Դեկտեմբեր 30, 2018 08:28 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում կայացած ասուլիսում «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի երեք համահիմնադիրները` Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը հայտարարեցին ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ փառատոնի գլխավոր տնօրենն է լինելու պրոդյուսեր Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի ղեկավարը՝ կինոգետ Կարեն Ավետիսյանը, կինոգետ Արթուր Վարդիկյանը ստանձնելու է փառատոնի մի շարք ծրագրեր, կինոգետ Դիանա Մարտիրոսյանը զբաղվելու է փառատոնի ֆիլմերի ընտրությամբ։

«Մենք շատ գեղեցիկ աշխատեցինք 15 տարի, հաջորդ 15 տարին ձերն է, բայց մենք կհետևենք ձեզ 15 տարի նույնպես»,- նոր կազմին ներկայացնելով՝ ասաց նա։

Այնուհետև Հ. Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել փոփոխություններ կատարել փառատոնի ղեկավար կազմում։

«Մենք 15 տարի այս հրաշալի կազմով՝ Միքայել Ստամբոլցյանի և Սուսաննա Հարությունյանի հետ, ղեկավարեցինք փառատոնը՝ լինելով երեք տնօրեն,  հիմնադիր տնօրենը ես էի, Միքայել Ստամբոլցյանը կինո  ծրագրերի ղեկավարն  ու տնօրենը, Սուսաննա Հարությունյանը՝ գեղարվետսկան ղեկավարը և տնօրենը։ 15 տարի մենք ձեզ դիմացանք, դուք մեզ։ Հիմա կարծես և աշխատելաոճը, և վերաբերմունքը, և ծրագրերը վերանայելու ժամանակն է, որովհետև աշխարհը նույնպես փոխվում է, փառատոները գնում են դեպի նոր ուղղություն, նոր մտածողություն, դեպի նոր հարաբերությունները, ֆիլմերի արտադրությունը նույնպես։

Նոր սերնդի ներմուծումը դեպի փառատոն ճիշտ,  առողջ, սթափ որոշում է։ Մենք որոշեցինք, որ փառատոնում որոշակի փոփոխություններ անելու ժամանակն է,  անցնել առաջ՝ փորձելով  անել նորը, հետաքրքիրը, միջազգային նոր չափանիշներով, որշեցինք  հրավիրել փառատոնի նոր ղեկավարներ»։

Կարեն Ավետիսյանն ասաց, որ կայացած փառատոնի գործին անցնելն ունի իր դրական և բացասական կողմեր. «Բացասական առումով՝  պատասխանատվության ծանրությունը, դրական առումով՝  փոխանցվում է  մի գործ, որ ուներ որոշակի բարձր նշաձող, առնվազն մնում է  այդ նշաձողը պահելը»։

«Սպիտակ»

 

ԱՄՆ-ում հայտարարվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակը։ Այն հրապարակված է Կինոարվեստի ամերիկյան կինոակադեմիայի կայքում։

Ցուցակում ընդգրկված է 9 երկրից ներկայացված ֆիլմեր՝ Կոլումբիայից «Birds of Passage»-ը, Դանիայից «The Guilty»-ն, Գերմանիայից «Never Look Away»-ը, Ճապոնիայից «Shoplifters»-ը, Ղազախստանից «Ayka»-ն, Լիբանան-ից «Capernaum»-ը,  Մեքսիկայից Roma»-ն, Լեհաստան-ից «Cold War»-ը և Հարավային Կորեայից «Burning»-ը։

Մրցանակի հավակնորդների վերջնական ցուցակը կհայտարարվի 2019 թվականի հունվարի 22-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա մրցանակաբաշխության օրը՝ փետրվարի 24-ին:

Նշենք, որ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնորդների երկար ցուցակում ներկայացված էր 87 ֆիլմ, այդ թվում նաև Հայաստանի կողմից ներկայացված ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը։

 

Հայաստանի Ազգային պատկերասրահում դեկտեմբերի 21-ին բացվեց Գաբրիել Գյուրջյանի  (1892- 1987 թթ.) հետահայաց ցուցահանդեսը։

Գաբրիել Գյուրջյանը մասնակցել է հանրապետական, միութենական և արտասահմանյան երկրներում կազմակերպված հայ նկարիչների խմբային բազմաթիվ ցուցահանդեսների, սակայն կենդանության օրոք անհատական ցուցահանդես չի ունեցել։ Հայաստանի Ազգային պատկերասրահում այս ցուցահանդեսը նվիրված է նրա ծննդյան 125-ամյակին։ Ներկայացվում է Ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, ինչպես նաև ընտանիքի և մասնավոր հավաքածուներում պահվող նկարների ընտրանին։ Դրանց գերակշիռ մասը ցուցադրվում է առաջին անգամ և արդեն ծանոթ գործերի հետ միասին ամբողջական պատկերացում է տալիս Գաբրիել Գյուրջյանի թողած հարուստ ժառանգության մասին, որը մի ամբողջ դարաշրջանի լավագույն ձեռքբերումներից է և իր ուրույն տեղն ունի հայ կերպարվեստի գանձարանում:

«Շուրջ 35 տարի դասավանդել է մասնագիտական նորաբաց ուսումնական հաստատություններում` Երևանի Գեղարդ տեխնիկումում (1923-1935), Երևանի Պոլիտեխնիկական (1929-1935) և Գեղարվեստաթատերական (1945-1958) ինստիտուտներում, գրել է 20-րդ դարի հայ նկարիչներին նվիրված մենագրություններ և պարբերական մամուլում հրատարակել բազմաթիվ հոդվածներ: Նրա նախաձեռնությամբ 1939 թ. ստեղծվել է և որոշ ընդհատումներով առ այսօր գործում է «Նկարիչների շրջիկ արվեստանոցը»: Դրա շնորհիվ տարբեր նախասիրությունների տեր արվեստագետներին հնարավորություն է տրվել միասին այցելելու հանրապետության շրջանները, շփվելու իրար հետ, ստեղծագործելու բնության գրկում, կազմակերպելու ցուցահանդեսներ:

Նկարչի գեղարվեստական լեզվի ձևավորման հարցում նշանակալից դեր են խաղացել ինչպես 20-րդ դարի ռուս ռեալիստական գեղանկարչության ավանդույթը, այնպես էլ եվրոպական արվեստում մշակված պլեներային նկարչության սկզբունքները: Մեծ է նկարչի հետաքրքրությունը իմպրեսիոնիզմի նկատմամբ, որից քաղած դասերն առավել ցայտուն դրսևորվել են 1920-1950-ական թվականների գործերում: Գաբրիել Գյուրջյանը հիմնականում աշխատել է բնանկարի ժանրում՝ նպաստելով պլեներային նկարչության զարգացմանը հայ արվեստում։ 1960-70-ական թվականների գործերում նկարիչը ձգտում է մարմնավորել հայրենի երկրի մոնումենտալ, ընդհանրացված կերպարը, որն ամբողջական լուծում է ստանում լայն, ընդգրկուն տարածության հետաքրքիր դիտակետի, առանձին պլանների մանրակրկիտ մշակման ու մաքուր, հնչեղ գուներանգի միջոցով։

Գյուրջյանը ստեղծել է ծննդավայր Արդվինի և Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ. Սևանա լիճ և կղզի՝ առափնյա ժայռերով ու եկեղեցիներով, Բջնի, Ապարան, Գորիս, Եղեգնաձոր, Լոռի, Գյումրի, հին և նոր Երևան, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններով բնանկարներ, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ սիրո, հիացմունքի ու ներքին հպարտության զգացումով: Նկարիչն աշխատել է շարքերով և նույն տեղանքի պատկերման համար ամեն անգամ կարողացել է գտնել կոմպոզիցիոն հետաքրքիր կառուցվածք, տարվա եղանակի, օրվա պահի և տրամադրության համապատասխան երանգավորում: Արժեքավոր են նաև գյուղի կյանքին ու աշխատանքին, հայրենի երկրի արդյունաբերական շինարարությանը նվիրված ռեալիստական մեկնաբանմամբ թեմատիկ կտավները։ Գյուրջյանը հայ կերպարվեստում արդյունաբերական բնանկարի ժանրի հիմնադիրներից է»,- նշված է Ազգային պատկերասրահի կայքում:      

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2019 թ. փետրվարի 15-ը։

«Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպը

 

Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 22-ին անցկացվեց Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհ» գրքի շնորհանդեսը: 1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհ» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է:

Գիրքը լույս են ընծայել «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները:

«Էդիթ Պրինտ»-ից հայտնում են, որ գիրքը թարգմանել են «Շերլոք Հոլմսի» ամբողջական հավաքածուի թարգմանիչներ Արփինե Վարդանյանը, Էլիզա Սարգսյանը, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը, Քրիստինե Չիլինգարյանը:

Միջոցառման շրջանակում տեղի կունենա 2001 թվականի արտադրության «Կորուսյալ աշխարհ» ֆիլմի ցուցադրությունը։

Բենքսին նոր գրաֆիտիներ է ստեղծել,

 

Անգլիացի փողոցային նկարիչ Բենքսին դեկտեմբերի 19-ի գիշերը նոր  գրաֆիտիներ է ստեղծել, որոնք հայտնվել են Պորտ-Տոլբոտ քաղաքի ավտոտնակի երկու պատերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է Ինսթագրամում՝ տեղադրելով նաև համապատասխան տեսանյութ։

Գրաֆիտիները ներկայացնում են միասնական կոմպոզիցիա, որոնք արված են երկու պատի վրա։ Նրանցից մեկում երեխա է, կանգնել է սահնակի կողքին, գլուխը բարձրացրել է վերև՝ ուրախանալով թափվող ձյան փաթիլներով։ Մյուս պատին պատկերված է  վառվող կոնտեյներ, որի մոխիրը թափվում է երեխայի վրա։

Գրաֆիտիներն ընդգծում են Պորտ-Տոլբոտի արդյունաբերական մթնոլորտը, որտեղ գտնվում է Tata Steel ընկերության պղնձաձուլարանը, որը Եվրոպայում խոշորագույն մետաղագործական ձեռնարկություններից է: Այդ գործարանի սև մոխիրը  հիմնականում հուլիսին ծածկում է ավտոմեքենաները, փողոցներն ու տանիքները։

 

Գերմանիան կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը վերադարձնել Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիայի տարածքից դուրս բերված մշակութային արժեքները, մասնավորապես՝ Հենրիխ Շլիմանի գտածոներն ու Էբերսվալդյան գանձերը: Ռուսաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտնել է, որ մշակութային արժեքները չպետք է օգտագործվեն որպես պատերազմական կորուստների փոխհատուցման միջոց՝ վկայակոչելով 1907թ.-ի Հաագայի համապատասխան հռչակագիրը:

Վերադարձնելու ենթակա ամենակարևոր օբյեկտները Հենրիխ Շլիմանի գտածոներն ու Էբերսվալդյան գանձերն են, ինչպես նաև IX դարից մինչև մեր դարաշրջանին պատկանող հազարավոր ոսկյա իրեր ու զարդեր:

Գերմանական դեսպանությունը նաև ընդգծել է, որ Բեռլինն իր հերթին պատրաստ է բանակցել Գերմանիայի տարածքում գտնվող ռուսական ժառանգության վերադարձի շուրջ:

Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ասել է, որ մշակութային արժեքների փոխանակում չի կարող լինել, քանի դեռ երկրների միջև առողջ քաղաքական երկխոսություն չի հաստատվել:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում գործող օրենքի համաձայն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստան տեղափոխված մշակութային իրերը երկրի մշակութային ժառանգությունն են համարվում և վերադարձման կամ փոխանակման ենթակա չէ:

Բենքսին դեկտեմբերի 19-ի գիշերը նոր  գրաֆիտիներ է ստեղծել,

 

Եգիպտոսի իշխանությունները լայն հանրության համար բացել են շուրջ 4400 տարեկան եզակի դամբարան։  Քանդակներով և հիերոգլիֆներով զարդարված դամբարանը հայտնաբերվել է հնագույն Սակկարայի պեղումների ժամանակ։

Հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին լրագրողներին ասել է, որ դամբարանն այսքան ժամանակաշրջանում ընդհանրապես ձեռք տրված չի եղել, նույնիսկ գույնը փոփոխված չի եղել։ Նա գտածոն համարել է «վերջին տասնամյակում իր տեսակում եզակի»։

Մ. Վազիրին պատմել է, որ երբ հնագետները մտել են ներս, ապշել են գեղեցկությամբ, զարմացել են, թե ինչպես են պահպանվել հնագույն քանդակներն ու հիերոգլիֆները։ Նա ընդգծել է, որ դամբարանը եզակի է իր քանդակներով և գրեթե իդեալական վիճակով։

Ռիա նովոստին գրում է, որ դամբարանի սեփականատերը եղել է արքայական ընտանիքի քահանա և վերակացու: Դամբարանում հայտնաբերվել է 45 տարբեր քանդակ։