Հունվար 09, 2019 03:47 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Շնորհավորում եմ 2019 թվականի Ամանորի կապակցությամբ և մաղթում են հաջողություններ նոր տարվա ընթացքում: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 28-ին Թեհրանի «Շեյս» ցուցասրահում բացվեց իրանահայ լուսանկարիչների և գեղանկարիչների հավաքական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Վահիկ Հարությունյանի, Մարգար Ղարաբեգյանի, Ալեք Ղազարյանի, Վահան Զիրաքյանի, Վասպուր Զաքարյանի, Ժենյա Ավետյանի, Նահապետ Նահապետյանի, Արտուշ Մինասյանի և մի խումբ այլ իրանահայ արվեստագետների գեղանկարչական ու լուսանկարչական ստեղծագործություններ:

Ցուցահանդեսը շարունակվեց մինչև հունվարի 2-ը:

Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևների արժանացան գրողներ

 

Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևների արժանացան գրողներ, որոնց ստեղծագործությունները լավագույնն են ճանաչվել տարվա ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխությունն անցկացվեց դեկտեմբերի 25-ին Հայաստանի գրողների միությունում:

«Բազմաթիվ գրական մրցանակաբաշխություններ ենք անցկացնում, որոնք գրական մրցակցության համար բարվոք դաշտ են ստեղծում: Ներկայացվում են լուրջ գրական գործեր, որոնք տպագրվել են, արժանացել են գրականագետների մեկնաբանություններին, վերլուծականներին: Ըստ իս`գրական ընթացքը պարզորոշ երևում է մրցանակաբաշխությունների գրքերի որակից»,- նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հայտնեց, որ արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը հանձնվում է Ֆելիքս Բախչինյանին՝ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գրքի համար: Պոեզիայի անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը տրվեց Նորայր Գրիգորյանին՝ «Ամեն առավոտ» գրքի համար, հրապարակախոսություն ժանրում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի արժանացավ Արևշատ Ավագյանը՝ «Տիեզերքի  սրտխփոցը» գրքի համար:

Դրամատուրգիայի ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակ ստացած Գուրգեն Խանջյանն ասաց, որ ակնկալում էր, որ կարժանանա այս մրցանակին, քանի որ դրամատուրգիայի բաժնում իր գրքից բացի, այլ  գիրք ներկայացված չէր: «Դա չի խոսում այն մասին, որ թերագնահատում եմ իմ աշխատանքը: Այս ոլորտում, բնականաբար, մրցակիցներ կան, պարզապես, նրանք այս տարի գիրք չեն հրատարակել: Հաջորդ տարի մեկ այլ գրող գիրք կունենա, ես ոչ, և ես նրան կծափահարեմ»,- նկատեց Խանջյանը:

Նա պատմեց, որ իր գիրքը` «Կոլիզեյ 21»-ը,  չորս պիեսի ժողովածու է, որն անցյալ տարվա Գրքի երևանյան փառատոնում  արժանացել է առաջին մրցանակի: «ՀՀ մշակույթի նախարարությունը գումար փոխանցեց, արդյունքում՝ այն տպվեց: Չորս պիեսներից մեկը բեմադրվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, մյուս երեքը դեռ ոչ»,- հայտնեց գրողը:

Նա կարևորեց մրցանակաբաշխությունների դերը` նշելով, որ գրականությունը, կարծես թե, կամաց-կամաց զիջում է իր դիրքերը, իսկ մրցանակաբաշխությունները  ընթերցողին դեպի գրականություն բերելու գործում  էական դեր են կատարում: «Ինչքան շատ լինեն դրանք, այնքան հասարակությունը կտեսնի, որ գրականություն կա. միայն քաղաքական շոուներով չէ, որ հարուստ է մեր երկիրը»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը:

Գրականագիտության ժանրում  մրցանակը տրվեց  Արմեն Ավանեսյանին՝ «Անկախության պոեզիան» գրքի համար, թարգմանություն ժանրում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակի արժանացավ Լևոն Բլբուլյանը՝ «Քառյակներ» գրքի համար, մանկական գրականության ժանրում  Վախթանգ Անանյանի անվան մրցանակը տրվեց Խաչիկ Մանուկյանին՝ «Փոքրի զորավարը» գրքի համար:

Սևանի հանգստյան տան սահմանած մրցանակը հանձնվեց Սաթենիկ Մկրտչյանին՝ «Այրված կենդանակերպ» գրքի համար, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան սահմանած մրցանակների արժանացան Ժաննա Աբրահամյանը՝ «Ձմեռ պապին ու տղան», և Շանթ Մկրտչյանը՝ «Վերադարձ Փանջիռուդ» գրքերի համար:

«Կարծում եմ` միության սահմանած մրցանակներ ստանում են արժանի գրողներ, թարգմանիչներ, և այդպիսով նկատելի է դառնում նրանց կատարած աշխատանքը»,- ընդգծեց Շանթ Մկրտչյանը:

Նրա խոսքով` Ծաղկաձորի գրողների միության հանգստյան տան մրցանակը շատ պատվաբեր է, և այն իրեն հանձնվել է նրա համար, որ այդ թարգմանության մեծ մասն ինքն արել է հենց այնտեղ հանգստանալիս:

Անդրադառնալով մեր օրերում արդիական գրական ժանրերին` Մկրտչյանն ասաց, որ  շատ են գրում բանաստեղծություններ, պատմվածքներ, հրապարակախոսություններ: «Պատմավեպի ժանրը քանակական առումով կրճատվել է, թեև իմ թարգմանած ստեղծագործությունը պատմավեպ է, բայց ժամանակակից շնչով ու մտածողությամբ է գրված»,- հավելեց նա:

 

2019 թվականին ամբողջ Ռուսաստանում պլանավորվում Է կազմակերպել հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Թեոդոսիայի նրա անվան պատկերասրահում ցուցադրվող ստեղծագործությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան:

«Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել Է նա:

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին հավաստիացրել Է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանության ներքո:

Հովհաննես Այվազովսկին ծնվել Է 1817 թվականի հուլիսի 17-ին (29-ին) Թեոդոսիայում: Այվազովսկու կողմից Թեոդոսիայում հիմնված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն գեղարվեստական թանգարաններից մեկն Է: Դրանում պահվում Է նկարչի ստեղծագործությունների՝ աշխարհում խոշորագույն հավաքածուն (416 աշխատանք), որոնց թվում Է հանրահայտ «Իններորդ ալիքը»: Պատկերասրահը տեղավորված Է 1848 թվականին Այվազովսկու նախագծով կառուցված տան մեջ, որին ավելի ուշ նկարիչը կցել Է ընդարձակ ցուցահանդեսային սրահ: Այվազովսկին մահացել Է 1900 թվականին եւ հողին Է հանձնվել Թեոդոսիայում: Այստեղ նրա անունով Է կոչված երկաթուղային կայարանը եւ փողոցներից մեկը: Պատկերասրահի մոտ տեղադրված Է նկարչի հուշարձանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Ախալցխայի շրջանի հայաբնակ Ճաճարակ գյուղում պահվում է 16-րդ դարի ձեռագիր մի ավետարան, որը տեղաբնակները Արևմտյան Հայաստանից են իրենց հետ բերել: Մասնագետները ահազանգում են, ձեռագրի պահպանման պայմանները համապատասխան չեն և այն անհապաղ բուժման կարիք ունի:

Jnews-ի հաղորդմամբ, Ճաճարակ գյուղում պահվող այս ձեռագիր հուշարձանը գտնվում է ոչ թե ձեռագիր պահոցներում, այլ ժողովրդի ձեռքում՝ հավաստելով Ավետարանի ուժն ու զորությունը։ Ճաճարակի բնակիչները նշում են, որ չնայած ձեռագիրը նորոգման կարիք ունի, սակայն նրանք համաձայն չեն, որ սուրբ գիրքը գյուղից դուրս հանվի և եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան վերանորոգել, ուրեմն պետք է գյուղում կատարեն այդ աշխատանքները:

Jnews-ի հետ զրույցում Հայաստանի Մատենադարանի ձեռագրագետներից Լուսի Թումասյանը նշել է, որ ձեռագիրը վատ է պահպանված և նորոգման կարիք ունի:

«Ձեռագիրը վերջին էջերին ունենում է հիշատակարան, որտեղ տեղն ու թիվը նշված է լինում, բացի այդ, եթե գիր բովանդակող էջեր տեսնեինք ավելի լավ կլիներ: Բայց քանի որ նկարներից դա չի երևում, Կարող եմ նշել, որ նյութը՝ թուղթ է, հավանաբար՝ 16-րդ դարի ձեռագիր է, Բարձր Հայք: Կազմը՝ 18-19-րդ դարերի», – ասել է նա

Ջավախքցիները Արևմտյան Հայաստանից գաղթելով իրենց հետ բերել և մինչ օրս պահպանում են հին հայկական մանրանկարչության եզակի ձեռագրեր: Մարդիկ, ովքեր պահում են ձեռագրերը, մեծ հավատամքով են վերաբերվում դրանց: Եվ նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե իրենց տներում ինչքան արժեքավոր ու կարևոր ձեռագիր է պահվում:

 

2018 թվականին կինոյի տոմսերի վաճառքից դրամամուտքերն ԱՄՆ-ում եւ Կանադայում կգերազանցեն 11,8 մլրդ դոլարը: Դա նշանակում Է, որ Հոլիվուդը գերազանցել Է 2016 թվականի ռեկորդը, երբ ստացված ամբողջ գումարը կազմել Էր 11,4 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով Comscore վերլուծական ընկերության տվյալները:

Վաճառքների աճի վրա ազդել Է այնպիսի բլոքբասթերների թողարկումը, ինչպիսիք են՝ «Սեւ հովազը», «Վրիժառուներ. անվերջության պատերազմը», «Դեդփուլ 2»-ը եւ «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ 2»-ը: Ընդ որում՝ 2017 թվականին կինոթատրոնների հաճախելիության կտրուկ անկում Էր արձանագրվել, ինչի կապակցությամբ Հոլիվուդում երկյուղում Էին, որ մարդիկ կդադարեն կինո հաճախել եւ ավելի ու ավելի հաճախ ֆիլմերը կդիտեն այնպիսի սթրիմինգային ծառայությունների օգնությամբ, ինչպիսիք են՝ Netflix-ը, Apple-ը եւ Amazon-ը:

2018 թվականին կինոթատրոնների տոմսերի գները բարձրացել են, ինչը նույնպես օգնել Է ավելացնել դրամամուտքերը: ԱՄՆ-ում եւ Կանադայում վաճառվել Է 1,3 մլրդ տոմս: Նշվում Է, որ ստուդիաները գտել են մեծ ֆրանշիզաները վերածնելու միջոցները եւ կարողացել են խուսափել անցած տարիների սխալներից:

Վերլուծաբանները կարծում են, որ 2019 թվականը նույնպես շահութաբեր կդառա Հոլիվուդի համար: Սպասվում Է այնպիսի ֆիլմերի թողարկումը, ինչպիսիք են՝ «Կապիտան Մարվելը», Վրիժառուներ 4», «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 9», «Դամբո», «Ալադին», «Առյուծ արքան», «Ջոքեր», «Օնո 2», «Ապակի» եւ «Սեւազգեստ մարդիկ. ինտերնեշնլ» կինոնկարները:

 

Նորվեգիայում Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց գործեր են կորել Ստեներսենի հավաքածուից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր հետաքննության մեջ հայտնում Է Dagbladet հրատարակությունը: Նկարների կորստի մասին հայտնի Է դարձել Ստեներսենի հավաքածուի վերստուգումից հետո: Մունկի թանգարանը, որը նկարների համար պատասխանատու Է 2010 թվականից, 26 կորած գործերի մասին հայտնել Է անցյալ տարի:

Սակայն լրագրողները պարզել են, որ այս պահին կորել Է առնվազն 47 նկար, դրանցից 34-ը՝ Էդվարդ Մունկի հեղինակության: Մասնավորապես, կորած են համարվում «Մարատի մահը», «Օմեգան լալիս Է», «Լացող աղջիկը մահճակալի մոտ», «Ֆրու Ռ.-ի դիմանկարը», «Տիրգարտեն-Բեռլին» եւ «Օգե Քրիստիան Գիռլեֆ» նկարները: Թանգարանում նկարների անհետացումը բացատրել չեն կարողացել: Էդվարդ Մունկի եղբոր ծոռնուհի Էլիզաբեթ Մունկ Էրիկսենը պատահածը համարել Է «վրդովեցուցիչ», սակայն հույս Է հայտնել, որ կտավները հետ կվերադարձնեն: