Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (7)
(last modified Mon, 19 Jun 2023 05:10:15 GMT )
Հունիս 19, 2023 08:40 Asia/Tehran

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք հետիսլամական ժամանակաշրջանում Իրանի մշակութային ներազդեցության տակ գտնվող տարածքների մասին: Նշեցինք, որ Ղազնավյանների, այնուհետև Սելջուկյանների դինաստիաները հաստատվելով, Իրանում իշխանության հասան թուրքերը, որոնք առանց ցեղային կամ թայֆայական պատկանելիություն դրսևորելու, վարվեցին ինչպես իրանցի արքաները և անգամ նրանցից ոմանք իրանակ

Ղազնավիների գահին տիրանալուց հետո, սելջուկները չփոխեցին նրանց վարչական կազմը և իրենց պաշտոններում մնացին իրանցի նախարարներ, քարտուղարներ ու ղեկավարներ: Սելջուկները քաղաքակրթական ու թագավորական համակարգը գերադասում էին ցեղային ու թայֆայական պատկանելիություններից և փորձում էին կանխել իրենց ցեղակիցների կողմից իրականացվող վայրագ ոտնձգություններն ու թալանները: Սակայն այդ ցեղախմբերի մեծ մասը չընդունեց քաղաքային ու գյուղական կյանքը: Սելջուկները նրանց հարձակումներն ու կողոպուտները դիմագրավելու և իրենց տիրակալության սահմաններն ընդլայնելու համար, ոչ-մուսուլմանների դեմ պատերազմելու պատրվակով նրանց քշեցին դեպի Փոքր Ասիա և Բյուզանդիա: Այդ ժամանակաշրջանում հանուն իսլամի մղվող ջիհադական պատերազմները տարածվել էին Փոքր Ասիայում և Հնդկաստանում, որովհետև Ասիայի վերին տարածքների և Միջին Ասիայի թուրք ցեղերի մեծամասնությունն իսլամ էր ընդունել:

Սելջուկ Ղոզ թուրքմենները հետզհետե իրենց տիրակալության տակ առան Բյուզանդիայի գրաված տարածքները և նրանց իշխանությունը սահմանափակվեց Կոստանդնուպոլսի և նրա շրջակա տարածքներում: Անգամ Սելջուկների և Խորեզմշահիների անկումից հետո, թուրքմեն այս ցեղերը Հռոմի Սելջուկներ անունով անկախ պետություն ստեղծեցին Փոքր Ասիայում, որը գոյատևեց մինչև օսմանյան ժամանակաշրջանը:

Ինչպես Իրանի Սելջուկները, Հռոմի Սելջուկները ևս ազդված էին Իրանի մշակույթից և արքունական պաշտոնական լեզուն էր պարսկերենը: Անգամ սուլթանները իրանական անուններ էին ընտրում, օրինակ`Ալաեդդին Քեյղոբադ:

Լուսնային հիջրեթի հինգերորդ դարից, կործանվեցին իրանական իշխանությունները և մինչև փահլավիների թագավորության շրջանը, Իրանում ռազմական իշխանությունը եղել է թուրք սուլթանների ձեռքում: Իրանցիները սուրը տվել են թուրքերին և գրիչն են պահել իրենց ձեռքում:

**************

Սելջուկներից հետո, քաղաքակիրթ աշխարհում` Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա իշխում էին թուրք կառավարիչները, սակայն հազարամյա այդ ժամանակահատվածում իրանցիներն էին զբաղված վարչական, ֆինանսական, կրոնական, գրական ու գիտական ոլորտներում:

Չնայած Սելջուկների անկումից հետո չձևավորվեց իրանա-իսլամական մեծ կայսրություն, սակայն կային Եգիպտոսի մամլուքները, Իլխանները, ձևավորվեցին Հնդկաստանի մոնղոլական և Հռոմի Սելջուկների կայսրությունները, որոնց կառավարիչները թուրքեր էին, սակայն ընդունել էին պարսկերեն լեզուն, մշակույթն ու քաղաքակրթությունը:

Հռոմի Սելջուկներն այնքան էին տարածել պարսկերեն լեզուն և պարսկական մշակույթը, որ իրենց թագավորության տարբերանշանն էին ընտրել Իրանի արև և առյուծ ավանդական տարբերանշանը:

Այդ ժամանակահատվածում պատմության մեջ առաջին անգամ, պարսկերեն լեզուն տարածվեց թուրքերի ընդարձակ տիրակալության սահմաններում: Հնդկաստանից մինչև Փոքր Ասիա պարսկերենը համարվում էր արքունական, պաշտոնական և միջազգային հաղորդակցությունների լեզու: Արդյունքում պատմության մեջ աննախադեպ կերպով իրանական մշակույթը իրանական լեզվի հետ միասին տարածվեցին քաղաքակիրթ աշխարհում: Անգամ Աքեմենյանների, Արշակունիների և Սասանյանների օրոք, երբ Իրանում և աշխարհի կեսը կազմող տարածքներում ղեկավարում էին արիական կամ իրանական ցեղեր, այդքան տարածված չեր եղել իրանական լեզուներից և ոչ մեկը, ինչը տեղի ունեցավ թուրք սուլթանների ղեկավարության օրոք: Իրանի պատմությունն ապացուցել է այն կետը, որ մշակութային գերակշռություն կարելի է ձեռք բերել առանց ռազմական գերակշռության ու ճնշման: Իրանցի մարտնչող թուրքերը ճանապարհ հարթեցին իրանական մշակույթն ու քաղաքակրթությունն աշխարհում տարածելու համար: Իրանցի մշակութային գործիչներն ակտիվ ներկայություն ունեին աշխարհի այն հատվածներում, որտեղ միջազգային հարաբերություններ էին հաստատված և արվեստի, գիտական ու առևտրական փոխանակումներ էին տեղի ունենում: Բացառվում էին Չինաստանի, Աֆրիկայի ու Եվրոպայի խորքերը, որոնք հեռու էին մնացել մշակութային փոխանակումներից:

Մարկո Պոլոյից ավելի շատ ճամբորդած, հիջրեթի 8-րդ դարի անվանի ճանապարհորդ, պատմաբան` Իբն Բաթութեի այցելած քաղաքների մեծ մասում ներկա էին իրանցիներ, որոնք զբաղեցնում էին մշակութային կարևոր պաշտոններ:

Իբն Բաթութեի ճանապարհորդությունների մասին գիրքը վկայում է այն մասին, որ 14-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում չկար մի տեղ, որտեղ ներկա չլինեին իրանցի առևտրականներ, մտավորականներ, ծովագնացներ, ուսուցիչներ, դիվանագետներ, հոգևորականներ ու սուֆիներ: Այդ իրանցիների մեծ մասն արաբական անուններ ունեին, սակայն քանի որ այդ օրերին ազգանունը վերագրում էին ծննդավայրին, պարզ էր դառնում նրանց ինքնությունը ու տոհմը և կասկած չկա, որ այդ ժամանակաշրջանի Սպահանի, Սամարղանդի, Խորեզմի կամ Թաբարեսթանի իրանցիները տարածված էին մուսուլման աշխարհում և կարևոր պաշտոններ էին զբաղեցնում:

***************

10-17-րդ դարերում, աֆրիկյան մի շարք երկրներում, այդ թվում Քենիայում, Հաբեշում, Կենտրոնական Աֆրիկայում և Զանգիբարում ակտիվ ներկայություն ունեին իրանցիները, որոնք տարածում էին իրանական մշակույթն ու քաղաքակրթությունը: Աֆրիկայում հայտնաբերվել է քաղաք, որը մինչև 300 տարի առաջ իրանցիների գլխավոր կենտրոնն է հանդիսացել:

Մոնղոլներն առաջին ոչ-իրանցի աշխարհակալներն էին, որ Իրանի մշակույթն ու քաղաքակրթությունը ոչնչացնելու և երկիրը կողոպտելու մտադրությամբ ներխուժեցին Իրան, կոտորեցին, թալանեցին և ռազմական մեծ ավարներով վերադարձան Մոնղոլիա: Նրանցից առաջ, աշխարհակալներն Իրան էին ներխուժում մնալու նպատակով և կարճ ժամանակ անց, ընդունում էին իրանական մշակույթն ու քաղաքակրթությունը:

Մոնղոլական առաջին կայսրության ժամանակաշրջանը ոչ մի դրական ու կառուցողական ձեռքբերում չունեցավ իրանցիների համար և այնպիսի ծանր հարվածներ ստացան Իրանի մշակութային աղբյուրներն ու նյութական հիմքերը, որ այլևս հնարավոր չեղավ կատարելապես ձերբազատվել դրա հետևանքներից:

Իրանում մոնղոլների իշխանության երկրորդ շրջանն սկսվեց Հալաքուխանի արշավանքներով: Այս անգամ մոնղոլները մնացին Իրանում և հենց սկզբից նրանց հետ համագործակցեցին իրանցի գործիչներ ու ղեկավարներ, այդ թվում Ջովեյնիի տոհմը, որոնք հասան բարձր, անգամ նախարարության պաշտոնի մոնղոլ Իլխանների կայսրությունում:

Այդ ժամանակաշրջանում մոնղոլների միջոցով Չինաստան ներթափանցեց իրանական մշակույթը և իրանցիները մուտք գործեցին այդ երկիր: Այդ օրերին Իրանի Իլխանների պալատում մեծ պաշտոններ էին զբաղեցնում Ջովեյնի և Խոջա Ռաշիդեդդին Ֆազլոլլահ գերդաստանները, որոնք իրենց կյանքի գնով իրանցի էին դարձնում մոնղոլներին: Չինացի գործակալների կողքին, իրանցի նախարարներն ու ուսուցիչները իրանական մշակույթ էին տարածում Կուբլայ Խանի միջոցով գրավված տարածքներում:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն, առաջին անգամ իրանցիներն են Չինաստանում քարոզել իսլամը և այնտեղ տարածել պարսկերեն լեզուն: Ֆրանսիացի պրոֆեսոր` Շեֆերը համոզված է, որ Չինաստանի մուսուլմանների մեծամասնությունը իրանցիներից է սերում, որոնք մոնղոլներից առաջ իրենց կամքով և այնուհետև բռնությամբ բնակվել են այդ երկրում: Մարկո Պոլոն անդրադարձել է մեծ թվով իրանցի մտավորականների, ուսուցիչների և սպաների ներկայությանը Չինաստանում: Նա իր գրքում նշել է, որ Չինաստանի տարբեր շրջաններ իրանական անվանում են ունեցել:

Ռազմական նվաճումներից բացի, սուֆիականությունը ևս Իրանի մշակութային տիրակալության տարածման պատճառներից է եղել: Միստիկները շեյխերին այցելելու և ուխտագնացության նպատակով երկար ճանապարհորդում էին իսլամ աշխարհում և այդպես նրանք ևս տարածում էին իրանական մշակույթն ու քաղաքակրթությունը:

Իրանցի նշանավոր միստիկների մեծ մասը ծնվել է Իրանի ինչ-որ շրջանում, սակայն մահացել է մեկ այլ վայրում: Հնդկական թերակղզում իսլամը տարածվել է ոչ միայն սուլթան Մահմուդների ու Լենկթեմուրների սրով, այլև իրանցի սուֆիներն ու շեյխերը ևս մեծ դերակատարություն են ունեցել Հնդկաստանում իսլամի տարածման գործում:

Իրանցի մտավորականների ու գիտնականների մեծ մասը չէին մնում իրենց ծննդավայրում, այլև մտավոր հասունացման հասնելով, մեկնում էին այն շրջաններ, որտեղ նպաստավոր էին գտնում իրենց գործունեության համար: Այդ գիտնականների ու մտավորականների շարքում են Թաբարին, Ֆարաբին և Իբն Սինան, որոնք շրջեցին իրենց ժամանակաշրջանի խոշոր քաղաքներում և վախճանվեցին իրենց ծննդավայրից բավականին հեռու գտնվող վայրերում:

Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: