Գեղարվեստական հաղորդում (140)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եւա» ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել միջազգային կինոփառատոներում:
«Ֆարաբի» հիմնադրամի հանրության կապերի բաժինը տեղեկացնում է, օրերս Լոս Անջլեսում կայացած «Արփա» 21-րդ կինոփառատոնում «Եւա»-ն արժանացել է լավագույն ֆիլմի, իսկ Անահիտ Աբադը՝ լավագույն ռեժիսոր մրցանակներին:
«Արփա»-ն ԱՄՆ-ում անկախ ֆիլմերի ամենահին փառատոներից է, որը մշակութային համախոհության և համաշխարհային միասնականության ստեղծման կարգախոսով իր աշխատանքը սկսել է 1997 թվականից:
«Եվա»-ն հայ-իրանական համատեղ արտադրություն է և մինչև այսօր շահել է միջազգային մի շարք մրցանակներ, այդ թվում Կանադայում կազմակերպված «Նուռ» կինոփառատոնի հանդիսատեսի կողմից ընտրված լավագույն ֆիլմի, Ռուսաստանի «Կինոշոկ» փառատոնի լավագույն դերասանուհու և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մի քանի մրցանակները:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ փառատոնն ավարտվել է՝ այդպիսով ազդարարելով 11-րդի նախապատրաստական աշխատանքների սկիզբը: Մոտ մեկ շաբաթ «ՌեԱնիմանիան» Հայաստանը դաձրել էր ոլորտի համաշխարհային դեմքերի և սկսնակ անիմատորների հավաքատեղի:
Այս տարին ՌեԱնիմանիայի տասնամյակն էր, իսկ հայկական անիմացիայի՝ ութսունամյակը:
Փառատոնի բացումն այս տարի նշանավորվել է «Անիմացիայի սրտի զարկերը» համերգով:
Ի դեպ, հայկական անիմացիայի 80 ամյակի առթիվ, «ՌեԱնիմանիա» փառատոնի հավերժության հուշամեդալով պարգևատրվել են Տիգրան Մանսուրյանը, Ստեփան Շաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և Ռուբեն Հախվերդյանը՝ հայկական անիմացիոն ֆիլմերի համար ստեղծած երգերի և երաժշտությունների համար:
Փառատոնի մամուլի ծառայության հաղորդմամբ, փառատոնը հյուրնկալել էր համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի ինչպիսիք էին Էրիկ Պապեն, Սթեֆըն Կազանչյանը, Հենրի Հովհանեսյանը և Ժերալդին Բաշե, Արթուր Դեպինս, Կորին Դետոմբ, Գորյուն Աֆրիկյան, Դավիդ Դուտել, Վասկո Սա, Ռեժինա ՏեսոաԱբել Ալվարես։ Նրանք ոչ միայն գնահատել են ցուցադրվող ֆիլմերը, այլև վարպետության դասեր անցկացրել երիտասարդ անիմատորների համար։
Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան 100 երկրից՝ մոտ 2,000 անիմացիոն ֆիլմով: Արդյունքում փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու շուրջ 400 ֆիլմ՝ ներառված 5 մրցութային ծրագրում:
Հայաստանում ապրող կենսաթոշակառուները հնարավորություն կունենան անվճար այցելելու պետական մշակութային հաստատություններ:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հուշագրի ստորագրմամբ ազդարարեցին երկու գերատեսչությունների կողմից իրականացվելիք համատեղ ծրագրի մեկնարկը: Մակունցի խոսքով` տարեկան 2000 կենսաթոշակառու հնարավորություն կունենա օգտվել այս ծրագրից: «Ծրագրին մեր կենսաթոշակառուները կարող են մասնակցել նոյեմբերի 10-ից: Պետբյուջեից հավելյալ միջոցներ ծրագրի իրականացման համար չեն ծախսվելու»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ առաջիկայում եթե լինեն առաջարկներ մասնավոր մշակութային հաստատություններից, սիրով կընդունեն: Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ տոմսի վրա գրված է լինելու, որ այն վաճառքի ենթակա չէ, իսկ կենսաթոշակառուն այն չի կարողանա փոխանցել իր հարազատին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին նշեց, որ տոմսերը հավասարապես բաշխվելու են: Մշակութային միջոցառման մասին կենսաթոշակառուն կիմանա երեք օր առաջ` զանգով: «Մեր նախարարության առաջնահերթություններից մեկը ներառականության ապահովումն է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել մեր կենսաթոշակառուների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար»,-ասաց նա: Նա նշեց, որ, հնարավոր է, առաջիկայում ծրագրում ներառվեն նաև նպաստառու երեխաներն ու զբաղվածության խնդիր ունեցող երիտասարդները:
Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում մեծանուն կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները կատարեցին թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետա Վարդանյանը, Անահիտ Դիլբարյանը, Լուսինե Հակոբյանը, ալտահար Յանա Դարյանը, ջութակահարներ Դավիթ Հակոբյանը և Սոնա Ազարյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
«Ներկայացնելու եմ ալտի և դաշնամուրի համար գրված Խաչատրյանի սյուիտը: Դրա նոտաները վերջերս են գտնվել Խաչատրյանի նամակների մեջ. այն անգամ տպագրված չէ: Շատ հետաքրքիր գործ է: Ավաղ, Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները հաճախ չեն կատարվում, և այս համերգը դրանք հնչեցնելու հրաշալի հարթակ է»,- նշեց Յանա Դարյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող Դավիթ Հակոբյանը, որը կատարեց կոմպոզիտորի ջութակի սոնատը՝ գրված 1932 թվականին, ասաց, որ Խաչատրյանն ամենավառ հայ կոմպոզիտորներից է, ամենահաջողակն է: «Խաչատրյանի գործերը հնչում են աշխարհի տարբեր բեմերում, կատարում են հանրահայտ երաժիշտներ: Ըստ իս՝ դա մեծ ձեռքբերում է»,- ասաց ջութակահարը:
Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել սիմֆոնիկ և կամերային ինը համերգ։ Կիրականացվի նաև «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում կկատարվեն ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները:
Փառատոնի հիմնադիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:
Հայկական ջազի 80-ամյա պատմությանը նվիրված մի ամբողջ գլուխ ընդգրկվել է Բրիտանիայում հրատարակված «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոդվածի հեղինակ, լրագրող, վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանը:
«Հայկական ջազին անդրադարձող գլխում ներկայացվում է ութսունամյա ջազի ամբողջ պատմությունը: Ամեն ինչ սկսվում է Արտեմի Այվազյանից, Կոնստանտին Օրբելյանից և ավարտվում է Հայաստանի պետական ջազ-նվագախմբով (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց): Հիշատակում կա նաև Հայաստանի ջազ-ասոցիացիայի մասին»,-ասաց հեղինակը:
Մանուկյանը շեշտեց, որ խոսվում է Հայաստանում իրականացված բոլոր ջազ-փառատոնների մասին, բոլոր այն հայ ջազային երաժիշտների, որոնք ութսուն տարվա ընթացքում հայկական ջազի փառքն են կերտել:
Հեղինակի խոսքով` գիրքը հրատարակող կողմը բավականին դժվար է համաձայնել հոդվածը զետեղել գրքում, բայց, հայկական ջազի ազդեցությանը տրվելով, ի վերջո, զիջել է:
Հանրագիտարանը մի քանի օր է, ինչ Երևանում է: Մանուկյանը հույս հայտնեց, որ այն կնպաստի Եվրոպայում հայկական ջազի ճանաչմանն ու տարածմանը: «Կարծում եմ` դա լավ նվեր է հայկական ջազի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ութսունամյակներին»,-եզրափակեց Արմեն Մանուկյանը:
Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը հրատարակել է Զաբել Եսայանի «Վերջին բաժակը» պատվմածքը։
Այս մասին Twitter–ի իր էջում հայտնել է պատմվածքը թուրքերենով թարգմանած Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուն։ Նա շեշտել է, որ գիրքը հաջորդ շաբաթ արդեն տեղ կգտնի գրախանութներում։
«Այն կարծիքին եմ, որ «Վերջին բաժակը» Զաբել Եսայանի ամենահետաքրքիր գործերից է»,–գրել է թարգմանիչը։
Նշենք, որ Զաբել Եսայանի «Վերջին բաժակը» պատմվածքը առաջին անգամ տպագրվել է 1917–ին։
Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն այս տարի շնորհվել է 33-ամյա գրող, Վալերի Մանտոյին՝ պոլսահայ լրագրող, մտավորական, Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի մասին գրած «Le Sillon» («Ակօսը») գրքի համար:
Ինչպես փոխանցում է «Ակօս» պարբերականը, մրցանակը ստանալիս Մանտոն նշել է, որ հիացած է Դինքի գաղափարախոսությամբ և նրա՝ մարդկանց առերեսման բերելու անկոտրում ձգտմամբ:
«Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ սեփական իրավացիությունը ապացուցելն էր, այլ մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», - ասել է գրողը:
Նա նշել է, որ պոլսահայ մտավորականի մասին գիրք գրելու ցանկությունն իր մոտ առաջացել է նրա կենսագրությունը կարդալու առաջին իսկ րոպեներից:
Միջնույն ժամանակ Մանտոն փաստել է, որ իր գրքի մրցանակային դառնալն անակնկալ էր իր համար:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ «Ակօս»-ի խմբագրության առջև:
ԱՄՆ-ում տեղի է ունեցել ոչ միանշանակ դեպք․․․ Ադամ անունով անօթեւան տղամարդը աղբամանում հայտնաբերել է Disney-ի հազվագյուտ նկարներից մեկը եւ 20 կանադական դոլարի դիմաց վաճառել է այն անտիկվար իրերի խանութում՝ չպատկերացնելով դրա իրական գինը։
Խանութի սեփականատեր Ալեքս Արչբոլդը, հասկացել է, որ նկարն անհամեմատ թանկ արժի՝ տեղեկացնում է CBC-ը։
Արչբոլդը երկու շաբաթ Ադամին փնտրելուց եւ գտնելուց հետո նրան վերադարձրել է նկարի վաճառքից ստացված գումարի կեսը։