Ապրիլ 23, 2019 20:38 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր աշխատակիցը:

 

Թեհրանում ապրիլի 18-ին մեկնարկել է Իրանի «Ֆաջր» համաշխարհային 37-րդ կինոփառատոնը, որն իր աշխատանքը կշարունակի մինչև ապրիլի 26-ը:

Ինչպես տեղեկացրել էինք փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է «Ես կվերադառնամ» հայկական սյուժեով ռուսական ֆիլմը: Ֆիլմի գաղափարի հեղինակը Բենիկ Առաքելյանն է, սցենարիստն ու ռեժիսորը` Դարյա Շումակովան։

Հիշեցնենք, որ արդեն քանի տարին է ինչ առանձնացվել են Իրանի «Ֆաջր» կինոփառատոնի ազգային ու միջազգային բաժինները: Իրանի «Ֆաջր» ազգային կինոփառատոնը կազմակերպվում է յուրաքանչյուր տարի փետրվար ամսին Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարությունների հետ միաժամանակ, իսկ միջազգային բաժինն ավելի ուշ՝ ապրիլին:

 

Ապրիլի 8-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է ամերիկաբնակ իրանահայ վաստակավոր երաժշտագետ-խմբավար եւ կրթական գործիչ մայեստրո Ալֆրեդ Մարդոյանը:

Հանգուցյալը Իրանում ապրած տարիներին ստանձնել էր երաժշտական բարձր պատասխանատվություններ, ընդորում՝ Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի փոխխմբավար եւ խմբավար, համալսարանի դասախոս Թեհրանի օպերայի երաժշտական դասատու, Իրանի Ազգային երգչախմբի գլխավոր խմբավար: Ղեկավարել է նաեւ Ֆրանսիայի Նիս քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը: 1979 թ.-ին հաստատվել էր Լոս Անջելեսում, որտեղ դասավանդում էր Սրբոց Նահատակաց «Ֆերահյան» ազգային վարժարանում եւ երկար տարիներից ի վեր ղեկավարում իրանահայ միության երգչախումբը:

Գրել եւ հորինել է տասնյակ մեներգեր, խմբերգեր ու մանկական-աշակերտական երգեր: Արժանացել էր Մեծի Տանն Կիլիկիո «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանին:

Ծնվել էր Թավրիզում՝ 1930 թվականին:

 

Ապրիլի 16–ը՝ Հայկական կինոյի օր. տոնը պաշտոնապես հաստատված չէ, սակայն կինոյի գործիչներն այն արդեն համարում են իրենցը, շնորհավորում միմյանց. Հանրային հեռուստաընկերությունում կինոյի տրամադրություն էր, կայացավ «Անահիտ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը,-տեղեկացնում է  «Թերթ»-ը:

Եւ այսպես «Լավագույն դերասանուհի»  անվանակարգում  Անի Ղազարյանը ներկայացված էր երկու աշխատանքներում՝ «Կյանք ու կռիվ 2- 25 տարի անց» եւ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմերում դերակատարման համար, իսկ Նարինե Գրիգորյանը՝ «Եվա»  ֆիլմում իր դերակատարման համար։ Հենց նա էլ ստացավ «Լավագույն դերասանուհի» մրցանակը։

Հեռուստաընկերության նախասրահում կազմակերպված ընդունելությանը հնչում էր կինոյի երաժշտություն` մայեստրո Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ, կինոյի գործիչները շնորհավորում էին միմյանց օրվա առթիվ ու անհամբերությամբ սպասում պաշտոնական արարողության մեկնարկին։

Լավագույններին ընտրել են կինոակադեմիայի անդամները։ Կինոակադեմիայի կազմակերպած «Անահիտ» մրցանակաբաշխությունը ներկայացնում էր 11 անվանակարգ, որից 6–ում մրցանակ ստացավ Էդգար Բաղդասարյանի «էրկեն գիշեր» ֆիլմը:

 

Շաբաթ օրը Սպահանում կայանալու է Զահրա Նիազիի պատրաստած «Զավենի աղբյուրը» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը:

«Զավենի աղբյուրը» փաստագրական ֆիլմ է, որտեղ ներկայացված է իրանահայ անվանի կինոքննադատ Զավեն Ղուկասյանի կյանքի որոշ ժամանակահատվածը և Սպահանի ու նաև Իրանի կինոյի ու մշակույթի ոլորտում նրա դերակատարությունը:

Իրանահայ անվանի կինոքննադատ, կինոբեմադրիչ և համալսարանի դասախոս Զավեն Ղուկասյանը կյանքին հրաժեշտ տվեց 2015 թվականի փետրվարին՝ Սպահան քաղաքում:

Image Caption

 

Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առավել հիշարժան դեպքերին և իրադարձություններին  վերաբերող վավերագրական նյութերի հավաքված, զտված և հետազոտված տարբերակներն ընդգրկված են «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ տեսաինստալացիայում, որը կներկայացվի Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեում: Բիենալեն կանցկացվի այս տարվա մայիսից մինչև նոյեմբեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայաստանյան տաղավարի նախադիտումը տեղի կունենա մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:

Հանրության համար ցուցահանդեսը կբացվի մայիսի 11-ին:

«Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին: ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի  թիվ 736 հրամանով ստեղծվեց մրցութային հանձնաժողով արվեստի 58-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետի ընտրության համար: Բիենալեին մասնակցության համար նախորդ տարվա սեպտեմբերին առաջին անգամ  նախարարությունը բաց մրցույթի արդյունքում ընտրեց համադրող Սուսաննա Գյուլամիրյանին, «Արտլաբ Երևան» մշակութային ՀԿ-ի արվեստագետներ Գագիկ Չարչյանին,  Վարդան Ջանոյանին, Հովհաննես Մարգարյանին, Արթուր Պետրոսյանին 2019 թվականի բիենալեում հայկական տաղավարը «Հեղափոխության սենսորիում» նախագծով ներկայացնելու համար»,- ասված էր ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի խոսքում, որը ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ընթերցեց նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:

Նախագծի համադրող Սուսաննա Գյուլամիրյանը նշեց, որ նախագիծը բաղկացած է երեք մասից: «Առաջին մասը «Հեղափոխական սենսորիումն» է: Այն 2018 թվականի հեղափոխության նշանակալի իրադարձությունների դրվագների ներկայացումն է և ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն` հեղափոխության ստեղծագործականությունը, հեղափոխական բազմությունը, բռնության դրվագները, վերամասնակցումը: Կարևորվել են նաև դրոնային նկարահանումները, որոնք մեծ դեր են խաղացել ամբողջ հեղափոխության ընթացքում»,- ներկայացրեց նա:

Գյուլամիրյանն ասաց, որ երկրորդ հատվածում ծագումով հայ Նարինե Առաքելյանը Վենետիկի փողոցներից մեկում կամավոր հիսուն կանանց հետ հանդես կգա «շեփոր-կաթսա» կատարմամբ, որը ներկայացնում է հեղափոխության օրերին կանանց   անհնազանդությունը:

Մյուս մասը հայաստանյան  տաղավարի  համադրողի նախաձեռնած և կազմակերպած «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրություններն են, որոնցում կին փորձագետներ, ֆեմինիստ և քաղաքացիական ակտիվիստներ Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամկոչյանը և Աննա Նիկողոսյանը հանդես են գալիս վերլուծություններով, հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցմամբ:

Վենետիկի բիենալեն ժամանակակից արվեստի աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են միայն պետական կազմակերպությունների` նախարարությունների, արվեստի խորհուրդների կողմից ներկայացված ու երաշխավորված արվեստագետները: Երկու տարին մեկ անգամ մայիսից մինչև նոյեմբեր Վենետիկի բիենալեի կազմակերպություն կոմիտեի կողմից առաջարկած Վենետիկի այգիներում և պալատներում ներկայացվում են ազգային տաղավարներ, որոնք ցուցադրում են տվյալ երկրի ժամանակակից արվեստը:

Image Caption

 

Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (ArchibishopAldoCavalli):

Արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձնահատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի է ունեցել նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։

Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրել է Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։

Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրել է ԱրևմտյանԵվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվել է Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։

«Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (TheovanLint) իր խոսքում ներկայացրել է այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին։

Այնուհետև Նարեկացու աղոթքներն ընթերցել են Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդները:

Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես են եկել Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո ՋուլիետտաԱլեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։

Image Caption

 

Ֆրանսիացի 83-ամյա դերասան ԱլենԴելոնին շնորհվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» պատվավոր մրցանակը:

Ֆրանսիացի դերասանը մրցանակը կստանա մայիսին: «Մենք երջանիկ ենք, որ ԱլենԴելոնը համաձայնել է վերցնել այդ մրցանակը», - ասել է փառատոնի գլխավոր տնօրեն Տիերի Ֆրեմոն:

«Ոսկե արմավենու ճյուղով» կընդգծվի այն դերասանի նշանավոր կարիերան, որը նկարահանվել է բազմաթիվ հանրահայտ ֆիլմերում:   

Image Caption

 

Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) բռնկված հրդեհից փրկված արվեստի գործերը տեղափոխվել են քաղաքապետարանի շենք։ Մի քանի օրից, փորձագետների կողմից ուսումնասիրությունից հետո, դրանք կհանձնվեն Լուվրին։

Հաղորդվում է, որ փրկվել են մի քանի նկարներ, նաև զոհասեղանը, զոհասեղանի խաչը։

Ավելի վաղ  LeFigaro-ն գրել էր, որ տաճարում գտնվող մասունքները հրդեհի հետևանքով չէին վնասվել։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր նախօրեն, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։

Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Փարիզի Աստվածամոր տաճարը  Ֆրանսիայի հաղթանակների և ողբերգությունների վկան է, այն կանգուն է մնացել  Ֆրանսիկան մեծ հեղափոխությունից և երկու աշխարհամարտերից հետո:

Նոտղը Դամ դըՊաղիում պահպանվում է  Քրիստոսի գլխի փշե պսակը, որը հնարավոր է եղել փրկել։ Եվրանյուզի հաղորդմամբ, մոտ օրերս ճարտարապետներն ու փորձագետները կգնահատեն Փարիզի Աստվածամոր տաճարի վիճակը։

Image Caption

 

Իտալացի հայտնի  գեղանկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի (1884-1920 թթ.) հազվագյուտ քանդակը մայիսին առաջին անգամ ներկայացվելու է Նյու Յորքի Christie's  աճուրդում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է  The Wall Street Journal-ը։

Խոսքը կես մետրանոց կրաքարե Tete («Գլուխ») քանդակի մասին է, որը ստեղծվել է 1911-1912 թվականներին։ Ներկա պահին այն գտնվում է մասնավոր հավաքածուում։ Այն կլինի  իմպրեսիոնիզմին և ժամանակակից արվեստին նվիրված աճուրդի գլխավոր լոտերից մեկը, որը կայանալու է մայիսի 13-ին։

Քանդակը գնահատվել է 30-40 միլիոն դոլար, չնայած փորձագետներն ընդգծում են, որ վերջնական գինը, որով արվեստի գործը կվաճառվի, կլինի ավելի բարձր։ Ավելի վաղ Christie's-ը վաճառել էր Մոդիլիանիի մեկ այլ քանդակ 70,7 միլիոն դոլարով։

Բացի Մոդիլիանիի «Գլխից», որը դառնալու է առաջիկա վաճառքի ամենաթանկ լոտը, ներկայացված է լինելու Պիկասոյի, Ռենուարի, Մատիսի, Վան Գոգի, Դեգայի, Մոնեիկտավներից։