Գեղարվեստական հաղորդում (145)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Հեքիաթասացության միջազգային 21-րդ փառատոնը երկուշաբթի օրը մեկնարկեց Թեհրանում:
52 իրանցի ու արտասահմանցի հեքիաթասացներ Իրանից և աշխարհի 7 երկրներ՝ Ավստրալիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Կորեայից, Աֆղանստանից, Իսպանիայից ու Թուրքիայից երեք օր տևողությամբ մրցեցին Թեհրանում:
Թեհրանի հեքիաթասացության միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցան ծնողներին հատկացված հեքիաթասացության վարպետության դասեր, տիկնիկային կարավաններ, նաև մասնագիտական նիստեր ու դասընթացներ:
Իրանական «Մութ սենյակը» ֆիլմն արժանացել է Հնդկաստանի Կերալա քաղաքում կայացած 23-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմի կոչումին:
Հնդկաստանի «Կերալա»-ի 23-րդ կինոփառատոնի փակման արարողության ժամանակ, իրանցի ռեժիսոր Ռուհոլլահ Հեջազիի «Մութ սենյակ» ֆիլմն արժանացել է լավագույն ֆիլմի մրցանակին:
«Կերալա»-ի 23-րդ կինոփառատոնի լավագույն ռեժիսորն արժանացել է նաեւ հնդիկ ռեժիսոր Լեոխո խոզե Պալիսիրիին՝ Ee.Ma.Yau ֆիլմի համար:
Հնդկաստանի «Կերալա» կինոփառատոնի միջազգային բաժնի ժյուրիի տնօրենը իրանցի ռեժիսոր Մաջիդ Մաջիդին էր:
«Կերալա»-ի 23-րդ միջազգային կինոփառատոնը տեղի ունեցավ 2018 թվականի դեկտեմբերի 7-ից 13-ը՝ Հնդկաստանում:
Լեյլա Նոռուզիի «Ղարա Յուլ» ֆիլմը շահել է Ստամբուլի «Իփեք Յոլո» կինոփառատոնի լավագույն ֆիլմի մրցանակը:
Լեյլա Նոռուզիի «Ղարա Յուլ» ֆիլմը շահել է Թուրքիայի Կինո-հեռուստատեսային ստեղծագործությունների հեղինակների միության նախաձեռնությամբ և Թուրքիայի մշակույթի նախարարության կինոյի գերատեսչության համագործակցությամբ կազմակերպված «Իփեք Յոլո» կինոփառատոնի 6-րդ շրջանի լավագույն ֆիլմի մրցանակը:
Կինոփառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Իտալիայից, Սիրիայից, Հնդկաստանից ու Հունաստանից կինոգործիչներ:
Ամենայն հայոց բանաստեղծ «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն գրքում զետեղվել են Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններն ու բալլադները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկլեզու գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող մանուկների և պատանիների գրքերի շնորհանդես-տոնավաճառի շրջանակում:
«Գրքում ներառվել են նաև Թումանյանի մշակումները հայոց բանահյուսությունից: Սա կարևոր աշխատանք եմ համարում, քանի որ այս գործերը նախկինում չեն թարգմանվել անգլերեն: Դա մեծ բաց էր, որը որոշեցի լրացնել»,-ասաց գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ փոքրուց Թումանյանն իր ուղեկիցն է եղել, անգիր գիտի նրա բանաստեղծությունները: «Ի սկզբանե որոշել էի Թումանյանի գործերը թարգմանել ոչ թե ժամանակակից, առօրյա գործածական բառերով, այլ այն ոճական առանձնահատկություններով, որոնք մոտ են անգլիական դասական գրողներին»,-նշեց Կարապետյանը:
Թարմ, գունեղ նկարազարդումներով գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների համար իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Զվարճալի և իմաստալից բանաստեղծությունների ու բալլադների անգլերեն թարգմանությունները, հարազատ մնալով թումանյանական ոգուն, պոեզիայի յուրօրինակ, գողտրիկ նմուշներ են ներկայացնում:
Գրքում ընդգրկված գործերը, մատչելի լինելով երեխաներին, գրավիչ և հետաքրքիր են նաև մեծահասակ ընթերցողի համար։
Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին ընթերցասերների առաջ իր դռները բացեց մանուկների և պատանիների համար անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառը: Այն նվիրված է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում տեղի ունեցավ ինտերակտիվ գրքերի շնորհանդես:
Ներկայացվեցին Խնկո Ապոր «Առակներ»-ը, Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը, որոնք լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
«Գրքերը հնարավորություն են տալիս հեռախոսի կամ գրասալիկի (պլանշետ) միջոցով ունկնդրել հեքիաթներն ու առակները: Այդ հարցում երեխաներին կարող են օգնել իրենց ծնողները»,-նշեց հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Նա շնորհանդեսին ներկա փոքրիկներին պատմեց գրքերի հեղինակների մասին, այնուհետև բոլորը դիտեցին Խնկո-Ապոր առակներից մեկի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացում:
Խնկո Ապոր ստեղծագործությունների ժողովածուում ընդգրկված են ինչպես առակները, այնպես էլ` հեքիաթները, որոնք կհետաքրքրեն տարբեր տարիքի և տարբեր նախասիրություններ ունեցող ընթերցողների:
«Հեքիաթներ» նկարազարդ ժողովածուում ներառվել են հայ մեծանուն գրող, Ղազարոս Աղայանի սիրված հեքիաթներից չորսը:
Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որը հարված էր Հայաստանի հյուսիսի համար և որը խլեց տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր, շարժառիթ հանդիսացավ Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Սպիտակ» դրամայի ստեղծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման ձևակերպմամբ է ֆիլմին անդրադարձել հռչակավոր Hollywood Reporter կինոպարբերականը:
«Կինոժապավենի հիմքում Լեռնիկ Հարությունյան անունով մի տղամարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու փոքրիկ դստերը, հեռացել է Հայաստանից, սակայն տեղեկանալով սարսափելի աղետի մասին՝ վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, իր ընտանիքը:
Ֆիլմը սկսվում է լքված ընտանիքի պատկերով, որտեղ մայրն ու աղջիկը պատրաստվում են լուսանկարվել, երբ փլվում է աշխարհը»,- պատմում է պարբերականը:
Ըստ Hollywood Reporter-ի՝ Կոտտը ներկայացնում է նաև փրկարարական աշխատանքներն ու տարբեր երկրներից ժամանած փրկարարներին:
«Լեռնիկ Հարությունյանը, ով մարմնավորում է Գոռին, հասնում է Սպիտակ, գտնում իրենց տունն ու փորձում փլատակների գտնել ընտանիքի անդամներին»,- եզրափակում է պարբերականը:
Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին կինոյի տան դահլիճում` միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սուրեն Սաֆարյանը ստացավ 193 ձայն:
Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց:
351 հոգի մասնակցել է ընտրությանը և նրանցից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, իսկ 82-ը` Կարեն Աղամյանին:
Պատմական գիտությունների թեկնածուներ Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի հեղինակած «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գիրքը պատմում է «Շեշտը», «Զուռնան», «Կարմիր մոծակը» երգիծաթերթերի հրատարակումը դադարեցնելու հանգամանքների բացահայտման մասին: Վերոնշյալ երգիծաթերթերը Խորհրդային միությունում լույս էին տեսնում խիստ գրաքննության և արգելքների պայմաններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց դեկտեմբերի 14-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:
«Ուսումնասիրության աղբյուրագիտական հիմքը փաստաթղթերն են Հայաստանի ազգային արխիվից, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող նյութերը, թերթերը, Խորհրդային Հայաստանի պաշտոնաթերթում տպագրված հոդվածները, փաստաթղթեր հայաստանյան և ռուսական արխիվներից և այլ նյութեր»,- նշեց Համո Սուքիասյանը:
Նրա խոսքով` հայտնի փաստ է, որ երգիծական մամուլը շատ ուսումնասիրված չէ, քանի որ խորհրդային տարիներին դա չի խրախուսվել: Պատճառն այն էր, որ յուրաքանչյուր ավտորիտար պետություն խուսափում է երգիծանքից ու դրա մեջ տեսնում իր թշնամիներին:
Սուքիասյանը պատմեց` հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ նշված երեք երգիծաթերթերի հրատարակությունը դադարեցվել է այդ տարիներին սահմանված «կարմիր գծերը» շրջանցելու պատճառով: «Տպագրվել են այնպիսի նյութեր, որոնք ընդունելի չեն եղել խորհրդային իրականության համար, այսինքն` պետության բացասական կողմերն են վեր հանել: «Զուռնան» ակնհայտ ազգային շեշտադրումներ է ունեցել: Գրել են երկրում ազգային գործոնի, ուսումնական ծրագրերում Րաֆֆու և մյուս դասականների ստեղծագործությունների բացակայության մասին: Դա իշխանությունները չեն ներել»,-ներկայացրեց նա:
Սուքիասյանը շեշտեց, որ ակնհայտ օրինակներից մեկն այն է, որ 1927-ից 1954 թվականներին ստալինյան մենատիրության շրջանում Խորհրդային Հայաստանում երգիծաթերթ չի եղել: «Ոզնի»-ն, որը մինչ օրս լույս է տեսում, սկսել է հրատարակվել 1954 թվականից սկսած:
«Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գիրքն ուղղված է մամուլի մասնագետներին, խորհրդային շրջանի պատմությամբ հետաքրքրվողներին, բանասերներին և, առհասարակ, ընթերցող հանրությանը:
Կատակերգակ դերասան Քեւին Հարթի հրաժարումը «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողության հանդիսավարի դերից Կինոարվեստների ամերիկյան ակադեմիային հարկադրում Է քննարկել տարբերակ, որի դեպքում արարողության ժամանակ հիմնական վարող ընդհանրապես չլինի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին այս մասին հայտնել Է Variety հանդեսը:
Անցյալ շաբաթ Հարթը Twitter-ում հայտնել Է, որ որոշել Է հրաժարվել «Օսկարի» հանձնման արարողության հանդիսավարի դերից: Այդ հայտարարությունն անակնկալի Է բերել կազմակերպիչներին, գրում Է հանդեսը, քանի որ ո՛չ Կինոարվեստների ամերիկյան ակադեմայի ղեկավարությունը, ո՛չ Էլ ABC հեռուստաընկերության ղեկավարությունը նման հնարավորություն նկատի չեն ունեցել: Variety-ի տվյալներով՝ տարբերակներից մեկն այն Է, որ ընդհանրապես բավարարվեն առանց արարողության հիմնական վարողի, իսկ դրա փոխարեն բեմ հրավիրեն մի մեծ խումբ հայտնի գործիչների, որոնք ելույթ կունենան հերթականությամբ: Աղբյուրներից մեկն այդ տարբերակն անվանել Է «խմբային մենախոսություն»: «Օսկարի» հանձնման 91-րդ արարողությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Dolby Theatre-ում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Ջեյմս Փաթերսոնը, Ջոան Ռոուլինգը եւ Սթիվեն Քինգը Forbes հանդեսի վարկածով գլխավորել են ամենաբարձր վարձատրվող գրողների 2018 թվականի ցուցակը: Վարկանիշը հրապարակված Է հրատարակության Էլեկտրոնային տարբերակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Forbes-ի գնահատումների՝համաձայն՝ ցուցակում, որը ներառում Է 11 հեղինակների, առաջին տեղն զբաղեցրել Է Փաթերսոնը:
2017 թվականի հունիսից անցած 12 ամսվա ընթացքում նա վաստակել Է 86 մլն դոլար: NPD BookScan հետազոտական ծառայության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում ԱՄՆ-ում վաճառվել Է այդ հեղինակի գրքերի մոտավորապես 4,8 մլն օրինակ: Վերջին 20 տարվա ընթացքում արդեն տասներորդ անգամ Է, որ Փաթերսոնը գլխավորում Է այդ վարկանիշը: Ռոուլինգը վաստակել Է 54 մլն դոլար: Անցյալ տարի նա վարկանիշը գլխավորել Էր 95 մլն դոլար արդյունքով: Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել Է նրա 2,9 մլն գիրք, բացի այդ գրողը եկամուտներ Է ստացել այն ժամանցային վայրերի աշխատանքից, որտեղ վեստեղծել Է նրա գրքերում նկարագրված կախարդական աշխարհը: Առաջին եռյակը եզրափակում Է Սթիվեն Քինգը՝ 27 մլն դոլար արդյունքով: ԱՄՆ-ում վաճառվել Է նրա 2,7 մլն գիրք: Հինգերորդ տեղն զբաղեցրել Է ամերիկացի Ջոն Գրիշեմը (21 մլն դոլար), հինգերորդը բաժանել են Դեն Բրաունը եւ Ջեֆ Քիննին (18,5-ական մլն դոլար): Յոթերորդ դիրքում Է «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» սկանդալային գրքի հեղինակ ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆը (13 մլն դոլար): Ութերորդ տեղը բաժանել են ամերիկացի գրողներ Նորա Ռոբերթսը եւ Դանիեդա Սթիլը (12-ական մլն դոլար): Տասներորդ դիրքում են ամերիկացի Ռիք Ռիորդանը եւ բրիտանուհի Էրիկա Լեոնարդ Ջեյմսը (10,5-ական մլն դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: