Օգոստոս 06, 2023 10:04 Asia/Tehran

Իրանահայ արձակագիր և վաստակավոր ուսուցիչ Նազար Շահվերդյան.

Երբ ուշադիր նայում ես քո շրջապատը այնտեղ տեսնում ես այնպիսի բաներ, որ գուցե մարդկանց մեծ մասը չեն էլ նկատում և բնավ կարևոր էլ չէ նրանց համար: Բայց երբ այդ իրողությունները հմուտ բանաստեղծի կամ արձակագրի գրչով նոր շունչ ու ոգի առած սև տառերով հայտնվում են սպիտակ էջի վրա, այն ժամանակ սկսում ենք դասեր քաղել ու եզրակացություններ անել կյանքում ու աշխարհում գոյություն ունեցող իրականություններից: Ու նոր այդ ժամանակ ոմանք սկսում են անտարբեր չլինել իրենց շուրջը կատարվող խնդիրների նկատմամբ: Երանի թե բոլորը այդպես նայեին աշխարհին, տեսնեին անկարևոր թվացող, բայց կարևոր իրողությունները ու փորձեին նույնիսկ ամենաչնչին քայլով օգտակար լինել աշխարհին ու նրա մեջ ապրող մարդկությանը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Մեր հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ արձակագիր և վաստակավոր ուսուցիչ Նազար Շահվերդյանին:

Նազար Շահվերդյանը ծնվել է 1936թ. Իրանի հայաբնակ Բուրվարի գավառի Շահփուրաբադ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հենց գյուղում, բայց հետագայում տեղափոխվելով Թեհրան նախ սովորել է հայոց ազգային Դանայի դպրոցում ապա Քուշեշ Դավթյան դպրոցում ու ավարտել է միջնակարգ կրթությունը: Նազար Շահվերդյանը նաև ավարտել է Թ. Հ. Թ. հայերենագիտական երեկոյան դասընթացները: Նազար Շահվերդյանը երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ և աշխատել է «Ալիք» օրաթերթի խմբագրական կազմում: Ալիք օրաթերթից բացի Նազար Շահվերդյանը աշխատակցել է սփյուռքահայ մի շարք հանդեսներին: Նազար Շահվերդյանի գրչին են պատկանում «Առօրյաիս հետքերով» և «Նոր տարվա նվերը» վերտառությամբ արձակ ստեղծագործությունների ժողովածուները: Որպես ուսուցիչ Նազար Շահվերդյանին լավ հուշերով են հիշում իր աշակերտները: Նա ամենաչարաճճի ու վատ սովորող աշակերտներին էլ սիրով ու գուրգուրանքով էր փորձում հաշտեցնել դասին, դպրոցին և ուսման միջավայրին:

Նազար Շահվերդյանի գրչին պատկանող «Նոր տարվա նվերը» գրքի շապիկը

 

Նազար Շահվերդյանը գրական ասպարեզ մտնելու մասին ասում է, որ մանկուց երազել է կարողանալ գրի առնել ինչ, որ տեսնում է և ինչ, որ իր շուրջը պատահում է և դա շատ հետաքրքիր է եղել իր համար: Հետագայում երբ դպրոց է հաճախել շատ է սիրել շարադրության ժամերը և փորձել է ամենալավ կերպով գրել ու ներկայացնել այդ դասաժամին ուսուցչի կողմից տրված շարադրության թեմաները:  Նազար Շահվերդյանի ուսուցիչները տեսնելով նրա գրելու ունակությունները նրան քաջալերում են այդ հարցում: Հայոց ազգային Դանայի դպրոցում Նազար Շահվերդյանի ուսուցիչն է եղել պարոն Արմենակ Մելիք Աբրահամյանը, ով նաև գրաշար է եղել և հայագետ: Նազար Շահվերդյանը նրա մոտ նաև գրաշարություն է սովորել:

Նազար Շահվերդյանն իր տված հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը գրել է, բայց սկզբնական շրջանում  թերթին չի տվել իր գրվածքները կամ որևէ մեկի համար չի կարդացել: Հետագայում նրա գրականության ուսուցիչն ասել է.«Մենք լսել ենք, որ գրում ես: Ինչո՞ւ մեզ համար չես կարդում գրվածքներդ»: Ինչպես Նազար Շահվերդյանն է ասել, ուսուցչի այս քայլը պատճառ է դառնում, որ նա կարողանա  իր ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը: Նազար Շահվերդյանը նաև աշակերտել է հայտնի բանաստեղծ Ոստանիկին և ինչպես ինքն է ասել գրելու ունակությունը իր մեջ մեծ աճ ու զարգացում է ապրել հենց բանաստեղծ Ոստանիկի շնորհիվ:

Երգիծանքը և հումորը մարդու կյանքիանհրաժեշտ տարրերից են համարվում, այնպես որ դժվար է կյանքը պատկերացնել առանց հումորի:Չմոռանանք ասել որ Նազար Շահվերդյանի գրչին պատկանող գրքի արձակ էջերում դժվար թե գտնվի մի ստեղծագործություն, որից բացակայի երգիծանքի ու հումորի տարրը: Շահվերդյանը դա կապում է իր հայրական ընտանքի հետ և մանրամասնում, որ իրենց ընտանիքի անդամները հատկապես հայրը միշտ ընտանիքում պահում էր հումորի ու ծիծաղի աշխույժ մթնոլորտը: Նազար Շահվերդյանը խոստովանում է, որ դա իրենց բնավորության գծի մեջ ներկա մի տարր է և ինքը սիրում է ստեղծագործություններում իր ասելիքները ներկայացնել երգիծանքով՝ թեկուզ ամենալուրջ թեմաները:

Հասարակության մեջ երգիծանքի դերակատարության մասին Նազար Շահվերդյանն այսպես է ասում:

Ժամանակին հայերեն ռադիոժամին տված հարցազրույցում թղթակցի հարցին թե ո՞ր գրողներն են ազդել ձեզ վրա Նազար Շահվերդյանը պատասխանել է, որ իր վրա մեծ ազդեցություն են թողել Շիրվանզադեն, Սերո Խանզադյանը և Ստեփան Զորյանը և ինչպես ինքն է ասում կյանքում երբեք չի մոռանայ Զորյանի «Մեր Տունը» պատմվածքը, որ սկսվում է այս տողով.«Իմ մանկությունը հիշում եմ այն օրից, երբ մի կտոր շաքար ուտելու համար ծեծեցին ինձ»:

 

Բարեկամներ հայերեն ռադիոժամը պատիվ  է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել պարոն Նազար Շահվերդյանին: Այժմ ձեզ ենք ներկայացնում Հայերեն ռադիոժամին տված հարցազրուցից մի հատված, որտեղ նա կարդում է իր արձակ ստեղծագործություններից մեկը:

Նազար Շահվերդյանը ապրում ու շարունակում է ստեղծագործել Թեհրանում:

Բարեկամներ Նազար Շահվերդյանը նաև գրել է բանաստեղծություններ: Որպես այս հաղորդման վերջաբան ձեզ համար կկարդանք նրա գրչին պատկանող «Ինչպես չափսոսալ» բանաստեղծությունը:

  Ափսոսալ է պետք...

Օտար աշխարհում, օտար ափերի

Հայ մանկանը երբ՝ դարձած պատանի՝

Չգիտի արդեն լեզուն մայրենի:

Ինչպես չափսոսալ՝

Սևուկ աչքերով այն տղաներին,

Ու աղջիկներին մեր հայ, նազանի,

Որոնք «Այո» ու «Ոչ»-ի փոխարեն

Օգտագործում են «Նօ»-ը եւ «Օքքէ»-ն,

Եւ «Սքիւզ-մի»-ն է դարձել

շուրթերի պատառը համեղ:

Ինչպէս չափսոսալ, պե՛տք է՝ ափսոսա՜լ,

Իմ ժողովրդի նոր ծիլարձակած

Այդ բեկորներին,

Որոնք թիրախ են դարձել

ա՛յլ լեզվի ներթափանցումին:

Ի սեր Աստծո, ի սեր սրբերի,

Ու սուրբ Մաշտոցի,

Որ երկրում որ կաք, բերմամբ ձեր բախտի՝

Հեռու չմնա՛ք հայ գիր ու գրքից

Ու միշտ հետևեք՝ Հայ մշակույթին:

 

Պիտակ