Գեղարվեստական հաղորդում (142)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) հնչեցրեց Ժիրայր Շահրիմանյանի, Աշոտ Բաբայանի, Սուրեն Զաքարյանի, Նարինե Զարիֆյանի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները: Բոլոր գործերն առաջին անգամ կատարվեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն անցկացվեց նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
«Փառատոնի ընթացքում վեց համերգային ծրագիր է իրականացվել, և հանդիսատեսի հետաքրքրությունը բավականին մեծ էր: Համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճներում: Շուրջ հիսուն կոմպոզիտորի ստեղծագործություն հնչեց փառատոնին: Կային պրեմիերաներ, գործեր, որոնք նոր ձևով մատուցվեցին»,- նշեց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
Նա կարևորեց այն, որ, չնայած ոչ այնքան բարենպաստ պայմաններին, դժվարություններին, ժամանակակից հայ կոմպոզիտորները ստեղծագործում են և բարձրացնում հայ երաժշտական արվեստը:
Սաթյանի խոսքով՝ իր համար էական է, որ կոմպոզիտորները կարողանան պատշաճ ներկայանալ աշխարհին: «Այսօր գրվում են ստեղծագործություններ ոչ միայն մեր հանդիսատեսի, այլև այն երաժշտասերների համար, որոնք ապրում են օտար երկրներում: Այսինքն՝ մենք համամարդկային լեզվով ենք խոսում, և մերօրյա գործերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք միշտ ժամանակակից երաժշտության ավանգարդում ենք եղել: Ապրեն մեր հայ կոմպոզիտորները»,- եզրափակեց Արամ Սաթյանը:
Համերգին որպես մենակատարներ հանդես եկան ալտահար Յանա Դարյանը, հոբոյահար Ռոբերտ Աբրամյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը:
Հոկտեմբերի 22-ին մեկնարկած փառատոնն անցկացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, իր սերնդի ամենապահանջված հայազգի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: Համերգը ղեկավարեց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ՝ Էդուարդ Թոփչյանը:
Համերգը նվիրված էր հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115 ամյակին: Ծրագրում հնչեց Ա. Խաչատրյանի ջութակի կոնցերտը՝ Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ, Սյուիտ «Սպարտակ» բալետից և Շոստակովիչի թիվ 5 սիմֆոնիան: Կոնցերտհաուս Բեռլինում տեղի ունենալիք համերգի կազմակերպիչն ու հրավիրող կողմն է «Հանս Ադլեր» (Hans Adler) գերմանական երաժշտական գործակալությունը: Համերգին աջակցում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը՝ ի դեմս Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանի:
ՀԱՖՆ-ը վերջին անգամ Գերմանիայում համերգով հանդես է եկել Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում 2017թ.-ի նոյեմբերի 25-ին Յենայի ֆիլհարմոնիկի հետ միացյալ համերգով՝ է. Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դեսպան Ա. Սմբատյանը, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։
Փայլանը, անդրադառնալով Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայ պատգամավորն այս կապակցությամբ ասել է. «Ինչու՞ չենք ասում, որ Դոլմաբահչե պալատը մերն է, Աղթամարը մերն է... Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»: Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը: Պատկերացնու՞մ եք այսպիսի մի ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից: Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչու՞ ենք ժխտում: Ինչու՞ չենք ասում, որ Սուլթանահմեթը, Դոլմաբահչե պալատը և Աղթամարը մերն է»:
Նշենք, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչե պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը:
Հայտնի հայ ճարտարապետների ընտանիքը կառուցել է նաև Չըրաղան պալատը, Քուլելի ռազմական վարժարանը և մեծ թվով սուլթանական մզկիթներ:
Իտալական ֆիլմերի սիրահարների դատին հանձնվեց «Հայկական կինոյի իտալական էջերը» ձեռնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձեռնարկի ներկայացման միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում:
Նոյեմբերի 19-ին, Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում ցուցադրվել է իտալական «Երջանիկ՝ ինչպես Լազարոն» ֆիլմը, որը Կաննի փառատոնում մրցանակի է արժանացել: Միջոցառմանը ներկա ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն ընդգծեց, որ ֆիլմն իրեն շատ է դուր եկել, բայց ավելի շատ իրեն հիացրել է դահլիճի լեփ-լեցուն լինելը: Դեսպանը ֆիլմը դիտել է երկու անգամ, առաջինը` օրիգինալ լեզվով, որն ուղեկցվել է անգլերեն մակագրերով, երկրորդն էլ՝ հայերեն մակագրերով: «Ֆիլմը երկու անգամ դիտել եմ և երկու անգամն էլ հիացած էի հայ հանդիսատեսով: Ֆիլմը ծանր էր, բայց հետաքրքիր խոհափիլիսոփայական մտքեր կային»,- նշեց դել Մոնակոն:
Անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նա ասաց, որ դրանք բավականին հին արմատներ ունեն և հավելեց, որ կինոն և, ընդհանրապես, մշակույթն այդ հարաբերություններն ամրապնդելու գործիք են: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ միջոցառումը նվիրված էր կինոյում հայ-իտալական հարաբերությունների ամրությունը հստակեցնելուն: «Մի քանի օրում ստեղծել ենք ձեռնարկը, որը պատմում է հենց այդ հարաբերությունների մասին»,- եզրափակեց Խաչատրյանը:
Միջոցառմանը ներկա մշակույթի նախկին նախարար, «Դանթե Ալիգիերի» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ «Երջանիկ՝ ինչպես Լազարոն» ֆիլմն իր համար շատ անսպասելի բովանդակություն ուներ:
Հայաստանում նոյեմբերի 17-ին մեկնարկել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որի շրջանակում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացվեն եվրոպական 11 երկիր ներկայացնող, ազգային և միջազգային մրցանակներ ստացած նոր ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվելու են մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Գյումրիում և Դիլիջանում:
Փառատոնն անցկացվում է Մշակութային ժառանգության եվրոպական տարում, որի նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը:
Եվրոպական ֆիլմերի փառատոնը կավարտվի նոյեմբերի 30-ին:
Վենետիկի բիենալե 2019-ի բացմանը մնացել է 6 ամսից էլ քիչ ժամանակ, ու արդեն շատ մասնակից երկրներն ընտրել են իրենց տաղավարներում ներկայացվելիք արվեստագետներին, նկարիչներին, ինչպես նաև ցուցադրության գլխավոր շոուի մանրամասները, որը ղեկավարում է Ռալֆ Ռուգոֆը։ Այս մասին հայտնում է artnews-ը։
Վենետիկի բիենալե 2019-ի շրջանակներում, որը կբացվի մայիսին, ներկայացված կլինի հայ-ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու ռետրոսպեկտիվ (հետհայաց) ցուցադրությունը, որը կոչվում է «Արշիլ Գորկի․ 1904-1948», Գորկու ցավալի ու կարճ կյանքի ժամանակահատվածը, որն ավարտվեց ինքնասպանությամբ։
Ցուցադրությանը կներկայացնի Արշիլ Գորկու ողջ կարիերան՝ վաղ շրջանից մինչև նրա զարմանահրաշ վերջին շրջանի աշխատանքները, որոնք կամուրջ էին սյուրռեալիզմի ու աբստրակտ-էքսպրեսիոնիզմի միջև։ Ցուցադրվելու է Արշիլ Գորկու մոտ 80 աշխատանքներ՝ բերված Լոնդոնի՝ «Թեյթ», Փարիզի՝ «Պոմպիդու», Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահներից ու ներկայացվում է Արշիլ Գորկի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը ներկայացնում է Hauser & Wirth պատկերասրահը։
Մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 22-ը շարունակվող ցուցադրության կազմակերպիչներից Էդիթ Դևանին, ով Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի կուրատորն է, ասում է, որ այս ռետրոսպեկտիվ ցուցադրության նպատակն է ցույց տալ, որ Գորկի արտիստի ձայնը լսելի էր ամենասկզբից։
Դևանին նշում է, որ Գորկին նկարչությանը նոր մոտեցում էր սինթեզում։ Օրինակ 1947թ․-ին նկարած նրա «The Beginning» (Սկիզբը) նկարում կարելի է տեսնել Խոան Միրոյի գիծը, Կանդինսկու գունային տարրերը, Ռոբերտո Մատտայի իրականության պատկերների հավասարակշումը՝ երևակայական աբստրակցիաների հետ միասին։ «The Beginning» նկարը բերվելու է Երուսաղեմի թանգարանից։
Մեծագույն աճուրդային տները դրական են տրամադրված Լոնդոնում նոյեմբերի 27-ից մեկնարկող ռուսական արվեստի վաճառքից առաջ։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են Christie's և Sotheby's աճուրդային տների ներկայացուցիչները։ Christie's-ը և Sotheby's-ը արվեստի սիրահարներին ներկայացնելու են ռուսական արվեստի հարյուրավոր լոտեր, այդ թվում նկարներ, սրբապատկերներ, դեկորատիվ կիրառական արվեստի առարկաներ։
«Շուկան, անկասկած, 2014 թվականից հետո վերականգնվում է, ընդլայնվում է։ Մենք տեսնում ենք, որ հաճախորդներն ավելանում են»,- ասել է Sotheby's-ի ներկայացուցիչը։
Sotheby's-ի թոփ-լոտերն են լինելու Կոնստանտին Մակովսկու, Նիկո Փիրոսմանի, Իլյա Ռեպինի կտավները։
Christie's-ի թոփ-լոտերից է Հովհաննես Այվազովսկու «Արևածագը Վենետիկում» կտավը, գնահատվում է 400-600 հազար ֆունտ ստերլինգ (515-775 հազար դոլար)։ Նկարը Այվազովսկին ստեղծել է 1873 թվականին, Ջոն Քլյուգեի մասնավոր հավաքածուից է և «վերջին քսան տարիների արվեստի շուկայում չի հայտնվել»։ Chistie's-ից հայտնել են, որ նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանին:
Լոնդոնում «Ռուսական շաբաթը» ավանդաբար անցկացվում է տարվա մեջ երկու անգամ՝ մայիսի-հունիսին և նոյեմբեր-դեկտեմբերին։ Շաբաթվան մասնակցում են նաև MacDougall's և Bonhams աճուրդային տները։
Կտավը, որի վրա ենթադրաբար կան հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի (1606-1669 թթ.) մատնահետքերը, վաճառքի է հանվել Sotheby's աճուրդում: ՏԱՍՍ-ը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ փորձագետները նկարի գինը նախնական գնահատել են 6 միլիոն ֆունտ սթեռլինգ՝ 7,7 միլիոն դոլար:
Նկարը թվագրվում է մոտավորապես 1655 թվականով և Հիսուսին պատանու տեսքով պատկերող 7 էսքիզներից է:
Նկարչի երկու ենթադրյալ մատնահետք առաջին անգամ 2017 թվականին հայտնաբերել է ռեստավրատոր Միշել վան դեր Լաարը: Նա պնդում է, որ կտավը ստեղծվել է շատ արագ և մատնահետքերի առկայությունը միայն հաստատում է, որ Ռեմբրանդը շտապել է աշխատանքն անելիս:
Sotheby's-ի ներկայացուցիչ Ջորջ Գորդոնը հայտարարել է, որ Ռեմբրանդի մատնահետքերի իսկությունը պարզելն անհնար է, քանի որ չեն հայտնաբերվել համադրելի օրինակներ այլ նկարների վրա:
«Քրիստոսի կերպարով պատանու՝ դեմքի և աղոթքի դիրքում ծալված ձեռքերի էտյուդը» վաճառքի կհանվի առաջին անգամ 60 տարվա ընթացքում Լոնդոնում: