Պատումների պատերազմ (14) 
https://parstoday.ir/hy/radio/iran-i204802-Պատումների_պատերազմ_(14)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք պետությունների տնտեսական հիմքերը խարխլելու նպատակով նրանց տնտեսության մեջ թշնամիների ներթափանցման հարցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2023 09:01 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք պետությունների տնտեսական հիմքերը խարխլելու նպատակով նրանց տնտեսության մեջ թշնամիների ներթափանցման հարցին։

 

Ողջույն Ձեզ հարգարժան բարեկամներ,   ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարիների ընթացքում, բազմաթիվ խնդիրներին զուգահեռ, Իրանի ժողովրդի նոր  հեղափոխությունը ներսից թիրախ դարձրած քաղաքական հոսանքը հենց ներթափանցող հոսանքն է: Տարբեր մակարդակներում ղեկավար անձանց  սպանությունից, անապահովության ու անկարգությունների հրահրումից մինչև որոշում կայացնողների շրջանակ ներթափանցումը, այդ բոլորն իրագործվել են իսլամական հեղափոխության ճանապարհը շեղելու նպատակով։ Ի սկզբանե այդ հոսանքի թիրախում է եղել Իրանի տնտեսությունը։

 

Գերիշխող համակարգի տնտեսական ազդեցության միջոցները բազմազան են, սակայն բոլորն էլ իրականացվում են թիրախ դարձած երկրների տնտեսական հիմքերը թուլացնելու նպատակով։ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այս առնչությամբ նշել է.-«Տնտեսական ոլորտներում տնտեսության պատասխանատուների աչքերը պետք է բաց լինեն։ Զգույշ եղեք, որ (թշնամիները) տնտեսության ոլորտ չներթափանցեն, քանի որ թշնամու ներթափանցումը ցնցելու է հզոր տնտեսության հիմքը։ Այնտեղ, որտեղ նրանց հաջողվել է տնտեսապես ներթափանցել,  և մակաբույծի պես կարողացել են հեծնել տվյալ երկրների ու ազգերի տնտեսության վրա, այդ երկրների հերն անիծել են»։

----

«Ներթափանցում» տերմինն այն հասկացություններից է, որն Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին ավելի ընդգծված կերպով է սկսել կիրառվել Իրանի քաղաքական գրականության մեջ։ Մանավանդ, որ Իսլամական հեղափոխության առաջնորդը բազմաթիվ հայտարարություններով զգուշացրել է ժողովրդին ու իշխանություններին դրա վտանգների մասին։ Ներթափանցումը փափուկ պատերազմի նախագծի բաղադրիչն է: Այն երկրների համար, որոնք երազում են գերիշխել այլ ազգերի նկատմամբ, բողոքի ցույցեր և հեղաշրջումներ կազմակերպելը  պատերազմական գործողությունների պես ծախսատար է և վտանգավոր, ընդ որում, նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում դա կհանգեցնի պարտված ժողովրդի ատելությանն ու քինախնդրությանը։

Սակայն, անհատների և հասարակությունների մտքերի ու սրտերի նկատմամբ գերիշխանությունն անվճար կամ քիչ ծախսատար միջոց է՝ գերիշխողի նպատակների օգտին անհատներին, խմբերին կամ հասարակությունը ծառայեցնելու համար: Տնտեսական ներթափանցումը երկրների ազգային անվտանգությանը սպառնացող միջոցներից մեկն է, որը կարող է լինել նույնքան լուրջ ու վտանգավոր, որքան քաղաքական ներթափանցումը։ Տնտեսական ներթափանցումը կարող է լինել երկրի տնտեսական կրթության կամ սպառողական շուկայի մակարդակում։ Այն կարող է դրսևորվել որոշումներ մշակողների ու կայացնողների շրջանակում ցանցերի ստեղծմամբ՝ տնտեսական խորհրդատվության ձևով, կամ օտարերկրյա ներդրումների և բազմազգ ընկերությունների մուտք գործելու միջոցով ճանապարհ հարթեն դեպի թիրախային երկրների շուկա։ Թիրախային երկրում տնտեսական ներթափանցման արդյունքը կարող է լինել որոշումների կայացման վրա ազդելը, առաջընթացի կանխումը, ծախսերի ուղղորդումը, պատժամիջոցների խստացումը և շուկաների խաթարումը:

Վերջին կես դարում աշխարհի տարբեր երկրներ զգացել են գերիշխող արևմտյան վարչակարգերի տնտեսական ներթափանցումը։ Օրինակ՝ Արևելյան Եվրոպայի երկրներ, ինչպիսին Լեհաստանն է, Հարավային Ամերիկյան երկրներ, ինչպիսին Բոլիվիան է, ինչպես նաև Ռուսաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո: Բորիս Ելցինի նախագահության օրոք Ռուսաստանի փորձը լավ օրինակ է երկրների քաղաքական և տնտեսական զարգացումներում միջազգային կազմակերպությունների դերակատարության համար։ Ամերիկյան իշխանությունների հետ Ելցինի երկարատև բանակցությունների արդյունքը եղավ ռուս ժողովրդի սարսափելի տնտեսական անկումը։ Որպես բանակցությունների արդյունք, ենթադրվում էր, որ Ռուսաստանը պետք է միանա միջազգային ֆինանսական և արժութային ինստիտուտներին, որպեսզի կարողանա օգտագործել նրանց հնարավորություններն ու կարողությունները իր տնտեսության զարգացման համար։

Բայց դա տեղի չունեցավ՝ չնայած Արեւմուտքի հանդեպ Մոսկվայի կատարած բազմաթիվ զիջումների։ Ելցինի տնտեսական քաղաքականության արդյունքը, որն իրականացվում էր ամերիկյան կառույցների և այնպիսի մարդկանց խորհուրդներով, ինչպիսին է Համաշխարհային բանկի ավագ խորհրդական Ջեֆրի Սաքսը, եղավ Ռուսաստանում գների սարսափելի աճը, գործազրկության աճը, բժշկական ծառայությունների կտրուկ նվազումը, փողոցային հանցագործությունների աճը և կյանքի տեւողության կրճատումը։ Կարճ ժամանակահատվածում տեղի ունեցավ մի այնպիսի աղետ, որը Ելցինի առաջին տեղակալն անվանեց տնտեսական ցեղասպանություն։

----

Շոկ է կոչվում հարվածի միջոցով համակարգում հավասարակշռությունը խաթարող ցանկացած երեւույթ, որը ստեղծում է ճգնաժամային պայմաններին շատ մոտ վիճակ։ Շոկային թերապիան տնտեսությունում սովորաբար ուղեկցվում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են կառավարության կողմից գների և արտարժույթի նկատմամբ վերահսկողության վերացումը, սուբսիդիաների հանկարծակի վերացումը, այլ երկրների հետ առևտրի անմիջապես ազատականացումը և շատ դեպքերում հանրային ակտիվների մասնավորեցումը: Ջեֆրի Սաքսը տնտեսական այս մոդելի կողմնակիցներից է։ Որպես միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի խորհրդատու, նա հայտնի է որպես զարգացող երկրներում շոկային թերապիայի առաջնորդներից մեկը։

1985 թվականին Բոլիվիայի ճգնաժամային տնտեսության համար Սաքսի շոկային բուժման քաղաքականության արդյունքը եղավ 61%-ով սոցիալական ապահովության իրավունք ունեցող մարդկանց կրճատումը, 30%-անոց գործազրկությունը և գործազուրկ բոլիվացի աշխատավորների կողմից թմրամիջոցների մշակման և արտահանման աննախադեպ աճը: Շոկային թերապիա իրականացնելու նպատակով Բոլիվիայում արտակարգ դրություն է հայտարարվել բողոքի ցույցերին դիմագրավելու համար։ Ոստիկանությունը հարձակվել է բոլոր քաղաքացիական հաստատությունների վրա, արգելվել են երթերն ու քաղաքական հավաքները։ Ձերբակալվել և Ամազոնի ջունգլիների հեռավոր բանտեր են տարվել 1500 մարդ, այդ թվում՝ նախկին նախարարներ և սենատորներ, իսկ անագի հանքի բանվորները աշխատանքից ազատվել են բողոքի ակցիայի համար։

Ջեֆրի Սաքսի տնտեսական ցուցումների փորձը հաճելի կարգախոսների տեսքով, ինչպիսիք են կայուն զարգացումը, վարկավորումը և շոկային թերապիան, այլ երկրների, այդ թվում Արգենտինայի ու Լեհաստանի համար նույնպես հանգեցրին այդ երկրների բնակիչների վիճակի վատթարացմանը: Վերջին տասնամյակում Իրանի դեմ տնտեսական պատերազմի և ԱՄՆ-ի ու Արևմուտքի պատժամիջոցների պիկի ժամանակ նման անցյալ ունեցող այս անձնավորությունը Իրանի այն ժամանակվա որոշ պաշտոնյաների կողմից երկու անգամ հրավիրվել է, այդ թվում «Գլոբալ տնտեսությունն ու պատժամիջոցները» թեմայով համաժողովին մասնակցելու համար։ Հարց է ծագում, թե նա ի՞նչ տարբերակ կարող է ունենալ Իրանի համար պատժամիջոցները հարթելու գործում։ Արդյո՞ք արևմտամետ հոսանքի օգնությամբ Իրանում ևս պետք է իրականացվեն շոկային թերապիայի ձախողված լուծումները։ Ո՞րն էր Ջեֆրի Սաքսի և նրա լուծումների կապը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2030 կոչվող փաստաթղթի գաղտնի իրագործման, Փարիզի համաձայնագրի և այդ ժամանակահատվածում երկրում մասնավորեցման տարօրինակ, չկանոնակարգված ու անսանձ գործընթացների և աշխատողներին ճնշելու հետ։ 2020թ. Սեպտեմների 10-ին  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2030 կոչվող փաստաթղթի մասին ասել է. 
«Եկեք մտածենք, թե ինչո՞ւ են աշխարհի բռնակալներն ու փարավոնները այդքան մտածում ու համառորեն ցանկանում, որ ներթափանցեն այլ երկրների կրթության ու դաստիարակչության համակարգի մեջ։ Սրա մասին պետք է մի քիչ խորհել։ Այս ներթափանցումն երբեմն «2030» փաստաթղթի պես արվում է մեծ աղմուկով, և այդ  աղմուկն աշխարհը պատում, թե սա բոլորի համար է: Սա նշանակում է արևմտյան մշակույթի ու ապրելակերպի և արևմտյան նպատակների ազդեցությունը աշխարհի բոլոր երկրներում։ Ինչո՞ւ։ ի՞նչ պատճառով։ Ինչո՞ւ պետք է մեր երկրի պես խորը արմատներով,  աստվածային ու հավատամքի մշակույթով պետությունը և Իրանի ակնառու և փայլուն մշակույթը հայտնվի նոր, նյութական, սխալ և ձախողված քաղաքակրթությամբ ու մշակույթով մարդկանց ուսուցմունքների ազդեցության տակ: Այսօր Արևմուտքի սոցիալական փիլիսոփայությունը ձախողվել է հենց Արևմուտքում։»

Հարկ է նշել, որ Ջեֆրի Սաքսը աշխարհում գունավոր հեղափոխությունների կամ թավշյա հեղաշրջումների հայրը համարվող Ջորջ Սորոսի մոտիկ մարդկանցից է, ով հայտնի է ԱՄՆ-ին հակադրվող երկրներում գունավոր հեղաշրջումների ֆինանսավորմամբ։ Հրեա ծագումով ամերիկացի մեծահարուստ Սորոսը հանդիսանում է ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ տնօրենը և Հանուն Ժողովրդավարության հանգանակությունների ազգային հիմնադրամի (NED) տնտեսական գործընկերը, և մասնակցություն ունի նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում աշխատող այլ վերլուծական կենտրոններում։  Նա չի թաքցնում իր հակակրանքն ու ատելությունը իսլամի և իսլամական հեղափոխության նկատմամբ։ 2008 թվականին Իրանում ամերիկա-իսրայելական դավադրության պարտությունից հետո, որում նա առանձնահատուկ դեր է ունեցել, 2010 թվականի հունիսի 10-ին CNN-ին տված հարցազրույցում ասել է. «Ես պատրաստ եմ գրազ գալ, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմը մինչև հաջորդ տարի այլևս գոյություն չի ունենալու»։ Դրանից հետո ևս Ջորջ Սորոսը բազմիցս ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության տապալման անհրաժեշտությունը։

Իհարկե, ներթափանցումն առանց լրատվամիջոցների այնքան էլ հաջողություն չի ունենալու։ Լրատվամիջոցները կարող են փոխել երկրի ժողովրդի հայեցողությունն ու մտավոր պատկերը ինչպես միմյանց, այնպես էլ իշխանությունների նկատմամբ, և մեծացնել տնտեսական ներթափանցման արդյունավետությունը իրենց կողմից ստեղծվող հոսանքներով։ Փաստորեն, տնտեսական ազդեցության կարևոր գործիքներից մեկը համախոհ լրատվամիջոցների ուժեղացումն է և այն հաղորդումների ու նորությունների ճոխացումն ու ընդգծումը, որոնցից ներթափանցողները ավելի մեծ օգուտ են քաղում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո տարիների ընթացքում երկրի ԶԼՄ-ների ոլորտում ներթափանցող հոսանքը բազմիցս փորձել է նսեմացնել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության ոլորտում հեղափոխության կարևոր ձեռքբերումները՝ հատկապես երիտասարդության շրջանում հուսահատության և հուսալքության ոգի սերմանելու համար։ Այս ուղղությամբ և տնտեսական ներթափանցման գործընթացում իսլամական հեղափոխությանը դեմ լրատվամիջոցները՝ ուռճացնելով տնտեսական խնդիրները, և նսեմացնելով կամ նույնիսկ չհիշատակելով ձեռքբերումները տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, նավթն ու գազը, էլեկտրաէներգիան և արդյունաբերությունը և այլն, փորձում են մութ ու մշուշոտ ներկայացնել գալիք տեսլականը: Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խոսքերով, այսօր ճշմարտության ճակատի դեմ թշնամու կռիվը հեշտ չէ, այն բարդ խնդիր է։ Դրա համար նրանք դիմում են փափուկ պատերազմի միջոցին և անում են ամեն ինչ, որպեսզի պղտորեն մարդկանց միտքը։ Սա մեր ուժի ու հզորության շնորհիվ է:

----