Դեմոկրատ սենատոր Մարկ Քելի․ Թրամփի վարչակազմը «խրվել է» Իրանի հետ պատերազմում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «խրվել է» Իրանի հետ պատերազմում, իսկ հակամարտությունից դուրս գալը պահանջում է ռազմավարության փոփոխություն և վերադարձ դիվանագիտությանը, CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Արիզոնա նահանգից դեմոկրատ սենատոր Մարկ Քելին։
Ըստ Քելիի, ներկայիս իրավիճակի համար պատասխանատվություն է կրում հենց Թրամփի վարչակազմը, ուստի նախագահը պետք է փնտրի հակամարտությունից դուրս գալու ուղիներ։
«Նրանք փակուղի են մտել, դրա համար իրենք են պատասխանատու, և հենց նախագահը պետք է ելք գտնի»,- ասել է սենատորը։
Նա նաև քննադատել է Սպիտակ տան մոտեցումը Թեհրանի հետ բանակցություններին՝ հայտարարելով, որ դրանք չպետք է վարեն համապատասխան դիվանագիտական փորձ չունեցող մարդիկ։
«Ես նրան կառաջարկեի դադարել անել նույնը, ինչ մինչև այժմ արել է։ Պետք չէ բանակցությունները վստահել իր ընկեր-դևելոփերին և իր փեսային։ Պետք է ներգրավել մարդկանց, որոնք իսկապես կարողանում են բանակցել Իրանի հետ, և կրկին համախմբել մեր դաշնակիցներին»,- հայտարարել է Քելին։
Սենատորի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտնել էր Իրանի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունը չեղարկելու մասին և հայտարարել, որ կողմերը մոտեցել են շրջանակային խաղաղ համաձայնագրին։
Associated Press-ի տվյալներով, ամերիկյան առաջարկը նախատեսում է Վաշինգտոնի և Թեհրանի վերադարձը բանակցություններին՝ տարածաշրջանի երկրների միջնորդությամբ։