Մի գավաթ անդորր (143.Հատուկ կարիքով երեխաները)
Ողջույն սիրելի ռադիոլսողներ: Այսօր խոսելու ենք հատուկ կարիքով երեխաների մասին: Մեր մասնագետ հյուրն է Հոգեբան, Արտ-թերապևտ, Հատուկ մանկավարժ, Տիֆլոմանկավարժ Անդրանիկ Բաբայանը, ով մեծ օգնություն է ցուցաբերում հայերեն ռադիոժամին ՝ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի զրույցներին իր ակտիվ ու օգտաշատ մասնակցությունը բերելով: Շնորհակալություն ենք հայտնում Պրն. Բաբայանին:
Մարդու առողջական լուրջ խնդիրների առկայությունը վաղ թե ուշ փոխում է նրա և իր շրջապատի մարդկանց աշխարհահայացքը, սակայն, հաճախ մարդու բնավորության խեղաթյուրումն ու բացասական վարքը պայմանավորված չեն անմիջապես ՝ հաշմանդամության առաջացմանը նպաստող սոմատիկ հիվանդությամբ:
Վերոնշվածի հիմնական պատճառը՝ շրջապատի վերաբերմունքն է հաշմանդամի հանդեպ, երբ առաջնային է դառնում երեխայի հիվանդությունը և սահմանափակ կարողությունները, այլ ոչ թե նրա անձը, հնարավորությունները և ներուժը:
Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց հոգեկանը հետաքրքրել է հոգեբույժներին և այլ մասնագետներին դարեր շարունակ: Դեռ 1625 թվականին Պլաթերը նշում էր նման երեխաների մոտ առկա համառությունն ու կամակորությունը:
Ավելի ուշ նկարագրվում էր հետապնդման զառանցանքը լսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, ինչը պայմանավորված էր միայնության, անվստահության զգացումներով և ինքնամփոփությամբ:
Եթերում հոգեբան Անդրանիկ Բաբայանն է:
...................................
Այստեղ առանձնահատուկ է ծնողների դերը: Երեխայի ապագան կախված է նրանից, թե ինչպես են նրան ընկալում և դաստիարակում ծնողները: Հաշմանդամության հաստատումը երեխայի մոտ չափազանց մեծ սթրես է հանդիսանում ծնողների և հարազատների համար. փոխվում է նրանց աշխարհահայացքը, սեփական միջավայրի և հիվանդ երեխայի ընկալումը:
Ծնողները մեղքի զգացում են ապրում երեխայի նկատմամբ, քանի որ, իրենց կարծիքով, չեն կարողացել ապահովել զավակի առողջությունը և պաշտպանել հիվանդությունից, կամ դժբախտ պատահարից: Երբեմն «մեղադրյալի» կարգավիճակում է լինում միայն մեկ անձը՝ մայրը, հայրը, կամ ընտանիքի անդամներից մեկը, ինչը կարող է հանգեցնել ընտանիքի քայքայմանը:
...............................
Գիտնականներն ուսումնասիրել են հաշմանդամ երեխայի ընտանիքի տարբեր դրույթները. հոգեբանական մթնոլորտի ազդեցությունը երեխայի դաստիարակության վրա, հիվանդ երեխայի առկայության հետ հարմարվելու փուլերը, ընտանիքի քայքայման հավանականությունը, մայրական դիրքորոշումները և այլն:
Բացի այդ, մշակվում են բազում միջոցառումներ՝ երեխային և նրա ընտանիքին աջակցելու նպատակով: Ուսումնասիրվում են մտավոր հետամնաց երեխաների հարազատների անձնային ինքնակառավարման առանձնահատկությունները, վերջիններիս հետ անկացվում է հոգեբանական աշխատանք: Նաև, ուսումնասիրության ենթակա են ընտանիքների փորձը՝ ճգնաժամային իրավիճակների հաղթահարման և հոգեբանական մեկուսացման ժամանակ, ծնողների ինքնագիտակցման ձևավորումը, հաշմանդամ երեխայի ընտանիքում ձևավորված միջանձնային հարաբերությունները, ծնողների մոտ գոյացող հոգեսոմատիկ հիվանդությունները և այլն:
Նման ընտանիքի հոգեբանական վիճակը նկարագրելիս, մենք բախվում ենք յուրահատուկ էքստրեմալությանը, որը սահմանափակված չէ ժամային գործոնով: Քանի որ այն կարող է տևել ծնողների ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև նրանց կյանքից դուրս, քանզի, ծնողները սկսում են մտահոգվել իրենց երեխայի ճակատագրի մասին՝ իրենց մահից հետո: Այսինքն, մենք խոսում ենք անդադար էքստրեմալության, և սթրեսի մասին, ինչի հետևանքով առաջանում է գերհոգնածություն, ադապտատիվ մեխանիզմների խախտում, ինչն ուղեկցվում է հոգեկան գործունեության արդյունավետության անկմամբ, գրգռվածության և տագնապային վիճակի առաջացմամբ:
Նման ընտանիքներում ավագ քույրերի և կրտսեր եղբայրների մոտ առկա է հոգեսոցիալական խանգարման ռիսկի բարձր գործոն: Ավագ քույրերի մոտ այն պայմանավորված է փոքրիկին խնամելու անհրաժեշտությամբ, իսկ կրտսեր եղբոր մոտ՝ ուշադրության պակասով: Նման սթրեսի հետևանքներն արտացոլվում են առողջ քույրերի և եղբայրների մոտ ավելի ուշ մանկության և դեռահասության տարիքում:
..................................
Նյութի հեղինակն է հոգեբան Անդրանիկ Բաբայանը։