Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից(1)
Իրանի իսլամական հեղափոխությունը, անշուշտ, քսաներորդ դարի ամենանշանակալի իրադարձություններից մեկն էր։
Հեղափոխության առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա մեջ ներգրավված էին հասարակության գրեթե բոլոր խավերը՝ այն մարդիկ, ովքեր պայքարում էին շահի բռնի ռեժիմի դեմ։ Իրանի իսլամական հեղափոխության հաջորդ կարևոր առանձնահատկությունը դրա կրոնական բնույթն էր։ Հեղափոխության հաղթանակի 38-ամյակի կապակցությամբ ձեզ համար պատրաստել ենք երեք կարճ հաղորդում, որում կներկայացնենք Իրանի իսլամական հեղափոխության մասին արևմտյան մտավորականների կարծիքները։
Երեք հայտնի իրանագետներ՝ անգլիացի Պիտեր Ավերին, Տեխասի համալսարանի պատմության դասախոս Գավին Համբլին և Քեմբրիջ համալսարանի՝ Միջին Արևելքի և Ասիայի ուսումնասիրությունների ֆակուլտետի Իրանի պատմության դասախոս Չարլզ Մելվիլը համատեղ ուժերով «Իրանի պատմությունը փահլավիների ժամանակաշրջանում(Ռեզա շահից մինչև իսլամական հեղափոխություն)» վերնագրով գիրք են հրատարակել, որում մանրամասնորեն ներկայացված է հեղափոխության կրոնական և ժողովրդական լինելու առանձնահատկությունները։
Գրքում մասնավորապես գրված է․ «1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը առանձնանում էր երկու հիմնական կողմերով․ առաջին առանձնահատկությունը հասարակության լայն զանգվածների մասնակցությունն էր հեղափոխական շարժմանը, որը աննախադեպ երևույթ էր քսաներորդ դարում, իսկ երկրորդը՝ դրա իսլամական բնույթն էր գաղափարախոսական, կազմակերպման և առաջնորդման տեսանկյուններից։ Հատկանշական է, որ Իրանի բոլոր՝ մեծ ու փոքր քաղաքները այդ օրերին մոբիլիզացրեցին իրենց ուժերը շահական ռեժիմի դեմ պայքարելու համար։ Հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչ տղամարդիկ և կանայք համախմբվեցին և պայքարեցին, որպեսզի տապալեն շահական համակարգն ու չթողնեն օտարներին խառնվել Իրանի ներքին գործերին»։
Երեք հանրաճանաչ իրանագետները այս գրքում ներկայացրել են նաև իսլամական հեղափոխության և սահմադրական հեղափոխության տարբերության, ինչպես նաև անդրադարձել են երկրորդ աշխարհամարտից հետո նավթարդյունաբերությունը ազգայնացնելու շարժմանը։ Գրքի մեկ այլ հատվածում գրված է․ «Անկասկած, քսաներորդ դարում տեղի ունեցած և իշխանության կամ օտարերկրացիների ազդեցության դեմ մղված ոչ մի հեղափոխություն չէր կարողացել նման հսկա ուժով պայքար մղել իր նպատակների համար։Հեղափոխությունը սկզբնապես կրոնական և ոչ կրոնական, ինչպես նաև ազգային ուժերի կոալիցիոն գործունեություն է եղել, իսկ 1979 թվականին հաղթանակել է իբրև ամբողջովին իսլամական հեղափոխություն»։
Գրքում հեղափոխության իսլամական բնույթի մասին գրված է․ «Հեղափոխական բողոքի ակցիաների և ցույցերի ընթացքում վանկարկված կարգախոսները մեծ մասամբ իսլամական են եղել։ Հեղափոխականների գլխավոր զենքը աղոթքը, անձնազոհությունը և Մոհառամ ամիսն են եղել, որոնք հույս ու հավատ են ներշնչել մարդկանց՝ պայքարը շարունակելու համար։ Հատկանշական է նաև, որ այդ օրերին որպես հեղափոխության կարևոր կենտրոններ ծառայում էին մզկիթները»։