Գեղարվեստական հաղորդում (161)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
---------------------
Թեհրանի կինոդահլիճներում շարունակվում է Անահիտ Աբադի նկարահանած «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
«Եվա»-ն ցուցադրվում է «Ֆարհանգ», «Մուզե Սինեմա», «Փարդիս Քուրոշ», «Փարդիս Չարսու» եւ «Փարդիս Բաղեքեթաբ» կինոդահլիճներում:
«Եվա»-ն հայ-իրանական համատեղ արտադրության առաջին կինոնկարն է: Այն դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…:
«Եվա»-ն Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Արժանացել է «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնի «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» մրցանակին, ԱՊՀ եւ Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասանուհի» մրցանակին, Տորոնտոյի կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին եւ Հոլիվուդի «Արփա» միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:
Կ. Պոլսի Օսմանյան Բանկի գրավման եւ նույն քաղաքում դրան հաջորդող հազարավոր հայերի ջարդի պատմությունը, հասկանալի պատճառներով, չարտացոլվեց խորհրդահայ գրողների երկերում: Անկախությունից հետո էլ կարծես չէին շտապում խախտել այդ պարտադրված լռությունը: Ալեքսանդր Թոփչյանն էր միայն, որ 2008 թ. լույս տեսած իր «Բանկ Օտոման» վեպով վերջապես անդրադարձավ մեր պատմության այդ հիշարժան էջերից մեկին: Հայաստանի եւ Սփյուռքի մամուլը բարձր գնահատեց այդ երկը` մասնավորապես նշելով, որ դա նոր խոսք է հայ պատմավիպասանության մեջ: Մեկ տարի չանցած, 2009թ. վեպը` դասական ուղղագրությամբ, վերահրատարակվեց Բեյրութի «Արծիվ» հրատարակչության կողմից: Երկու տարի անց` 2010թ., թարգմանվեց ռումիներեն, այնուհետեւ ֆրանսերեն եւ ռուսերեն: Սրանց ավելացավ չորրորդ թարգմանությունը` պարսկերեն, որը լույս տեսավ բոլորովին վերջերս Թեհրանում:
Ալ. Թոփչյանը նշում է, որ թարգմանչի` դոկտոր Գավամեդդին Ռազավիզադեհի հետ ծանոթացել է 2016 թ. աշնանը, Երեւանում: Դրդապատճառը եղել է Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ»` ցեղասպանությանը նվիրված ծավալուն վեպը, որն իրանցի հյուրը թարգմանել էր պարսկերեն եւ ցանկություն հայտնել գրքի ընծայագրված օրինակը նվիրելու իր հայ գործընկերոջը, որը նույնպես այդ վեպը թարգմանել էր հայերեն եւ լույս ընծայել Երեւանում` 1999 թ.:
«Բանկ Օտոմանի պատմությունը նրան ծանոթ էր,- ասում է Ալ. Թոփչյանը:- Չէ՞ որ Վահե Քաչայի վեպում ընդարձակ մի գլուխ կա, որտեղ նկարագրվում են այդ դեպքերը: Ուստի իմանալով, որ ես մի ամբողջ վեպ եմ գրել` նվիրված այդ իրադարձություններին, ինձնից խնդրեց ֆրանսերեն եւ ռուսերեն թարգմանությունները: Պարզվեց, որ նա ոչ միայն ֆրանսերենից, այլեւ ռուսերենից է թարգմանում եւ արդեն ռուս մի շարք դասականների գործեր է թարգմանել»:
Դոկտոր Ռազավիզադեհը Թեհրան վերադառնալով, մի քանի օր անց, համացանցով հեղինակից արտոնություն է խնդրել «Բանկ Օտոման»-ը թարգմանելու պարսկերեն, եւ ահա, վեպի չորրորդ թարգմանությունն արդեն սեղանին է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ներկա էին երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Աշխարհի հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և իտալացի ժողովուրդների պետական հարաբերությունների, բարեկամության ու մշակութային փոխազդեցությունների պատմությունը հարուստ է ու դարերի խորքը գնացող, և ուրեմն, միանգամայն օրինաչափ է, որ արդի մշակութային արեալում, այսօրինակ ու համանման փոխադարձ շփումներից զատ, մեր երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են նաև մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ստեղծագործություններին:
«Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը ներկայացնում է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Այն ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Ստեղծագործություններն ամփոփված են թեմատիկ 4 ցուցադրությունում:
Մամուլում և հեռուստաընկերություններում տեղ գտած և մեծ աղմուկ բարձրացրած հրապարակումներն այն մասին, որ իբրև թե Հայաստանի ազգային պատկերասրահից թանկարժեք կտավներ են անհետացել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային պատկերասրահից:
«Հրապարակումներում տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ին, որը 2016 թվականին լուծարվել և միացվել է Հայաստանի ազգային պատկերասրահին: Նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆոնդերի փաստացի առկայության ստուգման և հաշվառման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փաստացի առկայության ստուգման ընթացքում հայտնաբերված բացակայող առարկաների մասին Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը տեղեկացրել է վերադաս լիազոր և իրավապահ մարմիններին, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Վարդգես Բոյաջյանի «XX դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անձնական հավաքածուի հայկական գործերի ցուցահանդեսը:
Ցուցադրության են ներկայացված Էդգար Շահինի, Ժան Գառզուի և Ժան Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները, այդ թվում բնօրինակներ, նաև նկարազարդված գրքեր:
Հավաքածուում ընդգրկված են գործեր, որոնք երբևէ չեն եղել ազատ վաճառքում:
Ցուցադրված է նաև Գառզուի «Հաղորդակցություն» աշխատանքը, որն ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պատվերով:
Ֆրանկաֆոնիայի շրջանակում բացված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 28-ը:
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» մայիսի 25-ին կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում:
ՀՀ Մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:
Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացումով:
Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։
Աշխարհում ամենաթանկ կտավի՝ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը», սեփականատերը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու-Դաբին է։ Ռիա Նովոստիին հայտնել են Աբու-Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղից։
«Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի վարչությունը Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկությունը» կտավի սեփականատերն է»,- նշել են մասնաճյուղից։
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» երկար ժամանակ համարվել է կորած։ 2017 թ. այն վաճառվել էր մասնավոր կոլեկցիոների 450 միլիոն դոլարով՝ դառնալով պատմության մեջ արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը։ New York Times-ի տեղեկատվությամբ, կտավը ձեռք էր բերել սաուդյան արքայազն Բադրբեն Աբդուլլաբեն Մուհամմեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ Աբու Դաբիի իշխանությունը չի բացահայտել, թե ինչպես է ստացել այդ կտավը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆրանսիական Լուվրի Աբու-Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում «Աշխարհի փրկիչը»։ 2018 թ. սեպտեմբերին թանգարանի մասնաճյուղը չեղյալ էր համարել նկարի ծրագրված ցուցադրությունը «առանց պատճառը բացատրելու»։
Ֆրանսիայում Mercier & CIE աճուրդում վաճառվել է հայտնի ֆլամենդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի էսքիզը, որը դարեր շարունակ համարվել է կորած։ Նկարը գնել է Բելգիայի քաղաքացին 1,3 միլիոն եվրոյով։
Կտավի վրա պատկերված է սուրբ Մարգարիտան, ով սպանում է վիշապին։ Ռուբենսն այն ստեղծել է 1620 թվականին։ Էսքիզը ծառայել է որպես մոդել 39 մեծածավալ նկարներից մեկի համար, որոնք պատվիրվել էին նկարչին Անտվերպենում ճիզիվիթների եկեղեցու ինտերիերի համար։
Եկեղեցու առաստաղը նկարների հետ միասին ոչնչացվել էր 1718 թվականի հրդեհի ժամանակ։ Մնացել է միայն 33 էսքիզ, որոնց մեծ մասը պահպանվում է թանգարաններում։ Եվս վեց էսքիզ, այդ թվում սուրբ Մարգարիտայի, համարվել է կորած։
Նկարը վերջերս է հայտնաբերվել որպես թողնված ժառանագության մի մաս։ Լոտի նախնական գինը եղել է 200 հազար եվրո։
Հոլանդացի դետեկտիվ Արթուր Բրանդը Նիդերլանդներում հայտնաբերել է հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի կողմից 1938 թվականին ստեղծված կտավը, որը համարվում էր գողացված։
ՏԱՍՍ-ը գրում է, որ նկարը գողացվել է Ֆրանսիայում 1999 թվականին սաուդցի շեյխի զբոսանավից։ Մոտ 4 միլիոն եվրո գնահատված նկարի համար նշանակվել էր 400 հազար եվրո պարգևատրում, բայց ոչ կտավը, ոչ էլ այն գողացողներին չէր հաջողվել գտնել։
Դեռ 2015-ին Բրանդը հայտարարել էր, որ նկարը գտնվում է ինչ-որ տեղ Նիդեռլանդներում և պտտվում է քրեական շրջանակներում 2002 թվականից։ Նա նաև հայտնել էր, որ արվեստի գործն ակտիվորեն օգտագործվում է թմրամիջոցների և զենքի վաճառքի գործարքներում։ Volkskrant-ի տվյալներով, դետեկտիվին գտել են մարդիկ, որոնք հայտնել են, որ նկարը գտնվում է մի գործարարի տանը, ով ուզում է ազատվել դրանից։
«Դա նորմալ է, երբ մարդիկ հանկարծ հայտնաբերում են, որ նկարը գողացված է։ Նրանք վախենում են գնալ ոստիկանություն, մտավախություն ունեն, որ կձերբակալվեն գողության համար, չնայած որևէ կապ չունեն։ Այդ դեպքում մարդիկ դիմում են ինձ»,- ասել է Բրանդը։
Կտավի բնօրինակ լինելը հաստատվել է ամերիկացի անկախ փորձագետների կողմից։ Մասնագետների կարծիքով, ներկա պահին նկարի արժեքը կազմում է շուրջ 25 միլիոն եվրո։
Փարիզյան ցուցահանդեսում ֆրանսիական գեղանկարչության գլուխգործոցների անունները փոխվել են ի պատիվ սևամորթ մարդկանց, որոնք պատկերված են նկարներում։ TheGuardian-ը գրում է, որ խոսքը գնում է այնպիսի նկարիչների մոդելների մասին, ինչպիսին են Մանեն, Պիկասոն, Սեզանը։
Մասնավորապես, Մանեի հայտնի «Օլիմպիա» կտավը ցուցահանդեսում անվանափոխվել էր Լորայի, սևամորթաղախնի, որը գտնվում է կենտրոնական կերպարի կողքին։
Ամերիկացի գիտնական Դենիզ Մուրելն ընդգծել է, որ այդպես կարողացել են ցույց տալ, թե ինչ կարևոր դեր են խաղացել սևամորթ մարդիկ Փարիզում ժամանակակից արվեստի զարգացման գործում, բայց հանվել են պատմությունից։