատակները մարդկության մոմերն են: Այրվեցին ու լուսավորեցին մարդկությանը»։ Իմամ Խոմեյնին ասել է. «Նահատակների անարատ գերեզմանները մինչև դատաստանի օրը լինելու են սիրահարների, միստիկների ու ազատորդիների սրբավայրը: Երանի նրանց, ովքեր նահատակությամբ գնացին։ Երանի նրանց, ովքեր զոհվեցին այս լույսի քարավանում: Երանի նրանց, ովքեր իրենց գրկում դաստիարակեցին այս գոհարներին»։
---
Իսլամական հեղափոխության հրաշալի ու մարդակերտ ազդեցություններն ու բարիքները ոչ միայն տարածվեցին ողջ Իրանում, այլև գրավեցին աշխարհի մտավորականների ու փորձագետների ուշադրությունը և ազատախոհ ու մաքրամաքուր մարդկանց սրտերն առաջնորդեցին դեպի հոգևոր արժեքներ: Իսլամական հեղափոխությունը, վերացնելով կոռուպցիայի և կործանման դրսևորումները, ճանապարհ հարթեց ժողովրդի դեպի հոգևոր և մարդկային արժեքներ վերադարձի համար, և կոչ արեց վերակենդանացնել իսլամական արժեքները: Որքան գեղեցիկ է ասել Այաթոլլահ Խամենեին, «Իսլամական հեղափոխությունը, իսլամի հեղափոխությունն է, Ղուրանի հեղափոխությունն է, Իսլամի դրոշը բարձրացնելու հեղափոխությունը: Իսլամական հեղափոխությունը հպարտանում է, որ իսլամական արժեքները, միաստվածությունը, աստվածային պատվիրանները և իսլամի հոգևոր արժեքը ներկայացնում է աշխարհին»: