Հունվար 14, 2019 20:08 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք Թավրիզի մի շարք պատմական կենտրոններին, այդ թվում քաղաքի մեծ շուկային, Ժամացույցի հրապարակին և Ատրպատականի թանգարանին:

Ատրպատականի թանգարանը Իրանի ազգային թանգարանից հետո, երկրորդ մեծ հնագիտական թանգարանն է համարվում: 

Թանգարանում պահվում են նախաիսլամական և իսլամական ժամանակաշրջանի պատմական նմուշներ: Այս թանգարանը հետաքրքիր վայր է Իրանի պատմությամբ հետաքրքրվողների համար:

Ատրպատականի թանգարանը պաշտոնապես շահագործման է հանձնվել 1962 թվականին: Այն բաղկացած է ավելի քան 800քմ տարածքությամբ երեք ցուցասրահներից: Առաջին հարկում ցուցադրվում են նախաիսլամական ժամանակաշրջանի պատմական իրեր, որոնցից մի քանիսը յոթ հազար տարվա անցյալ ունեն: Ջիրոֆթում հայտնաբերված «Սերփանթին» հանքային քարերի վաղեմությունը ևս նախապատմական ժամանակներին է վերադառնում: Այդ քարերի վրա պատկերված են բույսեր ու տարբեր կենդանիներ:

Երկրորդ հարկում ևս կան առանձնահատուկ նմուշներ, որոնցից ամենահինը Նեյշաբուրից է և հիջրայի չորրորդ դարին է պատկանում: Այդ նմուշների կարևոր առանձնահատկություններից է կուֆի ձեռագիրը, արաբեսկ ոճի նախշերով օժտված լինելը և սպիտակ ջնարակով պատված լինելը:

Մետաղադրամների և պատմական կնիքների ցուցասրահում ցուցադրվել են Աքեմենյանների ժամանակներից մինչև Ղաջարների ժամանակաշրջանի մետաղադրամներ ու կնիքներ:

Նկուղային հարկում ցուցադրվում են վարպետ-արվեստագետ՝ Ահադ Հոսեյնիի մետաղյա ձեռակերտ արձաններն ու ստեղծագործությունները, որոնք պատկերում են նախորդ դարերի մարդու ճակատագիրն ու բարոյականությունը:

Պատմական ժայռապատկերների բաժինը Ատրպատականի թանգարանի ամենանոր բաժինն է: Այս բաժնում ցուցադրվել են մարդկային մարմինների, տապանաքարերի, վիմագրերի, քարե խոյերի ու քանդակների հավաքածու: Ատրպատականի թանգարանը գտնվում է Թավրիզի Իմամ փողոցում՝ Կապույտ մզկիթի և քաղաքապետարանի շենքի մոտակայքում:

 

Ատրպատականի թանգարանի մոտ է գտնվում Թավրիզի Ժամացույցի կամ Քաղաքապետարանի հրապարակը և քաղաքապետարանի շենքը: Թավրիզի քաղաքապետարանի շենքը քաղաքի բնակչության մոտ հայտնի է «Սաաթ Ղաբաղի» անունով և Իրանի ազգային ժառանգություններից է համարվում:

Թավրիզի քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1935-1939թթ. ընթացքում, 9600 քմ տարածքում 6500 քմ մակերեսով  և երեք հարկում:  Շինությունն ունի 80 սենյակ և 10 գեղեցիկ դահլիճներ և ժամացույցի աշտարակը մեծ հռչակ է բերել շենքին:

Քարակերտ այս շենքը կառուցված է «U» տառի տեսքով և մի քանի մուտքերն ու քարերի վրայի քանդակագործությունները շինության առանձնահատկություններից են համարվում: Այս կառույցը Իրանի և Թավրիզի առաջին քաղաքապետարանն է համարվում:

Քաղաքապետարանի շենքում կա նաև թանգարան, որը կառուցվել է Թավրիզում Իրանի առաջին քաղաքապետարանի հիմնադրման հարյուրամյակի առիթով:

Քաղաքապետարանի շենքը ճարտարապետական յուրահատուկ ոճ ունի: Շենքում ժամացույցն այնքան հմտորեն է տեղադրված, որ ամեն քառորդ ժամ քաղաքում լսվում է դրա հնչեղ ձայնը: Շինությունն այնքան ամուր է, որ կառուցման օրից ոչ մի վերանորոգման չի ենթարկվել և նախկին տեսքով է մնացել:

Ներկայիս քաղաքապետարանի շենքը ամբողջովին թանգարանի է վերածվել և իր մեջ է պահում պատմական հարստություններ: Այնտեղ ցուցադրվում են տարբեր գրքեր, ձեռագրեր, հին ու թանկարժեք գորգեր, տեսախցիկներ: Թանգարանում լավագույնս ցուցադրվում է գորգարվեստի, հրատարակչության ու լուսանկարչության պատմական ընթացքը:

Նկուղում է գտնվում փաստաթղթերի, կոշիկի, լապտերի և հրշիջման թանգարանները: Այնտեղ ցուցադրվում են ամենահին կոշիկները, լապտերները, առաջին հրշեջների կողմից օգտագործված իրերը և Թավրիզի ամենահին տեսախցիկները:

Շինության առաջին հարկում է գտնվում ձայնի ու նահատակների թանգարանը: Ձայնի թանգարանում ցուցադրվում են անցած տարիների ընթացքում Թավրիզում կիրառված նվագարանները: Իսկ նահատակների թանգարանում են պահվում Թավրիզի հեղինակավոր նահատակների, այդ թվում Մահդի Բաքերիի լուսանկարները, հիշատակություններն ու ձեռագրերը: Երկրորդ հարկում է գորգի թանգարանը, որտեղ կան շուրջ 80 տարվա վաղեմությամբ գորգեր:

Թավրիզի Ժամացույցի հրապարակ

 

Թավրիզի շուկան մեկ քկմ տարածությամբ աղյուսով ծածկված աշխարհի ամենամեծ շուկան է համարվում և քաղաքի ամենատեսարժան վայրերից է հանդիսանում: Շուկան գտնվում է քաղաքի կենտրոնում՝ աջից հասնում է Ալի Ղափուի պալատներին, իսկ ձախից քաղաքի գլխավոր մզկիթին: 1975թ. Թավրիզի շուկան գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում և 2010թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցուցակում: Թավրիզը Մետաքսի ճանապարհին լինելով, քաղաքի շուկան հնուց ի վեր շատ աշխույժ է եղել և կարևոր դեր է ունեցել Թավրիզի տնտեսական զարգացման գործընթացում: Ներկայիս ևս ժամանակակից առևտրի կենտրոններ կառուցվելով, շուկան թավրիզեցիների, զբոսաշրջիկների ու ուղևորների առևտրի գլխավոր վայրն է հանդիսանում:

Շինության կառուցման թվականը հայտնի չէ, սակայն կան փաստեր, որոնց համաձայն, Թավրիզի շուկան գոյություն է ունեցել հիջրայի չորրորդ դարից: Հիջրայի չորրորդ դարից մինչև ղաջարների ժամանակաշրջանը Թավրիզ այցելած մեծ թվով զբոսաշրջիկներ տեղեկություններ են ներկայացրել շուկայի մասին: Այդ զբոսաշրջիկների շարքում են՝ Իբն Բաթութան, Մարկո Պոլոն, Ջաքսենը, Օլիյայե Չալաբին, Գասպար Դերվովիլը, Ալեքսիս Սուկտիկովը, Ժան Շարդենն ու ուրիշներ, որոնք իրենց գրություններում գովել են Թավրիզի շուկայի շքեղությունն ու բարգավաճ վիճակը:

Թավրիզի շուկան շուրջ 300 տարի առաջ, 1814թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո, Նաջաֆղոլիխան Դանբոլիի կողմից վերանորոգվել է:  Շուկան բաղկաղացած է տարբեր փոքր շուկաներից, միջանցքներից ու հյուրատներից: Շուկայի մեծությունն ու գեղեցկությունը, հատկապես խանութների դասավորվածությունն ու ճարտարապետությունը յուրահատուկ են դարձրել այն: Թավրիզի շուկայում կան  5500 խանութներ ու կրպակներ և 40 տարբեր աշխատանքներ: Այդ շուկաների առանձնահատկություններից է երեք հարկ լինելը: Առաջին հարկը պահեստ է, երկրորդ հարկում խանութներն են, իսկ երրորդ հարկը հանգտսանալու համար է:

Թավրիզի շուկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ այդ շուկայում պահպանվել են անցյալի տարբեր աշխատանքներ: Այնպես որ շուկայում քայլելով, կարելի է տեսնել արհեստներ, որոնք սերնդեսերունդ են պահպանվել: Շուկայում ամեն ինչ կարելի է գտնել՝ ոսկուց ու գոհարեղենից մինչև համեմունքներ, սննդամթերք ու կենցաղային իրեր: Հետևաբար Թավրիզի շուկան լավագույն վայրն է հանդիսանում Ատրպատականի  հուշանվերները գնելու համար:

Թավրիզի շուկայի Մոզաֆարիեի

Թավրիզի շուկայում այնքան բազմազանություն կա, որ կարելի է ժամեր այնտեղ քայլել: «Մոզաֆարիեի պանդոկը» շուկայի ամենակարևոր մասերից է, որտեղ գորգի առք ու վաճառք է տեղի ունենում: Այնտեղ մուտք գործելով, դուք մուտք եք գործում իրանական արժեքավոր մետաքսյա գորգերի աշխարհ: Մի խոսքով, Մոզաֆարիյեի շուկան Իրանի գորգի դրախտ է հանդիսանում: Այդ տարածքի ճարտարապետական առանձնահատկություններից է բարձր առաստաղը և իր վրայի փոքր ու մեծ գունավոր ու սպիտակ պատուհանները և հատուկ դասավորությամբ իրար կողքի գտնվող խանութները:Այդ պանդոկը երկու հարկում է կառուցված, ամեն հարկում կան 26 խանութներ: Պանդոկի երկար միջանցքի երկու կողմում13 խանութներ կան: Երկու կողմից ճանապարհ կա դեպի վերևի հարկը: Առաջին հարկում գորգավաճառներն են, իսկ վերևի հարկում կողմնակի աշխատանքներ են արվում, այդ թվում գորգերի դիզայն ու վերանորոգում: Այդ հարկում են աշխատում ամենահմուտ գորգ վերանորոգող, պատկերազարդ գորգեր պատրաստող, նախշեր առաջարկող ու թելեր ներկող վարպետները: