Գեղարվեստական հաղորդում (149)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ փետրվարի 19-ից սկսած ամբողջ տարվա ընթացքում Երևանում հետաքրքիր մշակութային ծրագրեր կիրականացվեն:
«Դեռ 2016 թվականից պատրաստվել ենք Թումանյանի հոբելյանին և շատ հիմքային գործեր ենք արել, որոնցից է նրա ձեռագրի էլեկտրոնային տարբերակի ստեղծումը: Փետրվարի 19-ից համացանցում կարելի է գտնել Թումանյանի ձեռագրի թվայնացված տարբերակը, «Թումանյանի տառատեսակը»: Հասարակությանը կիրազեկենք, թե ինչպես է հնարավոր այն ներբեռնել և օգտագործել կենցաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Նրա խոսքով` այժմ մշակման փուլում է գտնվում նաև տուն-թանգարանի նոր տարբերանշանը:
«Փետրվարի 19-ին հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված ոչ միայն թանգարանի ներսում, այլև մատույցների մոտ, որտեղ նախատեսվում է հրավառություն: Մեծ իրարանցում կլինի. ուրախ, զվարճալի, պայծառ, ինչպիսին Թումանյանն էր: Այդ օրը մեր այցելուները կանցնեն բերկրանքի ուղիներով և կհասնեն թանգարան`հայտնվելով հեքիաթային աշխարհներում: Թանգարանի ներսում նրանք կհանդիպեն Թումանյանին և կպարզեն, որ գրողի ծննդյան օրը շնորհավորելու են եկել Գրիմ եղբայրները, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Պուշկինը և այլ մեծանուն գրողներ»,-ներկայացրեց տնօրենը:
Տարվա ընթացքում թանգարանի նախաձեռնությամբ անգլերեն, վրացերեն, գերմաներեն ու պարսկերեն կթարգմանվի և կհրատարակվի Թումանյանի բոլոր ժանրերի ստեղծագործություններից բաղկացած գիրք, որը տպագրման փուլում է: Կիրականացվի նաև օլիմպիադա ոչ միայն Հայաստանի դպրոցականների, այլև Սփյուռքում ապրող երեխաների համար:
Թանգարանում կազմակերպվելու է ծաղրանկարների մրցույթ «Էս վայթե մեր Օհաննեսն է» խորագրով: Ամռանը Հայաստանի ամբողջ տարածքում կմեկնարկի «Street art» ծրագիրը, ընթացքում է նաև Թումանյանի կյանքի մասին պատմող անիմացիան:
Թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը հայտնեց, որ պատրաստվում են իրականացնել նորաձևության շաբաթ: «Թումանյանը շատ էր կարևորում ճաշակը և այն համարում էր կյանքի բույրը: Նորաձևության ցուցահանդեսում կներկայացվեն 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին Թիֆլիսում ապրող հայ մտավորականների հագուկապը: Այն կարող է նորաձև դառնալ նաև այսօր: Առանցքում կլինի Թումանյանի ընտանիքը, աղջիկներից Անուշը, որը բավականին պճնամոլ էր ու հետաքրքիր լուսանկարների շարք ունի»,-ընդգծեց փոխտնօրենը և հավելեց, որ ցուցադրություններ կլինեն Թբիլիսիում և Մոսկվայում:
Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:
Հայ մեծ կինոռեժիսորը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին:
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մոտ 30 տարվա ընթացքում այդ ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է:
«Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարևոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը:
Տնօրենի խոսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը:
«Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել: Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսն ով արվեստագետ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,- նշեց մեծանուն ռեժիսորի երևանյան թանգարանի տնօրենը:
Վերջինս ընդգծեց, որ «Պերա» թանգարանը 5-հարկանի է և 4-րդ հարկում Փարաջանովի ցուցահանդեսն է, իսկ 5-րդում Սարգիսը Փարաջանովին ու նրա «Սայաթ-Նովա» ֆիլմին նվիրված ինստալյացիա է արել:
Թողարկվել է նաև մեծ կատալոգ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով:
«Ցուցադրույթը շատ գեղեցիկ է ստացվել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանավոր ձևավորող-նկարիչներից մեկը: Երևանից 75 նմուշ ենք տարել Ստամբուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է, որ երբևէ արվել է: Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրված է 40 էկրան, որոնց վրա ցուցադրվում են կինոռեժիսորի ֆիլմերը»,- պատմեց Զավեն Սարգսյանը և հավելեց, որ ցուցահանդեսն օրական 400 այցելու է ունենում:
...Հունվարի 9-ին, հենց Փարաջանովի ծննդյան օրը Սարգսյանը մի շարք արվեստագետների էր հրավիրել ռեժիսորի երևանյան թանգարան՝ հիշելու և նշելու կինոռեժիսորի 95-ամյակը: Նրանք նաև այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:
Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի հայ համայնքի անդամներին, ովքեր նույնպես բավականին հետաքրքրված են Փարաջանովի ստեղծագործական գործունեությամբ:
«Ուկրաինայի Լուգանսկի մարզի Ալչևսկ քաղաքում, որի ճամբարում երրորդ անգամ բանտարկված է եղել Սերգեյ Փարաջանովը, հունվարի 9-ին նշել են նրա ծնունդը, փակցրել հուշատախտակ: Ալչևսկում նաև ապրում է մի մարդ, ով ազգությամբ թաթար է, կինն էլ ծնունդով Աղդամից է՝ ադրբեջանուհի, տեղի դպրոցում Սերգեյ Փարաջանովի անվան փոքրիկ թանգարան է ստեղծել»,- եզրափակեց Զավեն Սարգսյանը:
2018 թ. բրիտանացի կինոպրոդյուսեր Դանիել Բերդի մասնակցությամբ սկսվել է հայտնի հայկական ֆիլմերի այն կադրերի թվայնացման նոր ծրագիր, որոնք ֆիլմ չեն մտել: Գործընթացը կանդրադառնա նաեւ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
Նրա խոսքերով, գաղափարը պատկանում է հենց Դանիել Բերդին: «Նա հանդիպեց ինձ հետ, մենք երկար բանակցություններ ունեցանք եւ 2018 թվականին սկսեցինք կոնկրետ աշխատել: Այժմ մենք վերականգնում եւ թվայնացնում ենք «Սայաթ-Նովա» ֆիլմի բոլոր այն կտորները, որոնք չեն ընդգրկվել ֆիլմում, բայց պահպանվել են մեր արխիվում»,- բացատրել է Միրզախանյանը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այդ թվայնացված կտորների հիման վրա նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարահանել «Սայաթ-Նովա»-ի մասին՝ այն մարդկանց մասնակցությամբ, որոնք իրենց նպաստն են բերել դրա ստեղծմանը: Բացի դրանից, Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է երաժշտություն գրել վավերագրական ֆիլմի համար, եւ այդ պատասխանատու գործը, ինչպես եւ «Սայաթ-Նովա» -ում, որոշվեց հանձնել հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այդ աշխատանքը նախատեսվում է ներկայացնել տարբեր միջազգային փառատոններում, այդ թվում` հեղինակավոր Վենետիկի կինոփառատոնում:
«Ֆիլմի վրա աշխատանքը նախատեսվում է ավարտել արդեն 2019 թվականին: Դա շատ ժամանակատար գործընթաց է: Ընդամենը վեց ամիսների ընթացքում մենք կարողացանք դա անել: Դա իրականում շատ դժվար էր, բայց մենք կարողացանք ամեն ինչ հաղթահարել, քանի որ Վենետիկի կինոփառատոնի մեկնարկին հասցնելու մեծ ցանկություն էր առաջացել», - ընդգծել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրենը:
Միրզախանյանը նկատել է, որ ֆիլմերի թվայնացումը թանկ հաճույք է եւ կազմում է միջինում 250 հազար դոլար:
Հայ ընթերցողները 2019 թվականի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի ընթերցողների սեղանին կդրվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները:
Հրատարակչությունից հայտնում են, որ այս տարի ընթերցողներին հասանելի կլինի ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Միջնաբերդ» ստեղծագործությունը: Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է: Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել: Այս գործի լույսընծայմամբ Էքզյուպերիի բնագրային թարգմանությունների հավաքածուն ամբողջական տեսք կստանա, քանի որ արդեն իսկ հայերեն են հրատարակվել ֆրանսիացի գրողի մյուս բոլոր գործերը:
Հայերեն թարգմանությամբ տարվա ընթացքում ընթերցողի սեղանին կդրվի նաև ժամանակակից ստեղծագործող, բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» գիրքը: Գրքի համար Գրինն արժանացել է «Փրինց» մրցանակի: Գիրքը հայտնվել է նաև «10 լավագույն գրքեր դեռահասների համար» ցուցակում: Այն Գրինի առաջին մեծակտավ ստեղծագործությունն է:
Այս տարի հայ ընթերցողների դատին կհանձնվի նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» գործը: 1954 թվականին լույս տեսած այս վեպն առաջին անգամ է հրատարակվելու բնագրային ամբողջական թարգմանությամբ: Այս գործում Ռեմարկը պատերազմը ներկայացնում է մեկ այլ, բոլորովին նոր տեսանկյունից:
Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև նոն ֆիքշն՝ բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր, որոնք օգնել են միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ՝ հեքիաթների ժողովածուների տեսքով:
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տարվա հատուկ մրցանակը հանձնվել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանին։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից ամեն տարի հանձնվող հատուկ մրցանակը 2018–ի համար հանձնվել է «Դողուշ մեդիայի» աջակցութմաբ ստեղծված Արա Գյուլերի թանգարանին։
Հատուկ մրցանակը «Դողուշ մեդիայի» նախագահին հանձնել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ Արա Գյուլերը 2016–ին համաձայնության էր եկել «Դուղուշ մեդիայի» հետ իր լուսանկարների պահպանման եւ ցուցադրման իրավունքների հետ կապված։ Արդեն 2018–ի օգոստոսի 16–ին՝ Արա Գյուլերի ծննդյան օրը, բացվել էր թանգարանը։
Հիշեցնենք, որ Արա Գյուլերը մահացել է 2018–ի հոկտեմբերի 17–ին։
Դասական երաժշտության Bachtrack կայքը 2018 թվականի ամենահայտնի կոմպոզիտոր է ճանաչել էստոնացի Արվո Պյարտին: Նրա ստեղծագործությունները աշխարհում ամենահաճախն է հնչում։ korrespondent.net-ը գրում է, որ վարկանիշը հիմնված է 2018 թվականին կայացած 33 հազար 578 համերգների և երաժշտական միջոցառումների տվյալների վրա։ Նա դասական երաժշտության ներկայումս գործող կոմպոզիտորների ցուցակում առաջինն է, իսկ պատմության ընթացքում լավագույն կոմպոզիտորների ցանկում 46-րդն է։
Պյարտի ստեղծագործությունները ակտիվորեն օգտագործվում են ոչ միայն համերգասրահներում, նաև ֆիլմերում։ Օրինակ, նրա Spiegel im Spiegel ստեղծագործությունը հնչել է Սիմփսոնները մուլտսերիալում։
Բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի «Սեր՝ աղբամանում» (Love Is in the Bin) կտավը, որը հայտնվել է «Կարմիր փուչիկով աղջիկը» կտավի «ինքնաոչնչացումից» հետո, առաջին անգամ հանրությանը ներկայացվելու է Գերմանիայում՝ Frieder Burda ժամանակակից արվեստի թանգարանում։
Աշխատանքը ներկայացվելու է փետրվարի 5-ից մարտի 3-ը։ Միաժամանակ սիմպոզիում է անցկացվելու։ Կտավը դիտելու պայմաններն այնպես են մշակված, որ թույլ տա հնարավորինս շատ մարդկանց տեսնել աշխատանքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Sotheby's աճուրդում Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը, մանրացված թղթերն այժմ կախված են շրջանակից։ Աշխատանքի միայն մի մասն է անվնաս մնացել։ Գնորդը որոշել է ավարտել գործարքը, աշխատանքը ստացել է նոր անվանում՝ «Սեր՝ աղբամանում»։