Հունվար 09, 2019 03:54 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

«Անդրանիկ» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսն ու պրեմիերան տեղի ունեցավ Թեհրանի Կինոյի թանգարանում, որին մասնակցեցին ֆիլմի ռեժիսորական կազմն ու դերասանները և բազմաթիվ կինոյի սիրահարներ:

«Անդրանիկ» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում իրանական 1320-ական (1940-ական) թվականների վերջերին՝ Ուրմիա քաղաքում: Ծերունի քահանան իր տանը հյուրընկալում է ոստիկանության ուժերի  մի կապիտանի, որը տարիներ առաջ Անդրանիկ անունով հեղափոխական մի բանաստեղծի փախուստի պատճառով զրկվել է իր զինվորական աստիճաններից: Կապիտանը շարունակում է հետապնդել Անդրանիկին որն ինչպես ասվում է,  հյուսիսային սահմաններից երկիր է վերադարձել: 80 րոպե տևողությամբ ֆիլմի ընթացքում նաև բազմաթիվ ակնարկներ են կատարվում հայոց պատմությանը:

«Անդրանիկ» ֆիլմի ռեժիսորն ու պրոդյոուսերն իրանցի արվեստագետ Հոսեյն Մահքամն է, որին որպես խորհրդատուներ օժանդակել են Անդրանիկ Խեչումյանն ու Օվսաննա Բաղումյանը: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Անդրանիկ Խեչումյանը, Ռեզա Բեհբուդին, Սաիդ Խանգիզյանը և Էլհամ Քորդան

 

Իրանցի մուլտիպլիկատոր Աբբաս Նասերին երրորդ տեղն է զբաղեցրել Գերմանիայի EXILE միջազգային մուլտֆիլմերի փառատոնում, որին մասնակցել են 64 երկրների արվեստագետներ:

EXILE միջազգային մուլտֆիլմերի փառատոնի թեման էր միգրանտները, փախստականները և մարդիկ, որոնք ցանկացած պատճառով ապրում են այլ երկրներում: Փառատոնին ներկայացվել են 64 երկրների 319 մուլտիպլիկատորների 671 աշխատանքներ:

Իրանցի մուլտիպլիկատոր Աբբաս Նասերին, 40 փառատոների ժյուրի և 20 իրանական ու արտասահմանյան փառատոների քարտուղար է եղել և ավելի քան 70 ներքին ու միջազգային մրցանակ է շահել, այդ թվում՝ Իտալիայի խաղաղության փառատոնի մեծ մրցանակը, Թուրքիայի տուրիզմի փառատոնի մեծ մրցանակը և Սուրբ գրքերի միջազգային փառատոնի առաջին մրցանակը:

 

Գաղտնիք չէ, որ ներկայումս հայ ժամանակակից գրականությունը նախկինի նման մասսայական ընթերցող չունի, բայց իհարկե ընթերցող միշտ կա՝ հատկապես գրական, մասնագիտական և երիտասարդության շրջանակներում:

Ինչպիսի՞ն էր 2018 թվականը գրականության ոլորտում, ի՞նչ ձեռքբերումներ ունենք, ի՞նչ խնդիրներ դեռ հաղթահարված չեն․ այս հարցերի շուրջ իրենց տեսակետն են հայտնել երիտասարդ գրականագետներ, գրաքննադատներ Արմեն Ավանեսյանը, Հայկ Համբարձումյանը ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Արմեն Ավանեսյանի համոզմամբ՝ տարվա գրական անցուդարձը խիստ բազմազան էր: «Տարբեր տեսակի նոր մրցանակաբաշխություններ եղան, բաներ եղան, տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվեցին: Բայց որ ասենք՝ տարվա մեջ իրոք լավ գրքեր լույս տեսան, դա փաստ է: Ճիշտ է՝ դրանք եղան անհատական նախաձեռնություններով կամ հրատարակչությունների նախաձեռնություններով, և ցավալի է, որ Մշակույթի նախարարությունը կարծես թե գրքից ընդհանրապես զերծ մնաց: Բայց նախորդ տարվա ծրագրերը իրականացվեցին, և լավ գրքեր լույս տեսան, որոնց մեջ շատ արժեքավոր է հատկապես Սեյրան Գրիգորյանի «Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան» մենագրությունը, որը մնայուն արժեք է մեր գրականագիտության մեջ, մեր ընդհանրապես մշակութային կյանքում», - ասաց գրականագետը՝ շարունակելով․ - «Հուսով եմ՝ դեռևս եկող տարի կվերանայվի, և Մշակույթի նախարարությունը Book Fest-ից զատ այլ ծրագրեր ևս կիրականացնի»:

Ավանեսյանը շատ դրական է գնահատում նաև Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018-ին մեկնարկած «Իմ արվեստը դպրոցում» ծրագիրը, որին նաև մի շարք գրողներն են մասնակցում և ֆինանսավորվում նախարարության կողմից: «Գրողները հանդիպումներ են ունենալու՝ 30 տարբեր դպրոցներում ամեն գրող, բավականին շատ գրողներ ընդգրկվեցին էդ ծրագրում և ներկայացնելու են գրականությունը: Սա ևս քայլ է: Պետք է հանրահռչակման աշխատանքներ կատարվեն, որպեսզի հանրությունը իմանա, որ քաղաքականությունից զատ մշակույթ կա, և մշակութային կյանքով պետք է ապրել և ոչ միայն քաղաքականացված իրականությամբ», - ընդգծեց նա:

Գրողների մի մասը համոզված է, որ գիրքը ընթերցողին հասցնելու համար բոլորովին գրականագետի կամ գրաքննադատի կարիք չկա, բայց մյուս մասն էլ համոզված է, որ գրքի լավագույն հանրահռչակումը հենց գրականագետներն ու գրաքննադատները պիտի անեն, և հաճախ մեղադրում են նրանց իրենց գրականության հանդեպ անտարբերության համար: Ինչո՞ւ գրաքննադատները առավել պարբերաբար հոդվածներ չեն գրում՝ անդրադառնալով հայ ժամանակակից գրական ստեղծագործություններին, ինչո՞ւ է, կարծես թե, անտեսվում նրանց կողմից այսօր ստեղծվող գրականությունը:

Հայկ Հարությունյանը այդ առնչությամբ համոզված է.  «Դե, երևի էդ դժգոհությունը որոշակի հիմքեր ունի, իհարկե, որովհետև գրողները շատ են, կամ գրող մարդիկ են շատ, որոնք սիրում են գրել, և գրականագետները շատ քիչ են և մեծ մասամբ էլ ծանրաբեռնված են գիտական, հասարակական, երբեմն նույնիսկ՝ արդեն քաղաքական գործունեությամբ: Այսինքն, էս բոլոր դաշտերը և նաև կեցության պայմաններ ապահովելու հարցերը գրականագետներին ուղղակի կտրում են արդի գրականությանը հաճախակի անդրադառնալու հնարավորությունից»:

Արքմենիկ Նիկողոսյանը, իր հերթին, նշել է. «Ես երկու հարցադրում կանեմ՝ հարցը ո՞ր կողմից ենք նայում: Եթե անդրադարձների տեսքով է բուն գրաքննադատական, այո, համաձայն եմ՝ քիչ են, և դա ունի նաև օբյեկտիվ պատճառներ՝ գրաքննադատների չվճարվելը, դա որպես հավելյալ գործ դիտելը, շատ հաճախ՝ անլուրջ մոտեցումը շատերի կողմից: Բայց ես ուզում եմ մեկ այլ հարցի վրա ուշադրություն հրավիրել՝ բոլորը նկատել են, որ վերջին երեք, չորս, հինգ տարիների ընթացքում չափից ավելի, նախկինից ավելի, ավելի շուտ, ուշադրություն կա ժամանակակից գրականության հանդեպ՝ ավելի շատ են գրքեր տպագրվում, էսօր ժամանակակից գրողը նաև հայտնի ֆիգուր է հասարակության մեջ՝ շատերը, և դա ո՞ւմ շնորհիվ է: Եթե մարդիկ վերլուծեն, ապա կտեսնեն, որ չգրած հատվածը իրենց ստեղծագործական ներուժի մի քանի քննադատներ ուղղորդել են ահա գրահրատարակչական գործին, էդ գրողներին տարբեր հարթություններում նրանց գրքերը ներկայացնելու գործին: Այսինքն՝ էն հայտնիությունը և մակարդակը, որ էսօր կա ժամանակակից գրականության հետ կապված, ապահովել են էլի գրաքննադատները՝ տարբեր հրատարակչություններում»:

«Իսկ ինչ վերաբերում է բուն անդրադարձներին՝ ես կարծում եմ, որ իսկապես կուտակվել է վերլուծելու, գրելու, հետազոտելու շատ առատ նյութ, և եթե մեր պետության գործերն էլ լավ լինեն, սոցիալական վիճակը մի քիչ բարելավվի, և գրաքննադատը նաև գնահատվի ըստ արժանվույն, կգրվեն, կվերլուծվեն: Պարզապես վախենում եմ՝ շատերին հաճելի չլինի դա արդեն», - ընդգծեց Նիկողոսյանը:

 

Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահի հավաքածուն կթվայանացվի, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան։

«Հավաքածուն դեռ չի թվայնացվել, բայց ծրագրերում է»,- ասել է նա։

Նշվել է, որ Թեոդոսիայի թանգարանը վերափոխվելու է՝ նրա հիմքի վրա հայտնվելու է թանգարանային թաղամաս։ Բացումը նախատեսվում է 2022 թվականին։

Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում։ Նրա կողմից ստեղծված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն թանգարաններից մեկն է։ Այնտեղ պահվում է ծովանկարչի ամենամեծ հավաքածուն՝ 416 աշխատանք, այդ թվում «9-րդ ալիք» հանրահայտ կտավը:

Պատկերասրահը գտնվում է այն տանը, որը կառուցել է Այվազովսկին 1848 թվականին, ավելի ուշ նկարիչը դրան ավելացրել է մեծ ցուցասրահ։ Այժմ պատկերասրահի կազմում 6 շինություն է՝ երեք հիմնական և երեք օժանդակ։

Լուվր

 

«ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը վարկանիշային աղյուսակ է կազմել, որտեղ ներկայացրել է 2018 թվականին այցելուների շրջանում աշխարհի ամենահանրահայտ թանգարանները։

Ցանկը կազմվել է այցելությունների վերլուծության հիման վրա։

Այսպիսով՝ զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ թանգարանների առաջին տասնյակի մեջ են մտնում Փարիզում Լուվրը, Պեկինում Չինաստանի Ազգային թանգարանը, Նյու Յորքում Մետրոպոլիտեն թանգարանը, Բրիտանական թանգարանը, Ազգային պատկերասրահը:

Վեցերորդ տեղում է Լոնդոնում ժամանակակից արվեստի Tate Modern պատկերասրահը, յոթում՝ Վաշինգտոնում Արվեստների ազգային պատկերասրահը: Տասնյակը եզրափակում են Սանկտ Պետերբուրգում Պետերգորֆը, Վատիկանի թանգարանը եւ Թայբեում Կայսերական պալատի թանգարանը:

Նշվում է, որ նախորդ տարի Լուվրն ունեցել է 10,2 մլն այցելու, որը 2017-ից 25 տոկոսով ավելի է, իսկ Չինաստանի ազգային թանգարանը նախորդ տարի ունեցել է 8,1 մլն այցելու։

Ի դեպ, 2018 թվականին Լուվրի այցելուների թիվը գերազանցել է 10 միլիոնը, ինչը ռեկորդային է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է թանգարանի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեզը։

«Իր պատմության մեջ առաջին անգամ, ես կարծում եմ, թանգարանների պատմության մեջ առաջին անգամ, 2018-ին ավելի քան 10 միլիոն մարդ է այցելել Լուվր»,- նշել է նա։

Մարտինեզի կարծիքով, իրենց հաջողվել է ռեկորդ սահմանել  «Փարիզում միջազգային զբոսաշրջության վերականգնման» շնորհիվ. Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումից հետո  զբոսաշրջիկների թիվը նվազել էր։ 

Թանգարանի գրանցած նախորդ ռեկորդը 2012-ին, այցելությունը կազմել էր 9,7 միլիոն։

Լուվրը որպես գեղարվեստական թանգարանը հանրության առջև բացվել է 1793 թվականին։ Առաջին ցուցադրությունը կազմված է եղել 537 նկարից և արվեստի այլ առարկաներից։ Այժմ Լուվրն աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է։

 

Ֆլորենցիայի Ուֆիցցի պատկերասրահը կոչ է արել Գերմանիային վերադարձնել հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» կտավը, որը նացիստները գողացել էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին։

Եվրանյուզի հաղորդմամբ, թանգարանի տնօրենը, ով ի դեպ գերմանացի է, պատից կախել է նատյուրմորտի սև-սպիտակ կրկնօրինակը՝ «Գողացված է» եռալեզու գրառմամբ։

«Վերջին վերքերը, որ հասցրել է Երկրորդ աշխարհամարտը Ֆլորենցիայի հավաքածուին, առայժմ ամոքված չեն։ Ցանկանում եմ, որ 2019 թվականին այդ գլուխգործոցը վերադառնա իր օրինական տեղը՝ Պալացցո Պիտտիում»,- ասել է Էյկե Շմիդտը։

18-րդ դարի նկարիչ Յան վան Հեյսումին կոչում էին «ծաղկային Ռաֆայել»։ Նրա «Ծաղիկներով ծաղկամանը» հավաքածուի մաս է, որը պահվում էր Պալացցո Պիտտիում 1824 թվականից։ Երկրորդ աշխարհամարտի սկզբին կտավը տարհանել էին, սակայն հետագայում այն գողացել էին նացիստները և հիմա կտավը գերմանական մի ընտանիքում է։ Ամենայն հավանականությամբ, ներկայիս տերը կտավը գողացած զինվորի ժառանգն է։ Ուֆիցցիի ղեկավարությունը հաղորդել է, որ մինչև հիմա այդ ընտանիքն անտեսել է պատկերասրահի բազմաթիվ դիմումները կտավը վերադարձնելու մասին՝ առաջարկելով Իտալիային գնել կտավը։

Image Caption

 

ԱՄՆ Կինոքննադատների ազգային միությունը (NSFC) հրապարակել է 2018թ.-ի լավագույն ֆիլմերի վարկանշային ցանկը:

Միության վարկածով լավագույն ֆիլմ է ճանաչվել չինացի ռեժիսոր ԽԽլոի Չժաոյի «Ձիավորը» (The Rider) ֆիլմը: Այն պատմում է մի տաղանդավոր ձի վարժեցնողի մասին, որը գլխի ծանր վնասվածքի պատճառով ստիպված է լինում թողնել կարիերան:

Երկրորդ տեղում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» (Roma) ֆիլմն է, երրորդում` հարավկորեացի ռեժիսոր Լի Չհան Դոնի «Այրողը» (Burning) դրաման:

Կինոքննադատների ազգային միության վարկածով լավագույն դերասան է ճանաչվել Փոլ Շրեդերի «Առաջին բարեփոխվածը» (First reformed) ֆիլմի գլխավոր դերակատար Իթան Հոուկը, իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտը» (The Favourite) ֆիլմում դերի համար: