Իրանը կհյուրընկալի զբոսաշրջության ոլորտի երկու միջազգային հանդիպում
(last modified Thu, 21 Nov 2024 12:33:06 GMT )
Նոյեմբեր 21, 2024 16:03 Asia/Tehran
  • Իրանը կհյուրընկալի զբոսաշրջության ոլորտի երկու միջազգային հանդիպում

Իրանը կհյուրընկալի «Քաղաքային զբոսաշրջության» թեմայով 9-րդ համաշխարհային գագաթնաժողովը և «Հանուն կայուն քաղաքային զբոսաշրջության» թեմայով քաղաքապետերի երրորդ վեհաժողովը։

Հղում անելով Իրանի ռադիոհեռուիստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար  Սեյեդռեզա Սալեհի Ամիրին հինգշաբթի օրը Բաքվում հանդիպել է ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ 
Հանդիպմանն Ամիրին նշել է, որ Իրանի համար կարևոր են  կազմակերպության հետ սերտ հարաբերությունները և Թեհրանն աջակցում է այդ կառույցին։ 
Նշելով, որ Սպահանը Իրանի զբոսաշրջության և ձեռարվեստի գլխավոր կենտրոններից մեկն է, նախարարը ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարին խնդրել է հնարավորինս արագ պատրաստել փոխըմբռնման հուշագրի նախագիծ՝ Սպահանում ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպությանը կից ձեռարվեստի և զբոսաշրջության կենտրոն բացելու վերաբերյալ։  
Զբոսաշրջության արդյունաբերությունն Իրանում աճի և ընդլայնման մեծ  կարողություններ ունի։ Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության զեկույցի համաձայն՝ Իրանը զբաղեցնում է աշխարհում տասներորդ տեղը՝ հնագույն և պատմական տեսարժան վայրերով և հինգերորդը՝ բնական տեսարժան վայրերով։
Ավելի վաղ, Թեհրանի համալսարանի զբոսաշրջության ֆակուլտետի պրոֆեսոր  Մոհսեն Թաբաթաբայի Մազդաբադին ասել էր, որ անապատային տարածքների և գեղեցիկ լողափերի շնորհիվ, Իրանն ունի արկածներ փնտրող և բնության սիրահար զբոսաշրջիկներին գրավելու եզակի հնարավորություններ։
Անդրադառնալով այնպիսի տեսարժան վայրերին, ինչպես ավազաթերապիան, աստղադիտարաններն ու անապատները, Թաբաթաբայն հավելել է, որ Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստային քաղաքում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ և ներդրումների ներգրավմամբ հնարավոր է զարգացնել ծովային զբոսաշրջությունը։
Նա նշել է, որ Իրանը կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը, եթե լուծվեն անվտանգության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի ոլորտներում գոյություն ունեցող խնդիրները, ներգրավվեն նոր մասնագետներ ու իրականացվի միջազգային գովազդ։