Փետրվար 11, 2019 18:31 Asia/Yerevan

Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը հաղորդաշարի նախորդ հաղորդումների ընթացքում խոսել ենք Թավրիզի տեսարժան պատմական մի քանի շինությունների մասին: Այսօրվա զրույցում ծանոթանալու ենք Թավրիզի այլ տեսարժան վայրերին:

Իրանի յուրաքանչյուր քաղաք ունի իր մեծ ու փոքր գրավչություններն ու տեսարժան վայրերը, որոնցով տարբերվում է երկրի մյուս շրջաններից:
 Երբ խոսում ենք Թավրիզ այցելության մասին, առաջին հերթին մարդիկ մտածում են «Իլ Գոլի» զբոսայգու մասին, որը ակի նման շողշողում է այդ քաղաքի մյուս տեսարժան վայրերի միջև և թավրիզցիների զբոսաշրջության ամենամեծ կենտրոնն է հանդիսանում:

Իլ Գոլին կամ Շահ Գոլին Թավրիզի ամենահայտնի զվարճանքի կենտրոններից է, որը գտնվում է քաղաքի հարավ-արևելքում մի բլրի ստորոտում: Իլ Գոլին իրանական հին այգիների նման է կառուցված, որտեղ կա մի լճակ և մի պալատ: Այգում կան դեպի երկինք ձգված բարձր ծառեր: Իլ Գոլի զբոսայգում կան այլ գրավչություններ, այդ թվում՝ Լունա-պարկ խաղավայրը, մինի գոլֆի կենտրոնը, անվաչմշկասահքի համալիրը, սրճարաններ ու ճաշարաններ, փողոցային կրպակներ ու Անդիշեի դահլիճը: Իլ Գոլի զբոսայգում կարելի է նավարկել, ճեմել ու զբոսնել և վայելել այդ գեղեցկությունները:

Իլ Գոլի զբոսայգին 2008թ. գրանցվել է Իրանի ազգային ժառանգությունների ցուցակում:

Թավրիզի Իլ Գոլի մեծ ու տեսարժան զբոսայգին

Իլ Գոլի զբոսայգու լճակը առանձնահատուկ գրավչություն է հաղորդել այդ տարածքին: Այդ ավազանը 5.5 հեկտար է և կարող է իր մեջ ներառել 720000 խորանարդ մետր ջուր: 200մ*200մ չափսերով այս լճակը ակի նման շողշողում է Իլ Գոլիի զբոսայգում: Լճակի խորությունը 12 մետրի է հասնում, սակայն անկյուններում խորությունը 3-6 մետր է լինում:  Անցյալում այս լճակն ավելի մեծ է եղել, սակայն ներկայիս շրջակայքում գտնվող պարտեզների պատճառով, ավազանը փոքրացել է: Լճակի ջուրն ապահովվում է Լիղվան գետից, որը լիճ է թափվում հարավ-արևելյան հատվածից: Լիճ են թափվում նաև բլրի վրա գտնվող մի քանի արհեստական ջրվեժները: Ինչպես մյուս իրանական այգիները, այստեղ էլ զբոսայգու կենտրոնում է գտնվում Իլ Գոլիի պալատը:

Ութանկյուն այս պալատը երկու հարկ ունի: Թավրիզի խորհրդանիշը համարվող այս շինության անցյալն Ակ -Կոյունլուաների ժամանակաշրջան է վերադառնում: Ալմասի տեսք ունեցող այս շինությունը փոքրիկ գմբեթ ունի, որտեղ մինչև ղաջարների ժանակաշրջանը զբոսավայր էր արքայազների համար, իսկ այսօր դահլիճ ու ճաշարան է ժողովրդի համար: Գեղեցիկ այս շինությունը մի փողոցով միանում է պարկի մյուս բաժիններին և ինչպես մի թերակղզի է երևում Շահ Գոլիի ավազանում:

Իլ Գոլի պարկի ավազանում կանգնած շինությունը

Թանկագին բարեկամներ, Թավրիզը շատ հին ժամանակներից ուսման ու գիտության կենտրոն է եղել: Ռոբե Ռաշիդի պատմական շինությունն այդ մասին է վկայում: Ազերիների ճարտարապետական ոճով կառուցված այդ շինությունից ընդամենը հատվածներ են մնացել:

Շուրջ 700 տարի առաջ, Թավրիզում հիմնադրվեց Ռաշիդ Էդդին Ֆազլոլահ Համադանիի անվան համալսարանը: Ռաշիդ Էդդինը Ղազանխանի նախարարներից էր: Այդ համալսարանն ուներ չորս  ֆակուլտետներ, որոնք չորս կողմերում էին գտնվում և հենց այդ պատճառով շինությունը Ռոբե Ռաշիդի անունով հայտնի դարձավ: Պատմաբանների ու զբոսաշրջիկների խոսքով՝ համալսարանը շատ ընդարձակ է եղել: Ունեցել է մզկիթ, դպրոց, հիվանդանոց, գրադարան և մի գմբեթ Խաջե Ռաշիդ Էդդինի դամբարանի համար: Ինչպես իրանական շատ հին շինություններ, այս շինությունը պարսպապատված   է եղել:  Շենքի մասին Խաջե Ռաշիդ Էդդինը մի նամակ է տալիս իր որդիներին, որից կարելի է կռահել, որ այդ օրերին Ռոբե Ռաշիդին համալսարան է եղել, որտեղ դասավանդվել են տարբեր գիտություններ և սովորել են վեց հազար ուսանողներ:

Խաջեն նվիրատվություն է կատարել գրադարանի և դպրոցի կատարելագործման, գրքերի հրատարակման, կենցաղային ծախսերի և ուսման վճարների ապահովման համար:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն, Ռոբե Ռաշիդին ներառել է 24 հյուրանոց, 1500 խանութներ, 30 հազար բնակարան, մի քանի բաղնիք, կտավագործության, թղթի պատրաստման, ներկարարության արհեստանոցներ, հիվանդանոց, դրամահատարան և այլն: Խաջեն երկրի տարբեր անկյուններից այնտեղ է հրավիրում արհեստավորներին, արվեստագետներին, բժիշկներին ու ուսանողներին և ապահովում է նրանց հարմարավետությունը: Նա 400 մտավորականներին ու գիտնականներին բնակեցնում է միևնույն փողոցի բնակարաններում և փողոցը կոչում է «մտավորականության փողոց»: Նրանք ևս շարունակում էին ուսանել: Խաջեն Չինաստանից, Հնդկաստանից և Իրանի տարբեր նահանգներից հրավիրում է 50 գիտուն բժիշկների «Դար ոլ Շաֆա» հիվանդանոցում աշխատելու համար և նրանց թաղամասը կոչեց «Մոալեջան»՝ բուժողների թաղամաս: Արհեստավորներին ու գործարարներին բնակեցրեց «արդյունաբերողների» փողոցում: Նա տարբեր երկրներից հրավիրում է գիտնականներ ու արվեստագետներ: Ռոբե Ռաշիդիի բոլոր բնակիչները ամսական կամ տարեկան պատշաճ կենսաթոշակ էին ստանում կալվածների եկամուտներից:

Բարեկամներ ինչպես Իրանի շատ քաղաքներում Թավրիզում ևս մուսուլմանների կողքին հաշտ ու համերաշխ ապրում են կրոնական փոքրամասնությունները: Թավրիզում ու նրա արվարձանում  կան շատ եկեղեցիներ: Այժմ կծանոթանանք Թավրիզի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցուն: 

Թավրիզի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցի

Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքներն սկսվել են 1782 թ. և ավարտվել են 1785 թվականին: Եկեղեցին ունի ընդարձակ բակ, խիտ ծառերով: Նկատի առնելով եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները եկեղեցին հավանաբար կառուցվել է փրկչական 1200-1300 թվականներին Իրանում Մոնղոլ Իլխանների իշխանության օրոք: 

1780թվականին Թավրիզում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո, եկեղեցին հիմնովին ավերվել է, իսկ նոր եկեղեցին կառուցվել է նույն վայրում և օգտագործվել են նաև նախկինից մնացած շինանյութերն ու տարբեր մասերը: Եկեղեցին կառուցվել է Սեֆյանների ժամանակաշրջանի հայկական ճարտարապետական ոճով: Եկեղեցու հիմքը խաչաձև է: Եկեղեցու մուտքը բացվում է դեպի խորան:Խորանի երկու կողմերում են ավանդատները: Նախամուտքում է զանգակատունը ութ սյուներով: Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների նման կան չորս սյուներ, որոնց վրա տեղադրված է եկեղեցու գմբեթը: Խորանը 80 սմ բարձր է գետնից:

Եկեղեցին զարդարել են Մարիամ Աստվածածնի, Քրիստոսի, առաքյալների ու սրբերի պատկերները: Թավրիզի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի են ունենում եկեղեցական բոլոր ծեսերն ու արարողությունները:

Հետաքրքիր է իմանալ, որ  Թավրիզի առաջին տպարանը՝ 1889թ.  հիմնվում է նույն տարածքում գտնվող Թավրիզի «Արամյան» դպրոցում,  Ատրպատականի հայոց առաջնորդ Ստեփանոս արք. Մխիթարյանի նախաձեռնությամբ:

Թավրիզի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու ներսում ու դրսում կան երևելի հոգևորականների շիրմաքարեր, որոնցից է մեծ պատմաբան՝ Առաքել Դավրիժեցու տոհմից մի քահանայի շիրիմը:

Պիտակ