Մի գավաթ անդորր (137. Մանկական ագրեսիա-2)
Ողջույն հարգելի բարեկամներ: Նախորդ համարում մեր զրույցի թեման մանկական ագրեսիան էր: Այսօր շարունակում ենք զրույցը: Հիշեցնենք մեր հաղորդման հյուրն է հոգեբան Անուշ Ալեքսանյանը: Որպես աղբյուր օգտվել ենք boon.am կայքից: Մնացեք մեզ հետ:
Մեծերի աշխարհընկալումը խիստ տարբերվում է երեխաների հայացքներից: Այն, ինչը մեզ համար մանրուք է, երեխային կարող է ողբերգություն թվալ: Հաճախ պատահում է, որ մենք ուշադրություն չենք դարձնում երեխաների ապրումներին, իրական հոգեկան ցավին, բայց մեծ նշանակություն ենք տալիս այնպիսի բաների, որոնք նրանց համար մանրուքներ են թվում: Արդյունքում երեխայի մոտ կարող է տպավորություն կամ նույնիսկ համոզմունք ստեղծվել, որ մեծերը անընդունակ են հասկանալ, հետևաբար և օգնել իրեն: Երեխայի շուրջ ձևավորվում է միայնության ու անելանելիության մթնոլորտ, նա իրեն վախեցած, անպաշտպան և անօգնական է զգում: Որպես արդյունք ձևավորվում են ոչ ադեկվատ ու ագրեսիվ ռեակցիաներ:
Տեսնենք, թե ինչպիսի հանգամանքներում կարող է երեխայի մոտ առաջանալ ագրեսիվ վարք:
Առաջինը ՝ Ֆիզիկական ակտիվության արգելք
Հաճախ մանկան ագրեսիվ վարքի արտահայտումները անմիջականորեն պայմանավորված են մեծերի կողմից դրված արգելքներով: Եթե երեխան օրվա ընթացքում հնարավորություն չի ունեցել արտահայտել իր՝ ինչպես դրական, այնպես ել բացասական էմոցիաները, չի կարողացել ֆիզիկապես լիցքաթափվել, ապա դրա հետևանքները շուտով զգացնել կտան իրենց: Նրա ագրեսիան պայմանավորված կլինի կուտակված էներգիայի ավելցուկով, որը, ինչպես հայտնի է, անհետ չի կորում: Այդ պատճառով, մանավանդ ակտիվ երեխաներին, անհրաժեշտ է հաճախել մանկապարտեզ, որտեղ նրանք հնարավորություն կունենան վազվզել ու խաղալ՝ առանց վախենալու էմոցիաները արտահայտելուց: Այդպիսով երեխան տանը ավելի հանգիստ ու խաղաղ կլինի:
Անձնական ազատության իրավունքի մերժումը ևս կարող է երեխայի մոտ արթնացնել ագրեսիվություն:
Սկսած այն պահից, երբ երեխան սկսում է գիտակցել իր “Ես”-ը, նա սկսում է բաժանել աշխարհը “իր” և “ուրիշների” միջև, համապատասխանաբար և շրջապատող իրերը դասվում են այդ սկզբունքով: Այդ պահից սկսած պահանջվում է, որ նա ունենա իր տեղը և վստահ լինի այն ամենի անձեռնամխելիության մեջ, ինչն իրեն է պատկանում: Եթե ծնողները հնարավորություն ունեն, պետք է առանձին սենյակ հատկացնեն երեխային կամ նրա համար առանձին անկյուն ստեղծեն: Կարևոր է, որ ծնողը երբեք առանց հարցնելու չվերցնի երեխայի իրերը, քանի որ անձնական սահմանները խախտելու պատճառով, ամենայն հավանականությամբ, կարող է բուռն ռեակցիա առաջանալ: Որոշ ծնողներ սխալմամբ ենթադրում են, որ մանուկները իրենցից չեն կարող գաղտնիքներ ունենալ՝ մոռանալով, որ իրենց էլ դուր չէր գա նմանատիպ միջամտությունը: Երեխային անհրաժեշտ է ազատություն, որպեսզի նա սովորի ինքնուրույն որոշումներ կայացնել ու պատասխանատու լինել դրանց համար: Ինչպես նաև անհրաժեշտ են որոշակի բարոյական նորմեր ու սահմաններ:
Եթերում հոգեբան Անուշ Ալեքսանյանն է:
***
Երեխաների ագրեսիան երբեք առանց պատճառի չի լինում, սակայն հաճախ ծնողները հաշվի չեն առնում այս փաստը: Հարկ է հիշել, որ նման դեպքերում սխալ արձագանքն էլ ավելի է սրում իրավիճակը, ուստի մեծահասակները պետք է իմանան, թե ինչպես կարելի է հանգստացնել երեխային և ճիշտ արձագանքել նրա պահվածքին:
Առաջին հերթին մեծահասակը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում և վերահսկի իր ռեակցիան (օրինակ՝ խփելու ցանկությունը): Սա կոչվում է զգացմունքների «պահեստավորում» (դրանք պահվում են, բայց չեն ճնշվում):
Կարելի է ֆիքսել ագրեսիվ երեխային, ամուր գրկել նրան ու դուրս գալ տվյալ սենյակից (փոխել միջավայրը): Այդ պահին ամենակարևորը մեծահասակի պահվածքն է. նա կարող է ագրեսիայով պատասխանել և էլ ավելի վատացնել վիճակը կամ թույլ տալ, որ երեխայի ագրեսիան անցնի՝ առանց վնաս հասցնելու:
Բացի այդ, մեծահասակը կարող է օգնել փոքրիկին հաղթահարել բացասական հույզերը.
· Նա պետք է չփախչի և մնա երեխայի կողքին, քանի որ հակառակ դեպքում փոքրիկն իրեն լքված կզգա և նրա ագրեսիան էլ ավելի կսրվի:
· Նաև հարկավոր է ընդունել երեխային ագրեսիայի պահին: Պետք չէ խրախուսել նրա պահվածքը, սակայն կարելի է հիշել, որ նա դեռ շատ փոքր է:
Նման պահերին երեխան պետք է հասկանա, որ իր զգացմունքները չեն մերժվում, չեն ժխտվում ու չեն անտեսվում:
Երբեմն ծնողները նախընտրում են պարզապես անտեսել երեխայի արարքը, թույլ տալով նրան անել այն, ինչ ցանկանում է, մինչդեռ դա նույնպես սխալ մարտավարություն է: Այս դեպքում երեխայի համար ագրեսիվ պահվածքը նորմալ է դառնում, իսկ ծնողը դադարում է լինել հեղինակություն, օժանդակող ուժ ու անվտանգության երաշխավոր:
Լսենք հոգեբան Անուշ Ալեքսանյանին:
***
Ագրեսիայի պահին երեխան պետք է «ծանոթանա» իր այս վիճակին: Հարկավոր է բացատրել, որ նա պարզապես զայրանում է և որ ծնողները նույնպես երբեմն զայրանում են: Բացի այդ, կարելի է առաջարկել որևէ այլ կերպ ազատվել բացասական հույզերից (բղավել, պատռել թուղթը, «ծեծել» բարձը և այլն):
Երեխան պետք է հասկանա, որ սիրված է և իրեն ընդունում են այնպիսին, ինչպիսին նա կա, սակայն նրա սխալ արարքն անընդունելի է ծնողների համար:
Ծնողը պետք է գտնի երեխայի ցուցաբերած ագրեսիայի պատճառը: Նա պետք է հասկանա, թե ինչն է դրդում փոքրիկին բղավել կամ խփել և ինչ է նա ուզում ստանալ ի պատասխան.
Գուցե նա ունի ուշադրության կարիք, գուցե պակասում է սեփական կարևորության զգացողությունը: Հավանաբար նա ցանկանում է պատմել իր ցավի մասին, կամ ուզում է համոզվել, որ ծնողը դեռ գլխավորն է և ոչինչ չի փոխվել:
Չի բացառվում, որ նա այդ կերպ է արտահայտում ճգնաժամը կամ պարզապես փորձում է նոր կագավիճակ ձեռք բերել:
Ի վերջո ծնողը պետք է «վերհանի» իր «պահեստավորված» զգացմունքները և փորձի հասկանալ դրանք: Նա պետք է հասկանա, թե ինչու էր երեխայի ցուցաբերած ագրեսիան այդքան անհանգստացնում իրեն. գուցե նա վախենում էր շրջապատի քննադատությունից, վախենում էր դադարել գլխավորը լինել կամ անհանգստանում էր, որ երեխան կամ այդ իրավիճակը կդառնան անկառավարելի: Նա պետք է հասկանա, թե ինչ զգացմունքներ է իր մեջ առաջացնում երեխայի ագրեսիան և փորձի լուծել այդ խնդիրն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ: