Հունվար 28, 2019 08:19 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:

Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատության եւ գեղարվեստական ու մշակութային «Բոխարա» հանդեսի համագործակցությամբ, հունվարի 14-ի երեկոյան Թեհրանում կազմակերպվեց երեկո նվիրված իրանահայ բանաստեղծներին, թարգմանիչներին եւ գրողներին:

Բանախոսությամբ 4 բանախոսներ յուրովի ներկայացրեցին իրանահայ մշակույթի գործիչների դերը Իրանի գիտա-մշակութային ոլորտի զարգացման բնագավառում:

Որպես առաջին բանախոս «Բոխարա» հանդեսի տնորեն Ալի Դեհբաշին անդրադարձավ հայ ժողովրդի պատմական տվյալներին եւ հայ թարգմանիչների եւ գրողների մատուցած ծառայություններին, թվարկելով բազմաթիվ անուններ: Նա անդրադարձավ նաեւ «Բոխարա» հանդեսի միջոցով կազմակերպված բազմաթիվ գրական երեկոներին, որոնց թվում քիչ չեն եղել հայ մշակութային գործիչների ներկայացումը:

Բանախոսներից Ղավամեդդին Ռազավիզադեն իր ծավալուն նյութը բաժանել էր հիմնականում երեք շրջանների, Իրանի սահմանադրական շարժումից առաջ, Սահմանադրական շարժման տարիներ եւ արդի ժամանակաշրջան: Նա մանրամասն անդրադարձավ յուրաքանչյուր ժամանակաշրջանի հայ գրողների, թարգմանիչների ու մտավորականների անժխտելի դերակատարությանը, միջազգային եւ հայկական գրականությունը իրանական հասարակությանը ծանոթացնելու գործում: Նա հայ թարգմանիչներից կամ գրողներից յուրաքանչյուրին ներկայացնում էր իրենց ստեղծագործական աշխատանքների ընդմիջից: Նա նաեւ անդրադարձավ «Պայման» հանդեսին աշխատակցող մտավորականներին:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ իրանահայերը ինչպիսի դերակատարություն են դրսեւորել Իրանի մշակութային կյանքում: Նա նշեց, որ Իրանի մշակույթի, նկարչության, ճարտարապետության, մի խոսքով արվեստի գիտության եւ գրականության բնագավառում հայերը չեն խնայել իրենց կարելին եւ անդրադարձավ իրանական ու հայկական մշակութային ընդհանրություններին: Նա ավելացրեց, որ Իրանում հայերը եղել են նորարարության կրողները եւ քանի որ իրանցիների մոտ հայերը միշտ էլ հարգանք ու համբավ են վայելել, ուստի հասարակությունը ընդունել է իրանահայերին: Նա կարեւորությամբ անդրադարձավ Իրանի գիտական, մշակութային եւ արվեստի զանազան բնագավառներում իրանահայ ականավոր դեմքերին եւ կարեւորեց իրանահայ արհեստավորների անժխտելի դերը Իրանի հասարակության վստահությունը շահելու առումով: Բանախոսն իր ելույթի ընթացքում թարգմանիչներին համարեց մշակույթների կապող օղակ:

Վերջում «ՀՈՒՍԿ»-ի վարչության նախագահ Իսիկ Յունանեսյանը անդրադարձավ արդի շրջանի հայ մտավորականներին, որոնք կամ իրենք կամ իրենց ընտանեկան պարագաները ներկա էին դահլիճում:

Հատկանշական է, որ ընթացքում ցուցադրվեց «ՀՈՒՍԿ»-ի պատրաստած փաստավավերագրական տեսաֆիլմը, որը անդրադառնում էր հայ ժողովրդի կլասիկ, դյուցազնական եւ արդի գրականությանը եւ այն հարվածին, որ Հայոց Ցեղասպանությունը, բացի մարդկային կորստից պատճառեց նաեւ հայ գրականությանը:

Միջոցառման գեղարվեստական բաժնում դաշնամուրային կատարումներով ելույթ ունեցավ Արմեն Ասատրյանը եւ կազմակերպվել էր «ՀՈՒՍԿ»-ի ու «Բոխարա»-ի հրատարակությունների ցուցահանդես:

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակ

 

Հունվարի 20-ին մեկնարկեցին մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները: ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ հունվարի 20-ին կազմակերպվեց այցելություն բանաստեղծուհու շիրմին՝  Կոմիտասի անվան պանթեոն:

Հունվարի 22-ին Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում մարվեց Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև ներկայացվեց «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

Ս. Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին  Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։

1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ 1945 թվականին լույս է տեսել «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով: 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների: Նույն թվականին ստացել է նաև իտալական «Նոսիդիե» գրական մրցանակ: Ունի մանկական ստեղծագործությունների մոտ 40 հրատարակություն: Մահացել է 2006թվականին, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

2009 թվականին նրա ապրած տանը բացվել է բանաստեղծուհու տուն-թանգարանը:

«Նռան գույնը»

 

2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Այս մասին նշված է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։ 

Փառատոնի կայքի տեղեկացմամբ, ֆիլմի մասին հետազոտություններն իրականցնող և վերականգնման աշխատանքների մասնագետ Դենիել Բըրդը ներկայացնելու է «Նռան գույնը» ֆիլմի (1969) հիմնական մոնտաժում չօգտագործված կադրերի վերականգնված հատվածները՝ ինստալյացիա ձևաչափով:

Ինչպես հայտնի է, կինոկենտրոնի ու Դենիել Բըրդի ջանքերով դեռ անցյալ տարի սկսվել է հայկական դասական ֆիլմերի թվայնացման ու տարածման երկարաժամկետ ծրագիր։ Առաջինը թվայնացվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը։ Վերականգնված տարբերակը Հայաստանում ցուցադրվել է 2018-ի աշնանը։ Բացի այդ, լեհական FIXAFILM ընկերությունը նույն ծրագրի շրջանակում վերականգնել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերի 1/3-ը։ Ընդհանուր ժապավանը կազմում է 103 տուփ։ «Նռան գույնի» թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով կցուցադրվեն Ռոտերդամի փառատոնում։

Շնորհանդեսը նախատեսված է Ամստերդամի սբ․Արմենիուս եկեղեցում, որի հատակին տեղադրված 31 մանիտորները անընդհատ ցուցադրելու են փարաջանովյան կադրերը՝ Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ այս նախագծի համար գրած երաժշտության ներքո։ Իսկ հունվարի 25-ին և 29-ին կցուցադրվի «Հակոբ Հովնաթանյան» վերականգնված ֆիլմը։ Հունվարի 28-ը Ռոտերդամի փառատոնի շրջանակում կնվիրվի սովետական կինոժառանգությանը. նախատեսված է կոնֆերանս-սիմպոզիում, որի թեման հայկական դասական կինոն է լինելու։

2019թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի (հունվարի 23-ից փետրվարի 3-ը) հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագիրը ներառում է․

1․«Կինոյի Տաճար» շնորհանդեսը (Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված հատվածների ինստալյացիոն ֆորմատով ցուցադրություն)։
2․Ս.Փարաջանովի «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», Ռուբեն Գևորգյանցի «Աշխարումս» և Մ. Սահակյանի «Փարոս» ֆիլմերի ցուցադրությունները։
3․«Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաև հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոմատենադարանի Ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսը, որտեղ ելույթներով հանդես կգան հայ և արտասահմանյան հայտնի կինոգործիչներ՝ Ջեյմս Շտեֆենը (ԱՄՆ), Վալերի Պոզները (Ֆրանսիա), Լևոն Աբրահամյանը (Հայաստան):

Առաջին անգամ Սերգեյ Փարաջանովը 1988-ին է հրավիրվել՝ մասնակցելու Ռոտերդամի փառատոնին։ 31 տարի անց, դարձյալ հունվարին Ռոտերդամում ներկա է լինելու Սերգեյ Փարաջանովն իր հոգևոր գոյությամբ՝ կինոժառանգությամբ ու կինոարվեստով։

«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածու

 

«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որտեղից հայտնում են, որ լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք:

Երեքհատորյակը կազմած Նազելի Կարապետյանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առավել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ և դրանց հետ կապված մի շարք հետազոտություններ:

«Հայ ժողովրդական հեքիաթները մեր ինքնության անբաժանելի մասն են և մեծ դեր են խաղում ազգային ինքնաճանաչողության հարցում: Դրանք իրենց մեջ խտացնում են հայ ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած իմաստությունը, կենսափիլիսոփայությունը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները, հումորը, սովորույթները: Պարունակում են պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ: Այս հեքիաթները գալիս են հազարամյակների խորքից և իրենց մեջ կրող ճշմարտությունները միշտ արդիական են ու անփոփոխ»,- նշել է Նազելի Կարապետյանը:

Հրատարակչությունից հայտնում են, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները:

Ռոբերտ Դե Նիրո

 

Դերասան Ռոբերտ Դե Նիրոն պնդում է, որ երբեք չէր կարող խաղալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, քանի որ այդ դեպքում չէր կարող կիսել իր հերոսի ապրումները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bild am Sonntag։

«Յուրաքանչյուր կերպարի համար, որը ես պատկերում եմ, միշտ գտնում եմ ինչ- որ բան, որն առաջացնում է նրան կարեկցելու զգացում»,- ասել է 75-ամյա դերասանը։ Նա խոստովանել է, որ երկար է ուսումնասիրում նրան, ում պետք է խաղա, դիտարկում է մարդուն տարբեր անկյուններից։

«Թրամփի դեպքում ես ամեն օր նորից փորձում եմ գտնել գոնե մի բան, ինչը կարեկցելու զգացում կառաջացնի, սակայն դա ինձ չի հաջողվում, դա անհնար է։ Թրամփը եղել և մնում է խորապես հակակրելի իմ համար»,- նշել է Դե Նիրոն։ Դերասանը պնդում է, որ միակ պատասխանը, որ ինքը կտար Թրամփի դերում խաղալու առաջարկին, կլիներ. «Երբեք»։

Դե Նիրոն հայտարարել է, որ Թրամփին «ահավոր» և կատարյալ անբարոյական մարդ է համարում, որը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի ու ժողովրդավարական արժեքների համար։ Ավելի վաղ դերասանն ու նախագահը արդեն միմյանց հասցեին սուր արտահայտություններ արել էին։

 

Նիդեռլանդներում հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգ ի անհայտ կտավը։ Կտավի սեփականատերը դարձել է Դրենտե քաղաքում Վան Գոգի տուն-թանգարանը։ Իզվեստիան, հղում անելով RTV Drenthe-ին, գրում է, որ կտավը թանգարանին է հանձնել Հաագայի 92-ամյա բնակչուհին։

Նկարում ներկայացված է սրճարան։ Մասնագետները նշում են, որ աշխատանքի ոճը շատ նման է հայտնի հոլանդացի նկարչի ոճին, այլ ապացույց է կտավի անկյունում Վան Գոգի ստորագրությունը՝ «Վինսենթ»։

Մասնագետները նշում է, որ  նկարի իսկության պարզումը հնարավոր է երկար տևի՝ երկու ամսից մեկ տարի։ Մինչ այդ այն կպահպանվի թանգարանի չհրկիզվող պահարանում, իսկ այցելուներին կներկայացվի կրկնօրինակը։ Եթե ապացուցվի, որ հեղինակը Վան Գոգն է, ապա նկարի արժեքը կարող է հասնել տասնյալ միլիոնավոր եվրոների։