Գեղարվեստական հաղորդում (138)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանական երկու մուլտֆիլմեր և մեկ վավերագրական ֆիլմ հաջողություններ արձանագրեցին միջազգային կինոփառատոներում:
Քիանուշ Աբեդիի «Ալֆաբեթ» կարճամետրաժ մուլտֆիլմը, որ այս պահին միջազգային փառատոներում շահած մրցանակների տեսակետից Իրանում ռեկորդակիր է համարվում, շահեց ամերիկյան փառատոնի մրցանակը:
ԱՄՆ-ի Արվեստագետների միության կինոփառատոնն «Ալֆաբեթ»-ին հանձնեց լավագույն մուլտֆիլմ անվանակարգի մրցանակը:
Այս կինոփառատոնի երրորդ շրջանը հոկտեմբերի 11-ից 13-ն անցկացվեց Նյու Յորքում:
Ալի Զարե Ղանաթ Նոյիի «Թափուր տեսադաշտ» մուլտֆիլմն էլ մասնակցելով ԱՄՆ-ի «Ստրասբուրգ» կինոփառատոնին, լավագույն մուլտֆիլմ անվանակարգի մրցանակի թեկնածու է ճանաչվել:
Հիշյալ կինոփառատոնը նոյեմբերի 9-ից 11-ը տեղի կունենա ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում:
Իրանական կինոյի ոլորտի մյուս հաջողությունը պատկանում է Մոհամմեդռեզա Վաթան Դուսթի «Լութուս» վավերագրական ֆիլմին:
Հիշյալ վավերագրական ֆիլմը Չեխական Հանրապետության «Ջիլավա» վավերագրական ֆիլմերի միջազգային 22-րդ փառատոնում ներկայացնում է Իրանը:
Հոկտեմբերի 25-ին մեկնարկած կինոփառատոնն իր արդյունքներ կամփոփի հոկտեմբերի 30-ին:
Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսին։
Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը ողջունելով բոլորին ու օրվա հերոսին, տեղեկացրեց, որ մոտ ապագայում ևս կկազմակերպվեն նրա նոր աշխատությունների ու գրքերի շնորհանդեսները սիրված օջախում: Միջոցառումը վարում էր հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանն, ով շնորհանդեսի ընթացքում մի քանի խոսքով ներկայացրեց գիրքն ու այն դժվարին ու ծանր տարիները, երբ ապրել են սիրված մտավորականն ու ընտանիքի անդամները։ Ելույթներով հանդես եկան գրականագետ Անի Փաշայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի կցորդ Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, գրող հրապարակախոս Թորոս Թորանյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը և այլք:
Միջոցառման ընթացքում գրքից հատվածների ընթերցումներով և ասմունով հանդես եկան ասմունքող Աիդա Ասատուրյանն ու դերասանուհի Գայանե Սամվելյանը: Միջոցառման ընթացքում գեղեցիկ հորովելների կատարումով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հարությունյանը: Վերջում շնորհակալական ելույթով ու գրքի, ինչպես նաև հայ ճանաչված մտավորականների ծննդյան ու անցած ուղու մասին խոսեց Վարանդը: Գրքում ներկայացված են հիմնականում մշակութային ավանդույթներ, որոնց հիմքում ընկած է մեր հայրենիքը՝ Հայաստանը, անցյալ դարի մտավորականների անցած ուղին ու գործունեությունը: Գրականագետներից շատերի կարծիքով այն կարող է դառնալ պատմա-վավերագրական ֆիլմի սցենարի աղբյուր:
Ի վերջո գիրքը հեղինակը նվիրել է մեր պետության պետականության 100 ամյակին: Իրանահայ նկարիչ, ասմունքող, բանաստեղծ եւ թարգմանիչ Վարանդը (բուն անունով՝ Սուքիաս Քիւրքչեան), ծնվել է 1954 թ. Թեհրանում՝ Ցեղասպանությունից վերապրածների գերդաստանում։ Տարրական եւ միջնակարգ կրթությունն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դաւթեան» դպրոցում։ 1978-79 թթ. եղել է Փարիզում եւ Անգլիայում, աշխատել եւ հետեւել արվեստի ու լեզվի դասընթացներին։ Ուսանել է հայերենագիտություն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր եւ դասավանդել է իբրեւ հայոց լեզվի եւ գրականության դասախոս։ Անց է կացրել նաեւ Արվեստից պատմության դասընթացների մագիստրական շրջանը։ 2000 թ. Էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից արժանացել է դոկտորական կոչման։
Նոյեմբերի 7-ին Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը:
Ամենամյա գիտաժողովին մասնակցելու են միջազգային համբավ վայելող նարեկացիագետներ Ժան-Պիեռ Մահեն, Թեո Մաարտըն վան Լինտը, Ռոբերտա Էրվինը, Գրիգոր Պըլտյանը և ուրիշներ:
Գիտաժողովի ավարտին տեղի կունենա գրքերի շնորհանդես, այդ թվում՝ կներկայացվի Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի վերջերս հրատարակված հոլանդերեն թարգմանությունը:
Ռուսաստանից անկախ մուլտիպլիկատորների խումբը Indiegogo համացանցային հարթակում ակցիա է սկսել ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա մուլտֆիլմ նկարահանելու համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով։
intermedia.ru-ի հաղորդմամբ, նախագիծը եզակի է ժամանակակից հայրենական մուլտիպլիկացիայի համար, իրենից ներկայացնում է պլաստիլինից պատրաստված լիամետրաժ մուլտֆիլմ stop motion տեխնիկայով։
«Այս ֆիլմը ձեր երազանքը գողանալու քաջության մասին է, նրա վրա քառատրոփ սլանալու երջանկության, կորստի դառնության և ներման իմաստության մասին»,- նշված է մուլտֆիլմի մասին պատմող տեսանյութում։
Արդեն մի քանի տարի է ֆիլմի վրա աշխատանքները շարունակվում են, ներկա պահին նյութի մեծ մասը նկարահանված է։ Կոլորիտը պահպանելու համար բոլոր երկխոսությունները լինելու են հայերեն, կադրից դուրս պատմությունը ռուսերենով ներկայացնելու է կերպարներից մեկը։ Նախատեսվում է ձայնագրությունն անել Հայաստանում։
Դամասկոսի ազգային թանգարանը յոթ տարվա ընդմիջումից հետո պատրաստվում է բացմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության ղեկավար Մաամուն Աբդել Քերիմը SANA –ին ասել է, որ երկար սպաստված իրադարձությունը տեղի կունենա կիրակի։ Միաժամանակ կկայանա նաև «Թանգարանների դերը ազգային ինքնության ամրապնդման գործում» թեմայով սեմինար։
«Վերանորոգումից հետո մենք բացում ենք դահլիճների միայն կեսը, որոնք վերաբերում են հնագույն արվեստին, հունա-հռոմեական և բյուզանդական շրջանին, նաև իսլամական քաղաքակրթությանը»,- նշել է Մ. Քերիմը։
Նրա խոսքով, ցուցադրվելու են ցուցանմուշներ, որոնք նախկինում չեն ցուցադրվել թանգարանում, հայտնաբերվել են սիրիական բանակի կողմից ահաբեկիչների թաքստոցներից։
«Այդ մասունքները կարող էին ընդմիշտ անհետանային Սիրիայից, բայց մեր զինվորների հերոսության շնորհիվ դրանք վերադարձվել են»,- ընդգծել է նա։
Մ. Քերիմը հիշեցրել է, որ թանգարանային հավաքածուն հավաքվել է 1919 թվականից ի շնորհիվ պեղումների, որոնք իրականացվել են Սիրիայի տարբեր վայրերում։ Շենքը բացվել է 1936 թվականին, բայց հետո մի քանի անգամ վերակառուցվել է։
Ամերիկացի գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի նախկինում չհրապարկած երկու պատմվածք կտպագրվեն 2019 թվականի ամռանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է գրողի գրական ժառանգության կառավարիչ Մայքլ Կատակիսը։ 1950-ականների կեսերին գրված «The Monument» և «Indian Country and the White Army» պատմվածքները լրացնելու են գիրքը՝ «Ում մահն է գուժում զանգը» վեպի հերթական վերահրատարկմամբ։
Գրքում ներառված է լինելու նաև «A Room on the Garden Side» պատմվածքը, որը առաջին անգամ հրապարակվել էր Strand Magazine ամսագրում միայն այս օգոստոսին։
1956 թվականին Հեմինգուեյը գրել է հինգ պատմվածք՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում որպես թղթակից իր փորձին։ Ենթադրվում է, որ նա խնդրել է հրատարակիչ Չարզլ Սկրիբերին հրապարակել այդ տեքստերը իր մահից հետո՝ հաշվի առնելով դրանց «բավականին ցնցող» բովանդակությունը, որոնք պատմում են «անկանոն զորքերի և մարդկանց մասին, ովքեր սպանում էին այլ մարդկանց»։ Այդ հեքիաթներից մեկը՝ «Black Ass at the Crossroads», մի քանի տարի առաջ էր հրապարակվել։ Իսկ թե կհրապարակվի մյուս՝ «The Bubble Reputation» պատմվածքը, անհայտ է։
Ուելսից ուսանողները ստացել են Սթիվեն Քինգի պատմվածքի էկրանավորման իրավունքը խորհրդանշական՝ ընդամենը 1 դոլարով։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ 16-ամյա Ալֆի Էվանսը և 14-ամյա Քերիս Քլիֆն այդ առիթով կապվել են գրողի հետ և շուտով ստացել դրական պատասխան։
«Շատ հիանալի էր։ Պայմանագիրը կնքվել է մի քանի օր անց»,- ասել է տեղի կինոընկերության ռեժիսոր Քեվին Ֆիլլիպսը, ով օգնելու է երեխաներին նկարահանումների ժամանակ։
Պայմանավորվածության համաձայն, ուսանողները չեն կարող եկամուտ ստանալ Քինգի պատմվածքի էկրանավորման ցուցադրություններից, բայց պետք է նրան ուղարկեն ֆիլմի կրկնօրինակը։ Այժմ Էվանսն ու Քլիֆը աշխատում են ապագա ֆիլմի սցենարի վրա։ Նրանք հույս ունեն ֆիլմը ներկայացնել կինոփառատոնում։
Էկրանավորման իրավունքի փոխանցումն իրականացվել է «Dollar Babies» նախագծի շրջանակում, որը ստեղծել է Սթիվեն Քինգը, որպեսզի ուսանողներին հնարավորություն տա իր պատմվածքներից մեկի հիման վրա ֆիլմ նկարահանել։
Արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված «Էդմոնդ Բելամուի դիմանկարը» կտավը Նյու Յորքում Christie's աճուրդում վաճառվել է 432,5 հազար դոլարով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է աճուրդային տան կայքում։
Նկարի ստեղծմամբ զբաղվել է ֆրանսիացի 25-ամյա երեք ուսանող։ Նրանք մշակել են ալգորիթմ, որի օգնությամբ համակարգիչը կարող է ստեղծել բնօրինակ նկար հայտնի նկարիչների ստեղծագործությունների հիման վրա։
«Մենք շնորհակալ ենք Christie's-ին, որը հնարավորություն տվեց սկսել երկխոսություն արվեստագետների աշխարհի հետ»,- նշված է կոլեկտիվի հայտարարության մեջ։
Նախապես լոտը գնահատվել էր 7-10 հազար դոլար։ Նկարն արվեստի առաջին գործն էր, որը ստեղծված է արհեստական ինտելեկտի օգնությամբ, որն աճուրդային տունը վաճառել է իր 252-ամյա պատմության ընթացքում։
Բրիտանացի նկարիչ Բենքսիի ստեղծագործությունների գինը կտրուկ բարձրացել է «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) կտավի սկանդալային «ինքնաոչնչացումից» հետո։ Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է նկարչի երեք կտավ, բոլորն էլ մի քանի անգամ ավելի թանկ, քան նախապես հաշվարկել էին կազմակերպիչները։
Եվրանյուզը գրում է, որ ամենաթանկը վաճառվել է «Կանգնիր և որոնիր» կտավը։ Աճուրդային տունը պլանավորել էր այդ ստեղծագործության համար ստանալ 30 հազար եվրո, արվեստի սիրահարն այն գնահատել է 65 հազար եվրո։ Մյուս աշխատանքը վաճառվել է 36 հազար եվրոյով, իսկ մեկ այլ կտավ՝ է 11 հազար 700 եվրո։
Հիշեցնենք, որ Sotheby's աճուրդում Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը։