Գեղարվեստական հաղորդում (162)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:
«Ես կը վերադառնամ» հայկական սյուժեով ռուսական ֆիլմը կմասնակցի Իրանում անցկացվող փառատոնին:
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մովսես գյուղում, իսկ գյուղացիները էպիզոդիկ դերեր են կատարել։
«Ես կվերադառնամ» ֆիլմը, որի հիմքում վեց տարեկան Սարոյի հուզիչ պատմությունն է, ներառվել է Թեհրանում ապրիլի 18–26 կայանալիք Ֆաջր (Fajr Internarnational Film Festival) կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Ֆիլմը ներկայացնում է նախորդ դարի 90–ականներին տեղի ունեցած մի պատմություն։ Սարոն, նրա մայրը` Անահիտը, և լավագույն ընկերը` Կարեն պապը, սպասում են Վաչոյի վերադարձին։ Պատերազմի ընթացքում Սարոն իսկական տղամարդ է դարձել և տան բոլոր հոգսերը վերցրել իր ուսերին։
Հայրը տուն է վերադառնում ու հանդիպում մեծացած որդուն։ Սարոն հորը չի հիշում։ Երկուսն էլ դեռ չգիտեն, որ կյանքը նրանց ընդամենը երեք օր է տալու` նորից միմյանց ճանաչելու ու հասկանալու համար։ Ֆիլմի գաղափարի հեղինակը Բենիկ Առաքելյանն է, սցենարիստն ու ռեժիսորը` Դարյա Շումակովան։
«Բենիկ Առաքելյանի հետ ծանոթացանք Պավել Լուգնինի «Դամա Պիկ» ֆիլմի նկարահանման ժամանակ», – ասում է Դարյան։
Բենիկն ավելի ուշ զանգահարել է նրան ու ասել, որ ինքն ու Մարկ Զապորոժսկին ուզում են Հայաստանում ֆիլմ նկարահանել ու հրավիրում են Դարյային մասնակցել նախագծին։ Շումակովան միանգամից սիրահարվել է Հայաստանին ու հայ ժողովրդին։
Նկարահանումների ընթացքում օգնել են տեղացիները, որոնք դեռ լավ են հիշում պատերազմական տարիները։
Սարոյի կերպարը մարմնավորել է վեց տարեկան Էդիկ Առաքելյանը։ Երևանցի տղան առաջին անգամ է նկարահանվել ֆիլմում։ Դարյան հենց սկզբից մեծի պես է շփվել նրա հետ, Էդիկն էլ գնահատել է այդ մոտեցումը։
«Նկարահանման հենց առաջին օրը նա ընկավ ու լավ հարված ստացավ, բայց չխոստովանեց ինձ, որ իրեն չխղճան», – ասում է Դարյան։
Իսկ ահա Վաչոյի դերակատարը` Ներսես Ավետիսյանը, ֆիլմի նկարահանման պահին ընդամենը քսան տարեկան էր, բայց արդեն հայտնի էր որպես թատրոնի դերասան և հաղորդավար։ Անահիտի դերակատարուհուն` Տաթև Գրիգորյանին, հաստատել են լուսանկարներով։
Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Բենիկ Առաքելյանի համար սա շատ անձնական պատմություն է, քանի որ սյուժեում ներառված է նրա հետ տեղի ունեցած դեպքերը։
«Երբ փոքր էի, բոլորիս տանը կար մեկը, ով այդ ժամանակ պատերազմում էր` հայրը, հորեղբայրը, ավագ եղբայրը։ Ու տղաների շրջանում լեգենդ կար` եթե գիշերը խնդրես Լուսնից, որ մեկին վերադարձնի, անպայման կիրականանա։ Մենք անկեղծորեն հավատում էինք դրան», –խոստովանում է Առաքելյանը։
Թատրոնի ու կինոյի դերասան Մակար Զապորոժսկու համար «Ես կվերադառնամ» ֆիլմը պրոդյուսերական առաջին փորձն է։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ բազում դժվարություններ են առաջացել, բայց նա միայն հաճույք է ստացել աշխատանքից։

Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 15-22-ը Հայաստանում կանցկացվի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհանես Թումանյանի և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 150- ամյակներին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Խնկո Ապոր» անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժնից, ՀԳԱ-ի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին և մինչ օրս իր ուրույն տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում: Այն կարևորում է գրադարանային հիմնահարցերը, նրանց թիրախավորումը, բարձրաձայնումն ու լուծմանը նպատակաուղղված գործիքների կիրառումը:
ԱԳՇ-ն անուրանալի դեր ունի մշակութային կյանքի համաչափ ձևավորման համատեքստում, քանի որ գիրքն ընթերցելն ու սիրելը, գրքի նկատմամբ հոգատարություն դրսևորելն առաջնային են հոգևոր ու մշակութային դաստիարակության գործում, իսկ «Շաբաթ»-ի միջոցառումները նպաստում են գրադարանների, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հանրության կյանքում գրադարանների նշանակության արժևորմանը, ընթերցող-գրադարան կապի անմիջականությանը:
ԱԳՇ-ի նպատակն է գրադարանների միջև արդյունավետ համագործակցության բարձրացում, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների համար գրադարանային գործի կարևորում, ինչպես նաև գրադարան-հանրություն կապի ամրապնդում: Որպես թիրախային խմբեր առանձնանում են գրադարանային սպասարկման, տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցները, ընթերցողները, մտավորականները:
«Շաբաթ»-ին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները, որոնք նախապես տեղեկացվել են անցկացման ժամկետի, հատուկ անվանական օրերի մասին և ստացել տարվա խորհրդին համապատասխան ձևավորված ազդագիր-պաստառը:
Գրադարաններում այս օրերին կանցկացվեն հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ,մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրումներ, վիկտորինաներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ...
Ապրիլի 22-ին տեղի կունենա «Շաբաթ»-ի փակումն ու արդյունքների ամփոփումը:

«Կոմիտասի 150-ամյա հոբելյանը բավականին պատասխանատու իրադարձություն է մեզ համար»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։
Նրա խոսքով, այս տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կոմիտասագիտական նոր հետազոտություններ է իրականացրել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ( DAAD ) հետ համատեղ։
«Կարողացել ենք հետազոտություն իրականացնել գերմանական, սաքսոնական արխիվներում և այլ հաստատություններում, որտեղ առնչություն կա Կոմիտասի կյանքի, ստեղծագործական գործունեության վերաբերյալ։ Որոշակի նյութեր են հայթայթվել, որոնք իրենց ուրույն տեղը կունենան և հետազոտությունների, և կոմիտասագիտության վերաբերյալ հետագա ուսումնասիրություններում»,- ասաց Ն. Կոստանդյանը։
Նա նշեց, որ ծրագիրն ամբողջովին ֆինանսավորել է DAAD գրասենյակը, գերմանական կողմը։
Արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանն ասաց, որ դեռ 2015 թվականից իրենք կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել սաքսոնական արխիվների, նաև Գերմանիայի ակադեմիական այլ հաստատությունների հետ հետագա համագործակցություն կազմակերպելու ուղղությամբ։
«Այս տարի փետրվարից սկսած Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հովանավարությամբ կարողացա մեկնել Գերմանիա՝ Լայպցիկ, երկու ամիս աշխատել եմ սաքսոնական արխիվում, նաև Լայպցիգի Մենդելսոնի անվանի երաժշտության բարձրագույն դպրոցում։ Որոնումները կատարել ենք մի քանի ուղղությամբ։ Ուսումնասիրել ենք նամակները, անհատական նամակագրության ֆոնդերը։ Մեծ ուրախությամբ կարող ենք նշել, որ դատարկ հետ չենք եկել։ Բերել ենք 5 նամակ, տարբեր թվականներին են գրված, հասցեագրված են Կոմիտասին՝ Էջմիածին։ Դրանք մշակման կարիք ունեն, որոշ ձեռագրեր դժվար ընթեռելի է, պետք է վերծանեն։ Պարզ է այս նամակների արժեքը Կոմիտասի կենսագրության պատկերն ավելի ամբողջական դարձնելու համար»,- նշեց նա:
Կոմիտասագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Լուսինե Սահակյանն ասաց, որ Կոմիտասին առնչվող, նրա հետ շփվող, նրա ժամանակակիցների հուշագրության փաստաթղթերը, նամակները մեծապես կարող են նպաստել Կոմիտասի մասին առավել ամբողջական, անկողմնակալ կարծիք կազմելու համար:
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը կարևորեց արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը, նշեց, որ նման կարգի փաստաթղթերը գտնելն ու մեջտեղ բերելը բացում են Կամիտաս-Եվրոպա, Կոմիտաս- աշխարհ, Կոմիտաս-ժամանակակիցներ առնչությունները, դրանք հնարավորություն կտան առավել փաստագրված ու հիմնավորված կերպով աշխարհին ներկայացնելու համար։
Նա նշեց, որ կարևոր են նաև Պոլսում գտնվող փաստաթղթերի ուսումնասիրությունը, որքան էլ փակ լինեն, պետք է ձևեր գտնել և հետազոտություններ անցկացնել։

Մահացել է պատմության ու մշակույթի ոլորտի իրանահայ հետազոտող դոկտ. Մարիա Այվազյանը:Նա լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի ընդհանրությունների վերաբերյալ:
Դոկտ. Մարիա Այվազյանը (Թերզյան) հեղինակել է բազմաթիվ աշխատություններ Իրանի ու Հայաստանի պատմական ու առասպելական ընդհանրությունների վերաբերյալ:
Մարիա Այվազյանի գրչին են պատկանում «Իրանա-հայկական առասպելաբանական աղբյուրների ընդհանրությունն ու հավատալիքները»,«Հայերեն լեզվի երկակիությունները և դրանց հոմանիշները պարսկերեն լեզվում»,«Պարսկերենից փոխառնված հայկական հատուկ անունների արմատները» ,«Հրաչյա Աճառյանը և Իրանագիտությունը» և մի շարք այլ գրքեր:

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։

Պետերբուրգի Ռուսական թանգարանում ապրիլի 11-ին բացվել է հայազգի հանրահայտ նկարիչ Հովհաննես Այվազովսկու, նաև՝ Միխայիիլ Վրուբելի, Լեոն Բակստի, Ռեպինի, Կորովինի և այլ հայտնի արվեստագետների եզակի աշխատանքների ցուցահանդես։ Աշխատանքների մի մասը նախկինում չեն ցուցադրվել։ Ցուցահանդեսում ընդգրկված են մասնավոր հավաքածուներից աշխատանքներ։
Քիչ հայտնի աշխատանքների ցուցահանդեսում ներկայացված է լինելու ռուս և արտասահամանցի արվեստագետների ավելի քան 400 աշխատանք։ Պետերբուրգցիները կտեսնեն քիչ հայտնի կտավներ, քանդակներ, դրամներ, կիրառական արվեստի նմուշներ։
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 10-ը։

Հայտնի հայ լուսանկարիչ ստամբուլահայ Արա Գյուլերի նկարների ցուցահանդես կկազմակերպվի աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում:
Ցուցահանդեսը կֆինանսավորվի Թուրքիայի նախագահի աշխատակազմի կողմից, ով համագործակցում է Ստամբուլում վերջերս բացված Արա Գյուլերի թանգարանի Արխիվային և հետազոտության կենտրոնի հետ: Նախատեսվում է առաջին արտասահմանյան ցուցադրությունը կազմակերպել Լոնդոնում: Լոնդոնից հետո նախատեսվում է ցուցահանդես կազմակերպել նաև Փարիզում, Կյոտոյում, Նյու Յորքում, Հռոմում և Մոգադիշոյում: Կցուցադրվեն Ունիսթըն Չերչիլի, Ալֆրեդ Հիտչքոքի և այլ հանրաճանաչ մարդկանց նկարները, ում լուսանկարել է Գյուլերը. – հաղորդում է t24.com.tr կայքը: Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում, դեղագործ Տաճատ Տերտերյանի ընտանիքում: Իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք նշանավոր մրցանակների: Մահացել է 2018 թ. հոկտեմբերի 15-ին, 90 տարեկան հասակում: