Իրանում գնաճի զսպումը և արտադրության աճը (15)
https://parstoday.ir/hy/radio/iran-i208438-Իրանում_գնաճի_զսպումը_և_արտադրության_աճը_(15)
ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Գնաճը Իրանի տնտեսական մարտահրավերների վրա ազդող գործոններից մեկն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2023 07:42 Asia/Tehran

ԻԻՀ մեծարգո առաջնորդը իրանական օրացույցով 1402 թվականի կարգախոսն անվանել է «Գնաճի զսպում և արտադրության աճ»: Գնաճը Իրանի տնտեսական մարտահրավերների վրա ազդող գործոններից մեկն է։

Նախորդ հաղորդումների ընթացքում գնաճի հասկացությունը քննարկելիս անդրադարձել ենք իրանական 1310 թվականից մինչ այժմ Իրանի տնտեսության գնաճի ընթացքին, ինչպես նաև Իրանում գնաճի արտաքին պատճառներին։ Այս հաղորդման ընթացքում դիտարկելու ենք Իրանի տնտեսությունում գնաճի բարձրացմանն ուղղված պատժամիջոցների քաղաքականություն որդեգրելու թշնամիների նպատակները։

Ինչպես նշվել է նախորդ հաղորդումներում, Իրանում գնաճի հիմնական պատճառներից է թշնամիների քաղաքականությունը, հատկապես անարդար պատժամիջոցների կիրառումը։ Կարևոր հարցն այն է, թե ինչ նպատակներ են հետապնդում թշնամիները՝ որդեգրելով այս քաղաքականությունը Իրանի տնտեսությունում գնաճը բարձրացնելու համար։ Փաստորեն, այս հարցի պատասխանը գնաճի հետեւանքներից մեկն է։

Առաջին նպատակը Իրանի տնտեսական աճի նվազեցումն է։ Գնաճային պայմաններում նվազելու են իրական աճի ներուժը, իսկ սպասելիքների կողմնորոշվածությունը կանխատեսելի չէ։ Լիկվիդայնության աճը կարող է առաջին հերթին հանգեցնել ակտիվների շուկայի անկայունության, որը այլ շուկաների անկայունության պատճառ է դառնալու: Տնտեսության իրական հատվածում սպառնալիք է հանդիսանում տնտեսական աճի կարողությունների նվազեցումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները, հատկապես մեկ շնչի հաշվով եկամտի կրճատումն ու աղքատության աճը։ Տնտեսական աճի նվազումը այլ բարդություններ ու հետեւանքներ էլ ունի։ Տնտեսական աճի նվազման ամենակարևոր բացասական հետևանքներից են երկրի և տարածաշրջանային մրցակիցների միջև տնտեսական հզորության անջրպետի խորացումը, վերաներդրումների ռեսուրսների նվազումը, մեկ շնչի հաշվով եկամտի նվազումը, սոցիալական բարեկեցության նվազումը և աղքատության աճը։ Մասնավորապես, սոցիալական բարեկեցության նվազումն ու աղքատության աճը կարող են դառնալ սոցիալական անկայունության պատճառ։

Իրանի տնտեսության դեմ գնաճային քաղաքականություն որդեգրելու թշնամիների մյուս նպատակը տեղական արտադրության կրճատումն է։ Տեղական արտադրությունը և տնտեսական աճը երկրի տնտեսության կատարողականի կարևորագույն ցուցանիշներից են։ Վերջին տարիներին գնաճի շատ բարձր մակարդակը, որը պատուհասել է Իրանի տնտեսությանը, պատճառ է դարձել, որ «փոքր ծավալներով արտադրությունը» դառնա երկրի տնտեսության հստակ առանձնահատուկություն։ Միտում, որը վերջին տարիներին մի կողմից  միջազգային պատժամիջոցների ընդլայնումից, իսկ մյուս կողմից՝ կորոնավիրուսի համաճարակից հետո ուժեղացել է թռիչքաձև։ Այս պայմանների արդյունքը կարելի է համարել ներդրումների և արտադրության նվազում։ Իրանի տնտեսության դեմ շարունակվող պատժամիջոցների հետևանքով նվազող միտում է ունեցել երկրի ապրանքաշրջանառությունը, միևնույն ժամանակ խիստ ծախսատար է դարձել։

Մյուս կարևոր նպատակը Իրանի հասարակության մեջ աղքատության և անհավասարության խնդիրների խորացումն է: Գնաճը ունենում է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Գնաճի ամենակարևոր հետևանքը լինելու է բաշխման ձևը։ Գնաճի դեպքում բաշխումը կատարվում է հօգուտ բարձր եկամուտ ունեցող խավերի՝ ի վնաս ցածր եկամուտ ունեցող, աղքատ և աշխատավարձ ստացող խավերի։ Գնաճը հարվածում է նրանց, ովքեր ունեն ֆիքսված եկամուտ և օրեցօր իջեցնում է նրանց գնողունակությունը։ Բայց, մյուս կողմից, դա օգուտ է բերում նրանց, ովքեր ունեն փոփոխական եկամուտներ, և գնաճի առաջացման ու գների բարձրացման դեպքում նրանք իրենց ապրանքներն ու ծառայություններն առաջարկում են ավելի թանկ գնով: Աղքատության ու անհավասարության խորացումը հասարակության մեջ դժգոհություն է առաջացնում։

Արտադրության արդյունավետության և ներդրումների վերադարձի հեռանկարում անորոշության և անվստահության առաջացումը ևս բացասական հետևանք է ազգային տնտեսության համար, այլ խոսքով,  անվստահության մակարդակի բարձրացմամբ գնաճը հանգեցնում է ներդրումների նվազմանը (իր բոլոր դրսևորումներով, ներառյալ ֆիզիկական, մարդկային և գիտելիքային կապիտալով)՝ և արտադրության նվազմանը։

Հարստության բաշխման փոփոխությունը հօգուտ հարուստ և ի վնաս աղքատ խավերի, նույնպես տնտեսության մեջ գնաճի հետևանքներից է, որովհետև գնաճային պայմաններում փողի արժեզրկումը կանխելու համար օգտագործվող ակտիվները, ինչպիսիք են բնակարանները, հողատարածքները և բազմաբնակարան շենքերը գնելու համար պահանջում են մեծ գումարներ, և ցածր եկամուտ ունեցող մարդիկ ի վիճակի չեն դա անել: Մյուս կողմից, գնաճի առաջացման պայմաններում հարուստները ձգտում են գնել ակտիվներ (գնաճի վահան)՝ իրենց եկամուտներին համապատասխան։ Արդյունքում՝ աղքատներն ավելի են աղքատանում, իսկ հարուստները՝ ավելի հարստանում։ Գնաճը մեծացնում է ունեցվածքի տարբերությունը դեցիլային խմբերի միջև։ Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները եկել են այն եզրակացության, որ Իրանի դեմ գնաճային քաղաքականություն որդեգրելով՝ կարող են խորացնել սոցիալական դասակարգային խավերի միջև անջրպետը՝ հիմք ստեղծելով սոցիալական անապահովության համար։

******

Անկասկած, թշնամիների հիմնական նպատակներից մեկը վարչակարգի սոցիալական կապիտալի նվազեցումն է։ Սոցիալական կապիտալն ունի բազմաթիվ կողմեր ու բաղադրիչներ, որոնք համապատասխանում են հասարակության մշակույթին. Բաղադրիչներ, ինչպիսիք են վստահությունը, քաղաքացիական ինստիտուտներում ներգրավվածությունը, այլոց հետ պատշաճ շփումը, պարտավորությունը, պատասխանատվությունը, համագործակցությունը և այլն: Հետազոտողները կարծում են, որ սոցիալական կապիտալի ամենակարևոր բաղադրիչը վստահությունն ու հուսալիությունն է:  Ֆուկույաման սոցիալական կապիտալը սահմանում է որպես սոցիալական համակարգերում նորմերի շարք, որոնք բարձրացնում են այդ հասարակության անդամների միջև համագործակցության մակարդակը՝ նվազեցնելով փոխանակման ու հաղորդակցության ծախսերը: Հասարակության խավերի տեսանկյունից գնաճը նշանակում է կառավարության անարդյունավետություն՝ քաղաքականություն մշակելու գործում։ Գնաճի կտրուկ աճով նվազում է մարդկանց գնողունակությունը, հետևաբար՝ խախտվում է մարդկանց՝ իրենց  փողերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Գնաճի մակարդակը նվազեցնում է տնտեսական սուբյեկտների միջև վստահությունը, քանի որ դա խախտում է սեփականության իրավունքները։ Երբ գնաճը աճում է կտրուկ, վերանում է վստահությունը ազգաբնկչության և կառավարության միջև, և որ ամենակարևորն է, մարդկանց միջև հարաբերությունները դառնում են շատ դժվար ու ծախսատար:

Գնաճը առաջացնում է վախ ապագայի նկատմամբ, և մարդիկ սկսում են անհանգստանալ, թե ինչ է լինելու վաղը, ինչպես են լինելու իրենց հետագա կարիերան ու կյանքը։ Նման իրավիճակում երկրում անապահովության ու ժողովրդական անկարգությունների հավանականություն կա, և դա այն հարցն է, որի վրա հույսը դրել են Իրանի թշնամիները։

****

Վերջում նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների տեսանկյունից, տնտեսական աճի նվազումը, ներքին արտադրության նվազումը, աղքատության և անհավասարության աճը, դասակարգային խավերի միջև անջրպետի խորացումը, ապագայի նկատմամբ անվստահությունը և սոցիալական կապիտալի նվազումը ի վերջո հող են պատրաստում ներքին անկարգությունների և կառավարության ու ազգաբնակչության միջև անջրպետի խորացման համար։ Փաստորեն, Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիների ամենակարեւոր նպատակն է թուլացնել կառավարությանը ներսից՝ գնաճ պարտադրելով Իրանի տնտեսությանը, եւ ճնշում գործադրել՝ այդ խնդիրը արեւմտյան քաղաքականությանը համահունչ դարձնելու համար: Հարկ է նշել, որ կառուցվածքային խնդիրներն ու սխալները, որոնք տեղի են ունենում քաղաքականության և տնտեսության ոլորտում, նույնպես օգնել են թշնամիներին առաջ մղել իրենց քաղաքականությունն ու նպատակները։