Գեղարվեստական հաղորդում (144)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Իրանական «Թաղի» ֆիլմը շահել է ֆրանսիայի կարճամետրաժ կինոփառատոնի առաջին մրցանակը (Tous Court):
«Թաղի» կարճամետրաժ ֆիլմը, որը նախկինում ստացել է Ֆինլանդիայի «Տամպերե» փառատոնի պատվավոր դիպլոմը եւ Ֆրանսիայում «Գիշերային նշանները» փառատոնի առաջին մրցանակը, արժանացել է Ֆրանսիայի ֆիլմի փառատոնի առաջին մրցանակին:
Ֆիլմը նախկինում ցուցադրվել է Իտալիայի «Մոնտի Կաթինի» փառատոնի մրցութային բաժնում, Իսպանիայի «Ալմերիա»-ի, Գերմանիայի Exground-ի և Թեհրանի կարճամետրաժ կինոփառատոնում:
Դեկտեմբերի 4-8-ը տեղի ունեցավ կարճամետրաժ ֆիլմերի (Tous Court) վեցերորդ փառատոնը Ֆրանսիայում:
Ուրբաթ, 2018 թւի դեկտեմբերի 7-ին, Թեհրանի «Միլադ» աշտարակի Արւեստի սրահում, իրանահայ գեղանկարչուհի՝ Լոլիթա Բաղդասարեանի «Սիրոյ գոյն, յոյս եւ կեանք» խորագրով գեղանկարչութիւնների ցուցահանդէսի բացումը կատարւեց:
Բացման հանդիսութեանը ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Իրանի կանանց եւ ընտանիքի հարցով Ի. Ի. Հանրապետութեան նախագահի օգնական՝ տկն. Մասումէ Էբթեքարը, Թեմակալ առաջնորդի օգնական գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Իրանում ՀՀ հանրապետութեան դեստանութեան եւ այլ դեսպանատների, ազգային իշխանութեան, միութիւնների ներկայացուցիչներ եւ հոծ բազմութեամբ արւեստագէտներ:
Սոյն ցուցահանդէսի տևելու է 10 օր, մինչև դեկտեմբերի 14-ը:
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է 2017-ին, «Գրեմմի»-ի հավակնորդների թվում են։ նրանք ներկայացվել են «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագրություն» անվանակարգում՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերային կատարման համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մրցանակը տրվում է դիրիժորին, հիմնական կատարողին և ալբոմի պրոդյուսերին։
Դմիտրի Խվորոստովսկին 2016 թվականի վերջին հիվանդության պատճառով դադարել էր ելույթ ունենալ օպերային թատրոնների բեմերում, բայց չէր դադարեցրել գործունեությունը։ Նա մահացել է 2017 թվականի նոյեմբերի 22-ին 55 տարեկանում։
Կոնստանտին Օրբելյանը և Դմիտրի Խվորոստովսկին նաև 2017-ին էին «Գրեմմիի» հավակնորդների թվում «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» հնչյունային սկավառակի համար:
«Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 10-ին Լոս Անջելեսում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնի և գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամի նախաձեռնությամբ Նոյեմբերի 20-30-ը կազմակերպվել է հայազգի աշխարհահռչակ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ֆիլմաշարի ցուցադրումը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Փարաջանովին նվիրված 10-օրյա միջոցառման շրջանակներում (Hommage) բեռլինյան հանդիսատեսին ներկայացվեց Փարաջանովի` սահմաններ չճանաչող կինոարվեստն ու նրա ստեղծագործությունների խորությունը:
Նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել փառատոնի փակման արարողությունը, որին հրավիրված են եղել նաև Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և Վրաստանից` Թեո Խատիաշվիլին, ով իր թեկնածուական թեզը պաշտպանել էր Փարաջանովի ստեղծագործությունների մասին:
Ներկաներին ողջունել են «Արսենալ» կինոթատրոնի տնօրեն Միլենա Գրեգորը և Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:
Միջոցառման ավարտին Զավեն Սարգսյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որից հետո ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը:
Դեկտեմբերի 1-ին ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի գիտության, կրթության և մշակույթի նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պոտսդամի ֆիլմերի թանգարանի նախաձեռնությամբ Պոտսդամում բացվել է Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կտևի մինչև 2019թ. հունվարի 16-ը: Ցուցահանդեսին զուգահեռ թանգարանի ֆիլմերի սրահում կցուցադրվեն նաև Փարաջանովի ֆիլմերը:
Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) շնորհելու վերաբերյալ։
Այսպիսով «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել։
«Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան: «Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ:
Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից: Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: Ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում այժմ ընդգրկված է մարդկության համար բացառիկ արժեք հանդիսացող 17 մշակութային արժեք։
Դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված հարթակներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, դեկտեմբերի 7-ին ոգեկոչել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Մեծ աղետի 30-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ՝ դիրիժոր Սմբատյանը նկատել է, որ դեկտեմբերի 7-ին յուրաքանչյուր հայ, որտեղ էլ լինի, պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել մեծ աղետի՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
«Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի, և այս երեկոյի յուրաքանչյուր հնչյուն ոչ միայն հիշատակի հավաստիք է, այլև վերապրումի կոչ»,- ասաց մաեստրո Սմբատյանը։
Հիշատակի երեկոյի ընթացքում հնչել են մալթացի հեղինակներ Յոզեֆ Վելլայի, Ալեքսեյ Շորի և ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Համերգային ծրագրում ներառված են եղել ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ. այդպիսով կազմակերպիչները փորձել էին կամուրջ ստեղծել ներկայի ու անցյալի միջև։ Որպես մենակատար հանդես է եկել ավստրիացի հայտնի դաշնակահար Ինգոլֆ Վունդերը։
Մարիինյան թատրոնում հիշատակի համերգը կայացել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համաշխարհային համերգային տուրի շրջանակներում և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։
Ռուս ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Նիկիտա Միխալկովն անարդար է համարում այն, որ արևմտյան կինոն իրենց մոտ միլիոններ է հավաքում այն դեպքում, երբ այդ ֆիլմերն արտադրող երկրները Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում։ Իր կարծիքը Միխալկովը հայտնել է «Տարվա իրադարձություն» կինոմրցանակաբաշխության ժամանակ։
Նշվում է, որ այդ հայտարարությամբ նա, իր հերթին, աջակցություն է հայտնել ռեժիսոր Կարեն Շահնազարովի առաջարկությունը՝ Ռուսաստանում սահմանափակել ամերիկյան ֆիլմերի վարձույթը։
«Մենք բավականին շատ գումար ենք տալիս մարդկանց, որոնք մեզ չեն հարգում։ Մեր դեմ պատժամիջոցներ են հայտարարել, իսկ մենք նրանց գումար ենք տալիս»,- ասել է Միխալկովը։
Հայտարարելով, որ իր համար, որպես Ռուսաստանի քաղաքացի, վիրավորական է, որ վարձույթից ստացված միլիարդավոր դոլարներով կերակրում են արևմտյա կինոարդյունաբերությունը։
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական թանգարան տարեկան այցելում է 4,3 մլն մարդ: Այս մասին հայտարարել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Էրմիտաժը տարեկան մոտ 4,3 միլիոն այցելու ունի, բայց մենք կարող ենք ընդունել մինչև 5 միլիոն այցելու»,- ասել է նա:
Միխայիլ Պիոտրովսկին նշել է նաև, որ այդ 4,3 մլն-ից 1,4 մլն-ը թանգարան են այցելել անվճար (արտոնություններով):
Նշենք, որ ամեն տարի, դեկտեմբերի 7-ին` Սուրբ Եկատերինայի տոնին, նշվում է Էրմիտաժի հիմնադրման օրը:
Քեմբրիջի համալսարանի մասնագետները նկարահանել են «Աղքատը Նիպպուրից» վերնագրով կարճամետրաժ ֆիլմ, որի յուրահատկությունն այն է, որ հերոսերը խոսում են բացառապես բաբելոներեն։ Այդ լեզուն, որով խոսել են Մեսոպոտամիայում, շուրջ երկու հազար տարի առաջվանից դադարել է գոյություն ունենալ հնագույն այլ մշակույթների հետ։
Ֆիլմի սյուժեն հիմնված է բաբելանական հեքիաթի վրա, որը պատմում է Նիպպուրից մի աղքատ երիտասարդի մասին, ով վրեժ է լուծում քաղաքապետից այն բանի համար, որ նա սպանում է իր այծին, որը գնել էր վերջին գումարով։ Ֆիլմը 20 րոպե է։
diletant.media-ն գրում է, որ պատմությունը գրված է եղել կավե սալիկի վրա 2700 տարի առաջ։
Իսպանիայում փնտրում են 18-րդ դարում Անտոնիո Ստրադիվարիուսի կողմից պատրաստված ջութակի տիրոջը։
Որոշ մասնագետների կարծիքով, գործիքի արժեքը 3 միլիոն եվրո է։ Միաժամանակ, երկու փորձագետներ հայտնել են, որ ջութակը 18-րդ դարի կրկնօրինակ է։
Նշվում է, որ գործիքն իրավապահ մարմինների կողմից առգրավվել է 2007 թվականին՝ հատուկ գործողության ժամանակ։ Ջութակն Անդալուզիա ուղարկել ցանկացել են ռումինացի ներգաղթյալները։
Կայքում, որտեղ հրապարակվում են իրավապահների կողմից առգրավված գործիքները, ջութակը ներկայացված է որպես բնօրինակ։