Պարսից լեզուն արժեքավոր տեղ ունի թուրք ժողովրդի շրջանում
Թուրքիայի «Սելջուկ» համալսարանի գրականության ֆակուլտետի ղեկավարն ասել է. «Պարսկերենը եղել է թուրք ժողովրդի լեզվամտածողության մեջ, և այդ պատճառով այն արժեքավոր տեղ ունի Թուրքիայում»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ պրոֆեսոր Ալի Թամիզելը նշել է. «Թուրք ժողովրդի կարծիքով պարսկերենը օտար լեզու չէ, այլ մշակութային լեզու է։ Թուրքիայի բազմաթիվ համալսարաններում կան պարսկերեն լեզվի և գրականության ամբիոններ»։
Անդրադառնալով այլ երկրների հետ մշակութային համատեղ միջոցառումների անցկացմանը, պորֆեսորն ասել է․ «Իրանն ու Թուրքիան ամուր և լավ հարաբերություններ ունեն։ Նախորդ տարիներին Թուրքիայում անցկացված ցուցահանդեսների ժամանակ հնչել է իրանական երաժշտություն։ Նման իրադարձությունները ընդհանուր մշակույթ և բարեկամություն են ձևավորում Իրանի և Թուրքիայի քաղաքացիների միջև»։
Նրա խոսքով․ «Երբ մենք այս գործոններն օգտագործում ենք մշակութային դիվանագիտության համար, առաջընթաց ենք գրանցում նաև քաղաքական դիվանագիտության մեջ։ Թուրքիան և Իրանը միշտ օգտագործում են այդ հնարավորությունները»։
Խոսելով պարսից լեզվի և գրականության հետ թուրք ժողովրդի ծանոթ լինելու մակարդակի մասին, Թամիզելն ասել է․ «Անատոլիայում սելջուկյան և օսմանյան ժամանակաշրջանների դպրոցներում դասընթացները կազմակերպվում էին պարսկերենով։ Բազմաթիվ պատմական գրքեր թարգմանվել են թուրքերենի, և այս ավանդույթը շարունակվում է։ Օսմանյան շատ նախարարներ բանաստեղծություններ են գրել պարսկերեն լեզվով, ուստի թուրքերը ծանոթ են պարսկերենին»։
Վերջին տարիներին թուրք հեղինակներ Յահի Քամալը և Աբդուլ Բաղի Գոլփինարլին թուրքերենի են թարգմանել Օմար Խայամի քառյակները։
Իսկ ավելի վաղ թուրք գրող և թարգմանիչ Մեհմեդ Քանարը Թուրքիայում պարսկերեն լեզվի կարևորության մասին ասել էր. «Այսօր Թուրքիայում մեծ հետաքրքրություն կա պարսից լեզվի նկատմամբ։ Թուրքական խոշոր ԲՈՒՀ-երում բացվել են պարսկերեն լեզվի և գրականության ամբիոններ։ Իսկ որոշ ԲՈՒՀ-երում, թեև չկա պարսից լեզվի ամբիոն, այդ լեզուն դասավանդվում է»։
Նշելով, որ Թուրքիայում օրեցօր ավելանում են պարսկական ստեղծագործությունների ընթերցողները, նա հավելել է․ «Մշակութային հարաբերությունների փոխարեն ավելի լավ է օգտագործել մշակութային դիվանագիտությունը։ Մշակութային փոխանակումը նոր շունչ կհաղորդի Թուրքիայի և Իրանի հարաբերություններին»։